ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Ինչ լավ է, որ դու ոչ քուրդ ես, ոչ էլ թուրք. դու մարդ ես, դու ձի ես, դու խիղճ ունես»

«Ինչ լավ է, որ դու ոչ քուրդ ես, ոչ էլ թուրք. դու մարդ ես, դու ձի ես, դու խիղճ ունես»
20.03.2015 | 00:23

-Հավա՜ր, հավա՜ր, իսլամի զավակնե՜ր, փախե՜ք, ռուսական զորքը նորից մեր գյուղին է մոտենում,- թաղեթաղ գոռալով՝ վազում էր քուրդ սուրհանդակը։
Մշո Ֆռանգու-Նորշեն գյուղը գիշերվա խավարում մի ժամում ոտքի էր. ինչ ունեին՝ հապճեպ բարձում էին սայլերին, ձիերին, էշերին ու ջորիներին, նախիրն ու հոտերը դեմներն առած՝ քրդերը փախչում էին հարևան գյուղերը։
-Պարե՛, սայլը շուտ լծիր և կնոջս ու տղայիս փախցրու Խիարտանք գյուղ,- իր տան հայ հոտաղին ատամների արանքից ֆշշացրեց քուրդ Յուսուֆ աղան։- Գյավուր, նրանց որ մի բան պատահի, քեզ կենդանի-կենդանի կքերթեմ։
Սայլորդի նստարանին կպած՝ Պարեն տագնապով ճիպոտում էր եզներին։ Մթի մեջ սայլը դարուփոսերից այնպես էր ցնցվում, որ քրդի խանումն ու տղան քիչ էր մնում ցած գլորվեին։ Սայլը դղրդալով առաջ էր գնում, իսկ մտքերը Պարեին վաղուց հետ էին տարել իրենց գյուղը՝ Մշո Փրխուսը։
...Համբարձման տոնի առավոտն էր։ Խլաթի դաշտ էին իջել գյուղի ջահելները։ Յոթ գույնի ծաղիկ էին քաղում, յոթ կույս կժերի մեջ յոթ աղբյուրի ջուր լցնում, որ Համբարձման գիշերը, երբ երկնքի դռները բացվեն, աստղունք դնեն։ Պարեն հմայված նայում էր ջահելներին։ Երգը նազանի աղջիկների հետ շորորում էր ու հալվում Խլաթա դաշտի մայիսյան գույներին, օրորվում ծաղիկների շուրթին, հետո քամու բերանն ընկած՝ գնում համբուրում էին Մեղրագետի ալիքները։

Լուսադեմին կժերն առան,
Դուռ ու երդիկ բացին,
Մշո դաշտեն հարս ու աղջիկ
Դեպ Մեղրագետ գացին։

-Մշո՛ աղջիկ, գիշեր գիկամ՝
Ձեր մարգերով օլոր,
Իմծում քզի, բակ մը առնիմ,
Քու մեր մնա մոլոր։

-Դանքո՛վ արի, մարգեր թաց է,
Սասնա տղա, պոլոր,
Խաղ մը գըսիս, պաք մը կիդամ,
Չեղնի մնաս մոլոր։

...Պարեն մթի մեջ կոպերը սեղմեց։ Հայրը քրդի գնդակից գալարվեց բակի մեծ քարին, քիչ այն կողմ մոր անարգված մարմինն էր։ Պարեն ուզում էր լաց լինել, բայց արցունք չկար, չէր գալիս։
-Էս հայի տղին ե՛ս եմ վերցնում,- Պարեին սթափեցրեց քուրդ Ադլի ձայնը։- Կդարձնեմ ինձ հոտաղ։
Անզեն տղամարդկանց սպանելուց հետո քրդերը սկսեցին գեղեցիկ կանանց ու աղջիկներին իրար մեջ բաժանել։
-Դե հիմա լսի՛ր, ինչ եմ ասում,- Պարեի ձեռքից քաշեց Ադլը,- քեզ կիսլամացնեմ, կմեծացնեմ ու մուսուլմանի հետ կամուսնացնեմ։ Հայերենը պիտի մոռանաս։ Իմ շան հետ էլ չպիտի հայերեն խոսես։ Եթե խոսես, լեզուդ քոքից կպոկեմ ու հետո կսպանեմ։ Դու հեր ու մեր չունես, քո տեր ես եմ, դու՝ իմ ծառան։
Ռուսական զորքը մոտենում էր նաև Խիարտանքին։ Քրդերն իրենց ավարով այս անգամ փախան Տրտոփ գյուղը։
-Էս հայի տղին տանում եմ ինձ ծառա,- Ադլին այնպես թարս նայեց Տրտոփի գյուղապետ Յուսուֆ բեկը, որ քուրդը վախից պապանձվեց։
Յուսուֆի տանը Պարեն մեկ ամիս մշակություն արեց։ Ռուսական զորքերը մոտենում էին։ Փախուստի ճամփան էս անգամ քրդերին տարավ Մուշ։ Ամենուր հոշոտված դիակներ էին, արևի տակ ուռած ու սևացած։ Շնչել հնարավոր չէր։ Պարեն չկարողացավ լացը զսպել։
-Ձենդ կտրի՛, լակո՛տ, հենց հիմա հայհոյի՛ր հայերի դիակներին, թե չէ կսպանեմ,- հրացանի փողը Պարեի սրտին դեմ տվեց քուրդը՝ մատը դնելով ձգանին։
Պարեն կարկամեց։ Թեև համոզված էր, որ քուրդը կկրակի, բայց լեզուն չէր պտտվում. դիակին ո՞նց հայհոյի։ Քուրդը մատը ավելի սեղմեց ձգանին։ Պարեն սկսեց հայհոյել հայերի դիակներին։ Մտքում թեև քրդին էր հայհոյում՝ խոսքը ձևականորեն ուղղելով հայերի դիակներին։ Քուրդը հրճվում էր իր գյուտով՝ թաշկինակով փակելով քիթն ու բերանը՝ դիակների նեխահոտը չշնչելու։
Առավոտ Պարեն քրդի ոչխարի հոտը հասցրեց արոտ։ Մենակ էր, ցավը կուտակվել էր, արցունքներին ազատություն տվեց։ Չնկատեց, թե ինչպես մի քանի ոչխար մտել էին Մշո դաշտի քուրդ աշիրեթապետ Մուսա բեկի արտը։ Բեկի եղբայրը՝ Ղասմ աղան, հեռվից նկատեց ու ձիու գլուխը շրջեց Պարեի կողմը։ Մի քանի հարվածից Պարեն ուշաթափ ընկավ։ Աղան դրանով չբավարարվեց։ «Հիմա ձիու սմբակների տակ կտրորեմ, որ հասկանաս, թե ում արտն ես արածեցրել»,- մռնչաց աղան ու ձին քշեց ուշաթափ երեխայի վրա։ Պարեին մոտենալով՝ ձին ոստյուն արեց, թռավ մարմնի վրայով։ Աղան նորից չափ տվեց ձիուն։ Երեխան ուշաթափ ընկած էր։ ՈՒր որ է՝ կատաղած ձիու սմբակները պիտի փշրեին Պարեի ոսկորները, ձին ծառս եղավ ու նորից թռավ երեխայի մարմնի վրայով։
-Հիմա՛ր կենդանի, հայի՞ն ես խնայում,- ոռնաց քուրդը՝ մտրակը շառաչուն իջեցնելով ձիու մեջքին։
Ղասմը մի քանի անգամ էլ ձին քշեց Պարեի վրա, բայց սևուկը չենթարկվեց. թռավ անցավ արդեն ուշքի եկած ու դողացող երեխայի վրայով և սկսեց խրխնջալ։ Սարսափից կուչ եկած Պարեի աչքերը մի ակնթարթ մեխվեցին ձիու աչքերին։ Պարեն հաստատ նկատեց՝ ձիու աչքերը խոնավությունից փայլում էին. ձին լալիս էր։ Մի պահ նժույգը հեծվորին ցած գցելու փորձ արեց, վրնջաց, գլուխը թեքեց, փորձեց մոլեգնած հեծվորի սանձը բռնած ձեռքը կծել։ Ղասմն ավելի կատաղեց և մտրակն ավելի ուժգին իջեցրեց ձիու գլխին։ Սևուկը նորից վրնջաց և, սանձը ատամներով կրծելով, սլացավ դեպի ձորը։ Պարեն լալիս էր ձիու համար։
...Սայլը, մթի մեջ դղրդալով, սլանում էր։ Յուսուֆ աղայի կինն ու տղան գոռում էին Պարեի վրա, քրդերեն հայհոյում։ Պարեն վախենում էր եզների վրա հայերեն գոռալ։ Խանումը կպատմի աղին, որ իրենց եզների հետ հայերեն է խոսել։ Պարեն եզների վրա քրդերեն էր գոռում՝ մտքում հայերեն հայհոյելով քրդին։ Խանումի բերանից անեծք ու հայհոյանք էր թափվում։
-Ես քո՛...,- Պարեն առաջին անգամ այդպիսի հայհոյանք տվեց, տղամարդավարի։ Խանումը ցնցվեց, աչքերին ու ականջներին չէր հավատում։ «Լա՜վ, տեղ հասնենք, ես քո հայերեն լեզուն քոքից պոկել կտամ»,- հայհոյանքն ու անեծքը ճարահատ մտքում շարունակեց խանումը։ Զայրույթն ու ամոթը խեղդում էին տղային, բայց վախն ավելի ուժեղ էր։ Մի պահ մտքով անցավ սայլից թռչել, փախչել էս ամենից, բայց ո՞ւր. ոչ մեկը չունի, քրդերը նույնիսկ իրենց շանն էլ են զարկել։ Պարեն մտքում ողջ մնացած մոտիկ բարեկամ էր փնտրում։ Հանկարծ հիշեց իր միակ բարեկամին՝ Ղասըմ աղայի ձիուն, նրա բարի աչքերը, օդում իրեն շրջանցող ոտքերը։ Պարեն աչքերը փակեց և մտքում համբուրում էր մարդասպանի ձիու աչքերը, ճակատը, նույնիսկ փոշոտ սմբակները։ Պարեն քրդի ձիու հետ հայերեն էր խոսում։ «Ձի՛, իմ միակ ողջ մնացած բարեկամ, ինչ լավ է, որ դու ոչ քուրդ ես, ոչ էլ թուրք. դու մարդ ես, դու ձի ես, դու խիղճ ունես»,- սթափվեց Պարեն՝ նկատելով ձորաբերանի վտանգավոր զառիթափը։
Ամպի վերջին քուլաները լիալուսնին մենակ թողեցին, աստղերի խաղը փախցրեց Պարեի հայացքը, ձորից եկող ուրցի ու գինարբ ծաղկի հոտը քանդեցին հիշողության կապանքները։
-Գլուխդ թաղե՛մ, արա՛գ քշիր,- աստղկա գիշերվա զմայլանքը պղտորեց քրդուհու գռեհիկ հայհոյանքը։
Պարեն միանգամից որոշեց՝ «Ինչ լինում է, թո՛ղ լինի, սայլը թողնեմ ու փախչեմ, թեկուզ գելի բաժին դառնամ»։ ՈՒր որ է՝ սայլից թռչելու էր, բայց անծանոթ ու հեռավոր մի միտք որտեղից որտեղ նրան գամեց սայլի մորուքին՝ «Իսկ եթե...»։ Մի պահ վախեցավ միտքը շարունակել։ Հետո երկնքին նայեց. օգնական էր փնտրում։ Պարեն երբեք Աստծուն չէր դիմել, և նրա աչքերը Աստված էին որոնում։ Հանկարծ աստղերի խաղի մեջ Պարեն Աստծու փոխարեն տեսավ յաթաղանով մորթված հորն ու անարգված մորը։ Պարեն բարձրաձայն տնքաց, հայերեն տնքաց ու չվախեցավ, հետո քրտնած ու հևացող եզներին նայեց՝ «Քրդի ձին ինձ խղճաց, ոչ քուրդ էր, ոչ էլ՝ թուրք. եզներն էլ կօգնեն...»։
Պարեն միանգամից տեղափոխվեց սայլի կողամաս։ Խանումն ու տղան ոչինչ չգուշակեցին, միայն քրդուհին սայլի ընթացքը դանդաղեցնելու համար կրկին սկսեց հայհոյանքների տարափը։ Պարեն իրեն տղամարդ զգաց, արյունը փոթորկվեց ու նորից խանումին հայերեն այնպես հայհոյեց, որ ինքն էլ զարմանքից քար կտրեց։ Հետո մտրակը օդում զայրույթով պտտեցրեց և եզան փոխարեն շրխկացրեց խանումի դեմքին։ Տղան վայնասուն բարձրացրեց, ինչից եզներն ավելի խրտնեցին։ Մտրակի երկրորդ հարվածն իջավ քուրդ լամուկի գլխին։ Պարեն հասցրեց երկուսին էլ հայերեն հայհոյել՝ սայլը շրջելով ձորաբերանի կողմը։ Անակնկալ հարվածից եզները շարժվեցին զառիթափի կողմը։ Պարեն մի ակնթարթում ցատկեց սայլից՝ օդում մի անգամ էլ հայերեն հայհոյելով։ Սայլը անդունդի եզրին կախվեց։ Խանումն ու տղան դեռ չէին սթափվել։ Պարեն եզներին խղճաց, բայց... Մի պահ մտրակը գալարվեց սևուկ եզան գլխին, և սայլը հայտնվեց օդում։ Ղասմ աղայի կինն ու տղան միայն անդունդը գլորվելիս հասկացան, որ իրենց տան ծառան, գյավուրի անլեզու տղան արդեն տղամարդ է։ Սայլը փշրվելով գլորվում էր։ Պարեն երկար ու երանությամբ նայեց ձորն ի վար. ինքը տղամարդ է, տղամարդու պես էլ ազատություն տվեց արցունքներին։ Պարեն հայերեն էր լալիս։
Սարերով վազում էր Պարեն։ Նեմրութ սարի կատարին մի փոքրիկ քարայրում մնաց։ Պարեն տղամարդ էր, վախ չուներ։ Մի քիչ շունչ քաշեց, հետո շարժվեց իրենց գյուղի ուղղությամբ։ Փրխուսի մոտ հայերի դիակներ էին։ Նեխահոտից հնարավոր չէր մոտենալ։ Բայց ինքն արդեն տղամարդ է, ղամչիով խանում ու լամուկ է ծեծել, հայերեն հայհոյել ու սայլը ձորը գլորել։ ՈՒժ հավաքեց ու պառկեց դիակների մեջ։ Ցերեկները թաքնվում էր քարերի արանքում, գիշերները բույսեր էր հավաքում, սնվում ու շարունակում ճամփան։
Քսանյոթերորդ օրը Պարեն հասավ Մանազկերտ, ուր արդեն ռուսական զորքն էր։ Վեց ամիս մի ռուս զորականի մոտ ծառայելուց հետո Պարեն գաղթականների խմբի հետ անցավ Արաքսը։ Մենակ էր, գնաց մի խմբի հետ՝ միայն թե մի կիսավեր հոլիկ գտնի։
Աշտարակից վերև Եղվարդ գյուղն էր։ Մի կիսավեր տնակ գտավ։ Բարձրացավ տանիքին ու առաջին անգամ ժպտաց՝ Պարեն տո՛ւն ունի։ Հետո հայացքը փռեց Մասիսից անդին, մշուշի մեջ կորած հեռո՜ւ հեռուները։ Մշուշն արյան գույն ուներ։ Մշուշի մեջ Պարեն փնտրում էր հորն ու մորը, որ հպարտանան՝ իրենց Պարեն տղամարդ է, Պարեն վրեժ է լուծել։ Հետո մշուշի մեջ երևացին Ղասմ բեկի ձիու և Յուսուֆ աղայի անդունդին կախված եզների արցունքոտ աչքերը։
Իր նոր տան տանիքից Պարեն գոռալով աշխարհին հայհոյում էր հայերեն. ինքը տղամարդ է, ծնողների վրեժն է լուծել և տուն ունի։

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 184748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ