Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Մարդու մեծությունը նրա տված լույսի մեջ է»

«Մարդու մեծությունը նրա տված լույսի մեջ է»
16.11.2025 | 11:45

«Մարդու արժեքը իր ունեցածի մեջ չէ, այլ՝ իր տվածի»։

Գարեգին Ա կաթողիկոսի այս խոսքը համահունչ է Աստվածաշնչի այն խոր ճշմարտությանը, որ մարդը չի գնահատվում արտաքինով, այլ՝ սրտի առատությամբ։ «Տվեք, և կտրվի ձեզ» (Ղուկ. 6․38), ասում է Քրիստոսը՝ ցույց տալով, որ իրական հարստությունն այնտեղ է, որտեղ սիրտը բաց է, իսկ ձեռքերը՝ ողորմության մեջ։

Մարդը կարող է շատ ունեցվածք կրել, սակայն քիչ արժեք ունենալ, եթե այդ ամենը չի դառնում բարություն։ Իսկ մի ուրիշը, թեեւ նվազ նյութ ունի, բայց մեծ է հոգով, եթե իր սիրտը տալիս է ամբողջությամբ։ «Մարդը տեսնում է աչքով, բայց Տերն է նայում սրտին» (Ա Թագ. 16․7)։

ՈՒ հենց այդ սրտի մեջ է մարդու ճշմարիտ գանձը։

Ավետարանը հիշեցնում է. «Որտե՜ղ որ է քո գանձը, այնտեղ կլինի և քո սիրտը» (Մատթ. 6․21)։ Գանձը այն չէ, ինչ պահում ենք, այլ այն, ինչ տալիս ենք՝ սեր, աղոթք, կարեկցություն, աջակցություն։

Տվողը նմանվում է Աստծուն, քանի որ Աստված է առաջին Տվողը. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3․16)։

Ահա սրբության բարձրագույն ձևը՝ տալ այն, ինչ ամենաթանկն է։

Տվող մարդը չի կորցնում։ Ընդհակառակը՝ «Ով որ ողորմություն է անում, երջանիկ է» (Առակ. 14․21), քանի որ նրա սիրտը լայնանում է, հոգին՝ պայծառանում։ Նա ապրում է ոչ թե «ունենալու», այլ՝ «լինելու» մոտեցմամբ, և հենց դա է մեծությունը։

Ուստի մարդու արժեքը ծնվում է ոչ թե նրանից, ինչ ունի, այլ՝ այն լույսից, որ տալիս է աշխարհին։

Քանի որ ամեն տված բարություն դառնում է հավիտենական հարստություն՝ պահպանված Աստծո ձեռքում։

Օրհնությամբ՝

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ