ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Մեր համայնքները վերածվել են աուլների, որոնցում նույնիսկ աքսակալներ չկան

Մեր համայնքները վերածվել են աուլների, որոնցում նույնիսկ աքսակալներ չկան
29.11.2026 | 15:06

Անկախ այսօրվա ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ մեր հանրապետության բջիջներն հանդիսացող համայնքներում չափազանց տխուր իրավիճակ է: Մարզերը դեռևս խորը և ամուր խրված են անցյալի ճահճում, հասարակության մեջ որակական առումով որևէ դրական տեղաշարժ առկա չէ, դառն անցյալից դասեր չեն սերտվել: Մեծ հաշվով, այսպիսի կարճ ժամանակահատվածում որակական տեղաշարժ սպասելը իրատեսական չէ: Վերջապես, վերջին 30 տարում այս նույն հասարակությունը և նրա ակտիվ մասն են կեղծել բոլոր ընտրությունները, լցոնել քվեատուփերը, միմյանց պարտադրել ու կաշառել, ընտրակաշառք են վերցրել հասարակության ամենալայն շերտերը: Եվ այդ ապազգային, հակապետական ու հակամարդկային բարքերը մեզ հասցրել են մեծ պարտության, իսկ այժմ՝ գոյաբանական խնդրի առջև:

Ոչ մի համաձայնագրով ու պայմանագրով խաղաղություն կամ առաջընթաց ձեռք բերել հնարավոր չէ, եթե երկրի օրգանիզմը, բջիջները հիվանդ են, և չկա բուժվելու ցանկություն, ապագայի տեսլական:

Այս վիճակով անլուրջ է խոսել լավ ապագայի, եվրաինտեգրման և չարչրկված խաղաղության մասին:

Անցած 30 տարին մի մեծ քննություն էր, որ մենք պետք է հանձնեինք Սովետի փլուզումից հետո: Ցավոք, մենք այդ քննությունը չենք հանձնել, այժմ հետ ենք նույնիսկ Սովետի 50-60-ականների մակարդակից՝ բոլոր առումներով:

Եվ այսօր ինչ-որ մեկի դեմ կամ մյուսի ինադու ընտրություն անելով, մարդիկ չեն էլ պատկերացնում, որ գործում են իրենց սեփական երեխաների ու ապագայի դեմ: 2020 թվականից ու Արցախի կորստից մեր հասարակությունը ոչ մի դաս չի քաղել և շարունակում է նույն կենսակերպը:

Մեծ հաշվով, սա պետության խնդիրն է, հասարակությունը առանց պետական գաղափարախոսության իրենից ներկայացնում է անգլուխ մարմին: Սա իշխող կուսակցության ձախողումն է, նախկին անհայրենիք սրիկաներից բաղկացած ընդդիմության ձախողումն է, որի դիմաց մենք թանկ գին ենք վճարելու: Փաստացի, ոչ Աղդամն ու Շուշին էին սրանց հայրենիք, ոչ մեր փոքր երկրի գյուղերն ու քաղաքները:

Այս չափազանց բարդ ու անցումային աշխարհակարգի պարագայում, երբ պարզ չէ, թե ինչ է լինելու մեկ օր կամ շաբաթ հետո, մեր երկիրը և հատկապես մարզերը գտնվում են անցյալի ճահճում:

Համատարած գեղակռիվ է, տգիտություն, ստրկամտություն ու գեղջկական քծնանք:

Մեր հասարակության գլխավոր խնդիրը տգիտությունն ու դրանից ծնված վախերը, դոգմաներն են, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի տեղի ունենա հասարակական ճիշտ շերտավորում, որպեսզի հասարակությանը առաջնորդեն խելացիները, փորձառուները: Մեր համայնքները վերածվել են աուլների, որոնցում նույնիսկ աքսակալներ չկան:

Հակառակ դեպքում, 2020 թվականից հետո մեր երկրի ոչ մի գյուղում ու քաղաքում անցյալից մնացած ոչ մի պաշտոնյա չպետք է լիներ: Մեր հազարավոր զոհերի պատասխանատուն նրանցից յուրաքանչյուրն է:

Բայց ամեն ինչ անցյալի տրամաբանության մեջ է:

Սա նման է չգիտակցված կոլեկտիվ ինքնասպանության...

Հասարակութուն-կամիկաձե:

Արա Արայան

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ