Երեկ լրացավ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95- ամյակը։ Մոտ 100-ամյա պատմություն ունեցող բուհը, որը գրեթե մեկ դար է` կերտում է Հայաստանի պատմությունը ճարտարապետության և շինարարության միջոցով, իր հոբելյանի մեկնարկը խորհրդանշանակորեն ազդարարեց Երևանի քաղաքապետարանում «95- ամյակին նվիրված» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսին ներկայացված էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի, ուսանողների նախագծերը, գծանկարները, գեղանկարները։
ՃՇՀԱՀ-ի ծննդյան տոնը եկել էին շնորհավորելու ՌԴ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Լեհաստանից, Չինաստանից, Իտալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սիրիայից ժամանած պատվիրակությունները։
Նույն օրը քաղաքապետարանի նիստերի դահլիճում մեկնարկեց «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային ութերորդ գիտաժողովը։ Երկօրյա գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ի ՄՊՇՀ-ն, ՍՊՊՃՇՀ-ն, ՆՊՃՇՀ-ն, Լեհաստանի տեխնոլոգիայի համալսարանը, Վրաստանի ՎԱՀ-ն, Չինաստանի ՊՇՃՀ, ԱՄՆ-ի ՌՀ, Իտալիայի ՈՒՀ-ն, ինչպես նաև մասնագետներ ԱՄԷ-ից, Գերմանիայից, ՌԴ-ից, Իրանից։ Կներկայացվեն շուրջ 99 գիտական զեկույց։
«Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը հիմնադրվել է ՃՇՀԱՀ-ի նախաձեռնությամբ 2008-ին՝ Ջերմուկում։ Նույն խորագրով գիտաժողովը անցկացվել է 2010-ին ՀՀ-ում։ Գիտաժողովի համակազմակերպիչների թիմը տարեցտարի ավելացել է և այդ տենդենցը շարունակական է՝ 2011-ին այն կայացել է Չինաստանում, 2012-ին` Լեհաստանում, 2013-ին` ՌԴ-ում, 2014-ին` Չեխիայում, 2015-ին` Իտալիայում։ Այս տարի Հայաստանում կայացած միջազգային ութերորդ գիտաժողովը իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 27-ին։
Կրթության և գիտության որակի անընդմեջ զարգացումը և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը եղել և մնում են համալսարանի կարևոր ռազմավարությունը։ Գնալով ընդլայնվում է համալսարանի համագործակցությունը միջազգային դաշտում։ Համալսարանի ճարտարապետության դիպլոմը ճանաչված է Ֆրանսիայի կառավարության կողմից։ 2015-ին Ֆրանսիայի «Բարձրագույն կրթության և հետազոտությունների գնահատման բարձր խորհրդի», Իսպանիայի «Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության» կողմից համալսարանը անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ստացել հավատարմագրման հավաստագիր։
Տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային պետական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր համերգ։ Հոկտեմբերի 28-ին համալսարանում կբացվեն արդի սարքավորումներով հագեցած ճարտարապետական երեք ստուդիա և հինգ լաբորատորիա։ Վերջին երկու տարում համալսարանի վերազինված լաբորատորիաների թիվը ավելացել է յոթով։ Իրականացվել են ծավալուն վերանորոգման, շենքի մի հատվածի ուժեղացման, բարեկարգման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ 1921-ին ԵՊՀ-ի ներսում կազմավորված ճարտարապետության և շինարարության ֆակուլտետը այնուհետև ընդգրկվել է պոլիտեխնիկական ինստիտուտի կազմում։ 1988-ի երկրաշարժից հետո, 1989-ին Գերագույն խորհրդի որոշմամբ ֆակուլտետը դուրս է բերվել պոլիտեխնիկական ինստիտուտից և ձևավորվել որպես առանձին պետական բուհ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար