Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի. 2 (տեսանյութ)

Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի. 2 (տեսանյութ)
13.02.2025 | 22:30

Սկիզբը՝ այստեղ

Էգեյան ծովում գտնվող հունական Սանտորինի (հայտնի է նաև «Սանտորին», «Թիրա» անվանումներով) կղզու մոտ և կղզում, ինչպես նաև Թուրքիայի ափերից 140 կմ հեռավորության վրա գտնվող Կոլումբո ստորջրյա հրաբխի շրջանում սեյսմիկ ակտիվության աճի հետևանքով սկսված երկրաշարժերը գրանցվել են նաև Թուրքիայում:

Սակայն, Թուրքիային սպառնում են ոչ միայն ավերիչ, ամայացնող երկրաշարժեր, այլև ցունամի: Սանտորինի կղզու մոտ ստորջրյա հրաբխի ժայթքման դեպքում ցունամին կհասնի նաև Թուրքիա: Տեղի մասնագետների նախնական գնահատումների համաձայն, ցունամիի ալիքի բարձրությունը կարող է հասնել 2 մետրի, սակայն ջուրը կարող է անցնել մոտ կես կիլոմետր դեպի Թուրքիայի տարածքի խորքը: Սանտորինին հրաբխային ծագմամբ կղզի է Միջերկրական ծովի ավազանում, Բալկանյան, Փոքր Ասիա թերակղզիների ու Կրետե կղզու միջև գտնվող կիսափակ Էգեյան ծովում:

Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում վերջին ստորգետնյա ցնցումների առցանց ցանկում գրեթե յուրաքանչյուր տողով առկայծում է «Հունաստան» բառը: Այսպես շարունակվում է 2025թ. հունվարի 28- ից։ Հունական «ERT- News» հեռուստաալիքի հաղորդմամբ, որի հրապարակած տեղեկությունը փոխանցել է ТАСС – ը, Էգեյան ծովի Սանտորինի և Ամորգոս կղզիների շրջանում մինչև փետրվարի 9-ը, նախորդած 10 օրվա ընթացքում ավելի քան 7,7 հազար երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժերը հիմնականում մոտ 3 մագնիտուդով են եղել (երկրաշարժի ինտենսիվության 12 բալանոց MSK-64 սանդղակով շուրջ 5 բալ), մինչև փետրվարի 9- ը գրանցված երկրաշարժերի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության համաձայն, 108 ստորգետնյա ցնցում է եղել 4 մագնիտուդից բարձր ուժգնության, բայց եղել են նաև մինչև 5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր, իսկ փետրվարի 5- ին գրանցվել է այս պահին ամենաուժեղ երկրաշարժը՝ 5,2 մագնիտուդով (շուրջ 7 բալ):

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, հարյուրավոր մարդիկ շտապ լքում են Սանտորին կղզին, որը գտնվում է Միջերկրական ծովի արևելքում, Կրետեից 120 կմ հյուսիս: Հունաստանում այսօր ևս բազմաթիվ երկրաշարժեր են տեղի ունեցել: «Volcano Discovery» մասնագիտացված կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն, ժամը 19:00- ի դրությամբ դրանցից ամենաուժգինը՝ 5.1 մագնիտուդով, տեղի է ունեցել Էգեյան ծովում, Սանտորինի կղզուց 19 կմ հյուսիս- արևելք, Աթենքի ժամանակով 04.14- ին (Երևանի ժամանակով՝ 06:14- ին):

Ըստ ռուս գիտնականի, հիմքեր կան ենթադրելու, որ արթնանում է Եվրոպայում մի ամբողջ ժողովրդի կործանած, «քաղաքակրթության մարդասպան» անվանումը ձեռք բերած հրաբուխը: Այն, ինչ տեղի է ունենում Միջերկրական ծովի Սանտորին կղզու շրջակայքում, շատ նման է հրաբխի նախապատրաստմանը խոշոր ժայթքման. այս մասին Life.ru- ին ասել է հրաբխագետ, երկրաբանա- հանքաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Պավել Պլեչովը:

«Ինձ թվաց, որ իրավիճակը շատ տագնապալի է,- ասել է նա Life.ru- ին:- Սանտորինին շատ լուրջ, մեծ հրաբուխ է։ Ես տեսա սեյսմիկ իրադարձությունների մասին հաղորդումները, և դա նման է «երկրաշարժերի պարսի», որը նախորդում է ժայթքմանը»:

Այս ամենը ակամա հիշեցնում է դարակազմիկ պատմական իրադարձություն, որի մասին կարելի է կռահել, եթե տիեզերքից դիտարկենք Սանտորին կղզին։ Բանն այն է, որ այս կղզին հրաբխային է: Գնահատականների համաձայն, մոտ 2 մլն տարի առաջ այն «դիզվել է», առաջացել հզոր ստորջրյա հրաբխի ժայթքմամբ: Ամենահետաքրքիրը, որ կղզին ի սկզբանե կլոր է եղել, այն նույնիսկ անվանել են Стронгили, ինչը հունարենում նշանակում է «կլոր»:

Մոտ երեքուկես հազար տարի առաջ նշված կղզու վրա ապրում էին մինոացիները՝ Եվրոպայում բարձր զարգացած առաջին քաղաքակրթություններից մեկի ներկայացուցիչները։ Նրանց այդպես են անվանել ի պատիվ առասպելական թագավոր Մինոսի, որը, ըստ լեգենդի, Զևսի կողմից առևանգված Եվրոպայի հայտնի որդին էր։

Այս ժողովուրդն ուներ գիր, օրենսդրություն, պալատներ, հմտորեն զարդարված որմնանկարներ, և, ընդհանուր առմամբ, մինոացիները ապրում էին այնպես, ինչպես պատկերացնում ենք Ոդիսևսի հայրենակիցներին իրենց հայրենի Իթակա կղզում. նրանք հող էին մշակում, ոչխարներ և այծեր բազմացնում, ձիթապտղի յուղ էին քամում, Պենելոպեի նման հոյակապ ծածկոցներ էին հյուսում: Եվ այս ամենը մահացավ մ.թ.ա. մոտավորապես երկրորդ հազարամյակի կեսերին: Այնքան էլ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել:

Միանգամայն պարզ է. կղզու «արարիչը»՝ Սանտորին հրաբուխը, հետո և ոչնչացրեց դրա մեծ մասը, ժայթքումից հետո կղզու ամբողջ կենտրոնը փլվել և ընկղմվել է հարյուրավոր մետր խորության վրա:

Ոչ միայն կղզու, այլև նույնիսկ Կրետեի վրա մի քանի օր տիրել է անթափանց խավարը։ Մարդիկ խեղդվել են ծծմբաջրածնից։ Մոխիրը ծածկել է 200 000 քառակուսի կիլոմետր տարածք։ Բերքը մահացել է:

Ավելին, հնագույն հրաբխային պեմզան հայտնաբերվել է Սանտորինից 24 կմ հեռավորության վրա՝ Անաֆի կղզում, ծովի մակարդակից 250 մետր բարձրության վրա, և, ամենայն հավանականությամբ, այդ պեմզան այնտեղ է բերվել ցունամիի հսկայական ալիքով: Ըստ հաշվարկների, այն այնտեղ է հասել մոտ 4 րոպեում, ոչ ավելի, քան կես ժամ անց այն փլվել է Կրետեի վրա, իսկ հետո հասել Թունիսի, Սիրիայի, Եգիպտոսի ափերին։ Հին եգիպտացիների այն ժամանակների տարեգրություններում պահպանվել են հիշատակումներն անբացատրելի քաոսի՝ ջրի պատճառով, որը «եկել է հյուսիսից»։

Ըստ գիտնականների, սա մեկանգամյա ժայթքում չի եղել. Սանտորինը, կարծես, մոլեգնել է մոտ 25 տարի անընդմեջ: Հետագայում այն բազմիցս հիշեցրել է իր մասին։ Օրինակ՝ նա «դիզել» է կղզյակներ, որոնք երևում են ջրի վերևում՝ խորաբաց կալդերայի կենտրոնում։ Մեր թվարկությունից հետո, ըստ պատմական տվյալների, այն ժայթքել է 13 անգամ, որից չորսը՝ 20- րդ դարում, այդ թվում՝ 1950 թվականին։

Իսկ ի՞նչ սպասել նոր ժայթքման դեպքում…

«Եթե հավատանք այն սակավ սեյսմիկ տվյալներին, որոնք ես տեսել եմ, դա կարող է լինել ստորջրյա ժայթքում, ոչ կղզու վրա, այլ ինչ- որ տեղ մի կողմում, բայց ցունամին ոչ ոք չի չեղարկել, ցունամին կարող է լինել: Այս կալդերայի եզրին կիպ ամեն ինչ կառուցված է շատ խիտ, և եթե ժայթքում տեղի ունենա, ապա, իհարկե, կղզին մեծապես կտուժի, և մոտակա կղզիների համար վտանգ կա, կան բավականին խիտ բնակեցված տարածքներ, ամենամոտը Կրետեն է, և մայրցամաքային Հունաստանն էլ հեռու չէ»,- բացատրել է պրոֆեսոր Պլաչովը:

Յութուբում փետրվարի 11- ին հրապարակված տեսանյութի համաձայն, կարող է ժայթքել ոչ միայն Սանտորին ստորջրյա հրաբուխը, այլև նրա կրտսեր եղբայրը՝ Կոլումբոն, որն ընդամենը 7 կմ է հեռու զբոսաշրջային Սանտորինի կղզուց: Ինչպես նշել ենք նախորդիվ, տվյալ հրաբխի շրջանում, Թուրքիայի ափերից 140 կմ հեռավորության վրա ցնցումներ արդեն գրանցվել են: Ըստ նշված տեսանյութի, լոնդոնյան քոլեջի գիտնականների համեմատաբար վերջերս կատարած հետազոտության համաձայն, Կոլումբոյի տակ կա 1.4 քառակուսի կիլոմետր ծավալով մագմայի ամբար, որը շարունակում է աճել:

Վերը շարադրվածը, սակայն, դեռ ամենը չէ Թուրքիային սպառնացող երկրաշարժերի առումով: Թուրքիային տարերքը սպառնում է ոչ միայն Էգեյան, այլև Մարմարա ծովի կողմից: Ստամբուլը մահվանը դեմ առ դեմ է կանգնած:

Տեսանող գիտնականի համբավ ձեռք բերած թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, ով կանխատեսել էր 2023թ. Թուրքիայի հարավ- արևելքում 2023թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժերը, Life.ru- ի փոխանցմամբ , զգուշացրել է Մարմարա ծովի շրջանում, որտեղ գտնվում է Ստամբուլը, հզոր ցնցումների վտանգի մասին: Համաղետը կարող է սպառնալ գրեթե 4 մլն բնակիչների կյանքին, կարծում է գիտնական- կանխատեսը։

«Մեգապոլիսի մոտ 4 միլիոն բնակիչներ դեմ առ դեմ են մահվան հետ հնարավոր երկրաշարժի պայմաններում։ Նյութական կորուստները հնարավոր չէ պատկերացնել։ Ստամբուլի նույնիսկ ամենահեղինակավոր հաստատությունները պնդում են, որ քաղաքի շենքերի ավելի քան 60%- ը սեյսմակայուն չէ։ Ստամբուլում երկրաշարժը կկործանի մեզ, ես չեմ կատակում: Եթե Մարմարա ծովի տարածաշրջանը փլվի, ամբողջ Թուրքիան ծնկի կգա»,- գիտնականի խոսքն է մեջբերել «Haber Global» հեռուստաալիքը։

Գյորյուրը տեղեկացրել է, որ Մարմարա ծովի տարածաշրջանում տեկտոնական խզվածքների վերաբերյալ 10 տարի շարունակ հետազոտություններ են իրականացվել: Գիտնականը մանրամասնել է, որ Հյուսիս- անատոլիական խզվածքների հյուսիսային ճյուղը հատում է Մարմարա ծովը, և ճյուղերից մեկը, որը հայտնի է որպես կղզային, գտնվում է Արքայազնական կղզիներից (9 կղզուց բաղկացած խումբ) հարավ: Միաժամանակ Կումբուրգազյան խզվածքը ձգվում է Եշիլկյոյի շրջանի ափերից մինչև Սիլիվրի: Գիտնականը հավելել է, որ խզվածքի երկու գծերն էլ արգելափակված են, ինչի հետևանքով նրանցում էներգիա է կուտակվում, և կա շփում, որը թույլ չի տալիս նրանց նրանց լիցքաթափվել և ավերել: Գյորյուրն ընդգծել է, որ այդ շփումը հաղթահարելուն պես պետք է երկրաշարժ սպասել:

Սեյսմոլոգները բազմիցս խոսել են Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականության մասին։ Նրանց գնահատականներով՝ 7 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ (համեմատության համար նշենք, որ Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6.8- 7.2 մագնիտուդ) երկրաշարժերի դեպքում մոտ 90 000 շենք կարող է փլուզվել, 260 000- ը վնասվածքներ կստանան և կդառնան ոչ պիտանի բնակության համար, իսկ 4,5 մլն մարդու համար կպահանջվի ժամանակավոր կացարան:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ