Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Ադրբեջանական ինքնաթիռի խորհրդավոր աղետը

Ադրբեջանական ինքնաթիռի խորհրդավոր աղետը
27.12.2024 | 18:51

Ադրբեջանական ինքնաթիռի աղետի կապակցությամբ կարելի էր և բավարարվել ընդամենը լրատվությամբ, այսինքն՝ նշված դեպքին չնվիրել մի ամբողջ հոդված, մանավա՛նդ, որ կործանված ինքնաթիռը թշնամական պետության ինքնաթիռ է, զոհերն էլ հիմնականում նույն այդ պետության քաղաքացիներ:

Այսուհանդերձ, նկատի ունենալով ինքնաթիռի կործանման խորհրդավոր հանգամանքները, աղետի պատճառի վերաբերյալ հրապարակված հակասական տեղեկությունները, ինչպես նաև առկա և անժխտելի փաստերը, որոնք հիմնականում հակասում են այդ տեղեկություններին, որոշեցինք անդրադառնալ ադրբեջանական ինքնաթիռի խորհրդավոր աղետին:

Երեկ, ինչպես արդեն հայտնի է, Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտակայքում կործանվել է Ադրբեջանի «Azerbaijan Airlines» ավիաընկերության Բաքու- Գրոզնի չվերթի «Embraer 190» ինքնաթիռը, որում եղած 64 ուղևորներից (Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիներ:) և անձնակազմի 5 անդամներից, ըստ տարբեր տեղեկությունների, 40- 42- ը զոհվել է, կան նաև վիրավորներ, առնվազն երեքը վերակենդանացման բաժանմունքում են: Անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել:

РБК- ի փոխանցմամբ, ինքնաթիռը պետք է Բաքվից թռչեր Չեչնիա, սակայն Գրոզնիում մառախուղի պատճառով այն վերաուղղել են Մախաչկալա, իսկ հետո՝ Ակտաու։

«Azerbaijan Airlines» ավիաընկերությունը հայտնել է, թե, նախնական տվյալներով, ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը:

«Նախնականով՝ թռչունների հետ բախումից հետո, օդանավում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով, նրա հրամանատարը որոշում է կայացրել «գնալ» պահեստային օդանավակայան, նրա կողմից ընտրել է Ակտաուն»,- գրել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն:

Մանգիստաուի մարզի առողջապահության վարչությունից հայտնել են, որ օդանավում «բալոն է պայթել»։

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռի շարժիչի մեջ թռչուն է ընկել, ինչից հետո օդանավում պայթել է թթվածնի բալոնը, մարդիկ սկսել են կորցնել գիտակցությունը, գրել է ORDA-ն:

Հիմա հարց՝ ինքնաթիռն ինչո՞ւ վայրէջք չի կատարել Մախաչկալայում, էլի՞ մառախուղի պատճառով, ինչպես Գրոզնիում, թե՞ ինքնաթիռի և թռչունների բախման: Հրապարակված ու հակասական այս երկու տեղեկությունից ո՞րն է ճիշտը:

Եթե մառախուղի պատճառով, ապա «Ռոսավիացիայի» ներկայացուցչի հայտնած տեղեկությունը՝ թռչունների հետ բախումից հետո օդանավում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել «գնալ» պահեստային օդանավակայան, նրա կողմից ընտրել է Ակտաուն, սխալ է, չի համապատասխանում իրականությանը:

Իսկ եթե հավատանք, թե դեռ Մախաչկալա չհասած, Մախաչկալայի մոտ կամ Մախաչկալայի վերևում տեղի է ունեցել ինքնաթիռի և թռչունների բախում, ապա չափազանց անտրամաբանական, անհեթեթ և անհավաստի է, որ արդեն վնասված, վթարային վիճակում գտնվող ինքնաթիռն իր քթի տակ գտնվող Մախաչկալայի օդանավակայան վայրէջքի տարվելու կամ Ակտաուից անհամեմատ մոտ Թբիլիսիի օդանավակայան գնալու փոխարեն, ուղղվել է Մախաչկալայից բավական հեռու գտնվող Ակտաուի օդանավակայանում վայրէջք կատարելու: Հակասությունը, սակայն, սրանով չի ավարտվում:

Մերժելով «Ռոսավիացիայի» ներկայացուցչի անհեթեթ բացատրությունը, մի պահ ընդունենք, թե Մախաչկալայի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքը կարող էր մերժվել մառախուղի պատճառաբանությամբ, թեև եթե Մախաչկալայում մառախուղ էր, ինքնաթիռը Գրոզնիից Մախաչկալա չէր կարող ուղղվել: Տրամաբանությունից ու թռիչքային կանոններից բացարձակապես դուրս և անհասկանալի է Մախաչկալայում վայրէջք չկատարելու կամ Մախաչկալային ավելի մոտ Թբիլիսիի կամ մեկ այլ օդանավակայան վայրէջքի չգնալու և ինքնաթիռն Ակտաու ուղղելու պատճառը: Կարո՞ղ էր ճանապարհին, Ակտաուի մոտ, օդանավակայան դեռ չհասած, ինքնաթիռի և թռչունների բախում տեղի ունենալ: Կարող էր: Եվ կարել էր հավատալ այդ վարկածին, եթե…

Եթե ինքնաթիռի շարժիչի մեջ իսկապես թռչուն ընկած լիներ կամ թռչուն մտներ, շարժիչում, մեծ հավանականությամբ, պետք է, որ հրդեհ, բոց ու ծուխ առաջանար, մինչդեռ արդեն իսկ հրապարակված է ինքնաթիռի աստիճանական անկումը պատկերող տեսանյութը, և բոլորը կարող են համոզվել, որ գետնի հետ բախման իջնող ինքնաթիռի շարժիչը չի այրվում, որևէ բոց կամ ծուխ չկա:

Երկրորդ. եթե ինքնաթիռի շարժիչներից մեկի մեջ իսկապես թռչուն ընկած լիներ ու շարժիչը խափանած, ապա երկու ռեակտիվ շարժիչ ունեցող «Embraer 190» ինքնաթիռը կարող էր թռիչքը շարունակել ու բարեհաջող վայրէջքի գնալ նույնիսկ մեկ շարժիչով:

Չորրորդ. մի պահ ընդունենք, թե ինքնաթիռի երկու շարժիչի մեջ էլ թռչուն է ընկել, շարժիչներն էլ խափանվել են առանց այրվելու, բոց ու ծխի, ինչը բացառված չէ, եթե թռչունները չափերով փոքր են եղել: Բայց նույնիսկ այդ դեպքում, այսինքն՝ եթե երկու շարժիչն էլ խափանվեին, բայց ինքնաթիռի հիդրավլիկան, բարձրության ղեկերը շարքից դուրս եկած չլինեին, այսինքն՝ ինքնաթիռը կառավարումը կորցրած չլիներ, ճախրաթռիչքով կարող էր վայրէջք կատարել: Հարցրեք այդ մասին ցանկացած օդաչուի, կհաստատեն:

Եվ, ի վերջո, ամենակարևորը. թռչունը կարող է ընկնել շարժիչի մեջ և այն խափանել: Ինքնաթիռի և թռչնի բախման հետևանքով, եթե թռչունը մեծ է, օդաչուների դիմաց գտնվող դիմապակին կարող է փշրվել, բայց թոչնի և «Embraer 190»- ի բախման հետևանքով վերջինիս մետաղյա իրանը չի կարող ծակվել ինքնաթիռի կողային մասում, այսինքն՝ ընդամենը թռչնի թափից, դա ուղղակի բացառված է: Մինչդեռ լուսանկարներում և տեսանյութում պարզ երևում է, որ գետնին հարվածի հետևանքով ինքնաթիռից պոկված ու մի կողմ շպրտված պոչամասը բազմաթիվ տեղերում կողքից ծակծկված- քրքրված է, ընդ որում, կողային հարվածների հետևանքով ծակծկված է նաև ինքնաթիռի ուղղության ղեկը կրող և ինքնաթիռի իրանից բավական վերև գտնվող «киль»-ը, ինչը բացառված է ինքնաթիռի ներսում թթվածնի բալոնի կամ նույնիսկ պայթուցիկ սարքի պայթյունի դեպքում ու հնարավոր է միայն արտաքին ազդեցության պարագայում:

Վերը նշվածից կարելի է այն հետևությունը կատարել, որ ինքնաթիռը ենթարկվել է ՀՕՊ- ի թեթև հրթիռի հարվածի, կամ ՀՕՊ-ի գնդացրի («Շիլկայի» կամ դրա նման) կրակի, կամ վերոնշյալ հրթիռի մարտագլխիկի նման մետաղագնդիկներով պայթուցիկ լիցք կրող դրոնի հարձակման:

Ինչպես հայտնի է, ՀՕՊ- ի հրթիռը, բացառությամբ առանձին տեսակների, անմիջականորեն չի հարվածում ինքնաթիռին, նրա մարտագլխիկը պայթում է ինքնաթիռից որոշ հեռավորության վրա՝ շուրջբոլորը սփռելով հարյուրավոր կամ հազարավոր շատ տաք մետաղագնդիկներ, որոնք մեծ արագությամբ հարվածում են ինքնաթիռին, ծակում, պայթեցնում նրա վառելիքի բաքը և (կամ) շարքից հանում ինքնաթիռի կառավարման համակարգը, հնարավոր է, խոցեն նաև օդաչուին կամ օդաչուներին:

Այս դեպքում մետաղագնդիկները բաքին չեն կպել, այլապես ինքնաթիռը կպայթեր օդում, սակայն կարելի է ենթադրել, որ շարքից հանել են ինքնաթիռի հիդրավլիկան, կառավարման համակարգը, մասնավորապես, բարձրության ղեկերը: Այսպիսի հետևանքն ավելի հավանական է հրթիռի մարտագլխիկի համեմատ ոչ մեծ մարտական լիցք կրող դրոնով կամ ինքնաթիռային տիպի ԱԹՍ- ով հարձակման դեպքում, որը կարող էր շփոթվել ինքնաթիռին թռչնի բախման հետ, կամ էլ ՀՕՊ- ի գնդացրով կրակի դեպքում:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ