Պատերազմում հաջողության հասնելու համար զինտեխնիկան, զենք-զինամթերքը պարզապես միջոց են, ոչ թե առավելություն։
Պատերազմում առավելություն է ստանում այն կողմը, որը կարողանում է այդ միջոցն օգտագործել նպատակային, ժամանակին և թիրախային։
Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմում կողմերը շատ լավ գիտեն այս կանոնի մասին, սակայն դժվար է ասել, թե կիրառում են, հատկապես՝ ԱՄՆ-ը։
ԱՄՆ-ը հենց առաջին օրվանից թիրախավորել է նաև քաղաքացիական որոշ օբյեկտներ՝ խաղաղրույքը դնելով քաղաքական գործոնի վրա, հույս ունենալով, որ Իրանի բնակչության շրջանում խուճապ, քաոս կստեղծի, ինչն էլ պարարտ հող կլինի ներքին անհնազանդության համար։
Իրանը ի սկզբանե խաղադրույք է արել ռազմական գործոնի վրա՝ թիրախավորելով կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, իսկ արդեն որոշ ժամանակ հետո նաև տնտեսական գործոնն է ավելացրել՝ թիրախավորելով նավթահորերը, նավթ տեղափոխող նավերը և այլն։
Ամենասկզբից ասել եմ, որ մենք ականատես ենք լինում մի նոր մարտավարության, որը մինչև հիմա չի կիրառվել Իրանի կողմից։ Քաղաքական գործոնով խաղադրույքը բազմիցս է օգտագործվել հենց ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ-ի ձեռագրի մեջ է մտնում նաև օդային հարձակումից հետո ցամաքային հարձակումը ռազմածովային և օդադեսանտային ուժերի կողմից։ Չեմ կարծում, որ Իրանի դեպքում այս ուժերի ներգրավումով հարց կլուծվի, քանի որ Իրանում իշխանությունը դեռևս ամուր է, դրա համար հնարավոր է ներգրավեն հենց ցամաքային ուժեր։
Ըստ իս, պետք է սպասել ավելի արյունալի բախումների։
Կարեն Հովհաննիսյան