Սկիզբը՝ այստեղ
Նաիրյան հիվանդություն. «ուղեղի մորմո՞ք», թե՞ բյուջեի «բեռ»
Նախորդ հարյուրամյակ։
1920 թվական։
Կարս։
Հոկտեմբերյան դժնդակ օրեր։
Հենց այդ ժամանակահատվածում էր, որ «նաիրյան պարոնների» անհոգությունն ու «չոր հաշվարկները» բախվեցին դաժան իրականությանը։
«...կյանքը — հաշիվ է, պարոնա՛յք, չոր հաշիվ ու թվաբանություն, և ոչ թե «հառաչանք», «արցունք» ու «հայրենիք»...»,- մղկտում էր «Երկիր Նաիրին»։
«ՈՒղեղի մորմոք» չէ, ի՞նչ է, երբ կործանման եզրին հայտնված Կարսում պաշտոնական սառնությամբ կատարվող չոր հաշվարկների մեջ խեղվում էր ողբերգությանը հանդիման կանգնած անհատի ճակատագիրը։ Մարդը դառնում էր ընդամենը «նյութ» այդ մեծ հաշիվների թվային գործողություններում։
«Մազութի Համո»-ները, «մեռելի Ենոք»-ները, մյուսները թերթում էին հաշվապահական իրենց մատյաններն ու, թերևս, չէին էլ կռահում՝ երբ «նյութը» դառնում է ավելի կարևոր, քան մարդը, իսկ «հաշիվը»՝ ավելի քաղցր, քան Հայրենիքը, պատմությունը սկսում է իր ամենադաժան էջերի վերաշարադրումը։
Ինչը և անում էր Չարենցը ցավախեղդ հեգնանքով․
«Նրանց համար Նաիրին ոչ թե երկիր էր, այլ մի հսկայական հաշվեմատյան, որտեղ մարդիկ ընդամենը թվեր էին՝ գրված կարմիրով կամ սևով»։
Նշված գույները երկակի իմաստ ունեն՝ հաշվապահական ու ողբերգական․ կարմիրն արյունն է, սևը՝ սուգը։
Կարմիրով սովորաբար նշվում են վնասները կամ պարտքերը, սևով՝ եկամուտները։ Այսինքն՝ մարդիկ բաժանվում են «օգտակարների» և «վնասակարների»՝ բեռ դարձածների։
Կարդանք Չարենցի ֆիքսած գույների նաև այս ենթատեքստը՝ նաիրյան «պարոնների» թեթև ձեռքով գրված թվերի հետևում իրական արյուն ու մահ կա։ Նրանք գրում են թվեր, բայց իրականում տնօրինում են մարդկային կյանքեր։
Մեկ դար անց։
2026 թվական, փետրվարի 4։
Երևան։
Հիշատակված քաղաքի և օրվա համատեքստում Չարենցի տողերը՝ «կյանքը հաշիվ է, պարոնա՛յք», հնչում են որպես հավերժական նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր հայրենիքը շփոթում են հաշվապահական մատյանի հետ։
Ինչ եմ ակնարկու՞մ։
Չեմ ակնարկում, ընդամենը փաստում եմ՝
«Թոշակառուներն ավելի երկար են ապրում․ աշխատող քաղաքացիների բեռն ավելացել է»։
Ի՜նչ խոսք մտաբերեցիք աշխատանքի և սոցիալական հարցերի բժիշկ-նախարարի, նույն ինքը՝ «Դոկտոր Մահի» անխիղճ ու պառակտիչ արտահայտությունը։
Երբ նախարարը բարձրաձայնում է՝ «թոշակառուներն ավելի երկար են ապրում», ակամա խոստովանում է՝ «65 պլյուսից այնկողմ ապրելը բեռ է»։
Այս լիբերալ ֆաշիստները չեն տեսնում մարդուն, ով իր կյանքը տվել է երկրին։ Նրանք միայն բացասական թիվ են նշմարում բյուջեի սյունակում։
Իսկ երբ քաղաքացին դառնում է թիվ, նրան կարելի է հեշտությամբ «ջնջել», «տեղափոխել» կամ «կրճատել»։
Դաժա՞ն է։ Շա՜տ։ Բայց՝ խիղճ ունեցողի համար։
Երբ իշխանավորի չափը չճանաչող լեզվից անհետանում է խիղճը և մնում է միայն թվաբանությունը, երկիրը վերածվում է «հաշվեմատյանի», ինչը հնարավոր է փակել, վաճառել կամ հեշտությամբ դեն նետել, եթե հաշիվը ձեռնտու չէ։
Հեշտությամբ, որովհետև հաշվեմատյանը թվերի հանրագումար է, մի այնպիսի զանգված, որտեղ չկա մարդը, բայց կարելի է և՛ գումարել, և՛ հանել։
Ի վերջո, թիվը չունի դեմք, չունի ընտանիք, չունի ցավ։
Հիմա պատկերացրի՞ք, թե որքան վտանգավոր ու սարսափազդու է «Դոկտոր Մահ»-ի հայտարարությունը։
Նա խոսում է իշխանական սնապարծությունն ու անպատասխանատվությունը մարմնավորող և մահվան հետ հաշտված, անհոգի կենցաղվարող ու կարսեցուն կողոպտող «նաիրյան պարոնների» լեզվով, որոնց համար մարդու երկար ապրելը պարզապես սխալ հաշվարկ է։
Երբ երկիրը դադարում է լինել սրբություն, հիշողություն կամ տուն, այն վերածվում է ռեսուրսի՝ անաշխատ ու առատ պարգևավճարների ակունքի։ Նաիրյան պարոնների և նրանց ժամանակակից հետնորդների համար հայրենիքն ընդամենը հարթակ է, որտեղ կատարվում են միայն շահութաբեր կողոպտիչ-գործարքներ։
Ինչպես հաշվապահն է նայում իր թղթերին, այնպես էլ սրանք են նայում քաղաքներին ու գյուղերին՝ որպես աջ ու ձախ կողմեր ունեցող հաշվի՝ դեբետ-կրեդիտի։
Երբ Թորոսյանն ասում է՝ թոշակառուն «բեռ» է, որովհետև «երկար է ապրում», հայելային ճշգրտությամբ կրկնում է նաիրյան այն ցինիկներին, ովքեր մարդուն ընդամենը միավոր էին համարում։
Թոշակառուն, որն ամբողջ կյանքը տվել է հայրենիքին, աշխատել է ու ստեղծել, ներկա լիբերալ ֆաշիստների համար ոչ թե արժեք ու պատվարժան քաղաքացի է, այլ ֆինանսական բեռ։
Նման անպատկառ ձևակերպումը տնտեսագիտական սառը հաշվարկ չէ, այլ բարոյական դեգրադացիա։
Հետադարձ հայացքը՝ 1920-ի Կարսի ողբերգությունից մինչ 2026-ի իրականություն ձգվող արյունոտ ոտնահետքերին, ցավալիորեն արձանագրում է՝
պատմությունը սովորեցնում է՝ երբ պետությունը մարդուն վերածում է թվի, հաջորդ քայլը լինում է այդ թվի ջնջումը։
Սակայն Կարսն էլ հիշեցնում է՝ ինչ է լինում, երբ «հաշիվը» դառնում է ավելի կարևոր, քան հայրենիքն ու մարդը։
ՈՒ եթե պետական համակարգը քաղաքացուն՝ վաստակաշատ թոշակառուին, դիտարկում է որպես բյուջետային խոչընդոտ, ապա այն աներկբայորեն կորցրել է իր գոյության իմաստը։ Հաջորդ քայլը սովորաբար լինում է կործանումը, ինչպես եղավ Կարսի դեպքում։
Մերօրյա անբովանդակ չելենջների ակտիվ մասնակից, ակնհայտ կեղծավոր սրտիկներ շռայլող նախարարի հայտարարության ենթատեքստում շատ ագրեսիվ միտք է դիրքավորված՝ անհատը կարևոր է այնքան ժամանակ, քանի դեռ «արդյունավետ» է՝ հարկ է վճարում, բայց հենց վերածվում է սպառողի՝ թոշակառուի, դառնում է «ավելորդ»։
Ըստ էության, բարոյազուրկ այս խառնակույտն անհատին դիտարկում է միայն որպես եկամտի աղբյուր։
Ասել է՝ վարչապետ կոչվածի ու իր արբանյակների «կառուցած» պետությունը մարդուն «սիրում» է ոչ թե որպես քաղաքացի, այլ որպես հարկ վճարող ակտիվ։
Իսկ երբ նույն այդ «ակտիվ»-ը դառնում է «պասիվ», «սրտիկ»-առատ համակարգը փորձում է ազատվել նրանից։
Հենց այստեղ է «լացի» այն պատը, որտեղ պետությունը վերջնականապես դադարում է լինել «հայրենիք», վերածվում է «կորպորացիայի»։
Եթե 1920-ի Կարսում մարդիկ թվեր էին «նաիրյան պարոնների» հաշվեմատյաններում, ապա այսօր նրանք արդյունավետության գործակիցներ են երգող ու սրտիկներ ցուցադրող «մազութների» ու «կլուբի մեյմունների» սմարթֆոններում։
Բնականոն աշխարհում մարդու կյանքի երկարելը հաղթանակ է։ Թորոսյանի և նաիրյան ցինիկների աշխարհում դա «խնդիր» է։ Սա այն պահն է, երբ պետական մտածողությունը վերածվում է հակամարդկային հաշվապահության։
Եթե աշխատանքի և սոցիալական ապահովության բժիշկ-նախարարն ափսոսում է մարդու ապրած տարիների համար, նշանակում է՝ նրա ներսում «նաիրյան հիվանդությունը» հասել է իր վերջնական փուլին՝ հոգևոր մեռելությանը։
Ոչ մի թշնամի չի կարող այնքան վնասել ազգին, որքան սեփական իշխանավորը, ով իր հայրենակցին դիտարկում է որպես «ավելորդ ծախս»։
Չարենցը հարցնում էր՝
- ՈՒ՞ր է Երկիր Նաիրին։
Սրանք հարցնում են՝
- Ինչքա՞ն արժե Նաիրին։
Չարենցի համար Նաիրին անգին էր, ցավ էր, մորմոք։
Ներկա «գումարող-հանողների» համար՝ Նաիրին ապրանք է ու «բյուջեի բեռ»։
Մեկ դար առաջ Նաիրին փնտրում էին քարտեզների վրա ու երազներում։
Այսօր Նաիրին փորձում են տեղավորել սառը հաշվարկների ու «բեռների» արանքում։
Երբ պետական այրն ափսոսում է մարդուն՝ Աստծո պարգևած տարիները, նշանակում է՝ Նաիրին ոչ թե քարտեզից է ջնջված, այլ նրանց սրտերից։
Նաիրին, սակայն, բեռ չէ, Նաիրին մենք ենք։
Իսկ դուք Նաիրիի մահախոսականն եք։
Շարունակելի
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Գեղանկարը՝ Ռենե Մագրիտի