Քաղաքական «Կիկոսի մահը», կամ ինչու՞ են փորփրում 30 տարվա արխիվները
27.11.2026 | 12:00
Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունից հետո իշխանական զանգվածը հերթական հիստերիան է բարձրացրել, թե իբր՝ «Եթե այդքան պետականամետ ու հեռատես էիր, ինչո՞ւ Քոչարյանին բերեցիր Հայաստան»։
Պետականաշինությունը մոգություն կամ գուշակություն չէ, այլ կոնկրետ պատմական իրավիճակում կոնկրետ խնդիրներ լուծելու արվեստ։ 1997-ին Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելը նախևառաջ Արցախը մայր Հայաստանին կապելու, պատերազմում հաղթած երկրի ռեսուրսներն ու կառավարումը միասնական դարձնելու պետական քայլ էր։ Այն ժամանակվա որոշումը բխում էր պետության այդ օրվա օրակարգից, իսկ թե տարիներ անց Քոչարյանը կամ որևէ այլ գործիչ ինչ ընտրություն կկատարեր, յուրաքանչյուր մարդու անձնական քաղաքական պատասխանատվության տիրույթում է։
Առհասարակ, սա պրիմիտիվ մանիպուլյացիայի դասական ձեռնարկ է. երբ չունես որևէ հակափաստարկ այսօրվա իրական աղետների, օրեցօր սեղմվող բռնապետության և կործանարար Սահմանադրության դեմ, սկսում ես 30 տարվա վաղեմության փոշոտ արխիվներ փորփրել։ Բայց քաղաքական կարճատեսությունն ու պատմական անգրագիտությունը ոչ թե ուրիշի հեռատեսության պակասն են, այլ ձեր սեփական անօգնականության հայելին։
Հ.Գ. Կարծես քաղաքականությունն ընտանիքի օրինակով բացատրելը մոտս «ավանդույթ» է դառնում։
Դե, եկեք մտնենք ձեր ընտանիքներ։ Դուք, որ պլանավորում եք երեխա ունենալ, սկզբում «Կիկոսի մահը» հեքիաթո՞վ եք առաջնորդվում.
«Բա որ բերեմ մի որդի,
Ընկնի ճամփեն չարիքի,
Հոր օջախը ավերի,
Ինձ էլ դռնեդուռ թողնի»։
Կամ երբ ձեր հարևանի, բարեկամի ու ընկերոջ հետ եք շփվում, Վանգայի գուշակության գրքո՞վ եք առաջնորդվում, թե նա 10 տարի անց ինչ է անելու։ Եթե վաղը ձեր զավակը կամ ընկերը սխալ ճանապարհով գնա, ուրեմն դուք նրան ծնելու կամ բարևելու պահին պետք է դա կանխատեսեիք ու պատասխան տայիք նրա բոլոր ապագա քայլերի համա՞ր։
Անահիտ ՕՀԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ