ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում
25.09.2024 | 12:52

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շուրջ 2 շաբաթ առաջ հենց այնպես չէր զգուշացնում, որ Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է… Նշելով, որ միաժամանակ աճում է դիմակայությունն Իսրայելի և Իրանի միջև, նա կոչ էր արել թույլ չտալ տարածաշրջանային պատերազմ: Այդ թեմայով սեպտեմբերի 10- ին հրապարակված մեր հոդվածում նշել էինք նաև, որ եթե սկսվեց այդ պատերազմը, Ադրբեջանը դժվար թե չօգտվի այդ առիթից՝ Հայաստանի վրա հարձակվելու համար:

Անցած ժամանակաընթացքում մեկը մյուսին արագորեն հաջորդած դրամատիկ իրադարձությունները, ցավոք, նոր հիմնավորումներ հաղորդեցին Լավրովի զգուշացմանը:
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների, Իսրայելի հարձակումների հետևանքով սեպտեմբերի 23- ի դրությամբ երկրում զոհվել է ավելի քան 492 մարդ, վիրավորվել ՝ առնվազն 1645- ը: «Al Jazeera»- ն այդ օրն անվանել է երկրի համար ամենամահաբեր օրը 1975- 90 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր, իսկ «The New York Time»- ը՝ 2006 թվականի Իսրայելի և «Հըզբոլահ»- ի միջև պատերազմից ի վեր:
Իսրայելը երեկ հայտարարել է իրանամետ շիա խմբավորման՝ «Հըզբոլահ»- ի դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին, ԶԼՄ- ներն այդ օրն ամենամահաբերն են համարում Լիբանանում նախորդ պատերազմներից ի վեր: Բեյրութում ՌԴ դեսպանատանը РБК- ին հայտնել են, որ Լիբանանում, որտեղ Իսրայելը, ինչպես տեղեկացրել է հրեական պետությունը, սկսել է «կանխարգելիչ հարձակողական գործողություն», գտնվում են ավելի քան 3000 ռուսներ: Դեսպանատնից հայտնել են նաև, որ հարձակումների հետևանքով ռուսների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան:
«Մեր ունեցած վերջին տեղեկատվության համաձայն՝ տուժած ռուսներ այստեղ չկան։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղական իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ: Շուրջօրյա հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Առայժմ ոչ մի արտակարգ իրավիճակ հայրենակիցների հետ տեղի չի ունեցել»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունից РБК- ի հարցմանն ի պատասխան։
Դեսպանատունը ռուսաստանցիներին կոչ է արել զգոն լինել և պահպանել անվտանգության հարցերով Լիբանանի իշխանությունների պահանջները, ինչպես նաև խուճապի չմատնվել, միաժամանակ նշել է, որ ցանկացողները երկրից կարող են մեկնել կոմերցիոն չվերթներով, որոնք իրականացվում են Բեյրութի օդանավակայանից:
Ի տարբերություն Լիբանանում ռուսների ճակատագրով մտահոգ ՌԴ արտգործնախարարության, Հայաստանի ԱԳՆ- ն իր պաշտոնական կայքում լռում է սեպտեմբերի 23- ին Լիբանանին Իսրայելի զանգվածային ավիահարվածներից հետո արաբական այդ պետությունում գտնվող մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ:
Սեպտեմբերի 23- ին Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ- լեյտենանտ Հերցի Հալևին հայտնել է, որ նույն առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Լիբանանում սկսել է «կանխարգելիչ հարձակողական գործողություն»: Դրա նպատակը նա անվանել է «Հըզբոլահ» խմբավորման ենթակառուցվածքի ոչնչացումը և Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի հյուսիսի բնակիչների տուն վերադառնալու համար պայմանների ստեղծումը: Գործողությունն անվանել են «Հյուսիսի նետեր»։
Իսրայելի ռազմական գործողությունն իր հարվածներին «Հըզբոլահ»- ի պատասխանը կանխարգելելու նպատակ ունենալուց բացի (սա մակերեսին), միաժամանակ խորքում հետապնդում է սկզբում «Հըզբոլահ»- ի և Լիբանանի հետ լայնածավալ պատերազմ, իսկ այնուհետև պատերազմում Իրանի ներգրավմամբ տարածաշրջանային մեծ պատերազմ սադրելու նպատակ:
Իսրայելի հիմնական թիրախն Իրանն է, ինչը հայտնի է թե Թեհրանին, թե «Հըզբոլահ»- ի ղեկավարությանը, և դա է պատճառը, որ «Հըզբոլահ»- ն ունենալով տարբեր տեսակի բազմահազար հրթիռներ և, ընդհանրապես, ռազմական անհամեմատ մեծ ներուժ, քան ՀԱՄԱՍ- ը, դեռ Իսրայելին չի հասցրել հուժկու հարված՝ հազարավոր կամ հարյուրավոր հրթիռների միաժամանակյա կիրառմամբ: Առկա փաստերը վկայում են, որ դրանց մի մասը հաստատ կհասնի թիրախներին՝ հրեական պետությունում առաջացնելով աննախադեպ ավերածություններ, բայց դրա դիմաց գինն էլ շատ բարձր կլինի՝ Լիբանանի ավերումը և «Հըզբոլահ»-ի գրեթե ամբողջական ոչնչացումը, որը թույլ չտալու համար պատերազմում կարող է ներգրավվել Իրանը:
Բայց հիմա տեսեք իրավիճակի ողջ բարդությունը. պատերազմում Իրանի ներգրավման դեպքում, եթե Իսրայելի կողմից պատերազմին չմասնակցեն ԱՄՆ- ը կամ հավաքական Արևմուտքը՝ զգուշանալով Իրանի կողմից Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությունից, Իսրայելը հրեական պետության ոչնչացում թույլ չտալու նպատակով և ինքնապաշտպանության պատճառաբանությամբ կկիրառի միջուկային զենք: Թե միջուկային հարվածներն ինչ հետևանքներ կունենան Իրանի համար, թերևս ավելորդ է բացատրել:
Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ եթե իրադարձությունների ներկայիս ընթացքը շարունակվի և «Հըզբոլահն» Իսրայելի հարվածներին պատասխանի օրական մի քանի տասնյակ կամ թեկուզ 100- ից ավելի հրթիռներ արձակելով, Իսրայելին իր ավիացիայով, ճշգրիտ և գերճշգրիտ նշանառության հրթիռներով, վաղ թե ուշ, կհաջողվի ոչնչացնել «Հըզբոլահ»- ի գրեթե ողջ կամ ողջ հրթիռային ներուժը, քանի որ թիրախների կոորդինատները ստանում է ինչպես իր հզոր հետախուզական ծառայությունից, այնպես էլ ռազմական արբանյակներից, միանգամայն ենթադրելի է, նաև՝ իր դաշնակից ԱՄՆ- ի…
Դրանից կամ, պատկերավոր ասած, խմբավորման «ատամները» քաշելուց հետո «Հըզբոլահ»- ի ոչնչացումը կարելի է համարել կանխորոշված: Սա նշանակում է, որ «Հըզբոլահ»- ի ղեկավարությունը շուտով կարող է նախընտրելի համարել Իսրայելին գոնե ավերիչ հարվածներ հասցնելուց հետո ոչնչանալը (եթե մեռնել կա, էլ խռխռալը ո՞րն է…): «Հըզբոլահ»- ի լայնամասշտաբ հարվածներին կարող է տեղիք տալ նաև ՑԱՀԱԼ- ի ցամաքային ներխուժումը Լիբանան, ինչի նախապատրաստման վերաբերյալ արդեն տեղեկություններ կան օտարերկրյա ԶԼՄ- ներում:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տեղի է ունեցել փեյջերների, կապի այլ սարքերի, հեռուստացույցների, սկուտերների և այլ տեխնիկայի զանգվածային պայթեցում, ինչի հետևանքով մի քանի տասնյակ հոգի զոհվել են, ավելի քան 4000- ը վիրավորվել: «Հըզբոլահը» պետական ահաբեկչության իրականացման մեջ մեղադրել է Իսրայելին: Դրանից հետո կողմերը սաստկացրել են իրենց փոխադարձ հարվածները։ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութին և շարունակում է ավիահարվածները Լիբանանի հարավում և Արևելքում, ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլահը» շարունակում են փոխադարձ հրթիռային հարվածները:
Ինչպես այսօր առավոտյան տեղեկացրել է «Известия»– ն, Բեյրութում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին զգուշացրել է Լիբանան չայցելել: Դեսպանատունը ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս այցելել Լիբանան։ Այս մասին այսօր «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել է դեսպան Ալեքսանդր Ռուդակովը։
«Հիշեցնում ենք, որ այժմ զբոսաշրջային ուղևորությունների ժամանակը չէ, իսկ նրանց, ովքեր իրենց ապահով չեն զգում այստեղ՝ Լիբանանում, խորհուրդ ենք տալիս օգտվել կոմերցիոն չվերթներից, քանի դեռ Բեյրութի օդանավակայանն աշխատում է գրեթե բնականոն ռեժիմով»,- հայտարարել է Լիբանանում ՌԴ դեսպանը:- Մեր հայրենակիցներին խստորեն խորհուրդ ենք տալիս հետևել տեղական իշխանությունների ցուցումներին՝ սեփական անվտանգության միջոցառումներն ապահովելու համար: Միաժամանակ հիշեցնում ենք, որ Լիբանանում դեռևս գործում է օդանավակայան։ Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն լքել երկիրը»։
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ