Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Նոր աշխարհակարգը ձևավորվելու է ուկրաինական պատերազմի ավարտական արդյունքների հիման վրա

Նոր աշխարհակարգը ձևավորվելու է ուկրաինական  պատերազմի ավարտական արդյունքների հիման վրա
10.12.2025 | 12:36

Ինչու՞ եմ հաճախակի գրառումներ անում ուկրաինական պատերազմի մասին: Պատճառն այն է, որ նոր աշխարհակարգը ձևավորվելու է միմիայն այս պատերազմի ավարտական արդյունքների հիման վրա: Որովհետև նոր աշխարհակարգում նոր գծված բաժանարար գծերով է պայմանավորված նաև Հայաստանի և նրան հարող տարածաշրջանի ապագան և զարգացման հնարավորությունները: Այսօրվա մտորումներից ցանկանում եմ կիսվել Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորության մասին իմ կանխատեսումներով: Մի բան ակնհայտ է, որ պատերազմի ավարտը կլինի այս հանդիպման արդյունքում կնքված փասթաթուղթը: Սրան հաջորդում է մյուս իրողությունը: Այդ հանդիպումը նույնիսկ տեսականորեն պատկերացնելը շատ դժվար է: Պուտինը չի ընդունում Զելենսկու լեգիտիմությունը, վերջինս էլ Կրեմլի առաջնորդին ներկայացնում է որպես բռնապետ և մարդատյաց: Ուկրաինայի սահմանադրությունը չի նախատեսում տարածքային-սահմանային փոփոխություններ, իսկ Ռուսաստանը արդեն ընդունել է իր տարածքներին Ղրիմի և Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացման օրենքները: Ցանկացած միջազգային իրավական ակտի կնքումը Պուտինի հետ կործանարար է լինելու Զելենսկու համար: Եթե իշխանափոխության սցենարը Կիևում գործի դրվի, ապա նոր նախագահական ընտրություններն ու սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող են մի կես տարի ժամանակ խլել: Այդ ընթացքում ռազճակատի փլուզումը ավելի հավանական է դառնում, և բացառված չէ Խարկովի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի անկումը: Թրամփի շտապողականությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով, որովհետև Ուկրաինային Սև ծովից կտրելը Ռուսաստանին կդարձնի սևծովյան տարածաշրջանի հեգեմոնը, որն էլ իր հերթին խիստ անցանկալի է Արևմուտքի համար: Թրամփ-Պուտին պլաններին կոշտ հակադարձում է Սթարմեր-Մակրոն-Մերց եռյակը, իսկ Զելենսկին մնացել է մեջտեղում և անելանելի կացության մեջ: Փաստացի՝ ժամանակն աշխատում է հօգուտ Ռուսաստանի, որն անընդհատ ընդլայնում է գրաված տարածքները և ոչ մի զիջման չի գնում տարածքային հարցում: Պարզ տրամաբանությունը հուշում է Կիևում ժամանակավոր կառավարության կազմման անհրաժեշտությունը և Թրամփի հետ համագործակցության հրամայականը: Հակառակ դեպքում, կորուստները կարող են ավելին լինել:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ