Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               

Հարբեցողը

Հարբեցողը
02.12.2025 | 12:28

Ոմանք հասարակությունը բաժանում են ոչ թե չար ու բարի, խելացի ու անխելք, ազնիվ ու խարդախ, ճշտախոս ու ստախոս և մարդկային ու անմարդկային այլ որակների, իսկ եթե իրենց սոսկ սև ու սպիտակ տեսնող օպտիկան բացառելով դիտեն բարոյահոգեբանական և մտավոր խորքը` խմողների ու չխմողների: Վերջինս կարող է ունենալ նաև թաքուն խմող անձանց ենթաբաժին: Գոյության իրավունք ունի ևս մեկ տարատեսակ, որին սովորաբար չնկատելու են տալիս կամ մոռացության մատնում` ուտող-խմողները: Վերջիններս կազմում են մեծամասնություն, որովհետև ընդգծված ծայրահեղական չեն, ժխտում են հակառակ բևեռներում հայտնվելու փիլիսոփայությունը: Ծպտյալ, չափավոր ուտող-խմողներ` որոշակի սահմանափակումներով: Ամոթալի և անպատվաբեր երևույթ, որը տարածված է հասարակության լայն շրջանակներում: Այն հանգամանքը, որ խմողները քաջ գիտակցում են իրենց կործանված, լավագույն դեպքում կործանման ուղի բռնած լինելը և ապագա չունեն, անհերքելի փաստ է` գրված, հաստատված և կնքված հոգեմտավոր նոտարիուսի ձեռամբ և կյանքի կոչված զանազան բամբասկոտների, պարապ զազրախոսների և տարատեսակ չարամիտ շաղակրատների կողմից: Ի˚նչ անի անապագա մարդը, որին պարուրել է լքվածության և թախծի ծանր տրամադրությունը: Ըստ ընդունված կարգի, պետք է հարբի ու մոռացության տա իրեն պատուհասած ծանր ճակատագրի հարվածները. ապագան գալու և գնալու է, իսկ ինքն արբեցումի մեջ չի նկատելու նրա ներկայությունը, չի վայելելու նրա բերկրանքը և, սին հույսերին տրված, կարծելու է, թե այն դեռ չի եկել, տեղ չի հասել ու նոր պիտի գա, ուր որ է տեղ կհասնի…

Հավերժական սպասում: Մինչդեռ այն կամ չի գալու, կամ շրջանցելու է իրեն ու անվերադարձ հեռանալու պատմական անցյալ: Նա գերադասում է ներկան, ներկայի մեջ` տվյալ պահը, և հեռանկարում խաբվելու վիրավորանքից հուսահատ` հանձնելու է իր հոգին ու մարմինը բաքոսին:

Չխմողների ապագան նույնպես երանավետ չէ, չոր ու ցամաք կյանքի երաշտային շրջափուլեր` անհետաքրքիր, տաղտուկ ու տարտամ:

«Ապագան ինչի˚դ է պետք,- մեկը հարցնող լինի:- Եթե ուրախ-զվարթ չես վայելելու այն հարազատների կամ ընկերների հետ` հացատանը, քո տանը կամ բնության մեջ` մեկ-երկու շիշ ոգելից խմիչքի շուրջ աշխուժացնելով կյանքդ»:

Հրավերները սովորաբար հնչում են «մի բաժակ բան խմենք» ընդունված բառակապակցությամբ, որի հետևում սքողվում է բազմաթիվ շշերի առկայությունը: Բայց դա այնքան էլ կարևոր չէ: Ոգելից խմիչքը վաղուց և երբեք շատ չի լինում: Ափսոս այն ապագան, որ նույն է, ինչ անցյալդ ու ներկադ, և գալու է քեզ ու քեզ նմանների համար: Ոչ հիշողություն ունես, ոչ ոգելից տրամադրվածություններ: Իսկ արբեցումը պոեզիա ու երաժշտություն է, ինքնանվիրում հանուն վեհ գաղափարների` ոգին հզոր, խիզախումը` գլխապտույտ, բարձրարվեստ հոգեթով մշակութային ու ժողովրդական բանահյուսության գոհարներով համեմված: Անշուշտ, դա է պատճառներից մեկը, որ ոչ քիչ քանակությամբ ստեղծագործողներ հաճախ են օգտագործում ոգելից խմիչք, քանի որ հոգեպես և մտովի դեգերում են մուսաների եթերային մոլորակներում, պարբերաբար դրսևորում են զգացմունքային զեղումներ, հաշվենկատ ու կաշկանդված չեն պլանավորված և կառավարման վահանակներով ապրոող ռոբոտների նման: Նրանք ազատ են, ազատ հոգեպես, մտովի, կենցաղում և առօրյայում: Սա, իհարկե, նշանակում է, որ արհեստ ու արվեստ, գրականություն ու մշակույթ արարող տաղանդավոր շատ վարպետներ հակված են դեպի թունդ խմիչքները, և չի ենթադրում, որ բոլոր խմիչք օգտագործողները տաղանդավոր ստեղծագործողներ ու վարպետներ են: Դա գաղափարական բարձրակետ է, որին հասնելու պատվին արժանանալու համար անհրաժեշտ է անցնել երկար փորձություններով, արարման ներշնչանքով լի և արդյունավետ ուղի: Դառնալ և մնալ մարդ, որն ամենադժվարն է հատկապես մեր ժամանակներում:

Ի հակադրություն նրանց, զուտ ստամոքսահյութի արտադրությանը հետամուտ անձինք ամեն օր նույն գծային կոնտուրներով գնում են աշխատանքի, հետո նույն ճանապարհով, վերադառնում տուն և, իրենց հոգեվարքի մեջ գտնվող երևակայության շնորհիվ, գոհ են պաղ ու միապաղաղ, միօրինակ կյանքից:

Մա՜րշ գործի: Մա՜րշ դամոյ:

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ:

Աջ դարձ: Ձախ դարձ:

Հավսար, զգաստ…

Հիշելու ոչինչ չունեն: Ապրած մեկ օրվա մասին կարող են պատմել որպես իրենց գիտակցական կյանքի ամբողջական հիշողություն` առանց շեղումների, առանց վայրիվերումների, անակնկալների, հաճելի կամ տհաճ իրադարձությունների…

Ոգելից խմիչք անվանումն ինքնին հուշում է, որ նրանք դատարկ գլխով ու հոգով, բայց լեցուն որովայնով բավարարվող մարդիկ են, որոնք պարապությունից մրափում են թախտի ու բազմոցի վրա, հեռուստացույց դիտում և քնելուց առաջ կանոնավոր կերպով քայլում որոշակի տարածություն: Այդպես անիմաստ ու ինքնագոհ բավարարման պատրանքներով ապրում իրենց օրերը, ինչպես լուցկու հատիկներ այրելուց հաճույք ստացող պարզամիտ մանկիկներ: Նրանք չունեն կամք և համարձակություն կտրվելու անգույն ու գորշ առօրյայից, ձեռքները գրպանները տանելու և տեղափոխվելու մեկ այլ աշխարհ` ոտքերը գետնից կտրելով հայտնվելու մեկ այլ` երանելի իրականության մեջ:

Որպես գաղտնիք միջանկյալ բացահայտեմ, որ կան մարդիկ, որոնք խմում են ինչ պատահի: Չունեն նախընտրություն:

Ես, օրինակ, գինի շատ եմ սիրում, բայց հրաժարվում եմ` գինին առողջ մարդու խմիչք է:

Կոնյակից նույնպես հրաժարվում եմ, որովհետև հեշտ են կեղծում և հետո, կարծում եմ, որ առաջիկայում օտարանուն կոնյակ օգտագործողների նկատմամբ խիստ տուգանքներ կկիրառվեն:

Գարեջուրը, ինչպես ասում են, քյասիբի բեռ է:

Հիմնական տեսականիում մնում է օղին, որի լեցուն բաժակը թափանցում է դիմացինիդ ոչ միայն արտաքինը, այլև հույզերը, տրամադրությունները, մատնում մտքերը: Ես խանութներում վաճառվող օղի չեմ գնում: Ի՜նչ իմանամ ո˚վ, ի˚նչ պայմաններում է արտադրել: Գերադասում եմ տնականը, մրգօղին: Կա` մեծ հաճույքով կվայելեմ, չկա` ոչինչ, այդ օրը կարելի է ջնջել օրացույցից: Երբեմն ինքս եմ թորում իմ ձեռքով: Հոյակապ արարողություն է: Հավաքվում են ընկերներս, և օրը վերածվում է ծիսական տոնի:

Հիշատակածս մարդկանց տեսակը խմում է օրվա ցանկացած ժամի, խմում` ում հետ պատահի, կկոնծի` ով հյուրասիրի: Այս ամոթալի ենթատեսակը անվանարկում է արհեստավարժ և պատվախնդիր խմողներին, խաղում նրանց պատվի և արժանապատվության հետ: Հետևաբար, անընդունելի և արհամարհված է հարբեցող հանրության կողմից: Սրանցից առավել անտանելի են միայն ուտողները: Դրանցից մեկին մի օր հանդիպեցի մի մեծ հանդիսության ժամանակ: Ինձ ճանաչում էր: Խնդրեց, որ նստի կողքի աթոռին` ցանկությունը պատճառաբանելով, թե ես խմող եմ` խմիչքը իմ առջև շատ կլինի, իսկ ինքը միայն ուտող է` կշահի սննդի առատությունից:

Չընդդիմացա: Ընդունելի առաջարկ էր: Նստեց: Անմիջապես ձեռքը մեկնեց ընդհանուր ափսեին, մի մսակտոր կծեց ու դրեց իր պնակի մեջ: Հետո երկրորդը, երրորդը… Աներևակայելի էր, բայց կարճ ժամանակ անց դրա ափսեն վերածվեց կրծած ուտելիքների բուրգի: Տհաճ ու զզվելի էր: ՈՒզում էի գլուխս առնել ու կորչել գրողի ծոցը: Խոցող հայացքս երևի խիստ արտահայտիչ էր: Ինքնամոռաց ծամելուց մի պահ կտրվեց և, առանց աչքը մաքրազարդված սեղանից կտրելու, դիմեց ինձ.

-Ներեցեք, դուք խմելուց հետո ուտո˚ւմ եք:

-Չէ, ես պարզապես ծամում եմ խմիչքը,- շպրտեցի ես և տեղափոխվեցի մեկ այլ սեղանի մոտ:

Այդ օրը ևս մեկ անգամ ամրապնդվեց իմ բացասական վերաբերմունքը կերմոնների հանդեպ և վերստին համոզվեցի, թե ինչու է հորինվել ատելություն բարբառող՝ «ուտող` ուրացող» բնորոշումը:

Չէ˚ որ «խմող`ուրացող» արտահայտություն պարզապես գոյություն չունի և ունենալ չի կարող: Երախտամոռություն մարմնավորող այդ տեսակին կարող ես միայն ատել և կարոտալի հիացմունքով հիշել ուտող-խմող ընկերներիդ: Իսկ ուտող-ուրացող որքան ուզես:

Լիքը:

Հիմա ես ի՞նչ անեմ: Գլուխս առնեմ ո՞ւր գնամ, կորչեմ, ինչպե՞ս հեռանամ ինքս ինձանից: Աստվածները նեկտար են խմում, ես` ծիրանի օղի: Նեկտար լիներ` օղի չէի խմի։

Ասում են՝ խմածի ծովը ծնկներից է, եթե հարբելու նպատակ ունեցավ` ծովն էլ կխմի, որ մոռանա իրականությունը, որտեղ դառնությունն ավելին է քան բերկրանքը, ստորությունը` քան վեհությունը, խարդավանքը` քան արդարությունը։

Վատը գերազանցում է լավին, չարը` բարուն, խավարը` լույսին։

Այդ գիտակցմամբ հարբելը միանգամայն արդարացված է: Իսկ այս խելակորույս աշխարհում մարդն անվերջ փորձարկվում է: Թույլ ես` կկործանվես: Չպայքարեցիր` կպարտվես: Ատամ ցույց չտվեցիր` կուլ կտան: Բայց խմիչքի հետ սիրախաղերն ամենից անմեղ զբաղմունքն են, եթե իհարկե սեղանակիցդ կռվազան չէ, չարամիտ չէ, սրիկա չէ: Վաղուց արդեն ես խուսափում եմ անծանոթների հետ բաժակ բարձրացնելուց:

Ոգելից խմիչք հորինողը հանճարեղ մարդ է եղել: Խմիչքը բացահայտում է մարդուն, նրա ներաշխարհը, մտքերն ու գաղափարները, անկեղծության մղում նրան: Լավն ավելի է լավանում, բարին` բարիանում, չարը` չարանում:

Օրերս ընկերոջս կինը խնդրել էր եղբորը, որ ամուսնու հետ ավելի շատ ժամանակ անցկացնի, հեռու պահի խմիչքից, հետաքրքիր զբաղմունք գտնի նրա համար, կտրի հարբեցողությունից: Եղբայրն ընդառաջել էր, և ի՜նչ… Տասը օր շարունակ ամուսինն ու եղբայրը տուն վերադարձան հարբած վիճակում: Երբ եղբոր կինը բողոքել է, թե հակառակ ազդեցությունն է առկա, փոխանակ խմելը վերացնեն, հիմա արդեն երկուսը միասին են հարբում, ամուսինը պատասխանել է, թե` «Ախր, դու չես պատկերացնում որքան հաճելի է նրա հետ խմելը: Վերջապես այս հոգսաշատ կյանքում հաճախ լիցքաթափվել և ազատ ապրել է պետք: Մի խանգարիր, մենք հրաշալի, անկաշկանդ օրեր ենք վայելում»: Բնականաբար, երկու կանանց դավադիր ջանքերով, ցավալիորեն, խաթարվեց այդ ջերմ մտերմությունը:

. . .

- Սաթիկ, մարդդ երեկ էլի ութ գրելով էր տուն գալիս,- հարևանուհին կնոջս հետ է խոսում:

- Շատ էլ լա՜վ էր անում, չուզողի աչքն էլ հանում էր: Տղամարդ է, բա ի՜նչ ես կարծում: Չէ, քո մարդու նման, չտեսանք մի օր, որ գոնե մի զրո գրի…

Կինս ատամներով պաշտպանում է ինձ, չնայած նախորդ օրը շան լափ է լցրել գլխիս:

- Մարդ էդքան չի խմի, տնաշեն: Գրազ ես եկե՞լ առողջությանդ հետ: Մի օր գժանոց կընկես: Խայտառակ ես լինում: Մի կետ կա, որ տղամարդը պիտի կամք դրսևորի ու կանգ առնի, իսկ դու խմում ես մինչև գիտակցության կորուստ, հաջորդ օրը չես հիշում ինչ ես արել, որտեղ և ում հետ ես եղել… Ոնց որ կամավոր խելագար:

- Էս կյանքում ավելի լավ է խելագար լինես ու աշխարհից բեխաբար ապրես, քան խորությամբ հասկանաս, թե ով ում շունն է, որը որից հետո է, ստի ու խաբեության հետևում ինչ ուժեր են գործում, որքան անարդար է աշխարհը։

- Աշխարհի դարդը քեզ չեն տվել: Դու քո դարդը լացիր, քո կյանքով ապրիր: Ջհանդամը, թե էսօր մոմի ճրագով արդարություն ու ճշմարտություն չես գտնի: Քո ի՜նչ բանն է…

- Հենց ի՜մ բանն է,- եզրափակում եմ ես ու շտապում վարսավիրանոց` ուստա Սուրենի դուքյանը, որտեղ առավոտյան թռուցքաժողովի ու քաղպարապմունքի են հավաքվում տարբեր տարիքի բնակիչներ` մի-մի թաս բարիլույսի հետ լսելու նաև վարսահարդարման նահապետի զարմանահրաշ պատումները:

ՈՒստան տարիքն առած, նիհար ու դալուկ դեմքով, ճերմակահեր թիֆլիսեցի անձնավորություն է, որի հուշերն ու հրաշապատում արկածների մասին պատմությունները սկիզբ են առնում առավոտ կանուխ` առաջին այցելուից մինչև վերջինը` ուշ երեկո: Բոլորը հետաքրքրությամբ են ունկնդրում նրան` հաճախ կասկածելով դեպքերի հավաստիությանը, բայց միևնույն է, մի ներքին մղումով համոզում են իրենց, թե ծերուկը չի ստում, ի˚նչ կա որ` հնարավոր է, որ Ստալինը ամեն ամիս ինքնաթիռով մեկներ Թիֆլիս` հատուկ տեսակցելու իր վաղեմի բարեկամ Սուրենին և վայելելու նրա վարսահարդարումը, որ Հիտլերն անձամբ համակենտրոնացման ճամբար է այցելել` իր հետ ծանոթանալու նպատակով, որ իր շնորհիվ բազմաթիվ գերի կինտոներ են ազատ արձակվել, որի համար ինքն արժանացել է առաջնորդի դրվատանքին, որ... որ... Սուտուղորթ իրար խառնած, պարբերաբար դալլաքի ղայիշի վրա ածելին սրող վարպետ Սուրենի մշտական այցելուները, ներքին պայմանավորվածությամբ, ներկայանում էին մեկական շշով, չնայած վարսավիրը իր հոգեպահուստը մշտապես ուներ: Արարողակարգն էր այդպիսին:

. . .

- Վարդանի՜կ,- հերթական գինարբուքից հետո ձայն տվեցի որդուս,- էդ ռադիոյի ձայնը կտրի, էդ սիմֆոնիկի ճզվզոցը ներվերս կերավ… խանգարում է քնեմ։

- Ի՜նչ ռադիո, այ հեր, չգիտես, որ մենք ռադիո չունենք: ականջներդ ձեն են տալիս:

Հաջորդ օրը դարձյալ հայտնվեցի նույնպիսի անհարմար վիճակում:

- Սաթի՜կ, էդ ո՞ւմ հարսանիքն է բակում, պատուհանը փակիր` հանգիստ քնեմ:

- Ոչ մի հարսանիք չկա, այ մարդ, խելքդ թռցրել ես, հանգիստ քնիր։

Մի քանի նման թյուրիմացություններից հետո սիրտս ահ ընկավ: Ճարահատյալ գնացի բժշկի, որ հասկանամ վիճակս ու շուտափույթ կանխեմ: Ես էդ մարդը չեմ, որ կնկա փեշի տակ ապրեմ ու քամուն տամ աշխարհիկ կյանքի հաճույքները: Ամբողջ կյանքս բանել, ստեղծել եմ, որ տարիքս առնելուց հետո հալալ վայելեմ: ՈՒ հիմա հայտնվել եմ անելանելի վիճակոււմ, ծակ տաշտակի առջև: Լավ է մեռնեմ, քան այդպես ապրեմ:

Բժիշկը ստուգեց, քննեց, անալիզ-մանալիզ, հարցուփորձ ու, թե` քաղաքացի, ձեր բախտը բերել է, որ տենդի ժամանակ երաժշտություն եք լսում, որ ձեր ականջներում մշակույթն է արթնանում, այլ ոչ ջունգլիների գազանները: Այ, ուրիշների աչքին սատանաներ են երևում, հրեշներ, ու նրանք մարտնչում են դրանց դեմ, վնասում դիմացինին, տան անդամներին, գույքը: Գրանցվել են անգամ սպանության դեպքեր: Դադարեցրեք խմելը, և ամեն բան կկարգավորվի: Այ մարդ, ուրախությանս չափ չկար: Բախտս բերել էր: Թևավոր նժույգ հեծած սավառնում էի յոթերորդ երկնքում: Տղերքին պատմեցի: Միասին կիսեցինք ուրախությունս` խորովածով, հոնի օղիով։

Երեկոյան, ինչպես միշտ, թուք ու նախատինք տանը, ճնշում ու նվաստացում թույլ սեռի կողմից: Ասում եմ. «Լսի՜ր, այ կնիկ, վա՞տ է, որ առողջ եմ, գժություններ չեմ անում, ջարդդ չեմ տալիս ուրիշների նման: Գլուխս կախ անվնաս խմում եմ, ոչ շառին եմ խառնվում, ոչ խերին: Համ էլ էսօրվա առիթը շատ կարևոր էր»:

Ասում է.

«Արտը խախուտ, մահանեն կարկուտ: ՈՒրախությանը հարբում ես, տխրությանը հարբում ես: Առիթ ես ման գալիս խմելու համար: Անառիթն էլ է քեզ համար առիթ: Ասա, որ անուղղելի ալկաշ ես ու պրծիր։ էսպես շարունակել այլևս անհնար է»:

«Բայց ես սիրում եմ խորոված ուտել, մեղավո՞ր եմ»:

«Առանց օղու հնարավոր չի՞ խորոված ուտել»:

«Ո՜չ,-ասում եմ,- հնարավոր չէ…»:

ՈՒ հիշում եմ էն ցուրտ ու սոված տարիները: Մի օր տղերքով խորոված կերանք: Պատառը կուլ չէր գնում: Տանեցիք վաղուց մսի երես չէին տեսել: Մի կտոր փաթաթեցի լավաշի մեջ ու դրեցի գրպանս, մերոնց համար: Զավեշտալի է, որ ոչ մեկս չկերավ էդ չարաբաստիկ խորովածի պատառը: Օրեր շարունակ կինս դնում էր սեղանին, ոչ մեկս ձեռք չէր տալիս: Մտովի ու անձայն մեկմեկու էինք զիջում, մինչև որ հոտ կպավ ու դարձավ դրսում մարդկանց վրա սովից հաչացող թափառական շների բաժին։

Երևի այդպես էր պետք: Բայց ինչո՞ւ այդպես եղավ։

Բախտը միշտ չէ, որ ընկերանում ու ընդառաջում է ինձ, նաև երես թեքել գիտե: Եղավ մի օր, երբ մեր բժիշկը ուղեգիր լրացրեց ինձ նյարդահոգեբանական հետազոտություն անցնելու համար և ուղարկեց հոգեբուժարան: Զարմանալի մարդիկ են գժերը: Էն ով էր ասել, թե երանի ես միշտ գիժ լինեի, բայց միշտ, ոչ թե դեպքից դեպք: Էդ մարդիկ բացարձակ կապ չունեն իրականության հետ, ավելի ճիշտ հակառակը, իրականությունը կապ չունի այն աշխարհի հետ, որտեղ նրանք ապրում են: Սրանք, հակառակ Սաթոյի արտահայտության, առանց հարբելու խելագար են: Մեկը երգում է, մեկն արտասանում, մյուսը իրեն Հռոմի պապ է երևակայում, ուրիշները` ոչ պակաս քան արարիչ, կայսր, զորավար ու հեղափոխական: Ոչ մեկը շարքային քաղաքացի լինելու չի հավակնում: Երևի գլխի են ընկել, որ այդ կարգավիճակը տառապալից է: Երանելի վիճակ` ով ինչ ուզում է, այն էլ լինում է:

Բոլորը խաղում են առանց գիտակցելու, որ խաղում են: Անկեղծ են իրենց գաղափարների հանդեպ: Անվերապահ հավատում են իրենց դերակատարությանը: Երբեմն ինձ թվում էր, թե դրսի կյանքից նախընտրելի է իրենց սահմանափակ կյանքը, թե նրանք խենթացել են դրսի կյանքի ու մարդկանց պատճառով, չեն կարողացել դիմակայել արտաքին աշխարհի ստորաքարշություններին, եղկելի և անարդար իրողություններին: Դրա վառ օրինակն էր այն իրարանցումը, երբ հիվանդանոցի պարտեզում հիվանդների զբոսանքի ժամանակ դարպասից ներս մտավ մի կառավարական ավտոմեքենա, որից դուրս ելած փողկապավորներին դիմավորեց գլխավոր բժիշկն ու ուղեկցեց թմրամոլության և նեյրոհիվանդությունների բաժանմունքներ:

- Մենք էլ ենք ուզում այդպիսի կոստյումներ հագնել, փողկապներ կապել, այդպիսի շքեղ ավտոմեքենաներ ունենալ,- բղավում էին հիվանդները:- Ինչո՞վ ենք պակաս այս անամոթներից: Մեզ սովի են մատնել, իրենք վայելում են:

Նույն օրը նրանց աշխատավորության հերթական շքերթը տխուր վախճան ունեցավ: Հավանաբար, այն ինչ իրենցը չէր, չտետք է լիներ նույնիսկ խաղային տարբերակով: Մեկը կանգնեց սեղանին` որպես շքերթն ընդունող ղեկավարություն, մյուսը` քայլելով պետք է անցներ սեղանի, այսինքն, տրիբունայի առջևով, որպես չարքաշ աշխատավոր ժողովուրդ: Հանկարծ վերջինս գրպանից դուրս բերեց քարն ու հարվածեց ղեկավարի գլխին:

- Ինչո՞ւ խփեցիր,- արնաշաղախ վրա պրծավ ղեկավարությունը:

- Ես չէի, ժողովրդի միջից էր,- փորձեց արդարանալ ընդվզող աշխատավորը, ապա ներխուժեց հանրահավաքային ամպագոռգոռ ճառադարան:- Ժողովուրդն ատում է ձեզ: Դուք բոլորդ խաբեբա, գող, ավազակ ու թալանչի եք: Ձեր օրոք դավաճանները դատում են հայրենասերիներին, դասալիքները սերունդ են կրթում, պոռնիկները բարոյականություն քարոզում: Ինչո՞ւ պիտի դու վերևում գտնվես, իսկ ես ցածում։ Ես փոշմանել եմ, որ քեզ նման սրիկայի եմ ընտրել։

Գժանոցը արտաքին աշխարհի փոքր տեսակ է, յուրովի բանտ մեծ բանտի մեջ: Միայն թե այստեղ մարդիկ անկաշկանդ արտահայտվելու, կարծիք հայտնելու, ընբոստանալու ազատ իրավունք ունեն, ու եթե պատժի են ենթարկվում, ապա համարձակ ու ճշմարտախոս: Ղեկավարությունը պահ չի մտնում ժողովրդավարական խաբկանքների հետևում, չի տալիս սուտ խոստումներ և ձևականորեն երդվում: Ամեն ինչ թափանցիկ, պարզ ու շիտակ է:

Նրանք այսօրվա գործը վաղվան չեն թողնում: ՈՒղղամիտ ու նպատակասլաց են: Նրանցից չես լսի` եթե հարկ լինի կասեմ, հիմա ժամանակը չէ, որ պետական գաղտնիք հայտնեմ կամ անձնական կյանք ներխուժեմ: Գործնական ու աշխատասեր են: Մտնում են գործի տակ, կանգնում գործի գլուխ ու հետևողականորեն գլուխ բերում հանձնարարությունը. լինի սալիկ խփել, կահույք տեղափոխել, տարածքը մաքրել։ Անհրաժեշտության դեպքում, պատրաստ են նույնիսկ հեղափոխություն կատարել, միայն թե արդար, առանց թավշյա ստի ու կեղծիքի, անձնուրացաբար ու նվիրումով` հանուն վեհ գաղափարների։ Պրոբլեմ չկա: Ասեք` կանեն:

Ես ենթարկվում էի տարբեր փորձությունների, շատ էի կարոտում ընտանիքիս, ընկերներիս, մեր անուշ քեֆերը, ուտել-խմելը, ակտիվ կյանքս։ Ազատ ապրել էի ուզում, դուրս թռչել էի ուզում վանդակից։ Ախր, ինչո՞ւ այսպես եղավ: Իբր ամեն բան տեղն էր, գժանոցն էր պակասում: Ես հոգեբուժարանում շատ մեծ դասեր քաղեցի հիվանդներից: Դուրս գրվելիս, մի վերջին բուժքննություն անցնելուց հետո, երբ բժիշկը վերջնականապես համոզվեց, որ առողջ եմ, զգուշացրեց.

- Հանկարծ բերանդ ալկոհոլ չդնես: Կտրականապես հակացուցված է։

- Հասկանալի է, դոկտոր,- վստահեցրի ես և պատրաստվում էի հեռանալ նրա սենյակից, երբ հրամայաբար կանչեց.

- Հետ արի:

Ես հնազանդորեն կատարեցի պահանջը: Իսկ նա, ի զարմանս ինձ, պահարանից հանեց օղու շիշը, միրգ և երկու բաժակ:

- Արի, հրաժեշտի կապակցությամբ մեկական բաժակ բարձրացնենք:

- Դոկտոր, բայց քիչ առաջ կտրականապես արգելում էիր ինձ...

- Ինձ հետ կարելի է: Քեզ հետ զրուցելը հաճելի է, դու կյանք տեսած, լուրջ ու խելացի մարդ ես։

Իհարկե, մենք դատարկեցինք շիշը, հիշելով մեր ծանոթությունից մինչև բաժանում բոլոր կենացները, ինչպես ասում էր իմ մարտական ընկեր գնդապետ Տոնոյանը` սպասքը մաքրություն է սիրում: Վերջին բաժակը բարձրացնելու պատիվն ինձ վերապահվեց:

- Մնաք բարով, իմ սիրելի խենթեր, մնաս բարով, գժանոց: Հուսամ, այլևս չեմ վայելի ձեր ներկայությունն ու քո պատերի ջերմությունը,- հումորով եզրափակեցի բաժակաճառս, որի առոգանության մեջ հավանաբար բժիշկը ցավ, նաև ամոթ նկատեց:

- Շատ վատ մի զգա: Մեր հասարակության մի զգալի մասը տառապում է մտավոր և բարոյահոգեբանական տարատեսակ արատներով ու խեղվածությամբ: Ոմանց շրջանում դա զեխության, շատերի համար ծանր կյանքի հարվածների արդյունք է: Իմ հիվանդների մեջ կան բազմաթիվ ճանաչված մտավորականներ, բարձր պաշտոնյաներ, որոնք բուժում են ստանում թմրամոլության, ալկոհոլիզմի, նյարդահոգեբանական տարբեր շեղումների դեմ:

Ես շնորհակալություն հայտնեցի բժշկին և դուրս եկա հիվանդանոցից` վերջին մի հայացք ձգելով այն շենքի ուղղությամբ, որտեղ բանտված են բազմաթիվ ճակատագրեր, և որի պատին փակցված պաստառին խոշոր տառերով գրված է. «Դուք մենակ չեք»: Ընդունարանում դիմավորեցին ընտանիքիս անդամները և ընկերներս: Կինս քննիչի հայացքով չափեց ինձ ոտքից գլուխ:

- Խմա՞ծ ես,- զարմանքով հարցրեց, հավանաբար ինքն իր հարցի հավանական պատասխանին չհավատալով:

- Մի քիչ, նաև դեղորայքի ազդեցության տակ եմ,- պաշտպանվելու փորձ կատարեցի ես: Նրա հայացքից հնարավոր չէ ոչինչ թաքցնել:

Հասկացա, որ տանն ինձ սպասում է դաստիարակչական-խրատական լուրջ մշակում, ներառյալ ամոթանքի և արգահատանքի սյանը գամելը:

- Լսի՜ր, դու պետք է խոստովանես, որ ալկոհոլային կախվածություն ունես:

- Չունեմ: Ինձ նման բան այլևս չասես: Գիտես, որ ես տանել չեմ կարողանում կախվածություն ունեցող մարդկանց: Ես չեմ ընդունում նրանց, որոնք արդարանում են, թե ծխելը, թմրամոլությունը, հարբեցողությունը, թղթախաղը վերացնել չեն կարող: Տղամարդու բերանից «չեմ կարող» արտահայտությունը չպիտի հնչի: ՈՒրեմն, տղամարդ չէ, կամազուրկ փալաս է։ Ես իմ ժամանակի հետ վարվում եմ իմ հայեցողությամբ, ոչ թե ժամանակն է ինձ հետ վարվում իր կամեցողությամբ:

- Բայց դու կախվածություն ունես, և դա ակնհայտ է,- չի նահանջում կինս:- Ես քեզ ատում եմ, երբ հարբած եմ տեսնում:

- Ատում ես, որովհետև սիրում ես, թե չէ անտարբեր կլինեիր: Դա իսկական մեծ սիրո արտահայտություն է,-ինքնագոհ եզրակացրեցի ես: - Ես մեկ կախվածություն ունեմ, և դա քեզանից է,- ասացի որպես հաճոյախոսություն, բայց հնչեց հայհոյանքի առոգանությամբ ու հուսադրող տոնով ավելացրի,- շունը մի յարով չի սատկում,- ապա դուռը շրխկացնելով դուրս եկա տնից:

Ես ներշնչանքով եմ ապրում: Ստեղծագործական ներշնչանքը ենթադրում է ոգելիցություն, որպեսզի ստեղծագործաբար ապրես կյանքիդ յուրաքանչյուր օրը: Զարմանալի է, որ երդվյալ չխմողները արբեցումի մեջ միայն վատն ու բացասականն են տեսնում: Ես պատրաստ եմ ցանկացած հակաալկոհոլային գործչի հետ ուղիղ եթերում բանավեճի դրա վերաբերյալ` կոնկրետ օրինակներով: Եթե մեր թաղի Վաղոն հարբած չլիներ` իրենց բնակարանի բարձրությունից վայր ընկնելիս հսկայական գամփռի վրա չէր ընկնի, ու շան փոխարեն ինքը հոգին կավանդեր: Աշոտը հարբած ընկավ ավտոմեքենայի տակ ու մի ճանկռվածք անգամ չստացավ: Կապիտան Գևորգը զենքը մաքրելիս թեթև ինքնավնասումով պրծավ: Չալաբը, իհարկե` հարբած, միայնակ խափանեց ավազակային հարձակումը խանութի դեմ: Սերոժը գրազ եկավ և երեք շիշ օղու տիրացավ` ցատկելով հինգ մետր երկարությամբ փոսի վրայից։

Օրինակները բազմաթիվ են, որ ապացուցում են, թե հարբեցողությունը նույնքան չարիք է, որքան սթափությունը, այն միայն դառն հետևանք չէ, այլև բարիք ու պարգև:

Բարձր տրամադրություն, քեֆ, ուրախություն: Հանգիստ զրույց: Ինքնամոռաց երգ ու պար: Հաճելի ժամանց: Երանելի կյանք: Վայելք, որ շատերին դուր չի գալիս: Աղվեսների դունչը խաղողին չի՞ հասնում: Չար աչք կպա՞վ: Սրանք էլ, ուտող ուրացողների նման, անհամար են` թիվ կա աստղերին, թիվ չկա չարին ու նախանձին: Վերջերս լիաթոք ուրախանալ ու երանությանը տրվել չի ստացվում: Խմում եմ: Լուլ եմ: Եվս մեկ բաժակ, որ քունն ու թմբիրը պատեն ինձ: Այդ ժամանակ չեմ հիշի, թե ինչ եմ արել, ինչ եմ խոսել, ինչպես եմ տուն հասել: Համենայն դեպս, օրակարգից չշեղվելով, «վեր կաց» ներքին հրամանով, քանի դեռ բոլորը քնած են, ծլկում եմ տնից` խուսափելով գլխիս թափվելիք թուքումուրի տարափից, հորինովի և ծաղկեցված սուտ մեղադրանքներից: Զգուշություն եմ պահպանում նաև շենքերի մոտով անցնելիս` հարևաններին հանդիպելուց, որովհետև ուղեղիս մշուշներում չեն վերականգնվում նախորդ օրվա մանրամասներ, և այդպես, մինչև վտանգավոր գոտուց դուրս գալը` դեպի ինքնաբուժման առաջին իսկ հնարավոր վայր: Հայացքս երկինք հառած խաչակնքում եմ, երախտագիտություն հայտնում Աստծուն իր բարիկամեցողության, իմ գոյության համար, խնդրում, որ օրս անփորձանք անցնի և բարով-խերով դիմավորեմ հաջորդ լուսաբացն իմ ընտանիքում: Ազգովի շատանանք ու չպակասենք: Խոստանում եմ, որ ուր էլ գնամ, վերջում վերադառնալու եմ տուն, հարազատ օջախ:

ՈՒղեղս չի անջատվում: Գիտակցությունս ու բանականությունս դեգերում են ինչ-որ վտանգների, սպառնալիքների, վախերի, հուսալքության ու անկարողության խորխորատներում: Տխրում ու մռայլվում եմ: Չարագույժ անհանգստություններով եմ պատվում: Երազումս մի անգամ նույնիսկ ազատ անկում էի ապրում բարձրաբերձ լեռան գագաթից դեպի մոլորակի ամենախոր անդունդի հատակը: Քրտնամխած վեր թռա: Վատ նախանշան էր: Մեր բարձր ու արժանապատիվ դիրքերը բարոյապես ու ֆիզիկապես զիջել էինք շակալներին ու բորենիներին, ինքներս հայտնվել փոսի մեջ: Եթե ուրիշները խմում են տարբեր առիթներով, ես սկսել եմ անառիթ խմել, ակամա անառիթ խորասուզվել տանջող մտքերի մեջ: Տալիս-առնում եմ մարդկանց վարք ու բարքի փոփոխությունները, մարդկային արժեքներից կտրուկ շրջադարձը դեպի կասկածելի ու կործանարար դրամաշնորհային գաղափարներ: Բաղդատում ու միահյուսում եմ մեր նորաձև կյանքի փիիսոփայությունը ու բան չեմ հասկանում, թե ում են վստահել աշխարհի ղեկը, որ համառորեն ամենքիս տանում է կործանման: Այդքան միջոց, որ խարդավանքներին ու պատերազմական մեքենայություններին է տրամադրվում խաղաղության բյուջե մուտք անեն, աշխարհում անտուն ու սոված մարդ չի մնա, ամեն տան մեջ երջանկությամբ ու խինդով լեցուն եդեմական այգի կծաղկի` սաղարթախիտ ծառերով ու տարբեր բուսատեսակներով, վառվռուն գույներով ու բուրմունքով:

Ես բնավորությամբ ու դաստիարակությամբ այնպիսին եմ, որ չեմ քնում մինչև գործս, անելիքս չավարտեմ: Հոգեբուժարանում բնավորությանս այդ գիծն ավելի ամրապնդվեց: Սիրում եմ հավաք, լիակատար ամբողջականություն: Այդ որակները փոխանցվել են նաև սննդակարգիս նրբություններին: Կիսատ-պռատ ուտել-խմել չեմ սիրում: Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակսի, իսկ մանկության ընկերս բաժակ բարձրացնելուց առաջ հաճախ կրկնում է. «ուզում ենք մեզ քամուն տալ, ուրեմն ամբողջ էությամբ, գողանալ ենք ուզում, ուրեմն` միլիոն, սիրել` միայն թագուհու… Գնացի՜նք»:

Երբ ասում են, թե ինձ հետ խմելը հաճելի է, շրջապատում սիրված ու հարգված անձնավորություն եմ, բնականաբար, ես լավ եմ զգում, բայց այնուամենայնիվ, սպառվում եմ և որոշել եմ` չէ, ախպեր, վաղվանից սկսում եմ զուգակցել հաճելին օգտակարի հետ, դադարեցնում եմ բաքոսային կյանքը, հրաժարվում հրավերքներից և հավաքներից, դառնում եմ օրինակելի, օրինապաշտ, օրինական քաղաքացի` իմ արատներով ու թերություններով հանդերձ:

Այս կյանքում ապահով են կույրը, խուլն ու համրը: Այդպիսին լինելու լավագույն միջոցը ինքնավանումն է իրականությունից, այն մոռացության մատնելը: Շատերը հարբում են, որ ցաքուցրիվ անեն մտատանջությունների մութ ու կարկտաբեր ամպերը և հանգիստ քնեն` վառվռուն երազների ակնկալությամբ: Մոռանում են, որ գիշերն ընդամենը կյանքի մի կեսն է և կա լուսավոր ցերեկը, որը պարտադրելու է բաց աչքերով նայել իրականությանը: Մինչդեռ կա ավելի իրատեսական և իմաստավորված ելք` սթափ մտքով և առողջ մարմնով, համարձակ ու անզիջում պայքարի ելնելը: Ճիշտ ապրելակերպը պայքարն է, որ թույլ չտաս լեռնային սառնորակ, զուլալ աղբյուրդ ապականվի, այլ ոչ անշարժ ջրի ճակատագիրը կիսելն ու ճահճանալ-վերանալը: Թեև երբեք խմիչքը ինձ կուլ չի տվել, այլ ճիշտ հակառակը, սակայն մինչ այս ես նայել ու չէի տեսել, որ ժողովրդի ուղեղը աստիճանաբար ավլել-սրբել ու հիմնովին մոլորեցրել են շատերին, որ իշխանությունների անբարո վարքից ու անվայելուչ կյանքի դարդից աննախադեպ շատացել են սպանություններն ու ինքնասպանությունները, հարբեցողությունն ու թմրամոլությունը, խաղամոլությունն ու սեռախախտումները: Որ ապականվել է ամեն մի սրբություն և արժեք, որ հոգևորի ու գաղափարի տեղը գրավել է ստամոքսն ու նյութը: Մահը հաղթել է ծննդին, գետնաքարշությունը` հպարտությանը, սուտը` ճշտին, խարդախը` արդարին, դասալիքը` զինվորին, դավաճանը` հայրենապաշտին, մութը` լույսին: Ինքնախաբեությունը դարձել է կենսակերպ` բավարարվում են ազգի զտման, թացը չորից տարանջատելու հայտարարություններով, համոզում, որ զինադադարը պատերազմի ավարտ է, այլ ոչ ժամանակավոր դադար, որի ընթացքում պարտավոր ես պատրաստվել հաջորդ պատերազմին…

Ինչո՞ւ այսպես եղավ: Ի՞նչ անեմ: Գլուխս առնեմ ո՞ւր փախչեմ, մինչև ձախորդ իշխանությունները ձմռան նման գան ու երթան:

Վերջ, կորչի հարբեցողությունը, միանում եմ այդ չարիքի դեմ պայքարին: Իմ ցնորքների ու անուրջների երկնքից վերադառնում եմ երկիր մոլորակ: Չգիտեի, որ առջևում բազում դժվարություններ կան, որ իրական կյանքը և մարդկանց ճանաչել եմ կիսով չափ: Ես պատրաստ էի դրանց դիմակայմանը, և հաղթանակները նշանավորելու ճոխ սեղանների շուրջ: Աստված մեծ է, մի դուռ միշտ բացում է: Շեմից ներս մտնելու կամք ու համարձակություն է պետք: Ոնց որ թե մոտեցել է նետած քարերը հավաքելու ժամանակը:

Կառավարությունների հակապետական գործողությունների դեմ ցույցեր են հանուն արդարության՝ ներկա, երկրաշարժ ու բնական աղետ է` ներկա, պատերազմ է ու հայրենանպաստ գործողություն` տեղում եմ, արժանապատվության խնդիր է` ես կամ, խաղաղ ստեղծագործ աշխատանք է` այստեղ եմ… Համազգային ամբողջ վաստակը մի քանի անպատասխանատու պատասխանատուներ զրոյացրեցին, կաթիլ-կաթիլ լցված դույլը անգթորեն շրջեցին, քար առ քար կառուցած շենքը դուխով խորտակեցին։ Կարճ ասած, մի մոլագար քարը գցեց ջրհորը, ազգի իմաստունները չկարողացան կամ չցանկացան հանել:

- Վերանալու ենք, եթե այսպես շարունակվի։

- Ինքնասպանվող ժողովուրդ։

- Մնացել է մի քանի բարակ թել, որ կրծեն սողունները։

- Աչք չեն թարթի ագահ սրիկաները։

Ես սթափ հետևում եմ երկրի անցուդարձին, լրագրերի գլխագրերին, լուրերին ու նորություններին, լսում մարդկանց իրարամերժ դատողությունները և աստիճանաբար որոշակիանում ու հաստատվում է մոտեցումս այդ ամենին: Լսում եմ խոսակցություններ, վերլուծություններ, սպասում խոսքից գործի անցնելու կոչերի, բայց, ավա՜ղ:

«Քրֆի՜, քրֆի՜, սիրտդ հովանա, կաթվածահար չլինես»: Հովանալ չէի ուզում, բայց միայն ինձ լսելի մռլտոցով բացեցի յոթհարկանի յոթպորտ հայհոյանքներիս տուտը, չէ՜, ալամ աշխարհի ստերին ու կեղծ բարոյականությանը հասցեագրված փողոցային հիշոցների բազմահարկ երկնաքերերը: Ցավից բարձրաձայն ոռնացի:

«Օխա~՜յ, սիրտս հովացավ»: Քաք սրտի մխիթարություն: Հարևանները ձայնս լսելով երևի դարձյալ կարծեցին, թե լուլ եմ: Ինչ ուզում են թող մտածեն, թքա՜ծ անտարբեր, անբան ու հլու-հնազանդ գառնուկների վրա։ Երևի կարծում են, թե` քիչ իմանան` շատ կապրեն, շատ գիտեն` քիչ խոսեն, որ իրենց ապրելը խաղաղ ու ապահով լինի: Ապրե՞ն: Սուտ քուն մտա՞ծ, ուղտի ականջո՞ւմ։ Չէ՜, նրանց կյանքը մթնել է չլուսացած, և դեռ արևածագ են տենչում։ Ինչո՞ւ այսպես եղավ, որ մարդկային կյանքերը մանրադրամի վերածվեն խոշոր թղթադրամների մոլուցքով տառապողների աճուրդներում: Ինչո՞ւ են տնկիները չորանում չարմատակալած, և ծաղիկները թոշնում` չբացված բողբոջներով: Ինչո՞ւ են մագաղաթները հրո ճարակ դառնում և խաչքարերը վերածվում քարաբեկորների: Ինչո՞ւ խմբավարի փայտիկը հայտնվեց միայն ռեքվիեմներ հնչեցնողի ձեռքին: Միտքս բացճակատ, միաժամանակ խոր ցավով զառանցում է, որ ես դավաճան չեմ, սրիկա չեմ, ստախոս չեմ, մատնիչ ու դասալիք չեմ, անբան ու ստորաքարշ չեմ, ոչ մի ուժի կամակատար ու խամաճիկ չեմ: ժողովրդի ընտրյալ չեմ: Ես բոլորի նման չեմ։

Գուցե ճիշտ էր հուշում հոգեբուժարանի պաստառը` ես մենակ չեմ։

Միգուցե խմեմ, հարբեմ, որ չգիտակցեմ պատուհասած արհավիրքն ու սրբապիղծ աշխարհի ավերումները:

Պատրաստ եմ այս ամենում համեստորեն ընդունելու իմ ամենամեծ մեղքը որպես բացարձակ անմեղություն` ես ընդամենը մի շարքային հարբեցող եմ:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 86

Մեկնաբանություններ