Ի դեպ, ցմահ բանտարկության է ենթարկված մեր ողջ ժողովուրդը, քանզի առանց արժանապատվության համընդհանուր զգացողության կյանքը հենց բանտարկություն է:
Սրանք զգացմունքային, գեղարվեստական խոսքեր չեն, մարդկային կյանքի բնույթն է այդպիսին:
Ալիևը աշխարհի ամեն անկյունում հայտնում է, որ իր քմահաճությամբ հայերին ցորեն ու վառելիք է մատակարարվում, իհարկե, վճարովի, բայց կարծես ողորմություն...
Մենք չենք նկատում համազգային անտարբերությունն ու ապատիան, աշխարհի որ կետում էլ գտնվենք, այդ զգացողությունից խուսափել հնարավոր չէ: Այս աստիճան նվաստացմանը հարմարվելով, ոմանք տառապում են Ստոքհոլմյան սինդրոմով, անվերջ մխիթարանք են փնտրում խաղաղության ակնկալիքով, ոմանք հիասթափված ու անտարբեր են: Կարծես փող կա, խանութներում թանկ, բայց առատություն է, բոլորը ինչ-որ տեղ շտապում են, ճանապարհներին խցանումներ են:
Բայց այս ամենի մեջ լիաթոք ուրախություն չկա, հպարտություն ու արժանապատվություն չկա, համերաշխություն չկա:
Նորմալ է դարձել ամեն ինչ, ամեն մի ստորություն:
Եվ կապ չունի հայ մարդու սոցիալական վիճակը, ապրելու վայրը:
Սա է իրական բանտարկությունը, որը տանում է ավելի մեծ կորուստների...
Բաքվում դատապարտվածները, գտնվելով թշնամու ձեռքում, իրենց ավելի արժանապատիվ են պահում:
Մարդկային կյանքի հազարամյա պատմությունը հենց ազատության ու արժանապատվության մասին է, մնացածը մանրուքներ են: Նույնիսկ անհատական առումով ամենահարուստ մարդկանց երկրորդ, երրորդ սերունդներն արդեն իսկ մսխում են նյութական ժառանգությունը: Մնայուն են ոչ նյութական արժեքները, որոնք փոխանցվում են արյան հետ ու ձևավորում են տեսակ: Միայն արժանապատիվ ազգերն են կերտել հզոր պետություններ:
Ցմահ անարժանապատվությունը ցմահ բանտարկություն է:
Արա Արայան