Լուրը արագ տարածվեց։ Վաղոն ձերբակալվել էր զարհուրելի մեղադրանքով․ ֆաշիզմի քարոզ՝ այն էլ ՀՀ պաշտպանության նախարարության տարածքում, որտեղ աշխատում են խաղաղասեր գեներալներ, գնդապետներ ու նույնիսկ մայորներ։
Տարածվող կադրերում երևում էր, թե ինչպես է թափանցել ՊՆ-ի տարածք, եռանդով ֆաշիստական խաչեր է նկարում շենքի պատերին ու թունդ քֆուրներ տալիս գեներալներին, գնդապետներին ու մայորներին։ Հարևանությունը էլ հույս չուներ, թե Վաղոյին երբևէ ազատ կարձակեն․ իր այդ անմիտ քայլով ջուր էր լցրել ալիևի ջրաղացին։ Ոմանք նույնիսկ կարծում էին, որ հողատուն Վաղոյին կհանձնի Բաքու։ Բայց չանցած մի շաբաթ՝ Վաղոն դուռս ծեծեց։ Աչքերիս չհավատացի, արագ քաշեցի ներս ու վրա տվեցի․
- Այ մարդ, դու խիղճ ունե՞ս, բա հիմա ֆաշիզմի ժամանակ ա՞, էդ ի՞նչ խաչեր էիր նկարում։
- Հարևան, էլ ներվ չմնաց, ի՞նչ խաչ, ի՞նչ ֆաշիզմ, դու էլ ոնց որ էն ծախու քննիչներից ըլնես, էս մի շաբաթ ա՝ կյանքս կերան։
- Բայց կադրերը հազար անգամ ցույց տվեցին, մի գլուխ խաչեր էիր նկարում դրանց պատերին։
- Դրանք խաչեր չէին։
- Բա ի՞նչ էին։
- Պլյուսներ։
- Ո՞նց թե պլյուսներ։
- Սովորական պլյուսներ։
- Չեմ հասկանում, Վաղո, խի՞ էիր պլյուսներ նկարում։
- Որ էդ անտերը ակտիվանա։
- Այսի՞նքն։
- Բա դու չգիտե՞ս՝ եթե մի բան քաքմեջ ա ըլնում, փակվում ա կամ սահմանափակվում՝ պիտի լիքը պլյուսներ դնես, որ ակտիվանա։
- Այ քեզ բան, ու ակտիվացա՞վ։
- Էն էլ ոնց։
- Հլը պատմի։
- Դե մի ահագին ժամանակ մարաղ էին մտել, վախում էին դուրս գան, կարծում էին, թե թուրք եմ։ Բայց հետո երևի քֆուրներիցս հասկացան, որ հայ եմ, ու էդտեղ ամեն ինչ սկսեց։
- Ի՞նչ սկսեց։
- Պիտի տեսնեիր, թե ամեն լուսամուտից քանի հատ ավտոմատ ու թնդանոթ պահեցին վրես, նույնիսկ գլխիս վերևը սկսեցին անօդաչու սարքեր ֆռֆռալ։
- Ու հանձնվեցի՞ր։
- Չէ։
- Բա ո՞նց բռնեցին։
- Ասի մի տասը տող էլ պլյուս դնեմ, որ լավ ակտիվանա, մեկ էլ ի՞նչ տեսնեմ․ Իսկանդերը բերեցին ու 90 տոկոսով պահեցին վրես։
- Ո՞նց թե՝ 90 տոկոսով։
- Դե 10 տոկոսը կրակել էին Շուշիի վրա, չէ՞։
- Բա ի՞նչ արիր։
- Այ էն ժամանակ հանձնվեցի։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ