ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ձմեռն էնքա՜ն հրաշքներ ունի

Ձմեռն էնքա՜ն հրաշքներ ունի
28.12.2025 | 17:36

Մեր կյանքի մեկ քառորդը ձմռանն ա անցնում։ Ձմեռը շատերի ամենաչսիրած եղանակն ա, ամբողջ ձմեռ գարնանն են սպասում ու, կարծես, անիմաստ վատնում են, կորցնում են իրանց կյանքի էդ մեկ քառորդը։ Ճիշտ ա, անգամ «ձմեռ» բառից ա ցուրտ փչում, բայց, ախր, միշտ չի, որ ցուրտը վատ ա, միշտ չի, որ ձմեռը վատն ա։ Ձմեռն էնքա՜ն հրաշքներ ունի։

Ասում ենք՝ գարունը բացվում ա, բայց ձմռան մասին չենք ասում՝ բացվում ա։ Սխալ ա, ձմեռն էլ ա բացվում, որովհետև հենց ձմռանն են օրերը սկսում երկարել, դեռ դեկտեմբերից սկսում են ու ամբողջ ձմռան ընթացքում հա երկարում են ու երկարում, աչքիդ առաջ լույսը հաղթում ա խավարին, կյանքը հաղթում ա մահվանը, ու դա հենց ձմռանն ա սկսվում։ Բա դա հրաշք չի՞։

Չէ՛, ինչ ուզում եք՝ ասեք, ես սիրում եմ ձմեռը։

Ախր, էլ ե՞րբ ենք մենք փողոցները լույսերով զարդարում, տունը հազար տեսակի խաղալիքներով լցնում, համով-համով բաներ սարքում, ցանկություններ պահում, հեքիաթներ հնարում ու մի կարճ ակնթարթով զոռով մեր մանկությունը հետ բերում։ Հենց ձմռանը։

Էլ ե՞րբ ենք սառը եղանակին տաք թեյի կում անելիս հաճույքով զգում, թե ոնց ա ջերմությունը տարածվում մարմնով մեկ, հետո մի քաղցր բան գցում բերաններս ու էլի կում անում ու էլի զգում, թե ոնց ա տաք թեյն արթնացնում մեր բոլոր քնած բջիջները։

Էլ ե՞րբ ենք անհամբեր սպասում առավոտվան, որ խաշ ուտենք, տռզենք, ալարկոտ-ալարկոտ փիլիսոփայենք անիմաստ բաների մասին, լող տանք սեփական սխտորի հոտի մեջ ու իրան-իրան փակվող աչքերով մտածենք, որ էս պահին մենք կյանքից էլ բան չենք ուզում։ Բա տաք բորշը, բա սոուսը, բա գարոխով ճաշը․․․

Էլ ե՞րբ ենք սառը ննջարանում սրթսրթալով, արագ-արագ մտնում վերմակի տակ, փաթաթվում վերմակի մեջ, կուչ գալիս ու մի քանի րոպեից զգում սեփական մարմնի հաճելի ջերմությունը, որից աչքերն իրան-իրան փակվում են։ Հետո, գիշերվա կեսին, հանկարծ զարթնում ենք տաք վերմակի տակ ու գիտենք, որ դեռ պետք չի վերմակի տակից դուրս գալ, վերմակից դուրս մնացած ձեռքը մտցնում ենք վերմակի տակ, որ ասես սառույց լինի, բայց դրանից ոչ թե մրսում ենք, այլ զգում ենք, թե ոնց ա ձեռքը տաքանում, մենք էլ հետը։

Եթե ձմեռը շատ ցուրտ ա լինում, ցրտից տեղ-տեղ տարածությունը ճաքում ա, ու եթե գտնես ճաքը, կարելի ա էդ ճաքի միջով գնալ մանկություն, քո հին բակում ձնագնդի խաղալ, շաքարաքլոր կամ բամբակ ուտել, մի գիրկ ձյուն վերցնել ու շիրոտ թշերով վերադառնալ։ Ոչ ոք չի իմանա, իսկ մանկությունից բերած էդ մի գիրկ ձյունը տանը կհալվի ու կդառնա կախարդական ջուր, որից եթե ամեն օր մի կում խմես, մանկական ձյան նման ոտից գլուխ կմաքրվես։

Չէ՛, ես սիրում եմ ձմեռը։ Ինչքա՜ն բան կկորցնեի, եթե չլիներ իմ կյանքի էդ մեկ քառորդը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ