Ո՞րն է պետության գոյության իմաստը, եթե այն չի պաշտպանում սեփական արժանապատվությունը
27.11.2026 | 12:33
Եթե Նիկոլի ղեկավարած պետություն կոչվածն ունակ չէ իրեն պաշտպանելու նույնիսկ Ադրբեջանից, և որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, պետք է ԼՂՀ-ում 2005 թվականին ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդյան վայրը գրել «Ադրբեջան». եթե Ադրբեջանից պաշտպանվելու համար պետք է ուրանալ Ցեղասպանությունը, ազգային հերոսներին, սեփական պատմությունն ու պատմության դասագրքերը հարմարեցնել Բաքվի պահանջներին, դատապարտել ազգային հերոսի մասին ֆիլմը, սահմանադրություն փոխել Բաքվի պահանջով ու «դաբրոյով», կասե՞ք՝ այս պետության գոյության իմաստը ո՞րն է։
Չէ, լուրջ. ի՞նչ իմաստ ունի ունենալ պետություն, որի իշխանությունը չի թաքցնում, որ ունակ չէ պաշտպանվելու, ուստի թուրքի դուդուկն ինչ փչի, դրա տակ էլ պարելու է ու իր հետ միասին պարեցնելու է 3000 տարվա պատմություն ունեցող մի ամբողջ ժողովրդի։
Չէ, լուրջ. 3 միլիոն մարդ մի տարածքի վրա իրար գլուխ են հավաքվել, որ ի՞նչ անեն. հարևան ագրեսորի անբարոյական, անսպառ պահանջները բավարարե՞ն ու տարածաշրջանային փալասի կարգավիճակի հետ համակերպվե՞ն։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլը, Ռուբենը, Ալենը, այն անհայր մեծացած իջևանցի պատգամավորը կարող է և ինքնասիրության խնդիր չունեն։ Նաև չեմ բացառում, որ ստեղծված վիճակից նույնիսկ հաճույք են ստանում, բայց հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ, որովհետև ազգը պետություն է ստեղծում, որ նախևառաջ իր հավաքական ինքնասիրությունն ու հավաքական արժանապատվությունը պաշտպանի։
Սա իսկապես անկյունաքարային, մետաֆիզիկական հարց է. եթե սրանց գլխավորած պետությունն ի վիճակի չէ պաշտպանվելու նույնիսկ Ադրբեջանի նման կիսափտած պետությունից, արդյո՞ք ընդհանրապես այդ պետությունը գոյություն ունենալու իմաստ ունի։ Էլ չասած՝ իրավունք։
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ
Մեկնաբանություններ