Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ապոկալիպտիկ

Ապոկալիպտիկ
05.12.2023 | 22:55

Անաստվածները դարձյալ բանակեցին բարձունքներում -

անարդարները, այլասերներն ու ստորահոգիք,

թեպետ վերևում բազմած է Աստված,

անաստվածության տիրացուները երկրին տիրացան:-

Եվ ահասարսուռ, և աղեկտուր կանչում եմ որդուս,

որ կեցել է կանաչ գոգահովտում՝

որպես մանկանց երթին լապտերիկ-սիրտ

և ձայնավորաց սրնգահար:

Ես կանչում եմ հորս, որ վաղվա կրակ-մոխրագույնը

նույնականացնում էր այգաբացի հետ

և կանխանշում կույր գալիքներ:

Քույրիկիս եմ կանչում, մեր տան մանուշակին,

ով իր բուրավետ խոսքն էր շռայլում կենդանի ամեն արարածի:

Ես կանչում եմ պարպված Հայրենիքիս,

նոր ու հնամենի աճյուններին, որոնք

շվարել են հողում ու երկնքում

և լռությամբ են խարազանում իրենց:-

Աշխարհը խամրում է, երբ հայրենիքն է կորսվում սրտերից,

երբ չեն պատարագում ոգիները սուրբ,

և սիրելիները կծկված են օտար տանիքների տակ,-

աշխարհը մեռնում է անհոգության թեժ համավարակից.-

Տեր, Դու ինչպե՞ս ես ժամանակի անսանձ մոխրացումները

պարտակում Քո սաստ հայացքի մեջ –

հանուն խորտակմա՞ն պիղծ աշխարհի,

թե՞ հանուն գալիք, ճիշտ Հայտնության…

13.11.2023

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ.

Դիտվել է՝ 6698

Մեկնաբանություններ