Սկիզբը՝ այստեղ
(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)
ԳԼՈՒԽ 30-ՐԴ
(կամ` մադամ Բովարիի համախտանիշով տառապողի ցածրաճաշակ ֆոտոսեսիան թամանյանաշունչ կոթողում)
Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛լից
Երբ ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը ձեռնամուխ եղավ ՀՀ սրտում կառուցվելիք կառավարական տան նախագծին` 1926-28 թթ., որի համար 1942-ին հետմահու արժանացավ Խորհրդային Պետական մրցանակի, վատ երազում անգամ չէր տեսնի, որ իր թուղթ ու մատիտ վերցնելուց 98 տարի անց, հայոց լինելության և ինքնության սիմվոլը կապականվի մադամ Բովարիի համախտանիշով տառապող, ցոփության ճահճի տեղապտույտում ոստոստող ու անվերջ իրեն ցուցադրող Առոչինչ մեկի բեմադրած գավառական ողբերգազավեշտով:
Հարկատուների հաշվին կյանքը վայելող հացկատակի ցանկասիրությունից բորբոքված ուղեղը միայն կհուշեր` որտեղ և ինչպես մարմինը պարուրած տաղտկալի դատարկությունը հաղթահարել նատուրալիզմին բնորոշ արտահայտչամիջոցներով ու մանրամասներով:
Ճիշտ է` դատարկությունը չի կարող պարուրել մարմինը:
Բայց ո՛չ քննարկվող տարբերակում:
«Ձերդ պայծառափայլություն» հայտնի սնոբը շանտաժին միաձուլված ռեկետի` իմա` կողոպուտի, խառնիճաղանջում թավալվող կորուսյալ հոգուն չէ, որ ձգտում է գոհացնել, այլ` «քաղցից» տոչորվող մարմնին:
Ասված է` ով փնտրում է, նա գտնում է:
Բայց սա առանց երկար-բարակ փնտրտուքի գտավ սեփական դիմագծին սազական ախտաժետ միջոցը` փալաս-փուլուսը ցուցադրել հատկապես կառավարության թիվ 1 շենքում:
Խորհրդային տարիներին, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նստավայր ծառայած նյութական այս հսկա ժառանգությունը, որ հայոց ճարտարապետական մտքի հզորության վկայություններից մեկն է, իր մոնումենտալ լուծումներով գաղափարախոսական, ինչ-որ առումով նաև քաղաքական նշանակություն ուներ:
Սակայն 2018-ի մայիսի 8-ից հետո երկրի անառակ կողմից մեր կյանքը գրոհած խուժանը, իշխանությունը յուրացնելուն զուգահեռ, շքազուրկ-բռփեջ մի պատուհասի մականվանեց «առաջին տիկին» և՞…
… արարողակարգ, գրված ու չգրված օրենքներ, ընդունված-չընդունված կարգուկանոն դրեց նրա կրնկի տակ, ելումուտի «մշտական» տվեց մեծահարուստ հայերի գրպաններ ու ամենագարշելին` արտոնեց անելու ինչ ուզում է և որտեղ ուզում է:
«Ինչ-որտեղ» քաղաքական անպատվաբեր կլոունադայի, արևմտահայերենով ասած` լմնցնող «արար»-ներից մեկն էլ պարզվեց կառավարական տունն է, որի հոյակերտ կամարների տակ մանկության վարդագույն երազանքը կյանքի կոչեց և, առայժմ անպատիժ, հանվեց-հագնվեց վճարվող ֆեյքերի, նախակենդանիների խմբին պատկանող անազգ ու անհայրենիք ինֆուզորիաների ու մյուս լվացված ուղեղների տիրուհին:
Ժամանակակից հասկացությամբ` ֆոտոսեսիա կազմակերպեց:
Մերթ սյուներից մեկին «քնքշորեն» փարված, մերթ շենքի աշտարակում, երկրի գլխավոր ժամացույցի ֆոնին դեմքն ու մազերը «կարգաբերելիս» մատուցվեց որպես մոդել:
Որոշ կադրերում չարագուշակ ժպտաց` ձուլված ժամացույցի հայելային համայնապատկերին:
Ժամացույցը հնուց անտի, թվերի տարբեր զուգորդմամբ համարվել է գուշակության տարածված միջոցներից մեկը:
Տիկնոջ մազերն ու դեմքը շտկելու պահին տեսախցիկն ի ցույց է դնում թվատախտակի 01:11 հայելային համակցությունը, որը ինչպես պնդում են գաղտնագիր կոդը վերծանողները, նշանակում է` անողոք պայքար հանուն կարիերայի:
Պատահականությու՞ն է:
Իհարկե ո՛չ:
Թվային այս կոմբինացիայով տիկին Առոչինչն ազդարարում է ի գիտություն բոլորիս` «ցանկացած միջոցի գործադրմամբ հասնելու եմ նպատակիս»:
Մինչ սրա «նպատակին» անդրադառնալը փաստենք`
այդպես էլ գաղտնիք մնաց, նորաձևության ո՞ր հայտնի բրենդը ներկայացրեց սույն օբյեկտը:
Gucci, Versace, Dolce & Gabbana, թե՞ տեղական որևէ ստուդիա:
Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ էլ երրորդը կամ չորրորդը:
Պարզապես ՀՀ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող, բայց ամուսնուն «շա՜տ սիրող» տիկնոջ մոտ անսանձ ցանկություն էր առաջացել հանվել հենց նրա աշխատավայրում:
Առիթն օգտագործելով էլ սովորական մահկանացուներիս թվային սիմվոլիզմով խճողված «ուղերձ» հղել հատկապես այն աշտարակից, որտեղ խստիվ արգելված է կողմնակի անձանց մուտքը, և որի ժամացույցի զանգերը հնչեցնում են ՀՀ օրհներգի առաջին 4 նոտաները:
Ոմանք տեսանյութի մեկնաբանություններում միամտաբար գրում էին ` իր ննջասենյակում չէ՞ր կարող հագնել ցուցադրած քռչ ու փալասը:
Ո՛չ, որովհետև սեփական տարածքն այլևս «նորաձև» չէ:
Ինչպես կասեր ռուսը` «неформат»!
Տեղին հարց է` իսկ ո՞րն է «формат»-ը:
«Տգիտությանը» մարտահրավեր, այն էլ` «ագրեսիվ», նետած հիշյալ փառամոլի հասկացությամբ` «формат» է կամ` «նորաձև», երբ, օրինակ, ցուցադրում ես կուրծքդ, ազդրերդ բացում մինչև մարմնիդ ինտիմ հատվածն ու առանց բարդույթների վեր ես ընկնում բազկաթոռում, ասենք կաթողիկոսի և բարձրաստիճան այլ հոգևորականների ներկայությամբ:
«Նորաձև» է նաև, երբ ամուսնուդ ու քո ձեռքերով, ազգակիցներիդ համար դժբախտ դարձրած օրը` նոյեմբերի 9-ին, ո՛չ միայն մերկացնում ես 50-ամյա պորտդ ու ինչ-որ սևամորթերի ուղեկցությամբ քարշ գալիս տանզանիական սաֆարիներում, այլև մերկությունդ ցուցադրող լուսանկարները դարձնում քննարկման նյութ և մի քանի միլիոն հայհոյանք-լուտանքներով բարձրացնում երեք սոցէջերիդ դիտողականությունը:
Խիստ «նորաձև» է, երբ բազմահազար որբացած, սոված ու տնանկ երեխաների առկայությամբ հանրայնացնում ես հյութալի կերդ` խաշլաման, խտացրած կաթով տոլման, 30 կամ 40 հավկիթից բաղկացած ձվածեղն ու ջարդրտվելով «սպառնում» քեզ նկարող ամուսնուդ.
- Էջումդ չդնե՜ս, ես ինքնասպան կլինե՜մ:
ՈՒ՜ր էր, թե նման բախտ ունենայինք:
Որքան տեղին է ասել Սևակը.
- ՈՒ թեպետ կյանքում բախտ ենք մենք փնտրում,
Բայց բախտը, բախտը, բախտն է մեզ ընտրում:
Ընտրում է, երբեմն էլ հասցնում գլխապտույտ բարձունքների, որ անկումն առավել «շռնդալից» լինի:
Իսկ որ անկյունում սրանց դարանակալել է տապալումը, ակնհայտ է:
Վերջին շրջանում, հատկապես, թե կնոջ, թե ամուսնու կատարած քայլերն ու վարքագծի մարգինալային դրսևորումները հաստատում են` նրանք, որքան էլ թերուս, այնուամենայնիվ, գիտակցում են պահի լրջություը, երկուսն էլ հոգեկան խոր ցնցումների մեջ են:
Հոգեբանական այդ բարդ վիճակը նրանցից յուրաքանչյուրն իր բնույթին հարիր ցուցքով է փորձում հաղթահարել:
Որքան էլ սրանք գործում են տերերի կազմած հատուկ սցենարով, այնուամենայնիվ, ակնհայտ է` տգեղի ու ողբերգականի զուգորդմամբ հանրությանը հրամցվող գրոտեսկային ցածրաճաշակ «մանրապատումները» խիստ հեղինակային են:
Եթե այրը բավարարվում է պաշտոնյաներին հարբած SMS-ներ գրել- ահաբեկելով, իսկ հետո հասցեատերերի հետագա քայլերը քննության ենթարկելով, կամ քչփորելով նրանց հեռախոսները, ապա կինը ազատություն է տվել ախտածին ցանկություններին ու անկանխատեսելի քայլերով գերազանցում է ամուսնուն:
Տիկնոջ բեմադրած ցածրաճաշակ շոուները յուրօրինակ «ուղերձ»-ներ են հայ հանրությանը, որ արվում են ի հեճուկս ընդհանուր կարծիքի:
Թամանյանաշունչ կամարների տակ ֆոտոսեսիա անցկացնելը շառաչուն ապտակ էր անտարբեր զանգվածի վերածված հասարակության դեմքին:
Հիմնական ասելիքն էլ այսպես կբանաձևվի.
«Ե՛ս եմ: Ամեն ինչ սկսում եմ իմ կետից` զրոյից: Ցանկությունս էլ կիրականացնեմ որտեղ ուզեմ: Որոշողը ես եմ»:
Տիկինը, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել էր կարիերան զրոյական կետից, որպես ֆոտոմոդել սկսած ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր և կենդանիների իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստ, հավելումն այդ ամենի նաև գեղեցկուհի, Ջոանա Կրուպայի արարքից:
Վերջինս, ի տարբերություն ժամանակից հետ ընկած ու բավականին մաշված իր հայկական տարբերակի, ֆոտոսեսիաներից մեկը, օրինակ, կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնապատկերին… մորեմերկ, մարմինը վագրի երանգներով ներկած, ձեռքում`
«Արգելեք կրկեսները, որտեղ վայրի կենդանիներ են ցուցադրում» գրությամբ պաստառ:
Բրիտանիայի նախկին վարչապետը` Դևիդ Քեմերոնը, ամենայն հավանականությամբ, Ջոանայի մերկությունից տպավորված, խոստացել էր արգելել կրկեսներում կենդանիների ցուցադրությունը, բայց ակամա դարձել ուխտադրուժ, որովհետև չէր կարողացել գլուխ բերել խոստումը:
Թերևս, ճիշտ կլիներ, ՀՀ թիվ 1 շենքում չստացված գավառական ֆոտոսեսիայի փոխարեն, գորշ կարդինալուհին տեսախցիկի առաջ ցցվեր նույնպես մորեմերկ, սակայն ի տարբերություն Ջոանայի, մարմինը ներկեր բանտախցային երանգներով ու համապատասխան ատրիբուտներով և կառավարության տան անշունչ սյունը գրկելու փոխարեն գլխից վեր պահեր` «Ազատությու՜ն Բաքվի բանտերում նվաստացվող ու անմարդկային կտտանքների ենթարկվող հայազգի գերիներին» գրությամբ պաստառը:
Ինչպիսի՜ իրարանցում կառաջացներ ամբողջ աշխարհում:
Իսկ երեք սոցէջերում պատկերացնու՞մ եք` քանի՜ միլիարդ դիտում կապահովեր:
Թերևս գրավեր նաև Էմինե Էրդողանի ուշադրությունը: Գուցե և սրա մերկությունից ցնցված խանումը խորապես զղջար հայ գերիների առնչությամբ Ալիևին տված թրքաբարո խորհրդի համար և՞…
Լա՛վ, մի բանիմաց պրոդյուսեր չկա՞ սրա կողքին, որ հուշի`
եթե իսկապես ուզում ես հերոսանալ, շարժել անշարժը` թուրք-ադրբեջանական գիշատիչ դիմագիծը, մերկացի՛ր ու,
դիցուք, Բաղրամյան 26-ի կամ ԱԺ շենքի ֆոնին որպես բողոքի նշան ֆոտոսեսիա կազմակերպիր:
Մերկացի՛ր տիկին, հանուն`անիծյալներիդ պատճառով, ադրբեջանական զնդաններում տառապող հոգիների:
Անհեթեթ գոյությունդ գոնե այդ կերպ կիմաստավորես:
Մեր օրերի հայտնին` Լևոն Ջավախյանն էլ, ձեր արյունոտ հետագծից խելագարված, թերևս, դադարեր իրեն նույնացնել «տուն գնացող արևի» հետ:
Բաքվի բանտերում օգնություն աղերսողների անձայն ճիչերից տառապող գրողը, ձեր` արյունով հունցված երկրակործան արարքներից հոգնած, գուցե և չբարձրաձայնի մարմնի տենչանքը.
- Կա՛նգ առ, Երկի՛ր, իջնել եմ ուզում: Հորիզոնն արնածուփ է, մարում եմ…
Մերկացի՛ր, տիկին մերկացի՛ր, որովհետև քեզ մոտ լավ է ստացվում:
Այլապես, կառավարության շենքում հանվել-հագնվելդ հայհոյանքներից, ծաղր ու ծանակից բացի ուրիշ ոչինչ չտվեց` ո՛չ քեզ, ո՛չ էլ առավել ևս բանտերում անտեղի խոշտանգվող հայորդիներին և նրանց հարազատներին:
Այնուամենայնիվ, ո՞րն էր գռեհիկ այդ քայլի նպատակը:
Թերևս, մի փոքր խմբագրված, բայց անցյալից ծանոթ շանտաժ-սպառնալիքով կոդավորված համառոտ «ուղերձը» հայ ժողովրդին.
«Կամ մեր ընտանիքն իր ձեռքում կպահի վարչապետի տիտղոսը, կամ` Հայաստան չի՛ լինի»:
Ինչու են կառչել վարչապետի պոստի՞ց:
Կարծում եք անաթոռ ու առանց թիկնապահների զորաբանակի, սրանց պարագայում, իրատեսակա՞ն է անհետևանք կրել Արցախի կորուստը, ահռելի չափերով ընդարձակված Եռաբլուր-պանթեոնի առկայությունը, հարյուրավոր գերիների գոյությունն ու, թերևս, ամենասարսափելին` ամեն Աստծո օր ծոծրակին կամ քունքին զգալ «Գինի լի՛ց» երգողների սարսռեցնող շունչը:
Հենց այնպես չէր սերիական մարդասպանը հայտարարում.
«Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է»:
Դե ասե՛ք, ո՞նց մնան անպաշտոն ու աթոռազուրկ, ո՞նց չվախենան, ո՞նց չմտահոգվեն իրեց մշուշոտ ապագայով, երբ այդ նույն «կամավորը», ճիշտ է, առանց կտրուկ գործողությունների` առայժմ, բայց երգում է, չէ՞:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)