(սկիզբը՝ այստեղ)
Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի վարչակարգի տապալման գործում կարևորագույն նշանակություն է ուևեցել այն աջակցությունը, որն Իդլիբում սիրիական խմբավորումներին ցուցաբերել են ԱՄՆ- ը, Թուրքիան և Իսրայելը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին դեռ դեկտեմբերի սկզբին տված հարցազրույցում անդրադառնալով Սիրիայի հյուսիսում (Իդլիբում, Թուրքիայի հարևանությամբ) ահաբեկչական իսլամիստական խմբավորումների ակտիվացմանը, ասել է. «Սա բարդ խաղ է, դրանում ներգրավված են բազմաթիվ գործող անձինք»:
Հարցին, թե ով է աջակցում Սիրիայում ահաբեկիչներին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ռուսական կողմն «այդ մասին տեղեկություններ ունի»:
«Տեղեկատվության մեջ, որը գտնվում է բաց հասանելիության մեջ, հիշատակվում են, մասնավորապես, ամերիկացիները, բրիտանացիները և մի քանի ուրիշներ»,- հայտարարել է Լավրովը (ընդգծումը՝ մերը):
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է Թուրքիայի և Իրանի հետ մոտ ժամանակներս քննարկել, թե ինչպես փակել Սիրիայում իսլամիստական խմբավորումների սպառազինման ու ֆինանսավորման ուղիները: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը մտադրություն է ունեցել Իրանի հետ Թուրքիայից պահանջել կամ խնդրել, որ այլևս դադարեցնի իսլամիստական խմբավորումների սպառազինումն ու ֆինանսավորումը:
Սակայն, ինչպես այժմ պարզ է, սա արդեն չափազանց ուշացած մտադրություն էր. դեկտեմբերի 6- ին հրապարակված այս հարցազրույցից 2 օր հետո Ասադի և վերջինիս վարչակարգի դեմ հանդես եկող ուժերը գրավեցին Դամասկոսը, Ասադի վարչակարգ տապալեցին, Ասադը փախավ Մոսկվա:
Դրանից շուրջ մեկ շաբաթ առաջ, Սիրիայի հյուսիս- արևմուտքում սիրիական խմբավորումների կոալիցիայի շարունակվող հարձակման ֆոնին, Թուրքիայի նկատմամբ հակակառավարական ուժերին աջակցելու մեղադրանքներ ու դիվանագիտական ճնշումներ են եղել, սակայն արդեն ուշացած և ապարդյուն: Անկարան, ինչպես բնորոշ է Թուրքիային, հերքել է, թե առնչություն ունի զինյալների գործողություններին։
Դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանին մատնանշել է Սիրիայի ողջ տարածքում կարգուկանոնի վերականգնման անհրաժեշտությունը՝ «օգտագործելով տարածաշրջանում Անկարայի ունեցած հնարավորությունները», այլ կերպ ասած, իսլամիստական, ընդդիմադիր խմբավորումների վրա ունեցած ազդեցության լծակները: Թե Անկարան ինչպես օգտագործեց իր ունեցած հնարավորությունները և ազդեցությունը, արդեն թերևս բոլորին է հայտնի:
Մեկնաբանելով Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակումը, Էրդողանը, հայտարարել Է, որ Ասադը չի համաձայնել «Սիրիայի ապագայի» շուրջ բանակցություններին: Հասկանալ այսպես՝ Ասադը չի համաձայնել Թուրքիային Սիրիայի մի մասի բռնակցմանը և քրդերին հալածելուն:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 10- ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նշել են, որ իր պաշտոնից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալը կարելի է դիտարկել որպես «շատ լավ իրադարձություն»: Ռուսաստանի թշնամիների՝ Թուրքիայի և Արևմուտքի համար դա իսկապես շատ լավ իրադարձություն էր:
Ապստամբների հաջողություններն ամրապնդում են Սիրիայի ապագայի վրա Թուրքիայի ազդեցությունը, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ, իսկ Իրանն առճակատման մեջ է Իսրայելի հետ:
Բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ Թուրքիան ՆԱՏՕ -ի տրոյական ձիերից մեկն է, և որ նրա քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային կայունությունը, հատկապես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որտեղ Անկարան օգտագործում է իր ռեսուրսները երիտասարդ բնակչության արմատականացման համար. այս մասին «infoBRICS»- ի համար հոդվածում գրել է ռազմական և աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Դրագո Բոսնիչը: Մեր գործընկերոջ այս ճշմարտացի դիտարկմանը հավելենք՝ նաև Մերձավոր Արևելքում…
Դրագո Բոսնիչի հավաստմամբ, Անկարայի այս քաղաքականությունը հանգեցնում է ահաբեկիչների թվի կտրուկ աճի, որոնք միանում են «Իսլամական պետությանը» և նմանատիպ այլ խմբավորումներին, որոնց աջակցում է ՆԱՏՕ- ն: Նրանք գործում են ամբողջ աշխարհում: Սիրիայում վերջին իրադարձությունները դրա հաստատումն են:
Ահաբեկիչները տեղակայված լինելով բռնազավթված Իդլիբ նահանգում, որտեղ ԿՀՎ- ն և արևմտյան այլ հետախուզական ծառայություններ սերտորեն համագործակցում են թուրք զինվորականների հետ, ըստ ամենայնի, զորքեր և տեխնիկա էին հավաքում, որպեսզի խախտեն հրադադարի ռեժիմը:
Դարձյալ ըստ վերոնշյալ հրապարակման, Թուրքիան «Հայաթ Թահրիր աշ- Շամ» ահաբեկչական կազմակերպությանը (նախկինում՝ «Ջաբհաթ ան- Նուսրա») մատակարարում է անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ Մ113 զրահամեքենաներ, որոնց առաջխաղացումը վերջին իրադարձությունների ժամանակ նկարահանվել է Իդլիբ նահանգում:
Ռազմական աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 27-ին սկսված ահաբեկչական հարձակմանը մասնակցել են նաև այնպիսի խմբավորումներ, ինչպիսին է «Թուրքեստանի իսլամական կուսակցությունը» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն):
Հատկանշական է, որ ուկրաինացի հետախույզները հենց Թուրքիայի տարածքով են ուղարկվել Իդլիբ՝ ահաբեկիչներին նոր մարտավարություն սովորեցնելու համար, հատուկ ուշադրություն դարձնելով անօդաչու թռչող սարքերով մարտական գործողություններ վարելուն: Նրանց թվում է ուկրաինական «Քիմիկ» խումբը, որը համարվում է Ուկրաինայի Հետախուզության վարչության կազմում գտնվող ստորաբաժանում, և որը սեպտեմբերի 15- ին հարձակում է գործել Հալեպում ռուսական ռազմական ֆորպոստի վրա։
Ավելին, կան հիմնավոր ապացույցներ, այդ թվում՝ տեսագրություն, որը վկայում է Սիրիայում գրոհայինների հարձակումներին ԱՄՆ- ի անմիջական մասնակցության մասին: Այս ամենը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնն ու Կիևը փորձել ու փորձում են ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի խափանեն նրա գործողությունները։ Զարմանալի չէ, որ Թուրքիան ուղղակիորեն աջակցում էր դրան՝ Իդլիբում իր ահաբեկիչներին մղելով ռազմական գործողությունների վերսկսման։
Դրագո Բոսնիչը աբհրաժեշտ է համարել նշել նաև վերջերս Անկարայի այն հայտարարությունը, որ Ուկրաինական հակամարտությունում լիովին աջակցում է Կիևին՝ այսպիսով ապացուցելով, որ Սիրիայում վերջին իրադարձությունները շատ լավ ծրագրված ու համակարգված էին:
Ուշագրավ է նաև Թուրքիայի հավանական վերադարձն ամերիկյան Ֆ- 35 կործանիչների ծրագրին՝ ԱՄՆ- ին իր մատուցած ծառայությունների դիմաց: Ըստ ռազմական աղբյուրների տվյալների, Անկարան կարող է ձեռք բերել մինչև 40 հատ հինգերորդ սերնդի կործանիչ։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ