Մենք հո գիտենք չէ՞, որ Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի անվտանգությանը և շահերին վերջին շուրջ 2 շաբաթվա ընթացքում լրջագույն հարված հասցրած պետություններից մեկն է, եթե ոչ նրանցից ամենագլխավորը: Ի՞նչ եք կարծում, եթե մենք դա գիտենք, Պուտինը չգիտե՞, Ռուսաստանը չգիտե՞… Իհարկե, գիտե, բայց Ռուսաստանի անվտանգային հրամայականները և աշխարհաքաղաքական շահերը պահանջում են դեռ շարունակել «սիրախաղը», առնվազն չգնալ լավ զինված (այդ թվում՝ արդիական և գերարդիական սպառազինությամբ), թվակազմով ՆԱՏՕ- ում երկրորդ, աշխարհում հինգերորդ բանակն ունեցող Թուրքիայի հետ ռազմական առճակատման: Բայց ես հավատում եմ, որ այդ օրը գալու է…
Ինչից է բողոքել Ասադն Իրանին
Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը գահընկեց լինելուց առաջ Իրանին բողոքել է իրեն իշխանությունից զրկելու Թուրքիայի ցանկությունից: Ինչպես հայտնել է «Reuters» գործակալությունը, Ասադը պաշտոնանկությունից մի քանի օր առաջ Իրանի ներկայացուցչին բողոքել է Թուրքիայի կողմից Իսլամական ապստամբներին ցուցաբերած ակտիվ աջակցությունից:
Ըստ գործակալության տվյալների, Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին զրույցի ընթացքում Ասադին վստահեցրել է Թեհրանի կողմից օգնությունը շարունակելու հարցում և խոստացել ստեղծված իրավիճակը քննարկել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1- ին՝ ապստամբների հարձակման հինգերորդ օրը։ Այդ ժամանակ ապստամբներն արդեն գրավել էին Իդլիբն ու Հալեպը, իսկ Սիրիայի բանակը նախատեսում էր անցնել հակահարձակման։
Իրանի արտգործնախարարն Ասադի հետ զրույցից հետո իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ապստամբներին աջակցելու վերաբերյալ, դժգոհություն հայտնել ԱՄՆ- ի և Իսրայելի ծրագրերին Թուրքիայի աջակցության վերաբերյալ: Ի պատասխան, Թուրքիան Ասադին մեղադրել է Սիրիայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ցանկության բացակայության մեջ։
Թուրքիան միայն նախապես տեղյա՞կ է եղել զինված հեղաշրջմանը, թե նաև…
«Reuters»- ը հայտնել է նաև, որ Թուրքիան կես տարի առաջ իմացել է Սիրիայի ապստամբների ծրագրերի մասին: Սիրիացի ապստամբները չէին կարող նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալմանը հանգեցրած հարձակում սկսել՝ նախապես չտեղեկացնելով Թուրքիային, գրել է «Reuters»- ը՝ հղում անելով տարածաշրջանի երկրներից մեկի դիվանագետներին և սիրիական ընդդիմության աղբյուրներին:
Թուրքիային խոշոր հարձակման պլանների մասին տեղեկացրել են կես տարվա ընթացքում, և ապստամբների մոտ տպավորություն է առաջացել, որ նա լուռ համաձայնություն է տվել. այս մասին, ըստ «Reuters»- ի, գործակալությանը պատմել են երկու զրուցակիցներ, որոնք տեղյակ են ընդդիմության գործողությունների պլանավորման մանրամասներին:
Բայց Թուրքիան միայն իմացել ու չի խանգարել կամ չի՞ առարկել՝ դրանով իսկ լուռ համաձայնություն տալով ապստամբների կողմից ծրագրվող զինված հեղաշրջմանը, թե…
Զինված ապստամբության, հեղաշրջման մեջ առանցքային դեր է խաղացել, հարձակումը գլխավորել է «Հայաթ Թահրիր աշ- Շամ» ահաբեկչական խմբավորումը, որին աջակցել են ԱՄՆ- ի և Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կամ ֆինանսավորված, ինչպես նաև այլ առումներով նրանց աջակցությունը ստացած «Սիրիայի ազգային բանակի» առանձին ստորաբաժանումներ (նախկինում հայտնի էին որպես «Սիրիայի ազատ բանակ»): «Սիրիայի ազգային բանակը» մարտական գործողություններին միացել է դեկտեմբերի 1-ին և հայտարարել իր «Ազատության արշալույս» գործողության մեկնարկի մասին:
«Հայաթ Թահրիր աշ- Շամ» ահաբեկչական խմբավորումը «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական կազմակերպության իրավահաջորդն է, որն էլ, իր հերթին, «Ալ Քաիդայի» նախկին սիրիական մասնաճյուղն էր (նշված երեք կազմակերպությունն էլ, որպես ահաբեկչական, արգելված են Ռուսաստանում և ոչ միայն…): Համարվում է, որ «Հայաթ Թահրիր աշ- Շամ»- ը, որը Սիրիայում նոր իշխանության ձևավորման գործում առանցքային դերակատարն է, նույնպես վայելում է Թուրքիայի աջակցությունը: Ընդ որում, Անկարան, որքան էլ պարադոքսալ թվա, խմբավորումը պաշտոնապես ահաբեկչական է համարում։
Քաղաքագետ և մերձավորարևելյան հակամարտությունների ոլորտում անկախ փորձագետ Կիրիլ Սեմենովը РБК- ին ասել է, որ քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում «Հայաթ Թահրիր աշ- Շամ»- ն առանց այն էլ ամենամարտունակ ուժն էր, բայց շարունակեց մեծացնել իր ներուժը, հատկապես ակտիվորեն՝ 2020 թվականից հետո: Իսկ հիմա հիշենք, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականին:
2020թ. մարտին Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ կնքվել է Սիրիայում զինադադարի համաձայնագիր, դրանից հետո Սիրիայում հարաբերական անդորր է հաստատվել, և մարտերը լոկալ բնույթ են կրել: Այս զինադադարը Ռուսաստանին շատ էր անհրաժեշտ, որովհետև ՌԴ- ում ինչպես Դոնբասի հանրապետություններում և Ուկրաինայում առկա, այնպես էլ Արևմուտք- Ռուսաստան հարաբերություններից ելնելով, շատ լավ հասկանում էին, որ շուտով կարող է ստիպված լինեն զենքով պաշտպանել Դոնբասի բնակչությանն Ուկրաինայի հարձակումից, հետևաբար պետք էր ռազմական առումով դրան նախապատրաստվել:
Սակայն, «Հայաթ Թահրիր աշ- Շամ»- ը հենց այդ զինադադարից հետո, օգտվելով դրանից, Թուրքիայի կողմից վերահսկվող Իդլիբում, Իդլիբի կողմերում բավական ապահով պայմաններում մեծացրել է իր ներուժը, անշուշտ, ոչ առանց Թուրքիայի ֆինանսական և ռազմական աջակցության: Այս մասին են հուշում նաև РБК- ին Կիրիլ Սեմենովի պատմածը և «Financial Times» հրապարակած տեղեկությունը:
«Նրանք յուրացրել են պատերազմի վարման նոր հմտություններ և մեթոդներ, բացել ռազմական քոլեջ, որտեղ նրանց բոլոր ամիրաները վերապատրաստվել են և ստացել ռազմական կոչումներ,- ասել է Սեմենովը:- Ներդրվել է խիստ ռազմական աստիճանակարգություն։ Հետո նույն ճանապարհով գնացին բոլոր խմբավորումները, որոնք միավորվել էին ռազմական գործողությունների տնօրինության կազմում»:
Ինչպես գրել է «Financial Times»- ը, խմբավորումը հագեցած է ժամանակակից սպառազինությամբ և հիմնել է մեծ հեռահարության հրթիռների, ռեակտիվ արկերի և ականանետային ականների սեփական արտադրությունը, ավելին՝ որոշ մասերի արտադրության համար օգտագործվում են 3D տպիչներ:
Կարևոր նշանակություն ուներ նաև այն աջակցությունը, որը ցուցաբերեցին ԱՄՆ- ը, Թուրքիան և Իսրայելն Իդլիբում սիրիական խմբավորումներին: Այս մասին վերջին օրերին գրում են ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան ԶԼՄ- ները:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ