Շարունակում եմ հին ու նոր տարին իր ավարտով ու սկզբով ներառած ծովային շրջագայության պատմություններս։
ԲԱՀՐԵՅՆ (մաս 2)
Ընթերցողին արդեն ասել եմ, որ Բահրեյնում ընթացող հնագիտական հետազոտություններն այս տարածքը սկսել են դիտարկել որպես բիբլիական դրախտի գտնվելու վայր։ Թե դա որքանով կհամապատասխանի ճշմարտությանը, ցույց կտա ժամանակը, բայց որ այս հարափոփոխ աշխարհում նայվում ու վերանայվում են բազմաթիվ հաստատագրված ճշմարտություններ, փաստ է ու բնավ չի կարելի զարմանալ, որ պատմությունը հա՜ վերընթերցվում է, ու դա անվերջանալի գործընթաց է նորանոր բացահայտումներով։
Զբոսավարի հավաստմամբ Բահրեյնում հետ տարվող ավազն այս պահի դրությամբ այստեղ վեր է հանել վեց մշակութային շերտ, որը երևի թե ամենայն անսխալականությամբ կարելի է համարել վեց քաղաքակակրթական պլաստի բացահայտում կամ վերհանում։ 50-ականներին պեղված ամրոցը բացվող պատմական շերտերի լավագույն արտահայտություններից է /տես նկարը/։ Մինչդեռ պորտուգալական այս հզոր ռազմակետն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ պատմությունը ընդերքում անթեղած ավազաբլուր էր ծովի ափին։ Սակայն բանն այն է, որ այս ամրոցից անդին՝ դեպքի խորք, ընդերք, քաղաքակրթական նոր շերտ է երևան գալիս։
Բահրեյն նշանակում է երկու ջուր, երկու ծով։ Բառի ամփոփ բացատրությունը տվողը նույն ինքն է՝ ծովը։ Մենք պորտուգալական ամրոցի փեշերին էինք օրվա այն պահին, երբ ծովը հետ էր քաշվել։ Ասել է թե տեղատվության ժամերին էինք։ Հետ քաշված ծովը բացել էր մեր կանգնած դիրքից տեսանելի երկու ջրհոր /պատկերացրեք, որ թոնրի շուրթին եք կանգնած ու տեսնում եք բերանի մակերեսը/։ Զբոսավարի ներկայացմամբ ծովը երկտակ է, ու երբ վերին մակերեսի ջուրը հետ է քաշվում, ի հայտ է գալիս քաղցրահամ ջուրը՝ ծովի տակի ծովը, որը բնակչությանը հնարավորություն է տվել գոյատևել կիզիչ անապատի ու աղի ծովի հարևանության պայմաններում։
Բահրեյնի մասին թերևս այսքանը, թեպետ չի բացառվում, որ պատմությանս ընթացքում այլ անդրադարձներ էլ ունենամ, մանավանդ որ ուսանելիի կողքին հատկապես զվարճալի միջադեպերի պակաս չկար։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ