ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Ամեն անգամ ընկեր Թամրազյանի կապույտ աչքերն ինձ տանում էին երկնի ու ջրերի անափ, ծովածավալ հեռուները, որ կարողանայի տեսնել նրա հոգու անհատակ խորքերը, որին այնքա՜ն կապված էին մեր հոգիները։
Անշուշտ, յուրաքանչյուրս մեր Հրանտ Թամրազյանն ունեինք, ում հետ մտովի զրուցում էինք, նայում նրա ծով աչքերին ու խաղաղվում։
Այս պահին հիշեցի նրա հեղինակած` ՀԽՍՀ պետական մրցանակի արժանացած «Հայ գրականության» 9-րդ դասարանի դպրոցական դասագրքի շապիկը` կազմի վերևում իր փառահեղ անուն-ազգանունը։
Ես հայ գրականությունը ճանաչել եմ մանկուց, երբ ընդամենը չորսամյա գանգրահեր աղջնակ, մանկապարտեզ ոտք եմ դրել ու թոթովախոս լեզվով արտասանել «Ես իմ անուշ Հայաստանի» անգերազանցելի ձոնը` նվիրված մեր Մասյաց սարին։
Հետո եմ ճանաչել Եղիշե Չարենցին։
Մի քիչ ավելի ուշ փորձել եմ ճանաչել Հրանտ Թամրազյանին։
Երեք գագաթ. անհաս լեռնագագաթ, ոգեղեն պոեզիայի գագաթ և գրականագիտության խոսքաշեն գագաթ։ Անբաժան գագաթներ։ Քանզի ոչ ոք այնպես չի տեսել Եղիշե Չարենցի պոեզիայի խորքերը, ինչպես հայ գրականության մեր դասախոսը` ընկեր Հրանտ Թամրազյանը։
Ոչ ոք այնպես խորությամբ չի մատուցել մեզ Եղիշե Չարենցի անգերազանցելի պոեզիան, ինչպես ընկեր Թամրազյանը։
Չնսեմացներով չարենցագետ որևէ մեկի գրական վաստակը` խոստովանենք. Հրանտ Թամրազյանը մեկն էր, միակը, բոլորինս և յուրաքանչյուրինս` առանձին-առանձին, մեր չափով, աստվածապարգև սիրո ընկալման մեր չափով։ Եվ ճակատագրով երջանկություն էր, որ հենց համալսարանի կամարների ներքո հանդիպեցինք իրեն։
Ինչ լավ էր, որ մենք ընկեր Թամրազյանին հանդիպեցինք, երբ մի քիչ ավելի հասուն էինք։
Համալսարանն ավարտելուց հետո ես չեմ վերադարձել պատուհանից Չարենցի փողոցին նայող մեծ լսարան, որ հիշողությանս մեջ մնացած պատրանքը չցրվի, լսարան, որի մուտքի մոտ հավաքվում էին մեր կուրսի բարձրահասակ տղաներն ու սպասում ընկեր Թամրազյանի գալուն։ Սպասում, որ Մեծի հետ մի քանի բառ փոխանակեն, որ իր առջև բացեն լսարանի դուռը, որ տեսնեն, թե ինչպես է տիրաբար ներս մտնում լսարան ու մթլոլորտը լցնում իրենով։ Այսպես ամեն անգամ, երբ օրը, ժամը իրենն էր դառնում` իր ներկայությամբ, խոսքով, կապույտ հեռուներին նայող ծովագույն, պարզ, վճիտ հայացքով։
Չեմ կարծում, թե Հրանտ Թամրազյան գրականագետին, դասախոսին հանդիպած որևէ ուսանող տպավորված չլինի նրա խոսքով, որ երբեմն մեզ մեր ակունքներն է տարել, երբեմն` ազգային անվտանգության ներքնահարկերը, երբեմն` Եղիշե Չարենցի կապույտ հեռուները։
Նրա դասախոսությունների ընթացքում մեր առջև բացվել են Չարենցյան ակունքները։ Եվ ամենակարևորը` նա առաջիններից էր, որ տեսել, գիտակցել էր Նաիրյան պոետի մեծությունը և մեր առջև բացել այդ գաղտնարանները։
Ինքն էլ գիտեր, զգում էր, տեսնում, որ հիացած ենք իր խոսքով, իր մեկնությամբ ու մի տեսակ նեղվում էր դրանից։ Չէ՞ որ մեր վերաբերմունքը հորդուն էր, անկեղծ, միայն իրենը և միայն մերը։
Ախր, ինչպե՞ս կարող էիր չսիրել մարդուն, որ հոգու ամենանուրբ թելերով էր զգում մայր գրականությունը։
Գնահատենք գրականությունը խորապես ընկալող և ճանաչող մեր բոլոր նվիրյալներին ու խոստովանենք. գրականագետ Հրանտ Թամրազյանն ուրիշ էր, շա՜տ ուրիշ, բոլորից տարբերվող։
Դժվար է ամբողջացնել նրա կերպարը, քանզի նրա ներաշխարհում այն տարիներին մեզ համար անըմբռնելի, անմեկնելի շատ շերտեր կային դեռ։
Այդ ինչպե՞ս կարող էր Տավուշ աշխարհի գողտրիկ անկյուն Աչաջուր գյուղում ծնված, այդ զուլալ, անապական շնչով այդպես էլ չհագեցած մարդը այդպես խորությամբ ընկալեր այդ աշխարհը։
Ընկեր Թամրազյանի ձայնն է ականջներումս, հայացքիս առջև` լսարանը, ուր քար լռություն էր, երբ նրա ձայն էր ալիքվում, ինքն էլ ոգի էր դառնում, ոգեղեն, ինքնամոռաց։
Լսում էինք նրան և այն օրերին չէինք էլ պատկերացնում, որ չբաժանված` կարոտելու ենք նրա գեղարվեստ խոսքին։ Խոսք, որ սովորական դասախոսություններ չէին, այլ կյանքի, իմաստնության ուսանելի, չմոռացվող դասեր։
Խոր աշխարհընկալմամբ էր ընկեր Թամրազյանը ներկայացնում գեղեցիկը գրականության մեջ, հիմնավորելով, որ այն պարզապես չենք կարող չտեսնել, իրավունք չունենք։
Այնքա՜ն շատ էր սազում ակադեմիկոսի կոչումը նրան, այնքա՜ն համահունչ էր իրեն, իր ներաշխարհին, իր կեցվածքին։
Հրանտ Թամրազյանի օգնությամբ ու նրա շնորհիվ մենք սկսեցինք Եղիշե Չարենց հասկանալ, ընկալել նորովի։ Այնքա՜ն բան իմացանք նրա անհուն, անհատակ պոեզիայի ալիքվող, հեղեղվող աշխարհից, ընկեր Թամրազյանին այնպես դարձրինք մերը, ընկեր Թամրազյանն այնպես սահուն Չարենցին դարձրեց մերը։
Հիմա էլ, երբ առիթի դեպքում լինում եմ Տավուշ աշխարհում, իրեն եմ փնտրում, իր կապու՜յտ-կապու՜յտ հայացքը` սևեռված մանկության լեռներին ու սարերին թիկնած ծովածավալ երկնքին։ Ասես զգում եմ նրա պոետիկ ներկայությունը։
Մեր ուսումնառության տարիներին ընկեր Թամրազյանը հայ խորհրդային գրականության ամբիոնի վարիչն էր։ Հայտնի` որպես Շիրվանզադեի գիտակ, որ դարձել էր նրա ատենախոսությունների ուսումնասիրության ատաղձ։
Դրան հաջորդել էր արևմտահայ քնարերգուների, մասնավորապես` Մեծ եղեռնի զոհ դարձած հայ բանաստեղծների` Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի ստեղծագործությունների արժևորմումը։
Այսպես, առաջինների թվում հայ գրականության մեջ նա յուրովի էր բարձրացրել հայոց ցեղասպանության խնդիրը։ Գրականագետի այս մոտեցումը հայ գրականության ցեղասպանական֊ աղբյուրագիտական արժեք ունի, ճանաչողական արժեք, չէ՞ որ այսօր ևս վտանգված է ոչ միայն մեր ազգի և պետության ճակատագիրն ու հող հայրենին, այլև պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու վտանգն է կախվել հայոց գլխավերևում։
Դեռ այն` հեռավոր 80-ականներին էր Հրանտ Թամրազյանը տեսնում այդ վտանգը, մեզ` իր ուսանողներին պարզաբանում` գու՞ցե հեռատես ու ազգի ճակատագրով մտահոգ հայի հայացքով տեսնելով այսօրը։
Գրականագետը դեռևս այն օրերին էր խորացել հայոց ճակատագրում։
Նրա գրիչի տակ այլ, նորովի գնահատական էին ստացել ազգային անվտանգության զնդաններում հոգեխեղդ` 1930-ական թվականներին զոհված կամ բռնադատված գրողներն ու բանաստեղծները, որոնց արյունոտ ճակատագրերի խորքերում էր թաթախվել նրա խոսուն գրիչը և լճացել նրա կապույտ խորքերում։
Հրանտ Թամրազյանի պես մեծության գրականագետը չէր կարող այդ խորքերը չթափանցել, չէր կարող արդարացի գնահատական չտալ մարդասպան այդ ողբերգությանը, ուր բռնադատվել բառը մի ամբողջ տաղանդավոր սերնդի ճակատագիրն ու գիրն էր խեղել։
Չէր կարող մեզ` իր Զորիկ որդու համակուրսեցիներին չիրազեկել այդ ամենին։
Դեռևս մեր ուսումնառության տարիներին նրա ջանքերով համալսարանում կազմակերպվում էին «Չարենցյան ընթերցումներ»։ Համալսարանի 7-րդ հարկի դահլիճում անցկացվող այդ նստաշրջաններին իր խորհրդով մասնակցում էինք մենք։
«Գնացե'ք, հայոց լեզվի բառագանձի շքեղությունը վալելելու, գեղարվեստական խոսք լսելու։ ՈՒրիշ որտեղ, եթե ոչ հայոց համալսարանում պիտի լսեք այն». որպես հորդոր էր հնչում նրա խոսքը գիտական այդ նստաշրջանների
օրերին։
Գնում էինք «Չարենցյան ընթերցումների», գնում էինք սիրով, գնում` արևմտահայ քնարերգուներին, մեծ եղեռնի նահատակ բանաստեղծներին ավելի մոտիկից ճանաչելու, 1930-ականներին բռնադատված Եղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի ողբալի ճակատագրերին ծանոթանալու։
Ի վերջո, իր շուրթերով` արդեն վաղուց «աղոթք դարձած» Եղիշե Չարենց վայելելու։
Հիրավի, այն պատեհ առիթ էր և մի նոր քայլ մեր` որպես մասնագետ մեր կայացման ճանապարհին, որ մեր ականջը սովորեր մեր հոգու պրիզմայով անցկացնել գրական շքեղ հայերենը, որին այնպես վարպետորեն էր տիրապետում ինքը` բառուբանի բոլոր շերտերով ու երանգներով։
Այդտեղ առաջին անգամ իր գործընկեր գրականագետներից լսեցինք արխիվային հուշեր, պատմություններ Մեծն Չարենցի ողբերգական ճակատագրի մասին` հար նման իր ժողովրդի ճակատագրին։
Լսեցինք նաև հայտնի գրականագետների գնահատող, արժևորող խոսքը Հրանտ Թամրազյանի մասին։
Այստեղ իմացանք նաև, որ դեռևս 1951-ին է Հրանտ Թամրազյանը կարևորել Վահագն Դավթյանի և Պարույր Սևակի մուտքը գրական աշխարհ։ Եվ նրա աչքից չէին վրիպել գրականության անդաստանում հետագայում ինքնատիպ խոսք ասած այդ բանաստեղծները։
Իմացանք, որ առաջինների թվում ինքն է կարևորել նրանց գալուստը` այն ժամանակ արդեն հեղինակավոր «Ավանգարդ» պարբերականում։
Գրել է խոսուն հոդվածներ, կերտել գրական դիմանկարներ, որոնցից յուրաքանչյուրը, ասես, խոսքի կտավ է` նրանց համար գրական ճանապարհ հարթող խոսք։
Հիմա էլ թերթում ես դրանք ու զարմանում` որտեղի՞ց այդ փխրուն ներաշխարհով մարդու մեջ այդպես ճշմարտացիորեն գնահատելու, գրականագիտական թելը մտքից բաց չթողնելու աստվածատուր ունակությունը, երբ հորդորել էր` գուրգուրել այդ գրական ծիլերին։
Նրանց մասին իր բազմաբովանդակ դասախոսություններին էլ երբեմն թռուցիկ անդրադառնում էր։
Եվ որ ավելի զարմանալի էր` այդ ե՞րբ էր հասցնում։
Խոստովանեմ. նրա` Պարույր Սևակին և Վահագն Դավթյանին իր դասախոսությունների ընթացքում միջանկյալ թվացող խոսքով ճանաչեցինք ու ավելի սիրեցինք։ Առիթը բաց չէր թողնում զուգահեռներ անցկացնելու, «ճանաչել տալու» նրանց։
Շատերն են խոստովանել. «Բեղուն գրիչ ուներ Հրանտ Թամրազյանը»։ Վկա` խորագիտակ գրականագետի` գրականությանն առնչվող բազմաթիվ մենագրությունները։
Ինքն էլ իր գրիչով խոսքի տիրակալ էր` մեր հոգիները սիրուն, առինքնող հայոց բառուբանով լցնող քնարերգակ։
Ապրելով ու դաստիարակված լինելով խորհրդային երկրում, կրելով նրա ազդեցությունը` նա փորձեց ոչ միայն դուրս գալ այդ կապանքներից, այլև փորձեց մեզ կողմնորոշել։ Եվ դա նկատելի էր անգամ այն տարիներին, երբ մենք իր ուսանողներն էինք, ԽՍՀՄ կոչված զնդանը` լճացման ճահճի մեջ խեղդվող։
Մի ուրիշ խորհուրդ էլ ուներ ընկեր Թամրազյանի դասավանդած հայ գրականության քննությունը։ Մենք կարծես ասելու ոչինչ չունեինք, ինքը ամեն ինչ գիտեր Եղիշե Չարենցի մասին։
Լուռ ունկնդրում էր մեր խոսքը` իր համար ճշտում, թե որքանով է Եղիշե Չարենցը մերը դարձել։ Իսկ մեր ասմունքը վայելում էր` փնտրելով չարենցյան ոգին մեր ձայնի ելևէջներում։ Եվ երանի մեզ, նրանց, որոնց պատասխանի պահերին նրա ծով աչքերը ժպտում էին։
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր. սրանք ընդամենն իր կոչումներ էին, որ Հրանտ Թամրազյանը կրեց շուրջ կես դար` հայ գրականագիտության մեջ իր պատվարժան դերը կատարելով։
Գրականագետների սերունդ է կրթել ու դաստիարակել ընկեր Թամրազյանը։ Այնպես, որ իր արժանավոր ուսանող և գործը շարունակող Սերժ Սրապիոնյանը մի անգամ մեր զրույցի ընթացքում իր մասին խոսելիս ասես ամոթխած աշակերտ լիներ։
Այո՛, այդպես պիտի գնահատել մեծին։
Այդպես մենք` տասնամյակների հեռվից, այսօր էլ կարծես լսում ենք նրա ձայնը` այնքա՜ն հարազատ, այնքա՜ն մերը։
Իսկ իր թողած գրականագիտական֊-ճանաչողական գրավոր ժառանգությունը մի խորան է, ուր պիտի խոնարհվենք մենք և հայ գրականությունը սիրող, գնահատող ու արժևորող գալիք սերունդները։
Չէ՞ որ ժամանակը ոգեղեն խոսքի առաջ լռում է ու ծնկի գալիս։
Իսկ Հրանտ Թամրազյանի խոսքը ավելի քան ոգեղեն էր։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Լուսանկարը` համացանցից։