Ավելի քան հազար տարի առաջ արաբ նշանավոր աշխարհագրագետ, ճանապարհորդ և վաճառական Իբն Հաուքալը զարմանահրաշ նկարագրություն է թողել հայկական մանածագործական ու գորգագործական արվեստի մասին։
Ո՞վ էր Իբն Հաուքալը
Աբու ալ-Քասիմ Մուհամմադ իբն Հաուքալը միջնադարյան մուսուլմանական աշխարհի ամենահայտնի աշխարհագրագետներից մեկն է։ 943 թվականին նա լքել է Բաղդադը և ուղևորվել բազմամյա ճանապարհորդության՝ լինելով Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի բազմաթիվ երկրներում ու երկրամասերում։
Նրա ճանապարհորդությունների արդյունքը դարձավ հռչակավոր «Քիթաբ Սուրաթ ալ-Արդ» (كتاب صورة الأرض — «Երկրի պատկերի գիրքը») աշխարհագրական երկը՝ 10-րդ դարի արաբական աշխարհագրական գիտության կարևորագույն աշխատություններից մեկը։ Իր աշխատության մեջ նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանին և Դվին քաղաքին, որն արաբական աղբյուրներում հիշատակվում էր Դաբիլ (دبيل) անվամբ։
Նկարագրելով «հայկական» անվամբ հայտնի արտադրանքը՝ Իբն Հաուքալը թվարկում է.
• գորգեր,
• վարագույրներ,
• ծածկոցներ,
• բարձեր,
• բրդյա իրեր,
• գործվածքներ և կահավորման այլ առարկաներ։
Եվ դրանց տալիս է բացառիկ գնահատական.
«فلا نظير لها في شئ من الأرض بوجه من الوجوه والأسباب كلّها»
«Երկրի վրա ոչ մի տեղ դրանց նմանը չկա՝ ո՛չ մի տեսակետից և ո՛չ մի առումով»։
(«Քիթաբ Սուրաթ ալ-Արդ», հատոր II, էջ 342–343)
Ուշադրություն դարձրեք հեղինակի գործածած արաբերեն եզրույթներին.
• الأرمنىّ — հայկական,
• الستور — վարագույրներ,
• البسط — գորգեր,
• الوسائد — բարձեր,
• القرمز — կարմիր ներկանյութ, որդան կարմիր։
Հայկական կարմիրը՝ որդան կարմիր
Իբն Հաուքալն առանձին անդրադառնում է նաև միջատներից ստացվող կարմիր ներկանյութի արտադրությանը, որը կիրառվում էր բուրդն ու գործվածքները ներկելու համար։ Խոսքը հայտնի հայկական որդան կարմիրի (կոշենիլի) կիրառման ավանդույթի մասին է, որը հայտնի է նաև «հայկական կարմիր» անվամբ։ Ակադեմիական «Encyclopaedia Iranica» հանրագիտարանը ևս հաստատում է, որ Դվինը եղել է արդյունաբերական և առևտրային խոշոր կենտրոն, որը հատկապես հռչակված էր իր ծիրանագույն (կարմիր) գորգերով։
Հիշենք նաև Մուհամմադ մարգարեի կնոջ՝ Այիշայի պատմությունը։ Իսլամական ժողովածուներում՝ Ան-Նասաիի և Ալ-Բայհաքիի մոտ, պահպանվել է ավանդություն այն մասին, որ Այիշայի կացարանում հայկական վարագույր է կախված եղել։ Նկարագրվող իրադարձությունը վերաբերում է 7-րդ դարին։ Իսկ երեք հարյուրամյակ անց մեկ այլ մուսուլման հեղինակ՝ Իբն Հաուքալը, արդեն մանրամասն նկարագրում է հայկական վարագույրները, գորգերն ու գործվածքները՝ պնդելով, որ երկրի վրա դրանց հավասարը չկա։
Եվ այս ամենը մենք իմանում ենք ոչ թե հայկական տարեգրություններից, այլ անմիջականորեն արաբական գրավոր աղբյուրներից։
Աղբյուրներ.
1. Իբն Հաուքալ, «Քիթաբ Սուրաթ ալ-Արդ», հատոր II, էջ 342. Արաբերեն բնօրինակ
2. Իբն Հաուքալ, նույն տեղում, էջ 343. Հայկական արտադրանքի որակի գնահատականը
3. Այլընտրանքային էլեկտրոնային հրապարակում. Արաբերեն բնօրինակ
4. Encyclopaedia Iranica - Դվինի պատմությունը և մանածագործական արտադրությունը
5. Encyclopaedia Iranica - Գորգերի և հայկական կարմիր ներկանյութի պատմությունը
6. Encyclopaedia Iranica - Իբն Հաուքալի կենսագրությունը
7. Ան-Նասաի - Այիշայի ավանդությունը հայկական վարագույրի մասին
Սերգեյ ՇՈՒՇԻՆՍԿԻ