«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Մեր հայ-լեհական հարսանիքը

Մեր հայ-լեհական հարսանիքը
05.10.2024 | 14:46

Հարսանիքին մասնակցելու մասով ավարտին է մոտենում լեհաստանյան այցելությունս ու սկսվում ակտիվ հանգստի փուլս, որի ահավոր կարիքն ունեմ տարիների հոգնության ու զգալիորեն տեղի տված նյարդերիս պատճառով։

Հարսանիքը, որ բոլոր ավանդույթների, սովորույթների պահպանմամբ էր, ի դեպ շատ նման մեր ունեցածին, պարզապես շքեղ ստացվեց։ Սկսեցինք հարսի հորենական տուն գնալով, մինչև տուն մտնելն իրենց դրած խմիչքը զույգելով, ծնողներից զատ տոհմի մեծի օրհնության խոսքով, եկեղեցիով․․․

Լեհական կողմի դեսանտը ներկայացված էր հարյուրից ավելի կազմով։ Եկել էին ընդհուպ Կանադայից։ Ես էլ չեմ ասում եվրոպական երկրների մասին։ Փաստորեն լեհերն էլ լայնորեն սփռված ազգ են ու այս կողմով հայերիս բախտակից։

Ինչ արեցի՞ն։ Կատարյալ վայրի քեֆ-ուրախություն։ Մինչև առավոտ պարել են ու երգել, կերել ու խմել։ Այս առումով հարսանիքը խորապես տարբերվում էր մեր անհամեմատ պասիվ, հանդիսատեսայինի վերածված հարսանիքներից։

Հնչում էր գերազանցապես դասական երաժշտություն, մեր ռաբիսների կլկլոցը չկար ու սուտ հիմնավորումը, թե բարձր /բարձրարժեք/ երաժշության տակ ո՞նց կարող ես քեֆ անել, պարզապես ճաք տվեց։

Մատուցվող ճաշատեսակների առումով։ Բառիս բուն առումով սպանեցին դրանց առատությունով։ Մի բանը դեռ չկլլած, բերում էին հաջորդը։ Բարիքների տակ ճկռած սեղաններից զատ ընդհանուր հարսանեկան սրահին հարող կից սրահում շվեդական սեղանի ոճով դրված էին ըմպելիքներով, քաղցրեղենով, ձկնեղենով, զանազան խորտիկներով բեռնված առանձին սեղաններ։ Մի խոսքով գժվելու առատություն էր ամեն ինչի, ուտեստեղենի ու ըմպելիքի առումով մեր միանգամից ի քանի հարսանիքի պատրաստություն։

Վերաբերմունքի առումով։ Ամեն մեկն իր ասես պարտքն էր համարում մեզ մոտենալն ու իր սրտի խոսքն ասելը։ Կատարյալ ուշադրության, հարգանքի դրսևորումներ էին, ուսանելու մակարդակի ուշադրության արժանի։

Մեր հարսիկը պարզապես հրաշք էր, անմիջականության, ջերմ վարվեցողության մարմնացում։ Միջանկյալ ասեմ, որ իմ հարսիկն էլ՝ որդուս կինը, նույն որակների տեր է, ու այս առումով ես երջանիկ մարդ եմ։

Շատ չերկարացնեմ՝ ամեն ինչ փայլուն էր, ապշեցուցիչ բարձր տրամադրության։ Դե որ մենք ներկայացված էինք հավուր պատշաճի, դրա մասին խոսք չկա։ Քաղաքի համար երևի ամենատպավորիչը (առաջին հայացքից տեսանելի ամենատպավորիչը) փուչիկներով զարդարված մեր մեքենաներն էին։

Հիշելի շատ բաներ կան, սակայն դրանց մասին հետագայում, տարբեր առիթներով։ Ամենակարևորը՝ Աստծո օրհնությունը մեր նորապսակների վրա, իրենց սեր, երջանկություն, առողջություն։

Հարսանիքին երգեց քրոջս թոռնիկը։ Սա մեր երաժշտական անակնկալն էր լեհական կողմին։ Կատարումից խորապես ազդված՝ երիտասարդ աղջիկներից մեկը մոտեցել, ասել է, որ շատ տպավորիչ կատարում էր ու խնդրել է ևս մեկը երգել՝ չմոռանալով հավելել, որ մեր տղան սիրուն տղա է, ինչը մեկը մեկին համապատասխանում է իրականությանը։ Հիմա ներկայացված այս երկուսից հատկապես ո՞րն է եղել լեհուհու համար առաջնայինը, առայժմ մնում է չհստակեցված։ Առաջիկա օրերին այդ հարցն էլ կպարզեմ, նոր կվերադառնամ։

ՄԵՐ ՅՈԹ ՕՐ ՏԵՎԱԾ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Երեկ մեր հայ-լեհական հարսանիքի ավարտական յոթերորդ օրն էր։ Ամեն մեկիդ օջախում եմ ցանկանում նման երջանկություն, հարաբերությունների նման անմիջականություն, ուշադրություն ու ջերմություն։ Աներևակալիորեն անկեղծ մթնոլորտ էր։ Չկար մեր հարսանիքներում այնուամենայնիվ առկա, սեփական գերազանցությունը դրսևորելու դիրքավորվածությունը, կողքինին վերից նայելու կամ քսմսվելու, դուր գալու արատավորությունը։ Մարդկային, պարզ, անկեղծ հարաբերություններ էին, բոլորը բոլորի նկատմամբ ջերմությամբ լցված։

Սեղանների առատության մասին արդեն գրել եմ։ Մի այլ կարգի ճոխություն էր, բայց ոչ դիմացինին զարմացնելու, սեփական հնարավորություններով այդ նույն դիմացինին ճզմելու շեշտադրումներով։ Ես այսպես հասկացա՝ այս ազգը սիրում է վայելել, առատորեն հյուրասիրել, իր հյուրասիրությունով մարդուն պատվելուց ուրախանալ։ Մի խոսքով բացակայում էր մեզանում առկա ինքնահմայվածությունը։

Մեր հարսիկը հեքիաթային էր, գժվելու աստիճանի մարդամոտ, ժպտերես, անմիջական։ Տպավորություն էր, որ իրեն ծնվածդ օրվանից գիտես։ Ինտենսիվորեն լծվել է հայերենի ուսումնասիրությանը, խնդիր է դրվել առաջիկա տարում ամբողջապես տիրապետել լեզվին ու ես ավելի քան համոզված եմ, որ կանի։ Ամենակարևորը՝ պարտավորվել է առնվազ երեք հայ երեխա պարգևել Հայաստանին։ Մեր տեղական հարսերի ֆոնի վրա սա գերազանց արդյունք է։

Գոնե մեր հարսիկի ընտանիքի օրինակով տեսա մեծի նկատմամբ բացառիկ հարգանքի դրսևորում, ընտանիք ինստիտուտի նկատմամբ լուրջ վերաբերմունք։ Պատկերացումները, թե Եվրոպան սրընթացորեն գնում է ավանդական արժեհամակարգի մերժման ճանապարհով, գոնե այս ընտանիքի մարդկանց օրինակով հօդս ցնդեց։

Տպավորություններս գերազանց են հայրենիք եմ վերադառնում քրոջս տղաների ապագայի նկատմամբ հանգստության զգացումով։ Ասում եմ՝ տղաների, որովհետև մյուսն էլ ընտրյալ ունի, նույնպես պայծառ, շողշողուն կես։ Չնայած ի՞նչ եմ այսպես մանրաման գրում, երբ հարսիկներիս հետ նկարը պահանջվածից ավելի խոսուն է, թեպետ նմա քեռու կողքին այդ ո՞ր մի արարածը պայծառ ու լուսավոր չի լինի։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

irates.am

Շնորհավորում ենք նորակազմ հայ-լեհական ընտանիքին:

Միշտ և ամենուր Աստծո օրհնությունը լինի նրանց հետ:

Նաև` սեր, երջանկություն, առողջություն:

ՈՒ ինչպես մաղթում էին մեր պապերը` մի բարձի ծերանան և՞… երեքի փոխարեն յոթ որդով սեղան նստեն:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ