Մյունխենում անցկացված անվտանգության ամենամյա համաժողովին անդրադառնալով՝ BBC-ին գրել է, որ Եվրոպան այլևս չունի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգության կառուցվածքը: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պատրաստվում են գործարք կնքել ՈՒկրաինայում պատերազմին վերջ դնելու համար՝ անկախ այդ հարցում հենց ՈՒկրաինայի և ամբողջ Եվրոպայի կարծիքից։               
 

«Սևակի և առհասարակ մեր ազգային գրականության հակառակորդներն այս անգամ պարտվեցին և ստիպված էին լռել ու դարան մտնել»

«Սևակի և առհասարակ մեր ազգային գրականության հակառակորդներն այս անգամ պարտվեցին և ստիպված էին լռել ու դարան մտնել»
24.01.2025 | 20:35

ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐՅԱՆ անուն-ազգանունը մեր ժամանակների «հերոսներին», իմա` ՀՀ ներկա կառավարությանն առընթեր «Տգետների դասընթացների» բոլոր մասնակիցներին, իրենց «սրտի» թերուս վարչապետով ու «գիտունի» բրենդի տակ մատուցվող ինքնահավան «նորաձև» կրթատիկնոջով հանդերձ, ոչինչ չի հուշի:

Հետևաբար, համառոտ լիկբեզ հիշյալ «մարտնչող տգետների» համար:

Գևորգ Հայրյանը վարել է տարբեր բարձր պաշտոններ:

Արձակագիր է, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Դասավանդել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Եվ անենակարևորը` ամբողջ կյանքում, չվախենալով պաշտոնանկ արվելուց, բացահայտ պայքարել է «տգիտությանը ձեռնոց» նետած բոլոր «գազան կրթվածների» ու «ազգային» ամեն ինչին պատերազմ հայտարարած թրքաբարոների դեմ:

Եվ հաղթել է:

Վկա`

ա) «Նռան գույնը» ֆիլմը, որն ընտանիքով է դիտում կոշիկներով բազմոցին փռված գերագույն դեմագոգն ու կապիտուլյանտը,

բ) «Անլռելի զանգակատունը», որը ներկա երիտուրացողները, եթե հնարավորություն ունենային, ո՛չ միայն կարգելեին, այլև կհավաքեին ու կայրեին, որովհետև…

Որպես լրացում «որովհետև»-ի, ՀՀ-ում իշխանությունը յուրացրած «ցռան վերգոյին» ժխտող յուրաքանչյուր ոք կարող է բարձրաձայնել իր տարբերակը: Ապա և ընթերցել

Գևորգ Հայրյանի` տասնամյակներ առաջ ներկայացրած մանրամասները Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի ոդիսականի մասին:

- Ընկեր Հայրյան, վերջին շրջանում հաճախ եք հանդես գալիս «Երեկոյան Երևանի» էջերում, բայց գիտե՞ք արդյոք, որ այդ փաստը ոմանց, ավելի ստույգ` որոշ կոմունիստների, դուր չի գալիս:

- Դա ինձ բնավ չի անհանգստացնում, քանզի պատվերով ո՛չ մարդ եմ սպանում, ո՛չ էլ պատվերով համերգներ եմ տալիս: Ավելի պարզ, ես իմ նյութերը որևէ մեկի թելադրանքով չեմ գրում, մանավանդ այն կոմունիստների, որոնք զուրկ են նորի զգացողությունից: Նրանք բոլոր խաչմերուկներում աղմկում են մամուլի ազատության մասին և չեն հասկանում, որ կարևորն այն չէ, թե որ թերթում ես հանդես գալիս, այլ այն, թե ինչ ես գրում:

Հրապարակածս հոդվածները, հարցազրույցները և այլ ժանրի ելույթներն իմ համոզմունքների արտահայտություններն են, որոնց մեջ ես փորձում եմ ասել ճշմարտությունը, որը կարող է և դուր չգալ ոմանց:

Ախր, ճշմարտությունը, Շեքսպիրի բնորոշմամբ, շղթայված շուն է, հենց բաց թողեցիր՝ կծելու է:

Եվ վերջապես, գրական աշխատանքով զբաղվողի համար տպագրվելը սուրբ գործ է:

- Անդրադառնանք մեր հիմնական նպատակին. այսօր Ձեզ հրավիրել ենք խմբագրություն, որպեսզի շոշափենք հարցեր Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի հրատարակման մանրամասների վերաբերյալ: Դա շատ ջուր վերցրեց...

- Այդ մասին ես պատմել եմ շուրջ 15 տարի առաջ տպագրված իմ հուշերում: Կրկնություն չի՞ լինի, մարդիկ չե՞ն մտածի, թե Հայրյանը շատերի նման ուզում է քսվել մեծերի փառքին և բաժին պոկել այդ փառքից:

- Գուցե և մտածեն, բա՞յց... Ձեր հուշերից հետո հանդես են եկել շա՜տ-շատերը, որոնցից մի քանիսը, աղավաղելով փաստերը, իսկապես ուզում են, ինչպես որակեցիք` մեծերի փառքից մաս պոկել:

Բանաստեղծի կյանքի և նրա նշանավոր պոեմի մասին շատ բան է ասվել: Որոշ հուշագիրներ, իհարկե, չեն մոռացել նաև Ձեզ: Բայց նրանք, իրենց ձեռքի տակ չունենալով համապատասխան փաստեր, չեն կարողանում համոզիչ պատասխան տալ առնվազն երկու հարցի.

ա) ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է որոշվել պոեմի հրատարակման ճակատագիրը,

և

բ) ի՞նչ է տեղի ունեցել պոեմը հրատարակելուց հետո:

Այսօր մենք Ձեզ, ինչպես կոմունիստներն էին սիրում ասել` «բյուրո» ենք կանչել, որպեսզի համապատասխան փաստաթղթերի օգնությամբ պարզություն մտցնենք վերոհիշյալ հարցերում:

Հակառակ դեպքում, Դուք «պատժից» չեք ազատվի:

- Լա՛վ: Կաշխատեմ կատարել Ձեր պահանջը:

-Նաև նշել, թե ինչ են ասում Սևակի պոեմի հրատարակության պատմությամբ զբաղվողները:

- Ինչու՞ եք կարծում, թե ես ամեն ինչ գիտեմ:

- Իհարկե գիտեք, բայց ինչ-ինչ պատճառներով չեք ուզում անդրադառնալ մանրամասներին:

- Այո՛, չեմ ուզում:

- Իսկ չե՞ք մտածում, որ եթե շարունակեք լռել, ապա մարդիկ կկարծեն, թե Ձեր ընդդիմախոսները ճիշտ են:

- Ի դեպ, նրանք ճիշտ են, երբ ասում են, թե պոեմը լույս տեսավ իրենց անմիջական միջամտությամբ: Առարկություն չունեմ, չէ՞ որ «Զանգակատան» պաշտպանը միայն ես չէի, կային նաև ուրիշները, բայց հարցը լուծվեց միայն այն բանից հետո, երբ բանաստեղծ Համո Սահյանի հետ հեղինակը մեր տուն եկավ և իմ խնդրանքով կարդաց ամբողջ պոեմը, որից հետո գրեց այս դիմումը (այն ժամնակ կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչն էի).

«Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի մասին գրել եմ մի մեծածավալ պոեմ, որ նախատեսված է Պետհրատի խմբագրական պլանում, բայց չի մտել հրատարակչական պլանի մեջ:

Քանի որ ընթացիկ տարվա սեպտեմբերին լրանում է Կոմիտասի ծննդյան 90-ամյակը, խնդրում եմ Ձեր միջնորդությունը, որպեսզի պոեմը խմբագրական պլանից մտնի հրատարակչական պլանի մեջ:

Ավելացնեմ, որ Պետհրատն արդեն ստացել է երկու դրական գրախոսական:

28-01-59 թ.

Երևան»:

«Չարաշահելով» իմ պաշտոնական դիրքը, դիմումի վրա արեցի հետևյալ մակագրությունը.

«Կարդացի Պ. Սևակի նոր պոեմը, իմ կարծիքով, տաղանդավոր գործ է, որը պետք է հրատարակել Կոմիտասի 90-ամյակի կապակցությամբ:

Խնդրում եմ, խմբագրելու համար այն հանձնել Հ. Սահյանին, որին ես հաղորդել եմ իմ դիտողությունները:

Լա՛վ բանաստեղծին պետք է խմբագրի լա՛վ բանաստեղծը:

28-01-59 թ.»:

Պետհրատի այն ժամանակվա տնօրենն էր գրականագետ և արձակագիր Գրիգոր Բալասանյանը, որը սկզբից ևեթ

բարձր էր գնահատել Սևակի պոեմը և ամեն կերպ պաշտպանում էր այն հակառակորդների հարձակումներից:

- Իսկ ի՞նչ կատարվեց, երբ լույս տեսավ «Անլռելի զանգակատունը»:

- Դա ավելի անախորժ պատմություն է, քան պոեմի տպագրությունն արգելելու մի խումբ հանրահայտ զրպարտիչների փորձերը:

Պայքարի այս փուլում գործի մեջ էին ներքաշվել նաև կենտկոմի կուլտուրայի բաժնի աշխատողները և նրանց հովանավորությունից օգտվող, այսպես կոչված, «պալատական» մի «քննադատ»:

Գրքի ազդօրինակը ստացվելուց հետո, կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալի` Կիմ Պողոսյանի մոտ է գալիս հանրահայտ պրոֆեսոր Գևորգ Աբովն ու պնդում, թե պոեմը գաղափարապես արատավոր է, պետք է արգելել դրա վաճառքը: Ավելացնում է նաև, թե Սևակը երկու օր առաջ Աբովյան փողոցում ծեծել է ազգությամբ ադրբեջանցի մի գրողի:

- Անու՞նը:

- Աքպեր Երևանլի:

Պողոսյանն առանց պարզելու բանի էությունը, շտապում է այդ մասին զեկուցել Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին:

Ավելին, այդ օրը Մոսկվայից Թովմասյանին զանգահարում է ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարախոսության բաժնի վարիչի առաջին տեղակալ Սնաստինը, բառացիորեն կրկնում է Աբովի խոսքերը և պահանջում անհապաղ քննել հարցն ու արդյունքների մասին տեղյակ պահել իրեն:

-Մոսկվայից հնչած զանգից ու հոխորտանքից հետո ինչպիսի՞ն էր Կենտկոմի քարտուղարի դիրքորոշումը:

-Սկզբում խիստ զայրացած էր: Նրան նաև տեղեկացրել էին, թե պոեմը հրատարակվել է ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչի, այսինքն՝ իմ թույլտվությամբ: Բայց երբ կանչեց ինձ և բացատրություն պահանջեց, պարզվեց, որ նա պոեմը դեռ չէր կարդացել:

Զարմացա:

Նա զգաստացավ, լռեց և որոշեց հարցը քննարկել գիրքը կարդալուց հետո:

Հաջորդ առավտրյան Թովմասյանը խոսեց բոլորովին այլ տոնով և նշեց ուրախությամբ.

«Տաղանդավոր գործ է, բայց իհարկե անթերի չէ, ամեն կերպ հեղինակին պետք է պաշտպանել զրպարտիչներից»:

Նույն օրը նա Սևակին իր մոտ հրավիրեց: Նրանց զրույցը տևեց շուրջ երկու ժամ: Սևակը քարտուղարի վրա լավ տպավորություն էր թողել:

Ասենք, որ Պարույրն էլ նրանից դժգոհ չէր:

Մնում էր կատարել Մոսկվայի պահանջը` հաղորդել Կենտկոմի որոշումը:

Իմ հանձնարարությամբ «Գրական թերթը» հրատարակեց գրականագետ Սուրեն Աղաբաբյանի գրախոսականը, որտեղ հեղինակը, բարձր գնահատելով Սևակի նոր ստեղծագործությունը, նշել էր նաև մի քանի թերություններ: Մեկ-երկու օր անց տեղի ունեցավ ՀԿԿ Կենտկոմի պլենումը, որտեղ գրեթե նույն ոգով ելույթ ունեցա նաև ես:

Դրանից հետո տեղեկանք կազմվեց այն մասին, որ լույս է տեսել գաղափարական և գեղարվեստական տեսակետից արժեքավոր գործ, որտեղ «տեղ են գտել նաև առանձին վրիպումներ», և որ այդ թերությունները քննադատության են ենթարկվել գրական մամուլում և ՀԿԿ Կենտկոմի պլենումում:

- Իսկ ինչպե՞ս ընդունեցին իրենց պարտությունը բանաստեղծի թշնամիները, և, հետաքրքիր է, ովքե՞ր էին նրանք:

- Մտավորականներ: Սակայն այնպիսի, որոնց հիմնական զբաղմունքն ամենուրեք գաղափարական սխալներ, հատկապես նացիոնալիզմ որոնելն էր: Անունները չեմ ուզում տալ: Նախ՝ բոլորին չգիտեմ, և երկրորդ՝ նրանցից շատերը տարբեր ժամանակ կնքել են իրենց մահկանացուն:

Ցավով պիտի ասեմ, որ այդ խմբի մեջ էր նաև Նաիրի Զարյանը, որը, իմանալով Կենտկոմի կարծիքը, զանգեց ինձ և ասաց, որ ինքը Սևակի պոեմում գաղափարական արատներ չի տեսնում, ուղղակի արվեստի տեսակետից այն դուր չի գալիս իրեն: Այսպիսով, Սևակի և առհասարակ մեր ազգային գրականության հակառակորդներն այս անգամ պարտվեցին և ստիպված էին լռել ու դարան մտնել: Ախր, իրենց դեմ կանգնած էին Կենտկոմը և բանաստեղծի նոր ստեղծագործության բազմահազար ընթերցողները:

Այդ ստեղծագործությունը «մի գիշերում» Սևակի բանաստեղծական փառքը երկինք հասցրեց:

«Անլռելի զանգակատունը» նշանակալից երևույթ էր մեր բազմադարյան գրականության մեջ:

Չենք կարող չնշել այդ ստեղծագործության կատարած վիթխարի դերը 1965-ին տեղի ունեցած հայտնի անցքերի նախապատրաստական գործում:

Կասկածից վեր է, որ եթե կենտկոմի հետագա ղեկավարները նույն կերպ պաշտպանեին մեր ազգային մշակույթի զարգացման շահերը, չէր տապալվի մեծ բանաստեղծի հաջորդ գործի «Եղիցի լույս»-ի հրատարակումը:

Հենց այդ օրերի տրամադրությունն է արտահայտում վշտացած Սևակի «Սայաթ Նովա» գրքի վրա արած մակագրությունը:

- Պարույր Սևակն ինչպե՞ս գնահատեց իր նկատմամբ ցուցաբերած Ձեր հոգատարությունը:

- Իր եղբայրական սիրո ամրապնդման նոր դրսևորումներով, որն արտահայտված է նաև «Զանգակատան» հրատարակության վրա դրված ընծայագրով (թող ինձ ների ընթերցողը, որ ես առաջին անգամ տպագրության եմ հանձնում այն: Չէի անի, եթե չլինեին մարդիկ, ովքեր փորձում են խեղաթյուրել ճշմարտությունը):

Զրուցեց Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

24 հուլիսի 1996 թ.

Հ.Գ.1

Գևորգ Հայրյանի հետ հարցազրույցների մի ամբողջ շարք ունեմ տպագրված «Երեկոյան Երևանում», որոնք, ցավոք, չկան ձեռքիս տակ, քանի որ երբեք չեմ հավաքել ու արխիվացրել իմ որևէ հրապարակում:

Շնորհակալություն ՀՀ Ազգային գրադարանին «Երեկոյան Երևանի» անցյալից որոշ հատվածներ թվայնացնելու համար, ինչը և հնարավորություն ընձեռեց գտնելու այս զրույցը:

Երկար փնտրեցի «Նռան գույնը» ֆիլմի ճակատագրին նվիրված մեր հարցազրույցը, ափսոս, չգտա:

Թերթի թվայնացված տարբերակում, ցավոք, տարբեր տարիների շատ համարներ են բացակայում:

Հ.Գ.2

Պարույր Սևակի ընծայագրերի լուսանկարները վերցրել եմ թերթի թվայնացված տարբերակից:

Անորակության համար հայցում եմ ընթերցողների ներողամտությունը:

Դիտվել է՝ 5255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ