Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Ավերված քաղաքում

Ավերված քաղաքում
07.12.2023 | 17:27

Դեկտեմբերին արևը չէր տաքացնում և նա ստիպված շարունակում էր քայլել, որ մի քիչ տաքանա ու գուցե ուտելու մի բան ճարի երկրաշարժից ավերված քաղաքում։ Ամենուր նույն հոտն էր և իրեն թվաց կորցրել է հոտառությունը։ Հարազատ քաղաքը դարձել էր անծանոթ ու նրա ականջին հասնող մարդկային ձայները մի տեսակ օտար էին, իսկ դեմքերը միանման։ Փողոցն ամայի էր ու վերջը չէր երևում, որովհետև ոչինչ չէր երևում բացի փլատակներից։ Հեռվից մի աշխատող մեքենայի ձայն էր լսվում, որ երբեմն ընդհատվում էր ու նորից շարունակվում։

Օրը մթնում էր, իսկ ցուրտը սաստկանում։

Շունը կորցրել էր տիրոջը և գիշերելու տեղ էր փնտրում։ Կեսօրին, երբ փողոցով երկու կարճահասակ մարդ անցավ, նա հոտից հասկացավ, որ տեղացի չեն։ Որոշ ժամանակ գնաց նրանց հետևից ու այդ հոտը նրան մի տեսակ հույս էր տալիս, կապում մեծ աշխարհի հետ, կամ գուցե մի պահ կտրում թշվառ իրականությունից։ Շան համար միևնույն էր ուր գնալ և մի որոշ ժամանակ քալեց նրանց հետևից։ Հանկարծ մարդիկ կանգ առան ու նրանցից մեկը պայուսակից ուտելիք հանեց, դրեց գետնին ու հեռացան։ Շունը մոտեցավ ուտելիքին ու կուլ տվեց առանց համ զգալու, որովհետև քթի մեջ ու բերանում միայն ավերված քաղաքի փոշու համն էր։ ՈՒտելուց հետո միայն զգաց ոտքի ցավը և անտանելի հոգնածություն։ Նստեց փողոցի կենտրոնում ու սկսեց լիզել ոտքի վերքը։ Հանկարծակի հայտնված զինվորական մեքենան շանը կճզմեր սև անվադողերի տակ, եթե նա չհասցներ փախչել։ Մեքենայի հետևից փոշի բարձրացավ և շունը նկատեց, թե այն ինչպես կտրուկ արգելակեց ու փոշու մեջ վառվեցին կարմիր լույսերը։ Մեքենայի թափքից զինվորներ իջան և ինչ-որ ջարդվող ապակու ձայն լսվեց։ Երբ փոշին ցրվեց, շունը տեսավ ինչպես զինվորները իրենց հետ տարան իրեն ուտելիք տված մարդկանց։ Նորից լռություն տիրեց։ Նա մոտեցավ մեքենայի արգելակած տեղին ու ջարդված ապակե սրվակներ տեսավ ասֆալտին։ Հոտոտեց։ Սովորական հողի ու ջրի հոտ էր, որ խառնվել էր մեքենայի վառելիքի հոտին։

Նա նորից հոտոտեց ու ոչ մի նոր բան չգտնելով շարժվեց առաջ։

Մինչև երեկո ոչ մի մարդու չհանդիպեց։ Աչքերի առաջ իրեն ուտելիք տված մարդու դեմքն էր՝ կլոր գլխով, նեղ աչքերով, փոքր քթով ու ժպտացող բերանով։ Ի՞նչ էին կորցրել այդ մարդիկ այս ավերված քաղաքում, շունը չէր կարող հասկանալ։

Մթնում էր։ Մթան հետ թանձրանում էր խարույկների ծուխը և մարդիկ խմբվում էին կրակի շուրջ տաքանալու։ Շունը քայլելով հայտնվեց անկանոն թափված դագաղների մեջ, նայեց չորս կողմը, ոչ ոք չկար։ Մի կիսաբաց դագաղ գտավ ու տեղավորվեց, այդպես ապահով էր ու քամին չէր սառեցնում ոտի վերքը։ Կուչ եկավ ու փակեց աչքերը: Արդեն ննջում էր, երբ ձայներ հասան ականջին։ Սրեց լսողությունը։

-Այ սա թեթև է, ես կվերցնեմ,-ասաց մեկը։

-Բա ես ի՞նչ վերցնեմ երեխուս համար, բոլորը մեծ են,- ասաց մյուսը։

-Փոքր չես ճարի։ Ասում են ռուս զինվորները երկու ճապոնացի շպիոն են բռնել։

-Շպիոն չեն, սեսմոլոգ են։ Եկել են հող ու ջուր տանեն անալիզի համար

-Որ ի՞նչ անեն։ Վերցրու, դե մի բան վերցրու գնանք, հազիվ հասցնենք։

-Լավ, մեծը վերցնեմ։ Մորս հետ նույն դագաղում կթաղեմ։ Տատին շատ էր սիրում, թող տատի հետ լինի։

Ձայները հեռացան։ Շունը պոչը դրեց գլխի տակ ու փակեց աչքերը։

Ոչ ոք չգիտեր ինչ է լինելու մյուս օրը ավերված քաղաքում։

1988 թ.

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ