Ես կարդում եմ նրան ու ասում․ - Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի , Գյոթեի հետ մի օր հավասար՝ նստել է քեֆի․․․
Ե․Չարենց
Այսօր ես որոշեցի Թումանյանի քառյակների մասին խոսել։ Բանաստեղծն իր գրական զարգացման ողջ ընթացքում ձեռք բերած փորձով, բանաստեղծական որոնումներով, աշխարհի ու մարդու մասին մտորումներով նախապատրաստվել է քառյակներին ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում։ Նա իր կենսափորձն ու ստեղծագործական նվաճումներն ամփոփել է քառյակներում, որոնք չորս տողի, երբեմն մեկ բառի մեջ կարողացել են արտահայտել անսահման լայն բովանդակություն։
«Թումանյանի ամեն քառյակ մի ուրույն աշխարհ է, մի առեղծվածի վրա բացված պատուհան,- ասում է Հր․ Թամրազյանը ու հետո շարունակում․ «Դրան զուգընթաց քառյակների մեջ կերպավորվում է նաեւ բանաստեղծը՝ այդ արարիչ անհատը՝ աշխարհի հետ ունեցած կապերով, ցավերով ու երազներով, բախտի քմայքներով»։
Իսկ Էդ․ Ջրբաշյանի ընկալմամբ «Բանաստեղծական փոքրածավալ ձեւի սահմաններում Թումանյանը հասավ համամարդկային ընդգրկումների՝ հասարակության, բնության եւ համածավալ տիեզերքի հետ մարդու հավերժական կապերի առավել խոր ըմբռնման եւ իմաստավորման»։
Լևոն Հախվերդյանը դրանք անվանում է «հիմն-ռեքվիեմ, որ բանաստեղծը հնչեցրել է անհունին ձուլվելուց առաջ»։
Իսկապես տպավորիչ են քառյակները, չափազանց խոր ու բովադակությամբ համապարփակ, (նորից կրկնեմ Թումանյանին)՝ «աչքի պես պարզ ու աչքի պես բարդ»։
Ավ․ Ահարոնյանը Թումանյանին իրավացիորեն անվանում է հայկական Օմար Խայամ։ Նա անհատական ցավի երգիչ չէր․ նրա վիշտը չէր ծնվում ներքին խռովքից ու փոթորկումներից, այլ տիեզերական էր, համամարդկային ընդգրկում ուներ և միևնույն ժամանակ հայրենական էր։ Եվ եթե համամարդկային ցավը ներկայացնելու համար այլ հանճարներ հատորներ էին գրում, ապա հայկական լեռների հանճարեղ զավակ Թումանյանն այն կարողացել է ամփոփել երկու տողում․
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան,
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան։
Հեշտ գործ չէ քառյակ գրելը․ Թումանյանը երկար ճանապարհ է անցել (այսպես ասենք)՝ իր մեջ եղած փիլիսոփային հայտնագործելու համար։ Ահա թե ինչու կյանքի ավելի երիտասարդ շրջանում ռուսական և արևմտյան գրականությամբ հրապուրված բանաստեղծը թեքվում է դեպի Արևելք՝ դեպի իմաստության աղբյուր։ Անգամ կենսակերպն է փոխվում։
«Իր առանձնասենյակում՝ թախտի կողքին, որի վրան քնում էր, պատից կախել էր կարմիր փայտից ծաղկազարդ, ծրարի նման մի թղթապանակ՝ թուղթ ու մատիտի հետ, գիշերները գրում էր, մեջը գցում»։
«Պատշգամբում՝ դուրսը, նա պարապելու մի հարմար անկյուն էր սարքել․․․ Նստած էր իր փոքրիկ սեղանի առաջ՝ ճոճաթոռում, արևելյան ոճի խալաթով և թասակը գլխին»,- պատմում է դուստրը՝ Նվարդը։
Ինքը՝ Թումանյանը, քառյակների մասին ասում է․ «Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստության, վեհության»։
Մինչ այդ Մետեխի բանտում 1909 թ, երբ լրացել էր քառասուն տարին, նա գրեց «Վայրէջք» բանաստեղծությունը։
Սա կարծես նախապատրաստություն էր քառյակների համար։
Հին հույներն այդ տարիքը համարում են հոգեկան ուժերի զարգացման բարձրակետ։
Քառասունից հետո՝ կյանքի երկրորդ կեսին, ըստ հին պատկերացման՝ սկսվում է մարդկային կյանքի վայրընթաց ուղին, բայց բանաստեղծության մեջ այն ֆիզիկական երևույթ չէ։
Վայրէջքի աշխարհզգացողությունն այստեղ հոգեկան ուժերի վերելք է։
Մարդը ձերբազատվում է հոգին ճնշող նյութականից, փառքից, գանձից, քեն ու նախանձից, ամեն տեսակ գայթակղություններից՝ հասնելով «հոգու խաղաղության»։ Քառյակներում ավելի քան ակնհայտ է այդ վերելքը, որ տանում է դեպի տիեզերական անհայտություն, և ուր ես-ը մոռացվում է, ձուլվում անճառ տիեզերքի հետ։
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ․
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի՝ տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
Թումանյանը կարծես խոսք է բացել մեզ հետ աշխարհի բարձրաբերձ տանիքից՝ տիեզերքի գագաթից և հանգիստ ու իմաստուն խմում է նրա կենացը․
Էս է, որ կա․․․Ճիշտ ես ասում․ թասդ բեր,
Էս էլ կանցնի հնց երազում․ թասդ բեր,
Կյանքն հոսում է տիեզերքում․ թասդ բեր,
Մեկն ապրում է, մյուսն՝ սպասում․ թասդ բեր։
Երկնավորից բանաստեղծը շնորհ է ստացել շռայլորեն և նույն շռայլությամբ էլ բաշխում է, շաղ է տալիս այդ շնորհը։ Բայց նա պատասխանատու է զգում իրեն վերապահված այդ շնորհի համար նույն Երկնավորի առաջ․
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե ո՛վ Շռայլ, թե ինչքան ես տվել ինձ,
Ինչքա՜ն շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Թվում է՝ բանաստեղծը տիեզերքից պոկված աստղային մի ցոլանք է, որ երկիր է իջել լուսավորելու մարդկանց հոգիները, սեր, բարություն, լույս սերմանելու և իր առաքելությունը ավարտելուց հետո դարձյալ վերադառնալու է ձուլվելու է տիեզերք՝ ձուլվելու նրան։
Թումանյանը քառյակները համարում է «շատ ուժեղ շտրիխներ», իր «հոգու կենսագրություն»-ը։
Նա նկատում է, որ «․․․լավ քննադատի համար հոգեբանական ու գեղարվեստական խորասուզումեր, վերլուծություններ անելու շատ ավելի բան քառյակներն են տալիս, քան որևէ մեծ գործ։ Քառյակները շատ վտանգավոր բաներ են բանաստեղծի համար, մանավանդ՝ քննադատի»։
Իննսունական թվականներին Թումանյանի «Հազարան բլբուլ» պոեմը նրա ողջ ստեղծագործության ամփոփումը պիտի լիներ, բայց մեր երազանքի հեքիաթային հազարան բլբուլը մուտք չգործեց հայոց աշխարհ։ Բանաստեղծի պայծառ լավատեսությունը տեղի տվեց իր ժողովրդի գլխին եկած արհավիրքի առաջ։
Բերանն արնոտ մարդակերը էն անբան,
Հազար դարում հազիվ դարձավ մարդասպան,
Ձեռքերն արնոտ դեռ գնում է նա կամկար,
ՈՒ հեռու է մինչև մարդը իր ճամփան։
Իր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագրից անակնկալի եկած մեծ բանաստեղծի համար խորթ էր, սակայն, հոռետեսական տրամադրությունը։
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜- քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ,
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
Սիրելի՛ ընկերներ, գիտեմ, որ Թումանյանի քառյակները շատերին հոգեհարազատ են, ուստի այստեղ կանգ եմ առնում՝ ակնկալելով, որ դուք կշարունակեք՝ նոր քառյակներ ավելացնելով:
Վերլուծել հարկավոր չէ:
Կանխավ շնորհակալ եմ։
Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ