Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հովհաննես Մանուկյանը ձգտում է երկխոսությա՞ն

Հովհաննես Մանուկյանը ձգտում է երկխոսությա՞ն
05.06.2014 | 15:03

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն իր գործունեությունն այդ ոլորտում փորձում է նշանավորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսությամբ:

2014 թ. հունիսի 3-ին նրա հրամանով ստեղծվել է արդարադատության նախարարությանը կից հանրային խորհուրդ, որի կազմը բավականին ընդգրկուն է. այնտեղ ընդգրկված են ինչպես հանրությանը հայտնի լրագրողներ, իրավապաշտպաններ ու հասարակական գործիչներ, այնպես էլ՝ ոչ այնքան հայտնի ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Խորհրդի կազմում ընդգրկված «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ներկայացնող Արա Ղազարյանը irates.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ խորհուրդը գործում է կես տարուց ավելի, և ինքն ու իր գործընկեր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նախկին նախարար Հրայր Թովմասյանի օրոք մասնակցել են նրա աշխատանքներին:
«Դա մի ձև է, երբ հանրային մարմինն աշխատում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Դա երկխոսություն է հանրային մարմնի և հասարակության ներկայացուցիչների միջև: Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը»,- այսպես բնորոշեց մեր զրուցակիցը հանրային խորհրդի ստեղծումը:
Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ նախաձեռնությունը «գալոչկա» դնելու նպատակով չի ստեղծվում:
«Ապագան ցույց կտա՝ «գալոչկա»-ի նպատա՞կ ունի, թե՞ ոչ: Այդ խորհրդում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնելու նախարարությանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ եթե այդ առաջարկները անտեսվեն, պատրա՞ստ է իրավապաշտպանը դուրս գալ խորհրդի կազմից:
Արա Ղազարյանը նշեց, որ խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով, կամավորության սկզբունքով, և, եթե խորհրդում իր մնալը համարվի ոչ նպատակահարմար, ինքը պատրաստ է հեռանալու:
Խորհրդում ընդգրկված մեկ այլ իրավապաշտպանի՝ Արտակ Զեյնալյանի հետ չհաջողվեց զրուցել, որովհետև նա այս օրերին բացակայում է Երևանից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ