9-րդ դասարանի ռուսերենի դասագրքի առաջադրանքը
28.11.2026 | 13:44
«Նայել 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» հեռուստասերիալի 1-ին մասը...»։
Ի՜նչ ասել... Նորից պիտի հաստատեմ տարիներ շարունակ բարձրաձայնած մտահոգությունս. դասագրքաստեղծությունը պատասխանատու գործընթաց է, որին, սակայն, անփութությամբ և անպատասխանատվությամբ է վերաբերվում համապատասխան կառույցը։
Եվ միևնույն ժամանակ՝ ի՜նչ անդրդվելի է ԿԳՄՍ-ն «իրական Հայաստանի» կեղծ և ապազգային գաղափարախոսության հանրահռչակման հանձնառության մեջ։
«Слово пацана» հեռուստասերիալը պաշտոնապես ունի 18+ տարիքային սահմանափակում։ Աներկբա է, որ սյուժեում ներկայացվող քրեական ենթամշակույթը, խմբակային բռնությունը, ուժի պաշտամունքը, վախի միջոցով հեղինակություն ձեռք բերելը և հանցավոր խմբերի ներքին «պատվո կանոնները» կարող են դեռահասների կողմից ընկալվել որպես վարքագծի ընդունելի կամ նույնիսկ գրավիչ մոդելներ։
Անընդունելի է և միաժամանակ անբացատրելի, թե ինչ չափորոշիչով են առաջնորդվել հեղինակները, երբ 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ։
14–15 տարեկան երեխաները դեռևս չունեն բավարար քննադատական մտածողություն՝ էկրանին ներկայացվող իրականությունն ու գեղարվեստական դրամատիզացիան հստակ տարանջատելու համար։ Հետևաբար, քրեական աշխարհի կանոնների, բռնության, հաշվեհարդարի և ուժի միջոցով խնդիրներ լուծելու մոտեցումների ռոմանտիկացումը միանշանակ նպաստում է դրանց նորմալացմանը։
Պարզապես անընդունելի է, երբ նման բովանդակությունը ոչ միայն հասանելի է դառնում դեռահասներին, այլև ներկայացվում է որպես պարտադիր կամ հանձնարարելի դիտման առարկա։
Իսկ մինչ այդ ԿԳՄՍ-ն կրկնակի կամ անկախ փորձաքննություն կազմակերպելու փոխարեն հանրակրթական հաստատություններից հեռացնում է փառքի անկյուններն ու պատերից ջնջում հերոսների նկարները։
Ամոթ և ոչ պրոֆեսիոնալիզմ. այլ գնահատական չունեմ։
Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ
Մեկնաբանություններ