Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Խաղաղության իլյուզիան

Խաղաղության իլյուզիան
24.09.2026 | 17:07

Բաքուն հերթական անգամ շատ պարզ բան ցույց տվեց, որը Հայաստանում համառորեն որոշ շրջանակներ չեն ուզում տեսնել։

Հայաստանի իշխանությունը կարող է որքան ուզում է խոսել «խաղաղության անշրջելիության» մասին, փորձագետները՝ Բաքվի հետ հանդիպումները ներկայացնել որպես վստահության կառուցման ձեռքբերում, իսկ իշխանամերձ շրջանակները՝ համոզել, որ մենք մտել ենք «նոր տարածաշրջանային խաղաղություն»։

Բայց իրականությունը գեղեցիկ ձևակերպումներին չի ենթարկվում։

Բաքուն նույնիսկ հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը կարող է դիտավորյալ հետաձգել՝ պատճառաբանելով Հայաստանում Ադրբեջանի նկատմամբ ստեղծված «իրավիճակը»։ Ավելին՝ ադրբեջանական իշխանամերձ քարոզչությունը Հայաստանի պետական մարմիններին է վերագրում Ադրբեջանի դեմ իբրև տեղեկատվական գործընթացների կազմակերպումը։

Ու այս ամենից հետո Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք փորձում են համոզել, թե խնդիրը մեր հասարակության մեջ է, որը դեռ բավարար չափով չի «խաղաղվել»։

Սա արդեն քաղաքական միամտություն չէ։ Սա իրականությունից կտրվածություն է։

Բաքվի պահանջը միայն քաղաքական չէ:

Ադրբեջանի հետ հարաբերությունների այս գործընթացում ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե քանի հանդիպում է անցկացվել և քանի վայ փորձագետ է նստել նույն սեղանի շուրջ, քանիսն է չեղարկվել:

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է պահանջվում դրա դիմաց։

Բաքվի ներկայացրած քաղաքական ու պատմական թեզերի ամբողջությունը, ինչպես դրանք հրապարակային ձևակերպումներում ներկայացվում են, վերաբերում է ոչ միայն ներկա քաղաքականությանը։ Դրանք առնչվում են նաև հայկական պատմական հիշողությանը, ինքնությանը, Արցախի ընկալմանը և տարածաշրջանում հայկական ներկայության պատմական բնույթին։

Եվ հենց այստեղ է, որ «խաղաղության» օրակարգի տակ թաքնված վտանգը դառնում է ակնհայտ։

Եթե հայը պետք է «խաղաղության» համար հրաժարվի իր պատմական հիշողությունից, չխոսի Արցախից, չվիճարկի հայկական մշակույթի և պատմության վերաբերյալ ադրբեջանական կեղծ թեզերը, լռի իր կորուստների մասին և աստիճանաբար ընդունի իրեն պարտադրվող պատմական մեկնաբանությունը, ապա դա արդեն պարզապես քաղաքական զիջում չէ։

Դա ինքնությունից նահանջ է։

Բաքվի պահանջը, այս տրամաբանությամբ, պարզապես «ճանաչիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» մակարդակի հարց չէ։

Խնդիրն այն է, որ խաղաղության անվան տակ հայից կարող է պահանջվել ընդունել մի պատկերացում, որի մեջ սեփական պատմությունը, հիշողությունը և ինքնությունը պետք է վերաձևակերպվեն այնպես, որ չհակասեն Ադրբեջանի պատմաքաղաքական պատկերին։

Ադրբեջանը տարիներ շարունակ իր հասարակությանը կերակրել է մեր չգոյության թեզերով:

Իսկ դրան մենք պարտավոր չենք համաձայնել։

Խաղաղությունը չի նշանակում հայկական լռություն:

Ադրբեջանի քաղաքականությանը և պատմական թեզերին հակադարձելը պատերազմ չէ։

Հայաստանի շահերի մասին խոսելը պատերազմ չէ։

Սեփական պատմության, հիշողության և ինքնության պաշտպանությունը նույնպես պատերազմ չէ։

Եթե «խաղաղության» գործընթացում Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ Հայաստանում ինչ կարելի է ասել Ադրբեջանի մասին, իսկ հայկական որոշ շրջանակներ այդ սահմանափակումները ներկայացնում են որպես խաղաղասիրություն, մենք գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ դրա իմիտացիայի հետ։

Իսկ մեր «խաղաղության փորձագետները»…

Առանձին հարց է այն հայ վայ փորձագիտական միջավայրը, որը Բաքվի հետ հանդիպումները երբեմն վերածում է ինքնանպատակի։

Հանդիպեցին՝ լավ։ Խոսեցին՝ լավ։

Բայց ո՞ւր է հայկական օրակարգը։

Ի՞նչ են պաշտպանում այդ սեղանի շուրջ։

Որտե՞ղ է այն սահմանը, որից այն կողմ «խաղաղասիրությունը» վերածվում է սեփական շահերի և ինքնության նահանջի։

Իրական բանակցությունը ենթադրում է երկու կողմ, որոնք ունեն սեփական դիրքորոշումը և պատրաստ են այն պաշտպանել։

Հակառակ դեպքում դա երկխոսություն չէ։

Դա մեկ կողմի օրակարգին մյուս կողմի հարմարվելն է։

Ամենավտանգավորը Բաքվի պահանջները չեն

Բաքվի դիրքորոշումը գաղտնիք չէ։

Ավելի վտանգավոր է այն, որ Հայաստանում այդ դիրքորոշմանը հակասող ցանկացած խոսք սկսում են ներկայացնել որպես «խաղաղության դեմ» քայլ։

«Մի խոսեք Արցախի մասին՝ խանգարում է խաղաղությանը»։

«Մի խոսեք պատմության մասին՝ խանգարում է խաղաղությանը»։

«Մի վիճարկեք ադրբեջանական պատմական թեզերը՝ խանգարում է խաղաղությանը»։

«Մի հիշեք ձեր կորուստները՝ խանգարում է խաղաղությանը»։

Իսկ վերջում մնում է մեկ պահանջ՝ լռեք, որպեսզի խաղաղությունը չխախտվի։

Բայց եթե խաղաղությունը հնարավոր է միայն այն պայմանով, որ հայը հրաժարվի իր պատմությունը հիշելու, իր ինքնությունը պաշտպանելու և իր պատմական հարցերը բարձրաձայնելու իրավունքից, ապա այդ խաղաղությունը արդեն իր անունը չի արդարացնում։

Խաղաղությունը չի կարող կառուցվել հայի ինքնության հաշվին։

Այս իշխանության ամենամեծ իլյուզիան այն պատկերացումն է, թե որքան ավելի զիջող, կանխատեսելի և հարմարվող լինի Հայաստանը, այնքան ավելի մեղմ ու խաղաղասեր կդառնա Բաքուն։

Բայց Բաքուն գործում է իր պետական շահից ելնելով։

Ադրբեջանն ունի իր օրակարգը, իր պահանջներն ու իր կարմիր գծերը։

Իսկ Հայաստանը ունի՞:

Եվ այդ օրակարգի առաջին կետերից մեկը պետք է լինի շատ պարզ բան՝ Հայաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը, իրավական հիմքերի վրա կարող է գնալ փոխզիջումների, կարող է խաղաղության պայմանագիր կնքել, բայց չի կարող խաղաղության կամ չկրակելու դիմաց հրաժարվել սեփական պատմությունից, հիշողությունից և ինքնությունից։

Որովհետև պետությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն ժամանակ, երբ կրակոցները դադարում են։

Այն կարող է կորցնել իր քաղաքական սուբյեկտայնությունը նաև այն ժամանակ, երբ բոլորը խոսում են խաղաղությունից՝ հասկանալով, որ այն պարզապես խաբկանք է։

Իսկ ժողովուրդը կարող է կորցնել իր ինքնությունը ոչ միայն այն ժամանակ, երբ նրան զրկում են հայրենիքից, այլ նաև այն ժամանակ, երբ նրան սովորեցնում են ամաչել սեփական պատմությունից և լռել սեփական հիշողության մասին։

Խաղաղությունը պետք է լինի պատերազմի բացակայություն, միջազգային իրավունքով, հարաբերությունների հաստատում, ոչ թե հայկական պատմության ու ինքնության բացակայություն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ