Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Չարենցից վառված «լղրճուկ սինլքորների», «հայվարա սանքյուլոտների» և «ֆրոնտից փախած դեզերտիրների» ժամանակները (կամ` Երկիր Նաիրիի տակ մնացած «լրբերը»)

Չարենցից վառված «լղրճուկ սինլքորների», «հայվարա սանքյուլոտների» և «ֆրոնտից փախած դեզերտիրների» ժամանակները (կամ` Երկիր Նաիրիի տակ մնացած «լրբերը»)
06.04.2023 | 21:33

Ըստ, հրապարակման վերտառությունում տեղ գտած որակումները կրող մականունավորների.
եթե պոետ` ուրեմն Չարենց:
Եթե «պոեմանման վեպ»` ուրեմն «Երկիր Նաիրի»:
Եթե հիշատակող` բանաստեղծին, և անդրադարձ, ինչպես Չարենցն ի՛նքն է որակում` իր «ուղեղային մորմոքին» ու «սրտի հիվանդությանը», ուրեմն… Այո՛, «պրիմադոննա» (բայց ո՛չ «Ռեյկյավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռում» մոռացված քաղաքական երգիծավեպի հայտնի «սևաչյա Պրիմադոննան»): Ասել է…
Ճի՛շտ կռահեցիք` տիկին «վարչապետուհի»:
Երեկ ՖԲ իր էջում «ձերդ գերազանցություն» ինքնահռչակը նյարդի թրթիռով, արյամբ, տարածքային թանկ կորուստներով գերհագեցած այս ժամանակներում, կրկին հիշել ու մեզ էլ հիշեցրել է «Երկիր Նաիրին»: Արցախ` Շուշիով, Հադրութով, Բերձորով, Սուսով ու Աղավնոյով, ապա Հայաստան` Իշխանասարով, Սև լճով, Տեղ գյուղով, դարձած այն Նաիրին, որն ինքն ու ամուսինը, որպես աղանդեր ստրկահաճ խոնարհությամբ «բաժին-բաժին» մատուցում են ադրբեջանա-թուրքական հետճաշյա սեղաններին: Ա՛յն Նաիրին, որը վաղու՜ց-վաղու՜ց մխրճվել է բոլոր ծախու հոգիներում ու չարենցյան «ազգային դավաճանություն» բնորոշմամբ, թքում-մրում է դրանց` գիշեր լինի, թե ցերեկ, Վատիկանի «պադվալներում» լինի, թե շվեյցարական որևէ բանկում:
Այն Նաիրին, որը 2018-ից ի վեր, որպես գրավոր կամ բանավոր տրված մի «խոստում», կամ «ինչպես ժամանակին չվճարված» օրինազանց-հանցավոր պարտամուրհակ կրծում է սրանց սև հոգիները:
Այն Նաիրին», որը պերմանենտ շշնջում է «լղրճուկ սինլքորների» (Մազութի համոյի բնութագրումն է) ու «հայվարա սանքյուլոտների» (անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդու բնութագրումն է)` իմա` «անվարտիք շների» («կարծես վարտիքավոր շներ էլ են լինում»), խլացած ականջներին.
«Ստոր, անպատկառ, նաիրիադավաճաններ», որ խանգարեցիք «նորաստեղծ նաիրիապետության հանգիստը»: Որ դեմ էիք ազատագրված Արցախի պաշտպանությանը:
Ստոր, դավաճան, ազգուրացներ. բաշիբոզուկ-թափթփուկների բանակները մտադրություն ունեն «ներխուժելու անկախ Նաիրի», իսկ դուք «դեզերտիր»-ությունից եք խոսում և՞… հաշտությունից կամ ինչ-որ «խաղաղության օրակարգից»:
Հաշտություն ու՞մ հետ. «հավիտենական ոսոխի՞», որին «նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,- ինչպես ասում էր Մազութի Համոն,- որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, և նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին նաիրիուրաց, ստոր, նաիրիադավաճան լրբերը»:
Եվ այսօր շարքային հայտնի նաիրիուրացը ո՛չ միայն հիշել է Չարենցին ու «Երկիր Նաիրին», այլև մեզ է մատուցում մի հատված վեպից, զուգակցելով այն լուսանկարների շարքով` «100 տարի անց» մակագրությամբ:
Բայց ի՜նչ լուսանկարներ…
Սարսափազդու պատկերներ, որոնցում ֆիքսված է «տեր և տիկին նորին գերազանցությունների» մեզ «պարգևած» աննախադեպ երջանիկ ապագան:
Աղավնոյի, Քարվաճառի, մյուս բնակավայրերի` սեփական ձեռքերով սեփական օջախը վառած հայ մարդու և հրո ճարակ դարձած տների սահմռկեցուցիչ պատկերները, տիկին «վարչապետուհին» «համեմել» է Չարենցի վեպի` «Կարսի անկումը» հատվածով:
Տիկինը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի կարդացել քաղաքական այդ երգիծավեպը: Այլապես այնտեղ կտեսներ իրեն և ամուսնուն:
Կտեսներ իրենց շրջապատի մազութի համոներին, մեռելի ենոքներին, գեներալ ալոշներին, շիկահեր դդումներին, ընկեր վառոդյաններին, բոչկա նիկոլայներին, տելեֆոն սեթոներին, առանց բացառության` բոլորին: Տեր Հուսիկ Խաչագողի խոսքով ասած` ձուկ բռնելու հույսով «խլնքոտ» քթերն ամեն տեղ խոթող ու ջուր պղտորողներին:
Եվ ո՞վ էր դրանց ղեկավարը կամ, ինչպես Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում` «վերի գլուխը»:
«Արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած` չին զորքերու և անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել գերմանացիներին`այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր»:
Վլադիմիր Իլյիչի կերպարից (ինչում համոզված է միայն ազգային ու հոգևոր արժեքներ դավանած և այդ հիմքի վրա էլ 2020-ի դեկտեմբերի 27-ից գլխատված «Իրատեսի» հանրաճանաչ հեղինակը` Մարտին Հուրիխանյանը) բացի ուրիշ ոչ մեկի դավաճան ականջները չե՞ն երևում մեջբերված տողերի արանքից:
Իսկ ովքե՞ր էին «գերմանական լրտեսի» ընկերները, «ովքե՞ր էին նրանք նաիրյան այդ քաղաքում»:
«Մեզ քաջ ծանոթ «ծամը կտրած» չակերտավոր «օրիորդ» Սաթոն և էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված` գլխահան էին անում վակզալի բաշիբոզուկներին, այսինքն երկաթուղային բանվորներին ու ծառայողներին և ֆրոնտից փախած դեզերտիրներին: Ահա, թե ովքեր էին նաիրյան այդ քաղաքի և նորաբողբոջ նաիրիապետության հանգիստը խանգարողները»:
«ՈՒշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ նաիրյան իշխանությունները, բայց թե ի՞նչ կարող էին անել այլևս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ երկու օր անց ընկավ նաիրյան այդ քաղաքը և հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա»:
Թերևս, իսկական լիրբ պետք է լինես, բոլոր առումներով, որ փորձես զուգահեռներ անցկացնել Կարսի անկման ու 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ-որ բունկերի չգիտեմ որ ծակը մտած փնթի ու, Չարենցի ասածով` «դեզերտիր» ամուսնուդ ստորագրած նվաստացուցիչ կապիտուլյացիոն ակտի միջև:
Հակառակ Կարսի հայտնի դեպքերի, 2020-ի նոյեմբերին «ընկան» քաղաքներ ու բնակավայրեր ուր թշնամու ոտքն անգամ չէր դիպել: Որոնք կյանքի գնով, հերոսաբար պաշտպանել էին մեր զինվորները:
Տիկի՛ն «վարչապետուհի», իսկ ու՞մ անդուլ ջանքերով ու անմիջական հրամանով զինաթափվեց-փոշիացվեց Արցախի ՊԲ-ն:
Ո՞վ վարկաբեկեց ՀՀ զինված ուժերի սպայակազմին, քարուքանդ արեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:
ՈՒ՞մ հրամանով Արցախից հանեցին կամավորականների և ինքնապաշտպանական ջոկատները:
Ո՞վ էր ուղիղ եթերից թշնամուն իրազեկում մեր կոորդինատներն ու ռազմական այլ գաղտնիքներ:
ՈՒ՞մ հրամանով 44 օր այդպես էլ չկրակեց «Իսկանդերը»:
ՈՒ՞մ հանցավոր թողտվությամբ «Բայրաքթարների» զոհ դարձան ապագա Հայաստանի 5000-ից ավելի, Խաչիկ դաշտենցի բնութագրմամբ`«շիթիլները»:
ՈՒ՞մ փսլնքոտ թափթփուկին պատերազմական իրարանցումից հեռացնելու համար կրակն իրենց վրա վերցրին մեր ընտրյալ տղաները:
Չարենցի վեպից փախած անգինա բարսեղովնաներ, սևաչյա պրիմադոննաներ ու կլուբի մեյմուններ, քանի որ ուղեղ ունենալն այսօր համարվում է «не формат»` շարունակեք ասպատակել աջ ու ձախ ձեր իսկ շրջագծած անուղեղ«формат»-ի սահմաններում, քանի դեռ «ամուր ձեռքը», որը սանձելու է պետականաքանդ, երկրավաճառ, ազգակործան, ստախոս դուետի ասպատակությունը Արցախում, հայաստանյան գյուղերում ու բնակավայրերում, ուժ է հավաքում…

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 37991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ