Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն
29.11.2023 | 23:02

Շարունակում ենք զրույցը աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ:

Թեև ամիսներ են անցել, մեր հայրենակից, Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը հաջողությամբ պաշտպանած, այժմ արդեն աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ ունեցած մեր հարցազրույցից, այնուամենայնիվ թեման մինչ օրս շարունակում է մնալ արդիական` ընթերցողների հետաքրքրասիրությունների շրջանակում, որն էլ առիթ ստեղծեց հերթական այս զրույցին:

-Դոկտոր Խաչիկ Հովհաննիսյան, նախքան Լուվեն Լա Նյով կաթոլիկ համալսարան ընդունվելը Դուք որտե՞ղ հասցրեցիք ծանոթանալ աստվածաբանությանը:

-Որպեսզի ընթերցողին ավելի պարզ լինի իմ աստվածաբանական անցած ճանապարհը, նախորդ հարցազրույցիս փոքրիկ լրացում անեմ: Աստվածաբանական սկզբնական կրթությունը ստացել եմ Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանում։ Որից հետո իմ ուսումը շարունակել եմ Լուվեն Լա Նյով կաթոլիկ համալսարանում։ Դոկտորական աշխատանքս գրելու շրջանակում երկու տարի էլ ուսանել եմ Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։

Աշխատում եմ Բրյուսելում փիլիսոփայության, էթիկայի և կրոնի դասախոս։ Գրում եմ ուսումնասիրություններ աստվածաբանության մասին և հատկապես նրա հարաբերությունը փիլիսոփայության հետ։ Աշխատում եմ նաև դոկտորականիս վրա, որպեսզի հրատարակեմ, սկզբում ֆրանսերեն և ապագայում հայերեն, որ կարծում եմ օգտակար կլինի աստվածաբանությամբ հետաքրքվողների համար։ Դրա հետ մեկտեղ հայերեն մեծ քանակի ուսումնասիրություններ եմ արել ու գրի առել, որոնք նույնպես խմբագրվում և սրբագրվում են` հրատարակելու համար։

-Աստվածաբանության մասին Հայ առաքելական ճեմարանում ստացած ձեր նախնական գիտելիքները որքանո՞վ էին համահունչ կաթոլիկ համալսարանական կրթությանը: Առկա՞ էին հակասություններ, եթե այո, ապա ինչպիսի՞, և որքանով այն օգնեց հարթելու ձեր ուսումնական ճանապարհը:

-Սևանի Վազգենյան դպրանոցում աստվածաբանական կրթությունից բացի, դասավանդվում էր հայ գրականություն, ընհանուր գրականություն, հայոց պատմություն և ընդհանուր պատմություն։ Ըստ իս այս առարկաները կարևոր չեն ճեմարանի սաների համար..

Իսկ Կաթոլիկ համալսարանում սովորել եմ խորացված աստվածաբանություն։ Այստեղ երբ խոսում եմ խորացված աստվածաբանության մասին, նկատի ունեմ, կարդալ, հասկանալ և մեկնաբանել դասական աստվածաբաներին։ Լուվեն Լա Նյով համալսարանը, ինչ ինձ համար մնում է դասական աստվածաբանության օրինակ, քանի որ այնտեղ սովորել եմ թե կաթոլիկ աստվածաբանություն և թե բողոքական աստվածաբանություն։ Իսկ այս ամենը չեմ տեսել Հումբոլդտի բողոքական համալսարանում, որտեղ միայն բողոքական աստվածաբանություն են ուսանում։ Առհասարհակ Գերմանիայում թե կաթոլիկ և թե բողոքական համալսարաններում ուսուցանում են միայն տվյալ եկեղեցու աստվածաբանությունը։ Ի տարբերություն այս գերմանական մոդելի, Լուվեն Լա Նյով համալսարանում ավելի բաց և տիեզերական աստվածաբանություն եմ ուսանել։

Վերադառնալով հայ եկեղեցու աստվածաբանական առաքելությանը, պետք է նշել, որ ճեմարանի սաներին այսօր հարկավոր են զուտ մասնագիտական աստվածաբանական գիտություն և զուգահեռ փիլիսոփայություն։ Պետք է ուսուցումն սկսել հենց դասական աստվածաբաների տեքստերից : Պետք է կարողանալ մեկնաբանել տեքստը, այն հանգամանալի բացատրել, այնուհետև ընկալել այն ու վերլուծել` ընդհուպ հասցնելով քննադատելու վեհ և բարձր արվեստին։ Հենց այստեղ է ծնվում աստվածաբանը։ Բնականաբար այս ճանապարհն անցնելու համար հարկավոր է ունենալ բանիմաց մասնագետներ։ Իսկ արդյո՞ք հայ եկեղեցին ունի աստվածաբաներ` նեղ մասնագիտական իմաստով ։ Սա մեծագույն մարտահրավեր է հայ առաքելական եկեղեցու համար։

-Այժմ կցանայինք իմանալ, ինչպիսի՞ արձագանքներ եղան նախկին հարցազրույցին առնչվող :

-Դրանք միանշանակ չէին: Իմ հայտնած մտքերին եղան թե՛ դրական, և թե՛ բացասական մեկնաբանություններ, նաև եղան արդարացի և անարդարացի քննադատություններ։ Սակայն բացասական և անարդարացի բնույթի մեկնաբանությունները հիմնականում հայրենասիրական և նեղ եկեղեցական-կանոնական շրջանականերում էին։ Ամեն դեպքում շնորհակալություն նրանց, ովքեր այլակարծություն են ունեցել իմ մի շարք արտահայտած գաղափարների վերաբերյալ։ Այնուհանդերձ ինձ անհասկանալի է հատկապես այն տեսակի արձագանքները, որոնք ուղղակի հնչել են մեղադրանքների տեսքով ու պարունակել են ոչ ռացիոնալ փաստարկներ։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում, քանի որ եթե չկան փաստարկներ, ապա չկա ուղիղ երկխոսություն, եթե չկա երկխոսություն, ապա դա քաոսի է վերածվում։

Աստվածաբանությունը գիտություն է, հավատքի գիտություն(intellectus fidei), որ ռացիոնալ փաստարկներ է բերում հավատքի շրջանակում (fides quaerens intellectum հավատք, որ հասկացողություն է փնտրում, (Անսելմ Քենթրբերցի), հավատքի ռացիոնալ լինելը չի հիմնվում մարդկային ազատ բանականության սկզբունքների վրա։ Հավատքը կարող է լինի ռացիոնալ , եթե հիմնավորված է փաստարկներով և հաստատված ապացույցներով, և չի կարող ռացիոնալ լինել, եթե հակասում է տրամաբանության կանոններին, փաստարկի կանոններին և քննարկվող ոլորտին առնչվող ապացույցների չափանիշներին:

Հավատքն իր հիմնավորումը գտնում է Աստվածային Հայտնության մեջ, որն իր մեջ ընդգրկում է մարդուն և աշխարհին։ Այսպիսով, հավատքը հիմնվում է հայտնության վրա և այդ հայտնությամբ մեկնաբանում է ամբողջ մարդկային գոյությունը և իրականությունը։ Այստեղ խոսել Աստծու մասին նշանակում է համապատասխան լինել Աստծուն, այնպես ինչպես Նա հայտնվել է Քրիստոսի մեջ։ Մեր բանականությունը կամ Աստծու մասին խոսքը համաձայնվում է Աստծու հայտնությանը և Աստված Քրիստոսի մեջ հայտնվում է որպես պատասխան մարդկային բոլոր հարցերին։

Աստվածհայտնությունը մեր բանականության ուղենիշն է, որին հետևում է բանականությունը ։ Ոչ թէ բանականություն-հայտնություն մոդելով պետք է առաջնորդվի աստվածաբանությունը, ինչպես որ այն տեղի է ունեցել Լուսավորականության (Aufklärung) դարաշրջանում, այլ հայտնություն-բանականության տարբերակով։ Աստվածաբանը սպեկլյուցաներ կամ ենթադրություններ չի անում Աստծու և նրա հատկությունների մասին, այլ Աստված հայտնվում է ինքն իր միջոցով հանուն մարդու փրկության։ Աստվածաբանության նպատակն է Աստծու փրկարար գործողությունը առ մարդը։ Ահա այս ամենից կարևոր կետի վրա էի ցանկացել մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել իմ նախորդ հարցազրույցում... Աստծու փրկող գործունեությունը Քրիստոսի մեջ և իր Հոգու մեջ մեզ համար և առ մեզ, ահա այստեղ է կայանում եկեղեցու ամբողջ առաքինությունը։ Այս պարագայում մարդկային գործոնը բացառվում է, մարդ ստանում է ամեն բան Աստծուց, քանի որ Աստծու բոլոր հատկությունները մարդու փրկության համար են։ Աստված գոյություն ունի, քանի որ նա հանուն մարդու փրկության է։

-Շատ մանրամասը բացատրություն տվեցիք: Եկեք ընթերցողին էլ ավելի հասկանալի դարձնենք, բացենք փակագծերը. ի՞նչ ասել է «բացասական և անարդարացի բնույթի մեկնաբանությունները հիմնականում հայրենասիրական և նեղ եկեղեցական-կանոնական շրջանականերում էին»: Կարելի՞ է կարծել, որ հայ աստվածաբանությունը առանձին դիտարկում ունի, եթե այո, ապա ինչպիսի՞ն է այն: Այսօր հայ աստվածաբանությունը ի՞նչ վիճակում է, ելնելով այն ամենից, ինչի մասին խոսեցիք։

-Գիտե՞ք, հայ եկեղեցու աստվածաբանության մասին խոսելիս այստեղ պետք է հաշվի առնել մի շարք ասպեկտեկներ ։ Առաջինը, երկար տարիներ պետականություն չենք ունեցել և ինչ-որ կերպով կտրված ենք եղել եվրոպական աստվածաբանությունից և հետո սովետական միությունն իր հակաստվածաբանական հետքն է թողել մեր եկեղեցու վրա։ Այս ամենից զատ, որ մի տեսակ ցավալի եմ համարում այն է, որ մեր եկեղեցու հոգևորակաները գալիս և ուսանում են Եվրոպական համալսարաններում, ապա Հայաստան վերադառնալուն պես, դադարում են աստվածաբանական ակտիվ և դինամիկ գործունեություն վարելուց։ Կամ էլ այնպիսի թեմանեների մասին են գրում, որ խորքային իմաստով ոչ մի կապ չունեն աստվածաբանության հետ։ Լռություն է տիրում աստվածաբանական հարցերի շուրջ, հարցեր, որոնք վերանայման, քննադատման, փոփոխման, հաստատման կամ մերժման կարիք ունեն։ Ուստի խնդրանքս է իմ բոլոր հոգևոր եղբայրներին և քույրերին, որպեսզի խոսեն և նոր գաղափարներ առաջադրեն ամեն հարցերի շուրջ։ Իհարկե այս ամենը չի նշանակում անձնական արշավ եկեղեցու և եկեղեցականության դեմ, այլ հանուն նոր իրավիճակի և նոր ընթացքի, որն իր ակունքը գտնում է հավատք առ Քրիստոս, քանի որ «Քրիստոս մեզ դարձրեց» ազատության որդիներ (Գաղ, 4,31) , այսինքն մենք կոչված ենք ազատության սիրով միմյանց ծառայելու համար (Գաղ, 5,13)։

Ամենից կարևորը, պետք է շատ ընդգծված կերպով նշեմ, որ մեզ մոտ Աստված համարվում է մշակութային, այլ գիտությունների, հոգեբանության, փիլիսոփայության և ազատ մտածողության հետևանք։ Բանասերները և մատենագիրները, ըստ իրենց գիտության դիրքերից ավելի են խոսում Աստծու մասին, որ խորքում ոչ մի կապ չունի Քրիստոսի մեջ հայտնված Աստծուն, քան աստվածաբաները։ Իսկ այս պարագայում, ո՞րն է աստվածաբանի դերը։ Նա պետք է այլ գիտություների մոտեցումները ի մի բերի և Քրիստոնեական աստվածաբանության հավատքի շրջանակում քննադատորեն մոտենա մյուսների դիրքորոշումներին։ Ահա այսպես աստվածաբանը ամենայն պատասխանատվությամբ պիտի խոսի Աստծու մասին։ Աստվածաբանությունը անկախ և ինքնուրույն գիտություն է, որ չպետք է ձուլվի այլ գիտությունների մեջ։

-Ըստ Ձեզ, տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է աստվածաբանել մեր ժամանակներում։

-Աստվածաբանությունը արդեն ինչպես վերևում նշել եմ, գիտություն է Աստծու փրկչարար գործողության մասին առ մարդը, որի միջոցով մարդը նոր հարաբերության մեջ է մտնում Աստծու հետ Ս. Հոգու կողմից։ Այստեղ է, որ մարդկային գոյության վերաբերող հարցերը իրենց բոլոր պատասխաները ստանում են։

Գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերն (1889-1976) ասում է, որ մարդ նետված է աշխարհի մեջ, սակայն նրա մոտ մարդն համարվում է հենց իր իսկ հնարավորությունը, կարողանալ ինքն իր միջոցով, գտնել իր իրական կյանքը, իսկ Աստվածաբանության համար մարդու գոյությունը մեկնաբանվում և լուսաբանվում է ոչ թէ այլ գիտություների միջոցով կամ մեթոդներով, այլ Աստծու Հայտնության իրական ներկայության լույսի ներքո։ Աստված, որ հայտնվում է Քրիստոսի մեջ, այն ոչ հասկացողություն է և ոչ էլ բանականություն, այլ վայր, որտեղ Աստված հայտնում է իր սերը մարդկության հանդեպ։ Աստված հայտնվում է Քրիստոսի մեջ, որ Աստծու ինքնահայտության հավիտենական գործողություն է, որ հնարավոր է դարձնում Իր Հայտնությունը։

Սա է Theologischen Grammatik աստվածաբանական քերականությունը։ Այսպես, աստվածաբանը պատասխանատվություն ունի Աստծու մասին խոսելիս հավատարիմ լինել աստվածաբանական քերականությանը, որն է համապատասխան լինել Աստծուն։ Աստծու մասին կարող ենք մտածել միայն իր Հայտնության հիման վրա: Աստծո գաղափարի հնարավորությունը, ով Աստծուն համարում է Աստված, պայմանավորված է նրանով, որ Աստված ինքն իրեն հայտնել է:

Ահա այսպես պետք է աստվածաբանել, որպեսզի Աստված խոսի և մարդկային բանականությունը հավատքին հետևելով խոսի Աստծու Հայտնության մասին, այնպես ինչպես որ այդ Հայտնությունը հնարավոր է դարձնում մեզ։ Այստեղ է, որ բանականությունը գտնվում է հավատքի մեջ, ինչն էլ իր հերթին հիմնված է Հայտնության վրա։

Պետք է նշեմ, որ մեզ մոտ բացակայում է նաև առողջ և գիտական մակարդակի վիճաբանությունը, իսկ երբ կա նոր միտք և նոր գաղափար, ապա այսպես է ընկալվում « այն, ինչ նոր է, չի կարող ճշմարիտ լինել, քանի որ ճշմարիտը պետք է հին լինի»։ Հին լինելը չէ, որ վավերական է դարձնում ավանդական մի շարք մոտեցումներ կամ գաղափարներ, որոնք առկա են եկեղեցում, այլ դրանց կապը Աստվածային հայտնությանը Հիսուս Քրիստոսի մեջ, որ քրիստոնիայի համար հասանելի է դառնում Ս. Հոգու կողմից։ Այստեղից է սկսում եկեղեցու ամբողջ առաքելությունը։

Անցյալի ճշմարտությամբ չպետք է մեկնաբանել ներկան, այլ Քրիստոսի պատգամը լինելով հավիտենական մեկնաբանում է ժամանակակից իրականությունը և այս երկուսի կապը պետք է ամուր լինի, սակայն Քրիստոսի պատգամը հավիտենական է, իսկ մարդկային կյանքը կամ ժամանակավոր իրավիճակը փոփոխական է։ Ամեն ժամանակներում աստվածային պատգամը հանդիսանում է այն աստվածաբանական կենտրոնական կատեգորիան, որով մեկնաբանվում է ամբողջ մարդկային իրականությունը։

-Իսկ ինչպե՞ս հասկանալ աստվածաբանության և փիլիսոփայության հարաբերությունը։

-Աստվածաբանությունը դարերի ընթացքում տարբեր կերպ է մեկնաբանվել և առաջին անգամ աստվածաբանություն բառը օգտագործվել է Պլատոնի կողմից իր «Պետություն» աշխատության մեջ, իսկ Արիստոտելը և Ստոյիկյան փիլիսոփաները աստվածաբանություն հասկացողությանն այլ նշանակություն են տվել։ Այստեղ նպատակ չունեմ խոսելու այն մասին, թէ ինչպես է աստվածաբանությունը սահմանվել նախաքրիստոնեական շրջանում կամ թէ ինչպես է այն ազատագրվել փիլիսոփայությունից և հետագայում դարձել որպես առանձին և անկախ գիտություն։ Պետք է ուղղակի ուրվագծեմ նրանց տարբերությունը, որ հիմնարար է աստվածաբանության համար։ Փիլիսոփայությունը համարվում է մարդկային բարձրագույն հնարավորություն, որն արտահայտվում է մարդկային բանականության և ազատության մեջ։ Փիլիսոփայությունը բացառապես և համապարփակ մտածող, խորհող գործունեություն է և այն անխուսափելիորեն մտածում է այն, ինչ ցանկանում է անել։ Այսպիսով, փիլիսոփայությունը կարող է սահմանվելորպես մտածողության գործառույթ (Funktion des Denkens, Ինգոլֆ Դալֆերտ)։ Այսպես, բոլոր մյուս, ինչպես օրինակ գիտական կամ փիլիսոփայական աշխարհայացքի և էմպիրիկ գիտելիքի համատեքստերում ճշմարտության իմացությունը երբեք չի ընկալվում որպես հայտնության կամ հավատքի վրա հիմնված, այլ միշտ մարդկային ստուգման պրակտիկայի ինչ-որ ձևի ։ Այլ կերպ ասած, ճշմարտության իմացությունը բխում է մարդկային գործնական ստուգումներից ։

Աստվածաբանությունը նույնպես ռացիոնալ գիտություն է, քանի որ ինչպես մյուս գիտությունները, այն նույնպես ապավինելով հավատքին, հավատք, որ հիմնված է Աստծու ինքնությաննույնացումը Հիսուս Քրիստոսի անձի մեջ, որպես փրկող և արարող սեր առ մարդկությունը, լուսաբանում է աշխարհը և մարդուն։ Աստվածաբանությունը սահմանվում է որպես հավատքի գործառույթ (Funktion des Glaubens, Ինգոլֆ Դալֆերտ)։ Այն նույնպես մտածում է, սակայն հավատքն է նրա խթանող գործառույթը։ Իհարկե այս ամենը չի նշանակում, որ աստվածաբանությունը պետք է ամեն գնով հանդես գա ընդդեմ փիլիսոփայության։ Ընդհակառակը փիլիսոփայությունը կարող է և պետք է օգտագործվի աստվածաբանության շրջանակներում, բայց այն չի կարող օգտագործվել աստվածաբանության հիմնավորման համար և աստվածաբանության ռացիոնալությունը կախված չէ որևէ տեսակի ոչ աստվածաբանական ռացիոնալությունից։ Աստվածաբանության ռացիոնալությունը չի բխում փիլիսոփայությունից, այն տարբերվում է և առնչվում է հավատքի ռացիոնալությանը:

Հավատքը հիմնված է հայտնության և Աստծո ինքնահաղորդակցական ներկայության մեջ: Այս ամենը նշանակում է, որ քրիստոնեական հավատքի ոլորտում ճշմարտության իմացությունը գալիս է հայտնությունից և որ հայտնությունը ճշմարտության իմացության աղբյուրն է: Իհարկե, այս ամենը հաստատվում է միայն կրոնական համոզմունքների համատեքստում:

Աստվածաբանությունը մարդկային ճանաչողական գործունեություն է, որն օգնում է ինտելեկտուալ ջանքերին իր հատուկ դիրքորոշմամբ, այսինքն հավատքով, որի բովանդակությունը Աստծո գործունեությունն է հայտնության և հավատքի մեջ, քանի որ դրանք հասանելի են դառնում քրիստոնեական համոզմունքների, գործողությունների և հաստատությունների միջոցով։ Իսկ այս ամենի նպատակն է փորձել հասկանալ, թե ինչ է պնդում հավատքը, որ ստացել է հայտնության միջոցով: Այսպիսով, աստվածաբանությունը նպատակաուղղված է հավատքի ինտելեկտուալ պարզությանը և ձգտում է հասնել դրան՝ հավատքի գոյաբանական կառուցվածքի հայեցակարգային վերակառուցմամբ՝ հիմնվելով քրիստոնեական կյանքի փորձարարական կառույցներում դրա դրսևորումների վրա։

-Կրկին գանք սեփական խնդիրներին: Դուք նախկին զրույցում խոսել էիք նաև Ս. Գրիգոր Նարեկացուց, ի՞նչ կասեք նրա աստվածաբանության ու այսօրվա ժամանակակից մարդու և եկեղեցու առաքելության մասին։

-Այո, Նարեկացին, այն աստվածաբան է, ով իմ աստվածաբանական հայացքների վրա լուրջ և կարևորագույն ազդեցություն է թողել։ Նրա «Մատյան Ողբերգությունը», իր աստվածաբանական հասկացողություններով գոյաբանորեն մեկնաբանում է քրիստոնեական մարդաբանությունը, որ հիմնականում երկու թեմաների վրա է կենտրոնանում. մարդը որպես մեղավոր և Աստծու պատկեր։ Նարեկացին «Մատյանում» ներկայացնում է մարդու անկորողությունն առ Աստված և ակնհայտ կերպով ընդգծում է մարդկային բոլոր ջանքերի զուր և ապարդյուն լինելը։ Ինչքան ավելի է մարդն իր սեփական ուժերին ապավինում, այնքան ավելի է իր հիասթափությունը և ներքին ընկճված վիճակը բարդացնում և վաթարացնում։ Այստեղից մի պարզ եզրակացություն, ըստ Նարեկացու «Մատյանի» մարդ ներկայանում է մեղքի մեջ, որ ընդգծում է մարդու ապականված էությունը և իհարկե այստեղ խոսքը մարդու ամբողջ էության մասին է։ Խոսել մարդու մասին նշանակում է խոսել նրա անկարողության մասին։ Նարեկացին բացառում է սեփական միջոցներով Աստծու հետ հարաբերության վերականգնումը և մարդկային ամեն գործողություն, ոչ այլ ինչ է, եթե ոչ իսկ Մեղքի մեջ հայտնվել։ Իսկ այս անկարող մարդկային էությունը հարաբերության մեջ է մտնում Աստծու հետ միայն և միայն Աստվածային շնորհի միջոցով. « Քոնն է բժշկությունը, Քոնն է առատությունը, Քոնն են պարգևները միայն Քոնն են ձրի Շնորհները, Քոնն է քավությունը» ( ԺԶ, Ա)։ Եթե կա մեղք, ապա շնորհը այնտեղ իշխում է։ Եթե կա մեղավոր, ապա կա ապաքինված, բշկված և մխիթարված նոր արարած, նոր մարդ Աստծու փրկարար կամքի միջոցով։

Պետք է նաև մի շատ կարևոր գաղափարի վրա մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել, որ Նարեկացի աստվածաբանը ոչ մի կերպ չի կարող համարվել բանաստեղծ, քանի որ նա աստվածաբանորեն և հավատքի շրջանակներում է խոսում ողորմած Աստծու և մեղավոր մարդու հարաբերության մասին։ Հետևաբար տեղին և պատճշած է Նարեկացուն անվանել միայն և միայն Աստվածաբան, իսկ նրան բանաստեղծ անվանելը ուղղակի շեղում է նրա «Մատյանի» գլխավոր նպատակից, որն է Աստված մարդուն փրկում է նրա ներքին վախերից և տանջանքներից, որոնցից մարդ իր սեփական ուժերով չի կարող ազատագրվել։ Իսկ այս ամենը Նարեկացին ներկայացնում և նկարագրում է միայն և միայն աստվածաբանորեն...

-Կներեք, որ ընդհատում եմ, բայց այնուամենայնիվ Գրիգոր Նարեկացուն համարում են հայ գրականության վերածնության հիմնադիրը: «Մատյան ողբերգության» պոեմը համարվում է հայ միջնադարյան գրականության զարդը:

-Անշուշտ Նարեկացին մեծն քերթողահայր է: Դա չի կարող որևէ մեկը ժխտել: Այստեղ աստվածաբանության լույսի ներքո նրա ստեղծագործությունների անմշակ դաշտն է: Նույն «Մատյան ողբերգության» երկը օտարները համարվում են համաշխարհային քրիստոնեական գրականության մարգարիտներից մեկը։ Խնդիրը, որ ներառված են ապագայիս ծրագրերում` Նարեկացու «Մատյան Ողբերգությանը» աստվածաբանական մոտեցում տալն է։ Նարեկացին ավելի շատ աստվածաբան է: Ըստ իս, կարդալով մի շարք Նարեկյան ուսումնասիրություններ, այն եզրակացության եմ հանգել, որ Նարեկի հիմնարար թեմաները դիտարկվել են ոչ խորքային, ավելի շատ դրանք բանասիրական մեկնաբանություններ են, որոնք շատ հեռու են աստվածաբանական մեկնություններից։ Ահա ապագա ծրագրերը կապված են Նարեկյան մեկնաբանությունները աստվածաբանության լույսի ներքո դիտարկելուն, որն էլ հենց հիմք կհանդիսանա հայ աստվածաբանության ուղվածության զարգացումներին։ Նարեկացին և նրա աստվածաբանության շարունակական մեկնաբանությունը պետք է հիմք հանդիսանա հայ աստվածաբանության համար...։

Ըստ Նարեկացու` եկեղեցու առաքելությունն է կենտրոնանալ Աստծու փրկարար, մխիթարող և ողորմած շնորհի վրա, որն իր մեջ պարունակում է մարդկային գոյաբանական հարցերի բոլոր պատասխաները։ Նարեկացին իր «Մատյանում» ընդգծում է երկու կարևոր աստվածաբանական հասկացողություններ, մարդու ինքնաճանաչումը որպես մեղավոր, իսկ երկրորդ` Աստծու շնորհը որպես մարդու փրկություն, ահա այստեղ է գտնվում եկեղեցու քարոզչության ամբողջ առաքելությունը։

Զրուցեց` Հայ Ազյանը

«Նիդերլանդական օրագիր»

Դիտվել է՝ 14346

Մեկնաբանություններ