Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

«Ո՛չ երանի էն առաջինին, ում օրոք կմահանա Շիրազը և կբարձրանա Ղարաբաղի հարցը»

«Ո՛չ երանի էն առաջինին, ում օրոք կմահանա Շիրազը և կբարձրանա Ղարաբաղի հարցը»
15.04.2023 | 23:09
Ոչ հեռավոր այն տարիներին, որոնք հենց իրենց` այդ փուլի «տերերի» կողմից բնութագրվեցին որպես «տեղապտույտի ժամանակաշրջան» կամ «ճահիճ», ապրել եմ և ես` այս տողերի հեղինակը:
Այսօրվա անդրադարձի նպատակը, սակայն, անցյալին գնահատական տալը չէ կամ էլ ճշգրտելը, թե այդ ժամանակահատվածում ինչն էր թանկ ու ինչը էժան, բարի՞ն էր շատ, թե՞ չարը, ազնվությու՞նը թե՞ ստորությունը:
Թողնենք հիշյալ հարցերըսոցիոլոգներին և մյուս հետազոտողներին ու խոսենք այդ շրջանում իշխանական բուրգի վերևում գտնվողներից մեկի` ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ մասին, որի ծննդյան օրն է ապրլի 17-ին:
Ընթերցողներին առաջարկվող զրույցը կայացել է 1996-ի ապրիլի 23-ին:
Աշխատում էի ժամանակի ամենասիրված ու հեղինակավոր թերթերից մեկում`«Երեկոյան Երևան»-ում:
Վարում էի «Հանդիպասրահ» խորագիրը, որի հյուրերը մեր մշակույթի, կրթության, գիտության, սպորտի (գրեթե` ԿԳՄՍ) ու քաղաքական հայտնի դեմքերն էին:
Հերթական հյուրս Կարեն Դեմիրճյանն էր:
Այն, որ ընթերցողին առաջարկվող տեքստը շարադրված է տարիներ անց, առավել ևս որոշակի գրառումների ու հիշողությանն ապավինած (նա թույլ չտվեց ձայնագրել խոսակցությունը), ապա բնական է, որոշ տեղերում, գուցե և ուղղակիորեն չի վերարտադրվում Կարեն Սերոբիչի խոսքը: Բայց ամեն կերպ ձգտել եմ հարազատ մնալ նրա ասածի էությանը:
Պայմանավորվածության համաձայն 15.00-ին «Հայէլեկտրագործարանում» էի: Նա ինձ ընդունեց առանց սպասեցնելու:
«ԵՍ ՄԻՇՏ ԷԼ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՑԻ ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲԵ՛Ք Ո՛Չ ՄԵԿԻ ԱՌԱՋ (ՈՎ ԷԼ ԼԻՆԵՐ) ՉԽՈՆԱՐՀՎԵՑԻ»
- Զրույցը,- սկսեց Կարեն Սերոբիչը խորհրդավոր ժպիով,- կտպագրես… մահիցս հետո:
- 64 տարեկանում վաղ է խոսել այդ մասին:
- Կյանք է, ի՜նչ շրջադարձեր ասես, որ չեն լինում: Ի՜նչ ասես, որ չի պատահում: Նշումներ արա, կգնաս տուն, օրագրումդ հանգամանորեն կգրես, թե ինչ խոսեցինք, հետո կգա պահը կօգտագործես:
- Օրագիր չեմ պահում:
- Իսկ ես պահում եմ և գրառում օրվա կատարվածը: Երեկոյան, օրինակ, նշելու եմ, որ ինձ մոտ գործարան եկավ «Երեկոյան Երևան» թերթի Փիրուզան, հետո գրառելու եմ, թե ինչից զրուցեցինք:
Հարցազրույցներ չեմ տալիս: Ոնց ասում են` «обет молчания»` «լռության ուխտը», թե «երդումը» չենք խախտում:
ՈՒշադիր լսում եմ:
- Զրույցը սկսենք շատ շատերին (նաև ինձ) հետաքրքրող մի հարցով. Ձեր ներսում երբևէ բախվե՞լ են հայն ու կոմունիստը:
- Սխալ հարցադում է, որը, ցավոք, հաճախ է հնչել (ու հնչում) տարբեր մակարդակներում:
Լա՛վ կոմունիստը լա՛վ էլ հայ էր:
Երախտամոռ չլինենք ու չժխտենք, որ անցած 70 տարիներին կառուցվեց Հայաստանը` հզոր տնտեսությամբ, բնակչությունն աճեց առնվազն 2-3 անգամ:
Այսօր միայն սև գույներով ներկայացվող այդ յոթ տասնամյակների ընթացքում կարողացանք մեր տնտեսության ու գիտության բոլոր բնագավառների համար ստեղծել կադրերի հսկայական բանակ, զարգացնել մեր մշակույթը, կրթությունը, առողջապահությունը: Իսկ այդ ձեռքբերումները հենց հայ կոմունիստների նվիրված աշխատանքի արդյունքն էին:
ՈՒ այդ տարիներին, ես որպես կոմունիստ ձգտել եմ առավելագույնս ծառայել մեր ժողովրդին:
- 14 տարի խոնարհվել են Ձեր առջև, նաև քծնել, քանի որ «աթոռ» եք ունեցել: Երբևէ խորհե՞լ եք, թե ի՛նչ է «աթոռ» կոչվածը:
- Իրավունք… ունենալու լայն ու բազմաշերտ ինֆորմացիա, ինչը շատ որոշիչ է հատկապես ժամանակակից աշխարհում:
Ինչքան բարձր է «աթոռդ», այնքան խոր ու ընդգրկուն է, թանկ ունեցածդ ինֆորմացիան:
- «Աթոռը» մարդու ներսում առաջացնու՞մ է որակական ու հոգեբանական փոփոխություններ:
- Իհարկե:
- Ասել է`1974-ի նոյեմբերից հետո, երբ դարձաք ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, Դուք և՞ս, կամա թե ակամա, ենթարկվեցիք գործող անտեսանելի պարտադրանքին ու «վերակառուցվեցիք»:
- Համենայն դեպս, իմ ներաշխարհը հոգեբանական կործանարար ցնցումների չենթարկվեց, իմ էությունը չաղավաղվեց:
- Պետք է հասկանալ, որ «տիրակալի» բարձունքի՞ց չեք նայել Ձեր շրջապատին, ընդհանրապես, հասարակ մահկանացուներին:
- Եթե անկեղծ, ապա պաշտոնը (ուզես, թե չուզես) ստիպում է վերանայել մինչ այդ ունեցածդ հարաբերությունները, որոշակի սահմանագիծ է քաշում քո ու շրջապատիդ միջև:
- Այսօր կապեր ունե՞ք «նախկինների» հետ:
- Այնքանով, որքանով…
- Հե՞շտ տարաք «աթոռի» կորուստը:
- Եթե ինձ համեմատեմ միութենական նախկին հանրապետությունների նախկին առաջինների հետ, ապա հեռացումը` աթոռից, ամենահանգիստը ես տարա:
1988-ից հետո, երբ լինում էի Մոսկվայում և անցնում համապատասխան հետազոտություն, բժիշկները միաբերան կրկնում էին.
«Կարեն Սերոբիչ, Ձեր առողջականից դատելով, պիտի կարծել, թե ոչինչ էլ չեք կորցրել, մինչդեռ մյուս նախկինների (գրեթե առանց բացառության) օրգանիզմները լրիվ քայքայված են: Շատերի սրտերն են շարքից դուրս եկել: Նախանձելի հանգստությամբ եք տանում կատարվածը»:
Ճշմարտություն էր դա: Այդպես էր, որովհետև երբե՛ք աթոռից կառչած չեմ եղել:
Միշտ էլ գիտակցել եմ, որ գալու է պահը և տեղս զիջելու եմ ջահելներին:
Այսօր իմ մեջ չկա ցավ կամ ափսոսանք, չկա ռևանշի ձգտում:
- Իմ հարցազրույցներից մեկում Կարլեն Դալլաքյանը Ձեր առնչությամբ այսպես արտահայտվեց.
«Դեմիրճյանը դառնալով Կենտկոմի առաջին քարտուղար, մեր տնտեսությանը տվեց պատմականորեն կարևոր նոր ուղղություն: Մեր փոքրիկ հանրապետությունում, շնորհիվ նրա, դադարեց զարգանալ մեծ քիմիան, փոխարենը վիթխարի տեմպերով աճեց մեքենաշինությունը»:
- Այդ փոփոխությունը որակական նոր փուլ էր Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար: Դա կարևորվում էր և նրանով, որ բնակչությունն ապահովվում էր մեծաքանակ աշխատատեղերով:
- Նույն Կարլեն Դալլաքյանը հավաստում էր, թե` մինչ Ձեր պաշտոնավարությունը Հայաստանում եղել է չհրապարակված մի թիվ`20 տոկոս գործազրկություն:
- Հա, շնորհիվ նշված փոփոխության այդ թիվը հասավ 8 կամ 9 տոկոսի:
- Ասել է` Դուք գործել եք միայն և միայն հանուն Հայաստանի շահերի:
- Թող որպես ինքնագովություն չհնչի, բայց այդ տարիներին ես միշտ էլ բարձր պահեցի իմ ազգային արժանապատվությունը, երբե՛ք ո՛չ մեկի առաջ (ով էլ լիներ) չխոնարհվեցի:
- Թերևս, այդ պատճառով էլ 1987-ին «նվաճեցիք» հսկա կայսրության առաջին դեմքի բացահայտ թշնամությունը:
Լարված իրավիճակը երկար սպասեցնել չտվեց. մի առավոտ առերեսվեցինք «Правда»-յի «Վերակառուցումը Հայաստանում տեղապտույտ է տալիս» վերտառությամբ հսկա հրապարակման հետ:
Ապա «արագացման» կուրսը բռնած «վերակառուցվող» երկիրը ցնցվեց Ձեր անակնկալ ու անսպասելի հակադարձումից. «Հայաստանում վերակառուցումը վաղուց է սկսվել»:
- Մտածված ստիպում ես, որ խոսե՞մ:
Մեղադրանքը նախ հնչեց ԽՄԿԿ Կենտկոմի հունիսյան պլենումում. Գորբաչովը կուսակցությանն ու խորհրդային ժողովրդին «տեղեկացրեց», որ «վերակառուցումը Հայաստանում տեղապտույտի մեջ է»:
Պարզ էր, չէ՞ ու՛մ մեղքով` ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի:
Էդ ամենը կազմակերպված էր, թելադրված: Այն տարիները, որոնք բնորոշվեցին որպես «լճացման ժամանակաշրջան», Հայաստանի տնտեսության համար, իրավամբ առաջընթացի ու վերելքի տարիներ էին: Ինչի մասին էլ հայտարարեցի բացահայտ, թե վերակառուցումը մեզ մոտ վաղուց է սկսվել:
- Նման դիրքորոշմամբ էլ հզոր թշնամի վաստակեցիք`Միխայիլ Սերգեևիչին:
- Նրա համար հասկանալի չէր, որ Հայաստանում երբեք ոչ մեկին չեն ճզմել, չեն սպանել, չեն ոչնչացրել: Ստեղծագործողը տպագրվել է, ցուցադրվել:
1985-ից հետո, երբ մեր արվեստագետներին, գրողներին ասացինք` բերեք տեսնենք ի՞նչ ունեք մերժված, չտպագրված, ոչ մեկը ոչինչ չներկայացրեց:
Ի՞նչ է վկայում այս փաստը, միայն այն, որ Հայաստանում երբե՛ք էլ մամլիչն այնպես չի գործել, ինչպես, օրինակ, Ռուսաստանում, որ մեր ստեղծագործողներն ինչ էլ գրել կամ նկարել են չեն մերժվել, եթե իհարկե նրանց ստեղծածը արժեքի առումով մերժվելիք բան չի եղել:
Իսկ այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանում է՛լ «Արբատի զավակները», է՛լ «ԳՈՒԼԱԳ»-ներ և հազար ու մի այլ բաներ տպագրեցին:

(շարունակելի)

Զրույցը՝

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 48785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ