Ցավալի մի հանգամանք եմ ցանկանում բարձրաձայնել։
Հայ ազգի ներսում երկար տարիներ ձևավորվել է վախի մթնոլորտ, որտեղ հասարակությանը մշտապես ներկայացվում են ծայրահեղ բևեռացված խոսույթներ․ մի կողմից՝ ընդդիմադիր շրջանակների այն պնդումները, թե իշխանափոխության դեպքում «հողերի պահանջ» պետք է դրվի և անխուսափելի կլինի պատերազմը, մյուս կողմից՝ գործող իշխանության այն մոտեցումը, որը ամեն գնով առաջ է տանում «խաղաղության օրակարգ»՝ հաճախ անտեսելով ազգային շահերի համակողմանի ու փուլային լուծման անհրաժեշտությունը։
Սակայն անհրաժեշտ է ընդգծել՝ հասարակությանը չի կարելի պահել հակադիր վախերի և միակողմանի խոստումների ազդեցության տակ։
Իմ դիրքորոշումը հստակ է․ ոչ մի քաղաքական խոսույթ չի կարող ինձ համար լինել գերակա ճշմարտություն՝ անկախ նրանից, թե այն որտեղից է գալիս։ Հասարակությանը հնարավոր է մոլորեցնել, սակայն ոչ միշտ և ոչ բոլորին։
Հողային և պատմական իրավունքների հարցերը պետք է դիտարկվեն բացառապես իրավական, պետական և միջազգային հարթակներում՝ առանց հապշտապ հայտարարությունների և առանց զգացմունքային ճնշումների։ Միևնույն ժամանակ, խաղաղության օրակարգը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն հիմնված է արդարության, փոխադարձ ճանաչման և լուծված հիմնահարցերի վրա։
Հասարակական վստահությունը չի կարող կառուցվել միայն հայտարարություններով․ այն պետք է ձևավորվի իրական, հետևողական և թափանցիկ գործողություններով։
Նարեկ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ