(սկիզբը` այստեղ)
ԱՄՆ- ի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսն օրերս ելույթ ունենալով Ջոնս Հոփքինսի համալսարանում, ինչպես տեղեկանում ենք «Аргументы и факты»– ի հրապարակումից, ընդգծել է, թե Չինաստանի հետ դիմակայությունը գաղափարական բնույթ չի կրում և ուղղված չէ ԱՄՆ- ի համաշխարհային տիրապետությանը (իբր…), և որ ԱՄՆ- ը չի ձգտում Չինաստանի համար ԽՍՀՄ ճակատագրի կրկնությունը: Հիքսն այսպիսով անուղղակիորեն խոստովանել է, որ ԽՍՀՄ փլուզման հետևում Միացյալ Նահանգներն է կանգնած եղել:
«Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմն Արևմուտքը սկսել է ոչ թե Ռուսաստանն ամրապնդելու և պարտվելու, այլ հաղթանակի համար։ Կներդնեն բոլոր հնարավոր ջանքերը». սա Կալինինգրադի մարզից ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկի կողմից օրերս արված կարևոր և իրականությունը ճշգրիտ արտահայտող հայտարարությունն է, որը հրապարակել է «Газета.Ру»- ն:
Այս իրողության, Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու, այլ կերպ ասած, կործանելու հավաքական Արևմուտքի անշեղ նպատակադրման հստակ գիտակցումը, կարծում ենք, ունեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և քարտուղար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և, ընդհանրապես, Ռուսաստանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Էլ ինչ է ասել պատգամավոր Կոլեսնիկը
Կոլեսնիկը հայտարարել է Կալինինգրադի մարզի մոտակայքում, Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ- ի զորքերի և զինտեխնիկայի տեղաշարժի ու կենտրոնացման մասին: Նրա խոսքով՝ տանկերն արդեն Լեհաստանի Գդանսկ քաղաքում են, որտեղից մինչև ռուսական հիշյալ մարզի սահմանը 50 կմ- ից ոչ ավելի է:
«Այսինքն՝ Կալինինգրադի մարզի շուրջ զինված ուժերի նման շարժում հենց հիմա տեղի է ունենում, գրեթե լսվում է թրթուրների ձայնը,- ասել է նա թղթակցին:- Եվ սա առաջին անգամը չէ։ Լեհաստանում զորքերի հզոր տեղաշարժ է ընթանում հենց հիմա»:
Խորհրդարանականը մաժամանակ կարծում է, որ արևմտյան քաղաքական գործիչները ՌԴ ղեկավարության, ռուսաստանցիների «նյարդերի վրա են խաղում»: Ըստ նրա, այժմ Կալինինգրադի մարզի շուրջ ձևավորվում է «եվրոպական բարդ ռազմական հանգույց», որը կարող է պահանջել ոչ հասարակ որոշումներ։
«Մեր նյարդերն ամուր են,- հավաստել է Կոլեսնիկը:- Սեղմել կոճակը միշտ կհասցնենք: Չեն հասկանում հետևանքները: Այնտեղ հետո եվրոպական ոչ մի երկրից ոչինչ չի մնա, ԴՆԹ-ով ոչ մեկին չես տարբերի, կհալվի ամեն ինչ, կփոշմանեն յուրայինները»:
Ավելի վաղ Լեհաստանում ՆԱՏՕ- ի տեխնիկայի գլոբալ տեղափոխման մասին հայտնել էր ռուսամետ նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը:
«Վերջին օրերին Լեհաստանից շատ տեղեկություններ են ստացվում ուժերի և միջոցների հսկայական տեղաշարժի մասին,- «РИА Новости»- ի հետ զրույցում նշել է նա:- Տեխնիկայի տեղաշարժն այնքան գլոբալ է, որ պարզապես չի ստացվում չնկատել այն»:
Լեբեդևը պատմել է, որ տեսագրությունը ստացել է ականատեսներից մեկից, ով նկատել է տեխնիկայի տեղափոխումը Վարշավայի շրջանցիկ ճանապարհով: Նա պատահաբար հանդիպել է չորս բեռնատարներից բաղկացած շարասյան, որոնց քարշակների վրա ենթադրաբար ամերիկյան «MaxxPro» զրահափոխադրիչներ են եղել։
Բացի այդ, Լեբեդևի աղբյուրի գործընկերները վերջին այդ շրջանում վերջերս չորս գիշեր շարունակ նույնպես նկատել են տասնյակ փոքր շարասյուներ։ Ընդ որում, դրանցից մեկը տեսել են կրակովյան մայրուղու վրա, որի հարաբերական մոտիկությունում՝ Ժեշովում, տրանսպորտային հանգույց է, որի միջոցով Արևմուտքի երկրները զենք են մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին։
Ընդհատակի համակարգողը հավաստել է, որ արևմտյան երկրները Լեհաստանին պատրաստում են Ռուսաստանի հետ հակամարտության, քանի որ «լեհերը չեն ցավում, ինչպես ուկրաինացիները»: Գործողությունների առումով խոսքն, առաջին հերթին, Կալինինգրադի հնարավոր ֆիզիկական շրջափակման մասին է, այսինքն՝ սադրանքի, ինչը ՌԴ- ին կհարկադրի ռազմական ճանապարհով վերացնել շրջափակումը, և հենց դա էլ Լիտվան, Լեհաստանը և ՆԱՏՕ- ն կհամարեն ՆԱՏՕ- ի անդամ նշված պետությունների վրա ՌԴ- ի ռազմական հարձակում, իրենց իրավունք կվերապահեն պատասխան հարվածի, և այսպես կսկսվի պատերազմը:
Կալինինգրադը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ԽՍՀՄ- ին անցած և այժմ Ռուսաստանին պատկանող էքսկլավ է, որը գտնվում է Լեհաստանի և Լիտվայի միջև, Բալթիկ ծովի ափին։
Ճանապարհ դեպի Крулевец
Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Լեհաստանը նախատեսում է դեպի Ռուսաստանի հետ սահման ճանապարհ կառուցել, որպեսզի այն օգտագործվի զորքեր տեղափոխելու անհրաժեշտության դեպքում։ Այս մասին «Financial Times»- ին տված հարցազրույցում հայտնել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Մաչեյ Դուշչիկը։ Նրա խոսքով՝ ճանապարհը կկառուցվի մինչև Կալինինգրադի մարզի հետ սահմանը, և այդ աշխատանքները կշարունակվեն առաջիկա ամիսներին։
2024թ. Լեհաստանը պաշտպանության վրա ծախսել է իր ՀՆԱ- ի 4,12 տոկոսը, իսկ 2025թ. նախատեսում է ծախսել գրեթե 5 տոկոսը։ Բացի այդ, լեհական բանակի թվաքանակը 2025թ. կավելանա մինչև 229 000 զինծառայող։ Վարշավան պատրաստվում է այս տարի լեհական զորավարժարաններում անցկացնել վեց խոշոր ազգային և նույնքան միջազգային զորավարժություններ։
2023թ. մայիսին Աշխարհագրական անունների ստանդարտացման լեհական կոմիտեն խորհուրդ տվեց Կալինինգրադի փոխարեն օգտագործել Krñlewiec (Крулевец.- «Газета.Ru»): գրեթե անմիջապես ճանապարհային աշխատողները փոխարինել են 51- րդ և 57- րդ ազգային ճանապարհների ցուցանակները:
13- րդ դարից հարևան պետությունների բնակիչները քաղաքն անվանել են յուրովի, բայց միշտ օգտագործել են ընդհանուր արմատ՝ «թագավոր» իմաստով։ Լեհերենում քաղաքը կոչվել է Կրուլևեց, չեխերենում՝ Կրալովեց, լիտվերենում՝ Կարալաուչյուս և Ռեգիոմոնտիում (լատիներեն, որն այդ օրերին ակտիվորեն օգտագործվել է եկեղեցու ազդեցության պատճառով)։ Ռուսաստանում, մինչև 18- րդ դարը, օգտագործվել է «Կորոլյով» անվանումը, և միայն Պետրոս առաջինի օրոք գերմանական «Kônigsberg» («Քյոնիգսբերգ») անվանումն օգտագործվել է ավելի հաճախ:
«Կարալաուչուսը չի դառնա Կալինինգրադ»
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հունվարի 10- ին հայտարարել էր Կալինինգրադի մարզի նկատմամբ Վիլնյուսի հավակնությունների մասին։ Առիթը եղել է Կալինինգրադի Չիստիե Պրուդի ավանում բանաստեղծ Քրիստիոնաս Դոնելայտիսի թանգարանի վերանվանումը։ Քաղաքական գործիչն այդ որոշումն անվանել է «պատմությունը վերաշարադրելու անընդունելի փորձ» և կոչ է արել պահպանել «Փոքր Լիտվայի ժառանգությունը»՝ Պրուսիայի նախկին տարածաշրջանը, որը ժամանակին գոյություն է ունեցել ժամանակակից Կալինինգրադի մարզի տարածքում:
«Որքան էլ Ռուսաստանը ջանա, Կարալյաուչուսը երբեք չի դառնա Կալինինգրադ», – գրել է Նաուսեդան սոցցանցի իր էջում:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան Նաուսեդայի հայտարարության, նրան անվանել է «ստվարաթղթե հիմարիկ», իսկ Կալինինգրադի մասին նրա խոսքերը՝ «խոնավ պատմական ֆանտազիաներ»: Նա լիտվացիներին առաջարկել է Մոսկվային վերադարձնել Խորհրդային Միության «նվերները», եթե «պատմությունն այդպես սեղմում է Լիտվայի նախագահին»։ Նման «նվերներից» մեկը, դիվանագետի կարծիքով, Բալթիկ ծովի նավահանգիստն է, որն ավելի վաղ Մեմելից վերանվանվել էր Կլայպեդա:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Նաուսեդայի հայտարարությունն «արդարացնում է մեր խորը մտահոգությունները և արդարացնում է մեր պետության անվտանգության ապահովման բոլոր ներկա և ապագա միջոցները»:
Կրեմլում նշել են, որ Լիտվան Ռուսաստանի համար ոչ բարեկամական պետություն է, որը հաստատել է ՌԴ- ի հանդեպ իր տարածքային պահանջները: Անցյալ տարվա աշնանը լիտվացիները Կալինինգրադի մարզի հետ սահմանին Նեման գետի վրայով անցնող Պանեմունե- Սովետսկ շրջանցիկ կամրջի վրա հակատանկային արգելապատնեշներ են տեղադրել։ Միաժամանակ, Լիտվայի Շվենչյոնսկի շրջանի զորավարժարանում մեկնարկել են «Сильный грифон 2024» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցել են ավելի քան 2,5 հազար զինծառայողներ ԱՄՆ- ից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից:
Ճիվաղ Բաուերն, իհարկե, ստել է, խաբել ՆԱՏՕ– ի անդամ և ոչ անդամ պետությունների բնակչության զոմբիացված հատվածին
ՆԱՏՕ- ն վերադարձել է Հավաքական անվտանգության հայեցակարգին և այժմ պատրաստ է Ռուսաստանի հետ հավանական հակամարտության. այս մասին դեռ մոտ 1 տարի առաջ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերն ուկրաինական «Արմիաինֆորմ» պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության հայեցակարգին վերադառնալու անհրաժեշտությունը ծագել է 2014թ. Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Այդ ժամանակից ի վեր փոխվել են դաշինքի պաշտպանական ռազմավարությունը և գործառնական պլանավորումը, ավելացել են պատրաստված զինվորների և զենքի պաշարները, ինչպես նաև բարելավվել է հրամանատարական կառավարման համակարգը:
«Պատրա՞ստ ենք։ Պատասխանը՝ այո։ Մեր գլխավոր խնդիրը պատրաստ լինելն է։ Եթե դա տեղի ունենա այսօր, ապա պետք է պայքարել եղած ռեսուրսներով։ Դա միշտ այսօրվա համար պատրաստության և միաժամանակ ապագայի հնարավորությունների բարելավման համադրություն է»,- հայտարարել է Բաուերը։
Ճիվաղ Բաուերն, իհարկե, ստել է, խաբել ՆԱՏՕ- ի անդամ և ոչ անդամ պետությունների բնակչության զոմբիացված հատվածին, որն առանց մտածելու, վերլուծելու, հավատում է այսպիսի ստերին:
Ռուսաստանի հետ հավանական հակամարտության պատրաստ լինելը ոչ միայն հավանական պատերազմի դեպքում ՌԴ- ին արդյունավետ, կաթվածահար անող, զսպող կամ նրա համար ճակատագրական նշանակություն ունեցող հարված հասցնելն է, այլև այդպիսի հարվածից պաշտպանվելու ունակությունը, ինչը ՆԱՏՕ- ի անդամ որևէ երկիր, ներառյալ՝ ԱՄՆ- ը, չունի: Վկա՝ հիպերձայնային արագությամբ մարտագլխիկներով, մարտական բլոկներով (ներառյալ՝ միջուկային) թիրախներին հարվածելու ունակ և անխոցելի «Орешник», «Авангард», «Кинжал», «Сармат» հրթիռային համալիրները, դարձյալ միջուկային հզոր լիցքով «Посейдон» ստորջրյա ապարատը (բացի «Кинжал»- ից և «Орешник»- ից, բոլորը ռազմավարական նշանակության, միջուկային մարտագլխիկներով «Орешник»- ը նույնպես ռազմավարական նշանակության է): Եվ վերոնշյալները դեռ բոլորը չեն…
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ