Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Դասեր` քաղած Մայր Աթոռի վրա հարձակումից. ի՞նչ անել

Դասեր` քաղած Մայր Աթոռի վրա հարձակումից. ի՞նչ անել
30.12.2025 | 11:51

Հարկ է որոշ դասեր քաղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա դեկտեմբերի 18-ին կատարված հարձակումից: Եկեք փորձենք վերհանել դրանք.

1. Կատարվածը մեր նորագույն պատմության մեջ առաջին սրբապիղծ ոտնձգությունն էր մեր հոգևոր գլխավոր սրբության՝ Քրիստոսաէջ Մայր Տաճարի հանդեպ, այն էլ աղոթքի ժամանակ, ինչը չէր եղել նույնիսկ ՆՀՆՀ-ի կողմից 2018թ.՝ վեհարանն ասպատակելու ժամանակ: Իսկ Մայր Տաճարն Աստծո տունն է, որը լցված է Տիրոջ փառքով (Բ Մնաց. 7:2-3):

2. Սակայն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միայն շինություն չէ, այլ կենդանի մարմին է՝ Քրիստոսի Մարմինը, որի գլուխը Ինքն է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը (Ա Կորնթ. 12:27, Եփես. 1:22-23; Կող. 1:24): Այսինքն, հարձակումը մեր Տիրոջ Մարմնի վրա, մեր ուղղափառ հավատի, առաքյալների ու Լուսավորչի դրած հիմքերի վրա էր: Իսկ, թե ով է Աստծո Եկեղեցու թշնամին, որ որոմներ է ցանում, բոլորս գիտենք. սատանան իր դիվային լեգիոններով ու կամակատարներով (Մատթ. 13:39):

3. Թադեոս առաքյալի ու Լուսավորչի Գահակալի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թիրախավորումը զուտ քողարկված մի կեղծավոր քայլ է՝ շեղելու ու թմրեցնելու մարդկանց ուշադրությունը եկեղեցին զավթելու իրենց նենգ ծրագրից. «… որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն» (Մատթ. 26:31): Քանի որ, եթե բացահայտ կերպով գործեն և իրենց դիվային ու քայքայիչ ծրագրերը հայտնեն, ապա բազում թույլ և մոլորյալ հոգիներ այդ պահից սկսած՝ կարող են ետ կանգնել:

4. Հոգևոր բախման ու պառակտման խրամատը մինչև Մայր Տաճարի դռան շեմ հասցվեց: Հայ ազգի համար այդ օրը մի շարք անխախտելի կարմիր գծեր հատվեցին: Եվ ազգի մեղքի, հոգևոր անկումի ստորաքարշ նշաձողը մեր ձեռքերով ստորագույնին իջացվեց: Աննկատելի կերպով քանդում ենք մեր նվիրական սրբությունների հանդեպ պատկառելի սահմանները: Բայց սա դեռ վերջը չէ: Պետք է սպասել ու պատրաստ լինել ավելի նենգադավ, եկեղեցակործան ու ազգակործան քայլերի: Այս համընդհանուր հիստերիայի մեջ դժվար թե ականջ ունենանք ու լսենք և աչք ունենանք ու տեսնենք ողջամտության կոչերն ու նշանները: Այսուհանդերձ. «Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ» (Սաղմ. 25.1):

5. Դժվար չէ կռահել, որ գրոհը կազմակերպողների նպատակը Կաթողիկոսին նամակ փոխանցելու պատրվակով Վեհարանը գրավելն էր: Նրանք փորձել էին դա կատարել, այն պահին, երբ գրեթե ողջ հոգևորաց դասը ուխտավոր աշխարհականների մի մասի հետ Մայր Տաճարում ընդհանրական աղոթքի՝ Երեկոյան ժամերգության էին և իրենց հաշվարկներով առանձնապես դիմադրության չէին հանդիպի: Բայց հաշվի չէին առել, որ. «Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստուի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու» (Սաղմ. 25.3):

6. Փառք Աստծո, Տիրոջ ողորմածությամբ ու Մայր Եկեղեցու հավատավոր զավակների զորակցությամբ Մայր Աթոռի վրա կազմակերպված գրոհն ընդհանուր առմամբ խաթարվեց. «Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան» (Սաղմ. 25.2):

7. Միայն Տիրոջ պահպանության շնորհիվ Տաճարից դուրս գտնվող հավատավոր զավակների դիմադրությամբ չի հաջողվել տիրադավներին ներթափանցել վեհարանի տարածք. «Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի» (Սաղմ. 22.2):

8. Հատկանշական է, որ տիրադավները, կարգալույծներն ու եկեղեցի, շինություններ զավթած հերձվածողները միավորվել էին և մեկ համակարգող կետից էին կառավարվում. «Հաւաքուեցին երկրի թագաւորները, եւ միաւորուեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու նրա օծեալի՝ ասելով. «Քանդենք նրանց կապանքները եւ թօթափենք նրանց լուծը մեզանից» (Սաղմ 2:2-3):

9. Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, և ընդհանուր առմամբ Հայ ազգը կանգնած է լրջագույն մարտահրավերի առջև: Վտանգված է Առաքելական Եկեղեցու հետագա Ուղղափառ ընթացքը: Օտար ուժերը փորձում են բիրտ ուժի, բռնաճնշումների, սադրանքների միջոցով զավթել Հայ Եկեղեցին ու կազմաքանդել նրա ինքնակառավարման համակարգը, և ի վերջո Քրիստոսին դուրս դնել մեր Եկեղեցուց, ինչը ոչ մեկին չի հաջողվել անցած 2000 տարվա ամենածանր հալածանքների ժամանակներում: Չի հաջողվի հիմա ևս, քանի որ. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը» (Հռոմ. 8:35):

10. Նպատակն ակնհայտ է` Եկեղեցին վերածել գրպանային, արտաքինից կառավարվող կիսաաշխարհիկ, բողոքականանման, մոդեռնիստական կցորդի: «Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է» (Ա Տիմ. 4:1-2):

11. Բոլոր՝ Եկեղեցին «նորոգելու» «բարի» մղումները սուտ ու կեղծ թեզեր են, սին, պատրանքային կամ միտումնավոր մոլորեցնող: Եկեղեցում գործում է Տիրոջ Սուրբ Հոգին և առանց Աստծո, զուտ մարդկային սխեմաներով, աշխարհիկ ալգորիթմներով ու մոտեցումներով անհնարին է դա իրագործել: «Դրա համար էլ Սուրբ Հոգին այսպէս է ասում. Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապըստամբի կենդանի Աստծու դէմ» (Եբր. 3:7-8):

12. Խուժանի կողմից ոտքի կոխան եղան Հայոց Կաթողիկոսների շիրիմները: Տերն Ավետարանում զգուշացնում է. «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն» (Մատթ. 7:6):

13. Մայր Տաճարը ասպատակողները հայհոյում էին Հոգևոր հայրերին` քահանաներին: Իսկ, «այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ» (Ա Տիմ. 6:5):

14. Մայր Տաճարի գլխավոր մուտքի դռները ենթարկվեցին հարվածների, բռնցքահարման: Իսկ դրանք նույնպես սրբություն են, շինության կարևոր մաս, մենք համբուրում ենք Եկեղեցու դռները, երբ մտնում կամ դուրս ենք գալիս այնտեղից. «Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին։ Երկու դռները մայրի փայտից էին, ամէն մի դուռը երկփեղկ էր, իսկ փեղկերը բացւում-փակւում էին ծխնիներով» (Բ Պետր. 2:12):

15. Աղաղակը, գոչյունը, սպառնալիքը, հայհոյանքը, լուտանքներն ու անեծքները դիվային ուժեր վերակոչող ու խտացնող հակաաղոթքի (ներսում՝ աղոթք, դրսում՝ հայհոյանք) նման սավառնում էին օդում և ավելի էին կատաղեցնում խաժամուժ ամբոխին. «Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով» (Գ Թագ. 6:33-34):

16. Իսկ Տաճարի ներսում արտասվալից, աղերսական ու ջերմեռանդ աղոթք էր լսվում, քանզի. «Իմ նեղութեան մէջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին պիտի հասնի» (Բ Թագ. 22:7):

17. Կարելի է կանխատեսել, որ Եկեղեցու դեմ ապստամբած աշխարհականների հետ միացած բարձրաստիճան կղերականների քայլերը հաջողելու դեպքում, սպասվում է հետևյալը. «Ժողովրդի իշխաններն ու քահանաներն էլ ամբարշտութիւններ արեցին, անօրէն եղան, բազմացրին իրենց պղծութիւններն աւելի, քան բոլոր հեթանոսները եւ նոյնիսկ պղծեցին Տիրոջ սուրբ տաճարը Երուսաղէմում» (Ա Եզր. 1:49):

18. Հիմա մեզ Աստված տանում է դեպի հալածանքներով, նվաստացումներով ու զրկանքներով պարտադրված ապաշխարության, քանի որ կամավոր կերպով չուզեցինք մեր մեղքերի համար ցավել, ափսոսալ ու զղջալ, դառնագին լալ ու Տիրոջից՝ հեծեծանքով ողորմություն աղերսել. «Նրանց հայրերի Աստուածն իր հրեշտակներին ու մարգարէներին ուղարկեց նրանց մօտ, որպէսզի դարձի գան, որովհետեւ խնայում էր թէ՛ նրանց եւ թէ՛ իր սուրբ տաճարը» (Ա Եզր. 1:50):

19. Աստված մի արասցե, եթե դարձի չգանք ու չապաշխարենք ու հանկարծ շարունակենք ամբարիշտ ընթացքով ոտնահարել մեր Սրբավայրը՝ Մայր Աթոռը: Այդ դեպքում մեզ սպասվում է վատթարագույնը. «Բայց նրանք արհամարհեցին Տիրոջ հրեշտակներին. այն օրը, երբ Տէրը խօսում էր նրանց հետ, նրանք ձեռ էին առնում եւ ծաղրում նրա մարգարէներին։ Տէրը բարկացաւ նրանց ազգի վրայ եւ նրանց ամբարշտութեան պատճառով նրանց դէմ բերեց քաղդէացիների թագաւորներին, որոնք սրով սպանեցին նրանց երիտասարդներին, նրանց արիւնը թափեցին սուրբ տաճարի շուրջը, չխնայեցին նրանց մանուկներին, կոյսերին, ծերերին ու նրանց երիտասարդներին» (Ա Եզր. 1:51):

Իսկ ի՞նչ պետք է անել գալիք պատուհասից խուսափելու համար սիրելի եղբայրներ և քույրեր: Շատերը մտածում են, որ իրենցից ոչինչ կախված չէ իրավիճակը փոխելու առումով, մյուսներն էլ հավակնում են միակ ճշմարիտ ուղով ընթանալուն: Եկեք դա էլ քննենք միասին.

20. Նախ, պետք է հստակ գիտակցել, որ ՄԻԱՅՆ ԲԱՐԻՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՂԹԵԼ ՉԱՐԻՆ. «Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին» (Հռոմ. 2:21):

21. Մարդկային բոլոր ջանքերը անզոր են, մարդկային սխեմաներն ու ծրագրերը դատապարտված են և ի վերջո, անտարակույս, շրջվելու են ըմբոստության ծրագրողների ու կատարողների դեմ. «Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ յաւիտենական Աստուածը, երկրի սահմանները հաստատող Աստուածը ո՛չ քաղց է զգում եւ ո՛չ էլ յոգնում, նրա իմաստութիւնն անքննելի է։ Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն» (Ես. 40:28-29):

22. Պետք է պարզապես հոգևոր արթնությամբ՝ համբերատար աղոթել, որպէսզի չարը հալածվի և կատարվի ու հաստատվի ԱՍՏԾՈ Սուրբ Կամքը, ճշմարտությունը բացահայտվի, քանի որ Եկեղեցու Նվիրապետական կարգին հնազանդվելու միջոցով է գործում Աստծո Սուրբ Հոգին և ոչ՝ հակառակության ու ապստաբության, որոնցով շնորհազուրկ է դառնում անձը կամ հավաքականությունը. «Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կըստանաք» (Մատթ. 21:22):

23. Սակայն աղոթքներն առ Աստված լսելի են երբ մարդու սիրտը մաքուր է, իսկ հոգին՝ խոնարհ (Սաղմ. 50): Տերն ինքն է սովորեցնում, թե երբ լսելի կլինեն մեր աղոթքները. «Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները» (Ես. 58:6):

24. Իրականում յուրաքանչյուր մարդուց շատ բան է կախված, թե ինչ է նա մտածում, խոսում, գործում, իր շուրջ ինչպիսի միջավայր է ձևավորում: Ամեն մարդու ապրած կյանքից, վերաբերմունքից, արժեքներից և մանավանդ մարդկանց և Աստծո հետ ունեցած հարաբերություններից է կախված նաև մեր ազգի հավաքական վիճակը: Ավետարանի ոսկե կանոնն է. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները» (Մատթ. 7:12):

25. Այս կանոնն այսօր համատարած խախտվում է, որը բերում է չարության, ատելության մաղձի կուտակման ու բազմապատկման: Մտնում ենք արատավոր շրջանի մեջ, երբ չարի գործիքակազմով ուզում ենք իրեն իսկ հաղթել, բայց ոչ մի կերպ չենք հաջողում: Հոգևոր պատերազմում սատանայի հնարքներին դիմակայում են միայն Աստծո զենքերով ու սպառազինությամբ (Եփես. 6:10-18):

26. Հնարավոր չէ պայքարել սատանայի դեմ իր իսկ մեթոդներով` ստով, հայհոյությամբ, մեծամտությամբ և քինախնդրությամբ, հպարտությամբ և նենգությամբ, ճշմարտությունը նենգափոխելով իսկ՝ սխալն ու սուտը ճշմարտություն ներկայացնելով: Պետք է խնդրել Տիրոջից Իր խաղաղությունը, ինչը տարբերվում է այս աշխարհի տված խաղաղությունից, որպեսզի մեր սրտերը չխռովվեն և չվախենանք (Յովհ. 14:26): Դարձյալ, պետք է աղոթքով հոգևոր արթնության և զգաստության մեջ լինել (Ա Թեսաղ. 5:6), զգոնություն և իմաստություն խնդրել (Խորհրդատետր):

27. Մենք պետք է ընկալենք, որ որպես Նոր Ուխտի Աստծո ընտրյալ ժողովուրդ, երբ հեռանում կամ առաջ ենք ընկնում մեր Արարչից, ամբարտավանանում, կուռքեր կերտում, տրվում մարմնական ցանկություններին, հոռի կրքերին, նյութապաշտությանը, թշնամանում ենք Աստծո հետ, որբանում ու պատուհասվում ենք. «քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն. քանզի մարմնաւոր խորհուրդը թշնամութիւն է առ Աստուած, որովհետեւ չի հնազանդւում Աստծու օրէնքին» (Հռոմ. 2:21):

28. Չմոռանանք, որ Մայր Տաճարի տեղում է իջել Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մուրճով հարվածել ու պատգամել նույն տեղում հիմնել իր Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով: Աշխարհում քանի՞ նման վայր գիտեք: Սա ոչ թե սին հպարտության, մեծամտության, այլ մեծագույն պատասխանատվության առիթ պետք է լինի մեզ համար: Հասկանալու մեր տեղն ու անելիքները, քանի որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի» (Յովհ. 2:17):

29. Մենք, որպես զավակ, պետք է ջանք գործադրենք փնտրելու ու ճանաչելու մեր Երկնավոր Հոր կամքը: Այն հստակ շարադրված է Սուրբ Գրքում, որը քչերն են կարդում ու կյանքի կոչում այսօր: Յուրաքանչյուրն այսօր կարող է իր Եկեղեցու, երկրի համար ներդրում ունենալ լսելով ու կատարելով Աստծո պատվիրաններն ու պատգամները, փոխելով ու սրբագրելով իր կյանքը: Եթե զավակը իր հորը չի լսում, խրատվում է տառապանքով ու նեղություններով, եթե հաշվի չի նստում, ապա ընտրում է պատիժն ու ցասումը՝ իր իսկ օգուտի համար. «Քանի որ Տերը, ում սիրում է` խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է» (Եբր. 12:6):

30. Պետք է հասկանանք, որ առանց Քրիստոս ոչինչ անել չենք կարող (Հովհ 15:5): Սկսենք ամենափոքրից: Օրինակ, չհայհոյենք, չանիծենք, սուտ չխոսենք, չնախանձենք, այլ զսպենք մեր լեզուն, օրհնենք, բարին գործենք, աղոթենք մեր անձերի ու միմյանց համար: Օրինապահության կոչվածները իրենց զուսպ պահեն, օրենքից դուրս քայլեր չանեն, նվաստացուցիչ բռնարարքներ չգործեն, չէ՞ որ իրենք կարգված են կարգ ու կանոն պահպանելու, ժողովրդին ծառայելու համար: Չէ՞ որ ցանկացած աղետ, արհավիրք վերաբերվելու է բոլորիս անխտիր, մտնելու է յուրաքանչյուրիս տուն և հպվելու է հասարակության բոլոր շերտերին: Միթե՞ պատերազմը, Արցախի կորուստը, շարունակվող սպառնալիքները մեզ խրատ չդարձան, որպեսզի հոգևոր թմբիրից արթնանանք:

31. Աստված նայում է մեր սրտերին, մեր հավատին ու այն նախանձախնդրությանը, որով մենք պատրաստ ենք պաշտպանել մեր սրբություններն ու մեզ քաջալերում է. «Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը» (Մատթ. 10:28):

32. Պետք է լինել Քրիստոսի եկեղեցու մեջ, հնազանդ լինել բոլոր կարգերին ու ապրել եկեղեցու կյանքով։ Սա նշանակում է քրիստոնեական կյանքով ապրել, տեսնել սեփական մեղքերը, զղջալ, խոստովանել, ապաշխարությամբ մաքուր սիրտ ձեռք բերել, սովորել Տիրոջից` ինչպես Ինքն ասաց. «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք» (Մատթ. 11:29):

33. Եթե Եկեղեցու ներսում ես, ե՛կ եկեղեցի այս կիրակի և հաջորդիվ, հաղորդ դարձիր Սուրբ Պատարագների խորհուրդին, ընդունիր Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Մի՛ եղիր անտարբեր, արթնացի՛ր, պաշտպանի՛ր քո սրբությունները, եթե անհրաժեշտ է նաև քո հավատի խորանում ներկա գտնվելով, երբ դրանք վտանգվում են: Դիմի՛ր Տիրոջը. «Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու։ Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ, եւ իմ փրկութեան ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապաւէնն ես դու» (Սաղմ. 30:3):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սիրելի եղբայրներ և քույրեր, միայն բարիով` Աստծով կարող ենք հաղթել չարին: Այլապես, ատելությամբ, չարախոսությամբ, բանսարկությամբ, բարկությամբ, հայհոյությամբ մենք միայն բազմապատկում ենք մեր հոգևոր ախտերը, ավելացնում մեր շուրջը պատած չարությունը, ուժեղացնում հոգևոր թշնամուն: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ այս հալածանքները դադարեն, իսկ երբ ավարտվեն բոլորս ամաչելու ենք մեր չար խոսքերի, հայհոյանքների եւ կատարած չար գործերի համար: Եթե մենք տկար ենք, ինքնուրույն չենք կարող հաղթահարել մեր ընկած վիճակը, ապա բավական է դա գիտակցենք ու դիմենք Տիեզերքի Գլխավոր Բժշկին` Տեր Հիսուս Քրիստոսին, և օգնությունը չի ուշանա: Իսկ դիմելու շատ պարզ ձև կա.

ՏԷ՛Ր ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս:

Աղերսում ենք ԴՈՒ քանդի՛ր մեր հոգիները, մտքերն ու սրտերը պատած չարի կապանքները։

Մղի՛ր մեզ հոգևոր արթնության ու սթափության:

Թախանձագին խնդրում ենք ողորմի՛ր Հայ ժողովրդին և մաքրի՛ր մեզ մեր մեղքերից, բուժիր մեր հիվանդությունները: Դու ես մեր միակ Հույսն ու Ապավենը։

Տեր, երկար կյանք տուր Հայրապետին եւ անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ԱՄԵՆ։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 186

Մեկնաբանություններ