«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Քո ընտրյալի աշխարհընկալումները չեն համապատասխանում Հայ տեսակի պատվախնդրության նորմերին

Քո ընտրյալի աշխարհընկալումները չեն համապատասխանում Հայ տեսակի պատվախնդրության նորմերին
10.10.2026 | 14:13

Արի փորձենք խոսել՝ առանց հայհոյանքի, սիրելի ժամանակակից հայ բարեկամ։

Դու կարծրատիպեր ունես իմ տեսակի հայ մարդու վերաբերյալ։ Դու ինձ համարում ես ռուսամետ` ես Ռուսաստանից վտարված եմ քառասուն տարով` Արցախի վերաբերյալ ազգային կեցվածք դրսևորելու համար։

Դու ինձ համարում ես նախկին՝ ես Նախկիններին միշտ քննադատել եմ, մտիր նայիր իմ բոլոր գրառումները։ Ուղղակի այս մեկը, այս աղանդակիր թագակիր վարչապետ-վարակը բոլորին տվեց-անցավ, ու նախկինները սրա հիմարությունների պաստառի վրա սպիտակ աղավնիներ են երևում։

Դու ինձ համարում ես, երևի, կաշառակեր՝ ես անկախ Հայաստանում կաշառք ոչ տվել եմ, ոչ վերցրել։ Իշխանություն չեմ եղել, որովհետև զզվում եմ բոլոր տեսակի իշխանություններից ու իշխանավորներից, սակայն, հասկանում եմ, որ մենք պիտի կռիվ տանք մեր արդար ազգային պետությունը ստեղծելու համար։

Մոռացա՝ իննսունականներին, տակավին երիտասարդ՝ քսաներեք-քսանչորս տարեկան, սահմանամերձ Տավուշում եղել եմ իշխանություն, թքել դուրս եմ եկել։

Հիմա ինչու՞ ես քեզ չեմ հասկանում։ Ես քեզ համարում եմ չափից ավելի բութ ու անինքնասեր։ Ես չեմ կարող հասկանալ քեզ, որ Արցախը տալուց հետո թուրքը եկել կանգնել է քո քաղաքի գլխին, գրավել քո անձնական, պապական խոտհարքները, դու գնում ես ընտրում Արցախը տվողին։ Թուրքը մտնում է Շաքի, դու նրան ընտրել ես ու կընտրես։ Քո լոլիկը փչանում է դաշտում, քո տղան արդեն մի ամիս բաղնիք չի տեսնում Լարսի անցակետում՝ դու նրան ընտրել ես ու կընտրես։ Քո հերոսների պատկերները ջնջում են՝ դու կընտրես։ Հազարավոր մեր բալիկների զոհեցին, երբ կարող էին ազատագրած տարածքները տալ առանց պատերազմի և առանց Արցախը հայաթափելու, լքելու՝ դու նրան ընտրել ես ու կընտրես։ Նա ամեն օր քեզ խաբում է, մտնում քո գրպանը, քո մահվան փողն Է տանում քեզանից՝ դու նրան ընտրել ես ու կընտրես։ Ես քեզ ինչպե՞ս հարգեմ։

Ես փորձեմ քեզ պարզ ու նուրբ բացատրել՝ հարցը Փաշինյանի մեջ չի։ Հարցը նրա մեջ է, որ քո ընտրյալի աշխարհընկալումները չեն համապատասխանում Հայ տեսակի պատվախնդրության նորմերին։ Մենք եվրոպական նկրտումներով ասիական երկիր ենք։ Մեր հարևանը հնդիկն է, թուրքն է, քուրդը, պարսիկը, փուշտունը, բելուջին։ Այստեղ՝ Ասիայում, այդ մարդուն նայում են որպես բորոտի։ Ես այսօր նայեցի թուրքական երգի տակ նրա սրտիկը։ Հասկանու՞մ ես, իմ լավ հայրենակից, իմ տեսակի մարդը թուրքական երգ կյանքում չի լսել, իրեն թույլ չի տվել թուրքի հետ հաց կիսել, հարց քննարկել։ Իմ տեսակի մարդը թուրքի հետ կռվել է։ Երբ քո վարչապետը Թուրքմենիայից սրտիկներ է ուղարկում, էն մյուս ԱՊՀ ղեկավարները զսպում են իրենց, մի կերպ չեն ծիծաղում, ես էլ ամաչում եմ քո ընտրյալի փոխարեն, որովհետև ամոթ նա՛ չունի, իսկ ես ունեմ։

Այդ հեծանվորդի հագուստը Բելգիայում կարելի է հագնել, բայց ոչ Թուքմենիայում։ Օրինակ, ես կյանքում չէի հագնի, նույնիսկ եթե գնդակահարեին։ Բայց դու ժամանակակից ես, ասա՝ գուցե ես սխալվու՞մ եմ։ Գուցե պիտի Լուկաշենկոն ու Պուտինն է՞լ քիպ շորթեր հագնեին ու սրտիկներ ուղարկեին։

Նորից եմ ասում՝ հարցը Փաշինյանի մեջ չի։ Հարցը նրա մեջ է, որ նրա հայտարարած Հակառակ կողմի Հայաստանում Հայ մարդը տեղ չունի։ Եթե մարդը ուզում է Հայ լինել, վաղ թե ուշ հայտնվելու է բանտում։ Հասկանու՞մ ես։ Չգիտեմ՝ ինչպե՞ս բացատրել, որ դու հասկանաս։ Կան, որ ծախվում են փողի համար, կան` պաշտոնի։ Կան, որ` գողացածը պահելու համար վաճառվում-գունափոխվում են։ Կան, որ սատանա են, ուզում են քանդել մեր ինքնության սյունը` Եկեղեցին։ Ես այս սրիկաներին հասկանում եմ, ճանաչում եմ։ Բայց դու հասարակ, ազնիվ մարդ ես։ Քո տակ կտրում են քո ծառը։ Քեզանից տանում են քո Երկիրը։ Գյուղերը կամաց դատարկվում են։ Ղեկավարները տները Երևանում են առնում։ Չեն հավատում, որ Սյունիքը պահելու են։ Քո շահախնդրությունն ինչու՞մն է, չեմ հասկանում։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ