Գնում ենք հյուսիս՝
թողած շապիկները բառերի,
որ մանկան մաշկի պես են բուրում,
թողած ողորմությունը հեգնանքի,
որով պատսպարվել ենք թվացյալ հնձաններում՝
մենությունը գրկած:
Թողած մեղեդին, որի մեջ իմ, քո, բոլորիս աչքերն են՝ թռիչքներից առաջ,
և գույները, որոնց մատների մեջ ժամանակը դառնում է առաձգական:
Գնում ենք...
Մեր հետքից՝
անտառները, ուր քաղցրանում է մեղքը՝
սերմնացանի աչքից հեռու,
ծովերը, որ վախենում են վախճանից մեր ինքնության,
անապատները, որ թալկանում են մեղեդու բույրից,
և Լեռը, ում փեշերի տակ մարմրում են մեր հուշերի ստվերները:
Գնում ենք հյուսիս,
ուր մարմինը թափանցիկ է, ու հոգին՝ ջրհոսի մատույցներում,
ուր սերը կաթում է կարոտի բեկորներից՝
իբրև անհատույց խոստովանանք,
ուր չասված բառերը մարգարիտներ են,
որ այլևս ոչ ոք չի կրելու
ժամանակի նեղլիկ ու փոշոտ
փողոցներում:
Սոս Մնացականյան