Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Շահերի բախում, որը, մեր ճակատագրի հետ միասին, գտնվում է շատ մեծ աշխարհաքաղաքական անորոշության մեջ

Շահերի բախում, որը, մեր ճակատագրի հետ միասին, գտնվում է շատ մեծ աշխարհաքաղաքական անորոշության մեջ
03.08.2026 | 11:45

Սովորաբար շատ լուրջ պրոբլեմները, առաջին հերթին, լուծվում են կոնցեպտուալ մակարդակով և նոր միայն անցնում դրանց մանրամասներին։

Այսինքն, այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք դրվում են որևէ լուրջ պրոբլեմի լուծման հիմքում, որոշում են ամեն ինչ. եթե ընտրել ես ճիշտ սկզբունքներ ու ճիշտ մոտեցումներ, ապա մեծ հավանականությամբ կունենաս պրոբլեմի ճիշտ լուծում, իսկ հակառակ դեպքում, ինչքան ուզում ես խորացիր հարցերի մանրամասների մեջ, ճիշտ լուծում ունենալ չես կարող, քանի որ սխալը կոնցեպտուալ արմատի մեջ է։

Ասվածը միարժեքորեն վերաբերում է նաև մեր ներկա վիճակին, որի բացատրությանը, որպես շատ լուրջ պրոբլեմի, կա երկու տեսակի կոնցեպտուալ մոտեցում։

1․ Մենք նման վատ վիճակում ենք, քանի որ ինքներս շատ վատն ենք, որն էլ ենթադրում է արտաքին գործոնների ոչ կարևոր դերը այս հարցում։

2․ Մենք սովորական ժողովուրդ ենք, և մեր վիճակը մեծապես պայմանավորված է արտաքին գործոններով և գլոբալ ու անկոմպրոմիս գոյապայքարի անմիջական հետևանքն է։

Քանի որ կոնցեպտների ճիշտ կամ սխալ լինելը պարզելու միակ միջոցը կյանքի փաստերի հետ դրանցից բխող եզրակացությունները համեմատելն է, ապա մենք էլ փորձենք նույն մոտեցումով շարունակել այս երկու կոնցեպտների համեմատական անալիզը։

Այսինքն, առաջին կոնցեպտն ասում է, որ անկախ նրանից, թե որ օտար իշխողն է տիրել Հայաստանում, մենք միշտ եղել ենք նույնը, որը պարզապես չի համապատասխանում փաստերին, քանի որ ռուսական տիրապետության տակ, ներառյալ ցարական և խորհրդային ժամանակները, մենք, որպես ժողովուրդ, ոտքի ենք կանգնել, իսկ խորհրդային տարիներին հասել ենք մեր զարգացման ու կյանքի որակի բարձրակետին կամ պիկին։

Իսկ երկրորդ կոնցեպտն էլ ասում է, որ սկզբունքորեն բուն էությամբ վատ ու անկարող ժողովուրդ լինելու մասին ակտիվորեն տարածվող կարծիքը մեր մասին հնարովի է, որի նպատակն էլ մեզ ավելի թուլացնելն է, որպեսզի, որպես խանգարող հանգամանք, ասպարեզից ընդմիշտ հեռանանք, որն էլ սկսվել է դեռևս 19-րդ դարի վերջերից, ժամանակավորապես դադարեցվել էր խորհրդային կարգերի հաստատումով և վերսկսվեց մեր անկախանալու հետ միասին։

Քանի որ, անկախ նրանից, թե ձևականորեն անկախ ենք կամ էլ գտնվում ենք այլ հզոր պետականության կազմում, մենք փաստորեն գտնվում ենք որևէ հզորի կամ դրանցից մի քանիսի ուժային դաշտում, և նման իրավիճակը ճիշտ հասկանալու և դրանում գոյաբանական իմաստով ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել մի պարզ սկզբունքով, այն է, թե ինչքանով է համընկնում մեր գոյաբանական շահը որևէ հզորի կամ նրանցից մի քանիսի շահի հետ։

Եվ այստեղ ակնհայտ է, որ անկախ նրանից, թե ներկա իրավիճակի պատճառները որոնք են, մեր շահը օբյեկտիվորեն չի բռնում թուրքերի շահի հետ, իսկ ռուսների ու Արևմուտքի շահի հետ մասնակիորեն համընկնում է։

Բացի դրանից, դարձյալ օբյեկտիվորեն, մենք մի հերթական անգան ևս հայտնվել ենք հզորների շահերի բախման կիզակետում, որտեղ՝

1․ Հայաստանը կորցնելով՝ Ռուսաստանը շատ ավելի մեծ բան է կորցնում:

2․ Հայաստանի վերանալով, կամ նրա ազդեցությունը զրոյացնելով, թուրքերը շատ մեծ բան են գտնում:

3․ Արևմուտքն էլ, Սյունիքի միջանցքի միջոցով, կարող է թափանցել Կասպից ծովի ավազան, որն էլ խոստանում է նրան մեծ ստրատեգիական և ռեսուրսային բնույթի շահ։

Եվ հենց այս շահերի բախումն էլ, մեծ հավանականությամբ, կորոշի մեր ապագան, մի բախում, որը, մեր ճակատագրի հետ միասին, գտնվում է շատ մեծ աշխարհաքաղաքական անորոշության մեջ, իսկ մենք էլ, ցավոք, այդ արանքներում նույն անզոր խաղալիքն ենք, իսկ մեր լավ կամ վատը լինելն էլ, ինչպես միշտ, իրադարձությունների ընթացքի վրա որևէ էական ազդեցություն ունենալ չի կարող։

Օրինակ, մեր կամ մեր հարևանների լավը կամ վատը լինելը խորհրդայնացման ժամանակ կարո՞ղ էր ազդել 11-րդ Կարմիր բանակի գործողությունների վրա։ Իհարկե՝ ոչ, չէր կարող ազդել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ