Վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրապարակած հոդվածը, որն ուներ «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագիրը:
Արմեն Գրիգորյանը մոտ ութ տարի եղել է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաներից մեկը։ Նա քաղաքական գործընթացների ներսում է եղել, մասնակցել է արտաքին քաղաքականության ձևավորմանը և լավ պատկերացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական սահմանափակումները։
Սակայն պաշտոնից հեռանալուց հետո նա առաջին անգամ հնարավորություն ունի նույն հարցերի մասին խոսելու առանց պետական պաշտոնյայի ինստիտուցիոնալ սահմանափակումների։
Հոդվածի հիմնական թեզը հետևյալն էր․ Հայաստանը չպետք է Ռուսաստանից կախվածությունը փոխարինի Եվրամիությունից կախվածությամբ, քանի որ այդպիսի քաղաքականությունը կարող է ոչ թե մեծացնել երկրի ինքնուրույնությունը, այլ հակառակ արդյունքն ունենալ։
Հոդվածը կառուցված է մի քանի հիմնական գաղափարների շուրջ, որոնք միասին ձևավորում են նրա արտաքին քաղաքական մոտեցումը.
Առաջին՝ ԵՄ անդամակցությունը Հայաստանի համար այս պահին իրատեսական հեռանկար չէ։
Երկրորդ՝ եվրոպական ինտեգրումը կարող է ավելի մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։
Երրորդ՝ Հայաստանը պետք է համագործակցի Եվրոպայի հետ, բայց չպետք է իր արտաքին քաղաքականությունը կառուցի ԵՄ անդամակցության շուրջ։
Իհարկե այս հոդվածում խնդրահարույց և կիսատ մնացած հարցեր շատ կան, որոնք ենթակա են ավելի մանրամասն պարզաբանման:
Ինչու հենց այս օրերին հրապարակվեց այս հոդվածը.
Ամենահետաքրքիրն այն է, որ այս հոդվածը հետևեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայստանում պետք է ձևավորվի նոր՝ «պետականակենտրոն ընդդիմություն»։
Սա նաև այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանում ակտիվացել է ԵՄ անդամակցության հարցի սահմանադրական ամրագրման շուրջ քննարկումը։
Այսինքն՝ նա ընտրել է ոչ թե երկրորդական թեմա, այլ իշխանության արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։