Այս թեմաների շուրջ բազմիցս եմ հրապարակումներ արել, սակայն ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ, քանզի այդպես էլ լույսը չի բացվում, և մեր ինքնության պահպանության ու զարգացման հարցերը դեռևս անորոշ են, որոշ դեպքերում՝ խնդրահարույց։
Ազգը հավիտենական արժեք է: Մարդկությունը հիշում է նույնիսկ այն ազգերին, որոնք վաղուց այլևս գոյություն չունեն, խոսում է նրանց մասին և հիանում նրանց թողած մշակութային արժեքներով։ Պետությունն ընդամենը կազմակերպչական ձև է, որը փոփոխելի է: Օրինակը բերենք հայոց պետության վրա. նահապետական կարգերից մինչ Հայկյան ժամանակներ, թագավորություններ, Կիլիկիայի թագավորություն, Հայաստանի Հանրապետություն, Խորհրդային Հայաստան, նոր կազմավորված հետխորհրդային Հայաստանի Հանրապետություն, օրվա իշխանությունների հռչակած իրական Հայաստան… Գուցե վաղն էլ մեկ այլ իշխանություն հորինի ավելի իրական Հայաստան, և այդպես շարունակ: Իսկ որտե՞ղ է կանգառը, սիրելինե՛րս, որտեղի՞ց են սկիզբ առնում զարգացումն ու բարգավաճումը:
Փորձեմ օրինակներով ցույց տալ, թե ինչ է մեզ հուշում մեր տիեզերաբուխ էպոսը կամ վիպերգը, նայած՝ ում որ բառն է դուր գալիս։
Առաջինը խոսենք ապաշրջափակման մասին: Էպոսում այդ երևույթը ներկայացված է ճանապարհին հայտնված առյուծի կերպարով: Առյուծը խոչընդոտում է ազատ տեղաշարժը: Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես այդ հարցը լուծեց Մեծ Մհերը։ Եկեք արձանագրենք, որ այսօր ճանապարհ փակողը մենք չենք, այլ ուրիշներն են, որ խոչընդոտ են մեզ համար: Քսանմեկերորդ դարում նման հարցը լուծում են վարժեցնելով, իսկ եթե այդ մեթոդն անօգուտ է, վերացնում են այդ խոչընդոտը, ոչ թե մեր ճանապարհն են հանձնում ուրիշների տնօրինմանը։ Այս գիտակցությանը գալու համար նախ պիտի լինենք ներկայում: Իսկ մենք առայժմ քնած ենք կամ հորում ենք գտնվում:
Երկրորդ՝ հենց մեր շահերից ելնելով՝ պետք է ճիշտ բանակցող ունենանք: Իսկ ըստ էպոսի ցուցիչների՝ մեր շահերը համամարդկային են և նպաստում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մոլորակի զարգացմանը։ Ուստի հեշտ է լուծումներ գտնելը։
Երկրորդ օրինակը վերաբերում է ռեսուրսների տիրապետմանը և ճիշտ բաշխմանը: Համաձայնեք, որ ողջ քաղաքական գզվռտոցն ու ճամարտակումները բացառապես դրա համար են, մնացածը լոլոների ժանրից է։ Իսկ Հայաստանի ընդերքում, որոշակի տնտեսական հաշվարկներով, մոտ երեք տրիլիոն դոլարին համարժեք հարստություն է ամբարված։ Հիմա հիշենք էպոսի այն դրվագը, երբ Կոզբադին գալիս է Սասուն՝ հարկը հավաքելու: Դավիթը նկատում է անարդար հաշվարկն ու հարկահավաքին հետ է դարձնում եկած ճանապարհով: Հիշենք նաև, թե Կոզբադին ինչ ծաղրի է արժանանում հենց իր երկրի կանանց կողմից։ Բայց այստեղ կարևորը դա չէ, այլ մեզ համար ճիշտ եզրահանգում կատարելը։ Վերադառնալով մեր օրեր՝ հիշենք, թե մի քանի տարի առաջ ինչ խանդավառությամբ ընտրեցինք ներկա իշխանությանը և ինչ ստացանք փոխարենը: Շատ չծավալվելու համար նշեմ միայն ևս յոթ միլիարդ դոլարի պարտքը:
Հիմա գլխավոր հարցը. ինչպե՞ս է հնարավոր ունենալ այդքան կարողություն, սակայն չկարողանալ օգտագործել այն: Եվ խոսքը միայն ընդերքի հարստության մասին չէ, այլև համաշխարհային մասշտաբով մեր մարդկային ռեսուրսների, մեր մեծ առավելության՝ սփյուռքի մասին է։ Այդ ամենը մնում է պարապ, քանզի մեր իշխանությունները կա՛մ անկարող են ճիշտ կառավարել, կա՛մ, որ ավելի վատ է, չեն ուզում ունեցած ռեսուրսը ծառայեցնել ի նպաստ մեր երկրի, մեր ազգի ու ողջ մարդկության։
Հավատացնում եմ, որ հաջորդ դարերում կառավարման համակարգը և սահմանները բոլորովին այլ տեսք են ունենալու։ Ուստի մենք իրավունք չունենք տրվելու ժամանակավոր ծափ-ծլնգոցին, այլ պարտավոր ենք վերաձևակերպել մեր ճշմարիտ համակարգը և այն գործադրել ի նպաստ մեզ ու աշխարհի։
Հասկացողաց կխնդրեի տարածել:
Վանո Դադոյան