Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի. 3

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի. 3
13.02.2026 | 10:59

Սկիզբը՝ այստեղ

Սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին

Հունվարի 31-ի առավոտվանից Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) եպիսկոպոս անդամներին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել որպես մեղադրյալ նույն օրը Քննչական կոմիտե ներկայանալու համար: Հանրային քրեական վարույթում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներ են կայացվել նաև Ամենայն հայոց կաթողիկոս ԳՀԽ-ի ոչ հոգևորական անդամների նկատմամբ, որոնք քվեարկությամբ նույնպես մասնակից են եղել Մասյացոտնի թեմի նախկին թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու հիմք հանդիսացած 27․01․2026թ․ որոշման ընդունմանը:

Վերոնշյալ քննչական գործողությունները առանձնացել են ոչ միայն ակնհայտ ապօրինությամբ, այլև այն աստիճանի ծայրահեղ հապճեպությամբ, որ որպես մեղադրյալ են ներգրավել անգամ նիստերի սղագրության համար պատասխանատու քարտուղարին։ Վերջինս նույնպես ստացել է ծանուցագիր և որպես մեղադրյալ ներկայացել Քննչական կոմիտե։

Հայաստանի քննչական կոմիտեում ինձ անծանոթ քննիչի կողմից նմանաբնույթ որոշում է կայացվել նույնիսկ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ, որն ընդառաջ Գերագույն հոգևոր խորհրդի վերոնշյալ որոշմանը, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Պարզապես մնացյալներին, ի տարբերություն ԳՀԽ-ի հոգևորական անդամների, մեր ունեցած վերջին տեղեկությունների համաձայն, դեռ ծանուցագրեր չէին հանձնվել որպես մեղադրյալ Քննչական կոմիտե ներկայանալու և հարցաքննվելու համար, սակայն ցանկացած պահի կարող են հանձնվել:

Նրանք բոլորը վարույթում որպես մեղադրյալ են ներգրավվել Հայաստանի քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի («Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը») 2-րդ մասի հատկանիշներով՝ այն դեպքում, երբ նրանց արարքում տվյալ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը պարզապես չկա, գոյություն չունի՛: Ինչպես ԳՀԽ-ի անդամները, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսը գործել են բացառապես դավաբանական և կանոնական իրավունքի հենքով, իրենց իրավասության, իրենց լիազորությունների շրջանակում, ինչը հնարավոր չէ ասել քննիչի առնչությամբ:

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունեցել, նախ նշենք, որ 2026թ. հունվարի 10-ին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ԳՀԽ-ի որոշմամբ ու Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, բացառապես դավանաբանական և կանոնական հիմնավորումներով հեռացվել է Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից: Սարոյանը, այնուհետև իր ավազանի անունով, որպես աշխարհիկ անձ, քաղաքացիական հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ իրեն Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցապահանջով:

Դատարանը, որը նկատի ունենալով Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածը (1-ին մաս. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը», 2-րդ մաս.

«Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»), տվյալ հայցը, որպես Եկեղեցու ներքին գործերին առնչվող, ընդհանրապես չպետք է ընդուներ վարույթ, այն զարմանալիորեն ընդունել է վարույթ:

Ավելին. դատավորն անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, որն սպառիչ հստակեցնում է դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը և հիմքերը. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար»։

Ակնհայտ է, որ նախկին եպիսկոպոսի ենթադրյալ իրավունքը տվյալ դեպքում սահմանված չէ ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ որևէ օրենքով, ավելին՝ վերջինս եպիսկոպոսի իր երբեմնի կարգավիճակը չի ստանձնել որևէ պայմանագրի հիմքով, քանզի Եկեղեցու կանոնական իրավունքն ընդհանրապես չի նախատեսում այդպիսի կարգավորում։

Արտաքուստ այն տպավորությունն է, որ դատավորը գործել է Նիկոլ հայադավի կամ Նիկոլի հանձնարարությամբ իր ոհմակից մեկ ուրիշի պահանջով…

Դատարանը հայցը ոչ միայն վարույթ է ընդունել, այլև իր միջանկյալ որոշմամբ Հայաստանի Սահմանադրության, ՄԻԵԴ նախադեպային որոշումների, ընդհանրապես մեր երկրի օրենսդրության վերոհիշյալ դրույթների կոպտագույն խախտմամբ ու դրսևորելով անսովոր հապճեպություն, անհապաղ բավարարել է հայցվորի կողմից հայցին կից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պարտավորեցրել է չխոչընդոտել Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործունեությանը, մինչև տվյալ վարույթով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի հրապարակումը, ապահովել Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Եվ, ահա, Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու հիմք հանդիսացած ԳՀԽ-ի 27․01․2026թ․ որոշումից և նրան կարգալույծ անող Ամենայն հայոց կաթողիկոսի հիշյալ տնօրինությունից հետո Հայաստանի քննչական կոմիտեում նույն աննախադեպ շտապողականությամբ նախաձեռնվել է հանրային քրեական վարույթ, և ոմն քննիչ Սահմանադրության, ՄԻԵԴ նախադեպային որոշումների, ընդհանրապես մեր երկրի օրենսդրության համապատասխան դրույթների կոպտագույն խախտմամբ ԳՀԽ-ի նախագահ Ամենայն հայոց կաթողիկոսին և ԳՀԽ-ի մյուս անդամներին քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել: Որոշման հիմքում դրվել է այն շինծու մեղադրանքը, թե նրանք Սարոյանին կարգալույծ անող որոշմամբ ու տնօրինությամբ իբր խոչընդոտել են դատական ակտի (վերոնշյալ միջանկյալ որոշման) կատարմանը:

Իսկ ինչպե՞ս են խոչընդոտել, երբ ԳՀԽ-ի 27․01․2026թ․ որոշումը և իրեն կարգալույծ անելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը Սարոյանի համար բնավ չէին կարող խոչընդոտ լինել Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում իր թեկուզ ապօրինի գործունեությունը շարունակելու համար: Ի՞նչ է՝ քննիչը պետք է փաստարկի, թե քանի որ Սարոյանը վերոնշյալ որոշմամբ և տնօրինությամբ այլևս կարգալույծ էր արված, Մայր Աթոռի կողմից հոգևորական չէր համարվում, չէ՞ր կարող շարունակել Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում իր գործունեությունը: Նույնը Սարոյա՞նը պետք է ասի… Չե՛ն կարող:

Չեն կարող այն պարզ պատճառով, որ Սարոյանը մինչև կարգալույծ արվելն էլ անտեսել, արհամարհել է մի շարք հոգևորականների, ներառյալ և իր հակականոնական, խոտոր ու դատապարտելի վարքի, դրա պառակտիչ հետևանքների վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունները, դիրքորոշումը, նկատառումները, մտահոգությունները, հորդորները՝ արտահայտված նաև ԳՀԽ-ի 2025թ. դեկտեմբերի 18-ի և 2026թ. հունվարի 13-ի ժողովներում:

Ավելին. Սարոյանը, դեռ կարգալույծ արվելուց առաջ, անտեսել է նաև իրեն Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ

ԳՀԽ-ի 2026թ. հունվարի 10-ի որոշումը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունը, և Նիկոլ հայադավի, մի շարք ոստիկանների և այլ անձանց հանցավոր միջամտությամբ Մասյացոտնի թեմում շարունակել հանդես գալ իբրև թեմակալ առաջնորդ՝ Նիկոլ հայադավի և այլոց հետ միասին հենց ինքն ապօրինաբար խոչընդոտելով (https://www.pastinfo.am/hy/news/2026/01/20/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%AB/1956189 , https://168.am/2026/01/20/2347447.html , https://news.am/arm/news/926858.html , https://www.instagram.com/p/DT45Npkjcee/ , https://www.aysor.am/am/news/2026/01/21/%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80+%D5%A1%D5%A9%D5%B8%D5%BC/2414637 ) թեմի բնականոն և օրինական գործունեությանը, ինչի համար նրանք պետք է հրավիրվեին ՔԿ, և պետք է հարուցվեր հանրային քրեական վարույթ:

Հետևաբար, վերոնշյալ իրողությունը կամ նախադեպը նկատի ունենալով, Արման (կարգալույծ արվելուց հետո Գևորգ Սարոյանի ավազանի անունը) Սարոյանին ԳՀԽ-ի 27․01․2026թ․ որոշումը և Վեհափառի տնօրինությունը նույնպես չէին կարող խոչընդոտել, որ շարունակեր Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում 2026թ. հունվարի 10-ից հետո իր թեկուզ և ապօրինի գործունեությունը: Իր նախկին նստավայր Սարոյանի մուտքը և այնտեղ վերջինիս ապօրինի գործունեությունը Ամենայն հայոց կաթողիկոսը և ԳՀԽ-ի մնացյալ անդամներից որևէ մեկը ֆիզիկապես կամ տեխնիկապես չեն խոչընդոտել:

Նկատի ունենալով վերոշարադրյալը, հոդվածագրիս գնահատողական դատողությամբ, Հայաստանը խորապես ախտահարած քաղաքական ու համակարգային կոռուպցիայի պայմաններում քննիչի կողմից, ելնելով խմբային շահերից, առերևույթ կատարվել է Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածի («Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը») 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, որի վերաբերյալ հանցագործության մասին սույն հրապարակային հաղորդմամբ դիմում եմ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին ու պահանջում ձեռնարկել Հայաստանի օրենսդրությունից բխող համապատասխան միջոցներ:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ