Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

«ԱսՎալտային» մենեջմենթի գաղտնիքները

«ԱսՎալտային» մենեջմենթի գաղտնիքները
20.09.2026 | 21:22

(կամ՝ մեռելակողոպտիչ ցինիզմի «մաՑեմաԾիկան»)

«Իմ անձնական օդանավն է… Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել…»։
Ահավասի՛կ. քաղաքական «հանճարեղության» այն բարձրակետը, երբ համատեղությամբ վարչապետ աշխատող Տրոլը, լրագրողի անհարմար հարցից ճողոպրելու նպատակով, դեմքին նախիր արածեցնողի «անմեղությամբ» «պապենական հեքիաթներ» է մտմտում ու հպարտորեն «կախում» ֆեյսբուքյան «գրատախտակին»։
Չի մանրամասնում, սակայն, թե հատկապես ո՛ր պապի մասին է խոսքը․
Ա՞յն, որի ենոքավանյան արտաքնոցի հոտն այնպես է ախտահարել սրա հիշողությունը, որ անգամ ասուլիսներում է մտաբերում սրտխառնոց առաջացնող կեղտակուռ փոսը։
Թե՞ մյուս՝ «քաղաքական պապերի»՝ անկարացի ու բաքվեցի էֆենդիների, որոնց «բարձր» հովանու տակ և դրսի պատվերով տարիներ շարունակ «դիզվառելիք» էր կուտակում ու առատ վարձատրվող «թունդ ընդդիմադիր» աշխատում։
Այն նույն «պապերի», որոնց քմահաճույքները սպասարկելուց հետո հիմա արդեն բացահայտ «վառում» է պետական բյուջեն, հայրենիքի պատառներն է նվիրաբերում ու անձնական օդանավով սավառնում հայոց պետականության դագաղի վրայով։
ՈՒ քանի որ սույն Տրոլի «մաՑեմաԾիկան» (ականջդ կանչի՛, Արաքսյա էֆենդի) միշտ էլ կաղել է, պապենական արտաքնոցից մինչև անձնական օդանավ ընկած ողջ տարածությունը նա հանգիստ տեղավորում է ընդամենը մեկ «ասՎալտային» ստատուսի մեջ։
Երբ իրեն երկրի առաջին դեմք երևակայողը պետական բյուջեի մսխումներին վերաբերող հարցերին պատասխանում է փողոցային տրոլինգի ու լպիրշ հեգնանքի լեզվով, ինքնաբերաբար լեգիտիմացնում է հանրային հակադարձման նույնօրինակ ոճը։
Եթե իշխանության համար պետական միջոցների հաշվետվողականությունը «պապենական հեքիաթների» ու ծաղրանքի առարկա է, ապա եկե՛ք դրան նայենք հենց իր՝ Գերագույն Գլխավոր Տրոլի ճաքած պրիզմայով։
Մի պահ երևակայենք՝ ինչպե՞ս կհնչեր մերօրյա «ջոջերի» անկեղծ ու «անզտիչ» խոստովանությունը՝ իրենց աստղաբաշխական աշխատավարձերի, կրկնապատկվող պարգևավճարների, թանկարժեք բիզնես-կլասների և անգամ հանգուցյալների հաշվին «սթրես թեթևացնելու» սուրբ սովորույթի մասին։

«ԱՆԶՏԻՉ» ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

- Դե լավ, եկե՛ք մեկ անգամ անկեղծ խոսենք՝ առանց էդ ձանձրալի ամբիոնների, «ասՎալտային» ճառերի ու պատրաստի տեքստերի։
Ասում եք՝ աստղաբաշխական աշխատավարձե՞ր, կրկնապատկվող պարգևավճարնե՞ր, անձնական օդանավե՞ր... Իսկ դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ անմարդկային ծանր է մեր աշխատանքը։ Ողջ օրը երկրի ապագան աճուրդի հանելու մասին մտածելն ու ձեզ համար «դարակազմիկ» զիջումներ հորինելն այնպիսի՜ սթրես է, որ սովորական վարչապետական կամ նախարարական աշխատավարձով պարզապես հնարավոր չէ փոխհատուցել։
Մենք ստիպված ենք մեզ կրկնակի ու եռակի պարգևատրել, որպեսզի էներգիա ունենանք ձեր մասին «հոգ տանելու»։ Չէ՞ որ «զրոյական» կետից սնվող իմ «մաՑեմաԾիկայով»՝ որքան մեր գրպանները «գոլանան», այնքան ձեր ապագան «վառ» կլինի։ Դա ձեր իսկ բարօրության համար է։
Իսկ ինչ վերաբերում է բիզնես-կլասներին, անձնական օդանավերին ու թանկարժեք գործուղումներին․․․ ախր էկոնոմ-կլասի նեղվածքում ինչպե՞ս կարող են ծնվել հայրենիքի պատառները նվիրաբերելու «պետականամետ» մեծ գաղափարները։
Իսկական մասշտաբային միտքը տարածություն, «դիզվառելիք» ու հարմարավետություն է սիրում։ Չարժե՞ մի քանի հարյուր միլիոն դրամ պետական բյուջեից, որպեսզի «խաղաղության մրցանակի» հետևից Գերմանիա թռչող ձեր վարչապետն իրեն թեթև, ռելաքսացված ու «պապենական ժառանգության» տեր զգա։
Այնպես որ, երբ հերթական անգամ կլսեք պետական բյուջեի հաշվին ձեր վարչապետի «սթրեսները թեթևացնելուն» միտված նոր փոփոխությունների մասին, ո՛չ թե մեր «թավիշ» դեմքերին շպրտեք թոշակառուին նետված «քոսոտ» 10 հազար դրամի իրողությունը, այլ հիշե՛ք՝ դա մեր «մաՑեմաԾիկայով» արված սուրբ բարեգործություն է։
Չէ՞ որ այդ 10 հազար դրամով Հայաստանի Հանրապետության հպարտ թոշակառուն կարող է իր վաստակած հանգիստը վայելել, օրինակ… Լառնակայի շքեղ ծովափերում, մնացորդով էլ՝ մի քանի լիտր «դիզվառելիք» առնել ու ձեռքերը «գոլացնել»։
Մի՛ նախանձեք մեր անձնական օդանավերին ու կրկնապատկվող աշխատավարձերին․ մենք պարզապես զոհաբերում ենք մեզ՝ շքեղության, բիզնես-կլասների ու միլիոնների մեջ, որպեսզի դուք խաղաղ վայելեք ձեր անորոշ, «ասՎալտային» ու «վառ» ապագան։
- Օ՜, հիշու՛մ եմ, իհարկե հիշում եմ այդ հարցը։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ «դասական» դարձած թեզը․
«Ի՞նչ է զգում պարոն Խաչատրյանը, երբ կանգնած է Ազգային ժողովում մի կոստյումով, որը մանկավարժի չորս տարվա աշխատավարձն արժե»։
Գիտե՞ք ինչ, եկե՛ք էլի լինենք «անզտիչ» ու անկեղծ։ Ժամանակին, երբ մենք դեռ փողոցում էինք, «թունդ» ընդդիմադիր էինք ու դեռ չէինք տեղավորվել այս փափուկ «ասՎալտային» կաբինետներում, այդ հարցը մեզ թվում էր հանճարեղ, արդար և սրտաճմլիկ։ Մենք ինքներս էինք դրանից հուզվում, հանրությանն էլ հետներս հուզում։
Բայց հիմա, երբ այդ նույն թանկարժեք կոստյումը հագած կանգնում ենք այդ նույն ամբիոնի մոտ, գիտե՞ք ինչ ենք զգում՝ ես կամ ցանկացած այլ «նորօրյա էֆենդի»։
Առաջին հերթին՝ անսահման թեթևություն, հարմարավետություն և «պապենական» հպարտություն։ Ախր որակյալ, միլիոնանոց կտորը չի ճմրթվում, երբ ժամերով նստած ես ԱԺ նիստերին, և թույլ է տալիս «դիվանագիտական» տեսք ունենալ միջազգային պատվիրակությունների առաջ։ Չեք ուզում, չէ՞, որ ձեր պետության դեմքը ներկայացնող պաշտոնյան քնձռոտ ու անփույթ հագնված լինի։ Դա Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացու արժանապատվության հարցն է։
Իսկ մանկավարժի չորս տարվա աշխատավարձի մասո՞վ... Դե՛, հիմա մենք հարցին նայում ենք «պետականամետ» ու «մաՑեմաԾիկական» բարձրությունից։ Եթե ուսուցիչը չորս տարի պիտի աշխատի մեր մեկ կոստյումի համար, նշանակում է՝ նա ունի կայուն, երկարաժամկետ աշխատատեղ և չորս տարվա երաշխավորված հեռանկար։ Ինչն արդեն իսկ ձեռքբերում է։
Բացի այդ, մենք հիմա նրանց համար կամավոր ատեստավորում ենք անում, որպեսզի այդ չորս տարին դառնա, ասենք, երեքուկես տարի։ Տեսնո՞ւմ եք առաջընթացը։
Այնպես որ, ժամանակին ընդդիմադիր լեզվով հարցեր տալը հեշտ էր։ Բայց պետական բյուջեից սնվելուց հետո հասկանում ես՝ թանկարժեք կոստյումն ու աստղաբաշխական պարգևավճարը ոչ թե շքեղություն են, այլ աշխատանքային գործիքներ․ որպեսզի երկրի կաշին՝ հանց իջևանյան պարարտ խոզ (ա՜խ, ո՜նց եմ սիրում խանձած խոզի կաշին ու չալաղաջի խորովածը), քերթես ճի՛շտ հունով ու «պետականամետ» տեխնոլոգիայով։
- Ագահությու՞ն... Թիմին բու՞ռը հավաքել... Օ՜, դուք կրկին օգտագործում եք հին, էմոցիոնալ ու «փողոցային» բառապաշարը, մինչդեռ իրականում մենք գործ ունենք բարձրագույն «ասՎալտային» մենեջմենթի հետ։
Եկե՛ք էլի խոսենք առանց զտիչների։ Այո՛, մենք մեր թիմին հավաքում ենք բռի մեջ։ Բայց դա անում ենք ոչ թե վախի գործոնով, այլ ոսկե շղթաներով, կրկնապատկվող աշխատավարձերով ու պարգևավճարներով։ Ախր ո՞րն է ավելի հուսալի․ ստիպել մարդուն հավատարիմ մնալ ինչ-որ վեհ գաղափարների ու սկզբունքների, որոնք ամեն օր կարող են փոխվել, թե՞ նրան կապել ամսական մի քանի միլիոնանոց աշխատավարձին, բիզնես-կլասներին, պապերից «ժառանգություն» ստացած օդանավերին ու պետական կաբինետի «գոլացնող» հարմարավետությանը։
Երբ մարդը գիտի, որ այս համակարգից դուրս ինքը լավագույն դեպքում կդառնա նախկին բոմժը՝ ապառիկով կենցաղային ապրանքներ մուրացող, նա երբե՛ք չի դավաճանի թիմին։
Նա կքվեարկի այնպես, ինչպես պետք է, կխոսի այնպիսի «մաՑեմաԾիկայով», ինչպես հրահանգված է, և կպաշտպանի ղեկավարին նույնիսկ ամենաաբսուրդային ու «արտաքնոցային» իրավիճակներում։
Ո՛չ, դա ագահություն չէ, դա կառավարման կայունության ու «թավշյա» անվտանգության երաշխիք է։
Իսկ ինչ վերաբերում է անձնական ագահությանը... Գիտե՞ք, երբ իշխանության ղեկին ես, սահմանները ջնջվում են։ Դու արդեն չես տարբերում՝ որտեղ է ավարտվում պետական բյուջեն, և որտեղ է սկսվում քո անձնական գրպանը։
Դեռևս 2020-ի սկզբներին եմ ասել, չէ՞․
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Նաև փաստել եմ, չէ՞․ «Ես եմ կառավարությունը»։ Ասել է թե՝ պետությունը։
Հետևաբար, պետության հարստանալը պիտի արտահայտվի ի՛մ անձնական բարեկեցությամբ։ Եթե ես աղքատ լինեմ, ուրեմն երկիրն է աղքատ։
Այնպես որ, այո՛, ես բոլորին հավաքել եմ բռիս մեջ, բայց այդ բուռը շատ տաք է («դիզվառելիքի» պաշարներով) ու կուշտ։ Եվ այդ բռից դուրս թռչել ցանկացողներ չկան, որովհետև «դուրսն» ընդամենը 10 հազար դրամանոց թոշակառուի ճակատագիրն է։
- Մահահո՞տ, լպիրշությու՞ն, ցինի՞զմ… Ինչպիսի՜ բարձրագոչ ու գրական բառեր։ Դուք խոսում եք Աստծո պատժի, բարոյականության ու համարժեք արձագանքի մասի՞ն։ Եկե՛ք վերջապես հանենք բոլոր «թավշյա» դիմակները, քանի որ մեր այս «անզտիչ» զրույցի իմաստը հենց դա է։
Ինչու՞ պիտի վախենանք։
Այն օրվանից, երբ հասկացանք, որ կարելի է հանգիստ ստել, հայրենիքի պատառներ նվիրաբերել ու չպատժվել, մեր մեջ վախը մեռավ։ Մենք տեսանք, որ կարելի է խոստանալ մի բան, անել լրիվ հակառակը, և միևնույն է՝ մնալ այս «ասՎալտային» փափուկ աթոռներին։ Մենք տեսանք, որ ամենասուր քննադատությունն ու ժողովրդական արդարացի ցասումը տևում են ընդամենը մի քանի օր՝ սոցիալական ցանցերի սովորական ստատուսների ու մեկնաբանությունների տեսքով, իսկ հետո ամեն ինչ խաղաղվում է։ Մարդիկ հոգնում են, հարմարվում, մոռանում։
Դե՛ ասեք՝ ինչու՞ վախենանք մի հանրությունից, որի հիշողությունը հավի հիշողությունից երկար չէ, իսկ դիմադրողականությունը լռեցվում է 10 հազար դրամանոց «բարեգործությամբ»․․․ թե՞ ընտրակաշառքով։
- Գիտե՞ք, կրկին ամեն ինչ չափազանցնում եք։ Ասում եք՝ «մեռելի փող ուտող է»… «մեռելի Ենոք»… Ինչպիսի՜ անճաշակ ու «անասնական» համեմատություն։
Մենք ընդամենը իրականացնում ենք բյուջեի «ասՎալտային» ու «պետականամետ» օպտիմալացում։
Եկե՛ք մեր «մաՑեմաԾիկայով» հաշվենք․ 2 միլիոն 662 հազար դրամ աշխատավարձը, անվերջ պարգևավճարներն ու միլիոնանոց կոստյումներն ինձ ու թիմակիցներիս պետք են հենց հիմա՝ կենդանի ժամանակ, որպեսզի մենք «դիզվառելիքով» տաքանանք ու էներգիա ունենանք ձեզ «թավշյա» ձևով կառավարելու։
Իսկ մահացած մարդուն այդ 200 հազար դրամն ինչո՞վ կօգնի։ Նա այլևս ընտրող չէ, հարկատու չէ, սոցցանցերում «լայք» դնող չէ։ Տնտեսական ակտիվություն չունի։ Ինչու՞ պետական միջոցները վատնել մեկի վրա, որն ընդամենը դիակ է՝ այլևս չի կարող գնահատել իմ կառավարության ջանքերն ու Լառնակայում հանգստանալու իր հեռանկարը։
Ես ավելի «հանճարեղ» բան եմ մտածել․ այդ փողերը կրճատում ենք, որպեսզի դեռևս շնչողների կենսաթոշակը մի քանի հարյուր դրամով ավելացնենք։ Տեսնու՞մ եք իմ հոգատարությունը։ Մարդկանց ես ստիպում եմ գնահատել կյանքը․ քանի դեռ կենդանի ես, 10 հազար դրամանոց «բարեգործությունից» մի քանի հարյուր դրամ ավելի կստանաս, իսկ եթե մեռար․․․ շարունակությունն արդեն քո անձնական, սոցիալական խնդիրն է։
Այնպես որ, ինձ մի՛ մեղադրեք ագահության մեջ։ Բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնանոց աշխատավարձերն ու պապենական օդանավերը պետության ապագայի համար են, իսկ թաղման նպաստների կրճատումը՝ պարզապես ավելորդ, «մեռյալ» ծախսերից ազատվելու քաղաքականություն։
- Աստծո պատի՞ժը… Գիտե՞ք, Աստծո հետ էլ ենք «լեզու գտել» մեր «մաՑեմաԾիկայով»։ Մենք պարբերաբար գնում ենք եկեղեցի, տեսախցիկների առաջ մոմեր ենք վառում, դեմքի «սուրբ» արտահայտությամբ խաչակնքվում, մեր թանկարժեք մեքենաներն ու կաբինետներն օրհնել տալիս, իսկ հարկ եղած դեպքում էլ՝ պետբյուջեի հաշվին մի որևէ եկեղեցի նորոգում։ Կարծում ենք՝ վերևներում էլ ամեն ինչ «պապենական ժառանգության» պես կառավարելի է։
Այնպես որ, ձեր ասած «ցինիզմը» մեր պաշտպանական շերտն է, մեր հաջողության գաղտնիքը։ Քանի դեռ մենք ունենք իշխանություն, պետական բյուջեն հանուն ՀՀ հպարտ քաղաքացիների «խաղաղ» ապագայի վառելու «դիզվառելիք» և լծակներ, ձեր բոլոր նզովքներն ու սպառնալիքները մեզ համար պարզապես ֆոնային աղմուկ են՝ անձնական օդանավով ու բիզնես-կլասով մեր հարմարավետ թռիչքի ժամանակ։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՏԱՔ «ԲՌԻՑ» ԴՈՒՐՍ

Դե ինչ, համատեղությամբ վարչաԲենդ ու վարչաՖեստ աշխատող գերագույն գլխավոր Տրոլ, դուք ձեր «անզտիչ» խոստովանությունն արեցիք։
Հիմա լսե՛ք այն ամենը, ինչ թողնում եք ձեր կուշտ ու տաք բռից դուրս՝ այտեղ, որտեղ իրական կյանքն է։
Կարծում եք՝ ձեր ցինիզմն անպարագիծ է, իսկ հանրության հիշողությունը՝ կարճ։ Բայց դուք շփոթում եք ժողովրդական համբերությունը մոռացության հետ։
Պատմությունը բազմիցս է տեսել ձեզ պես «ջոջերի» (Նիկոլաե Չաուշեսկու, Մուամար Քադաֆի, Ռոդրիգո Դուտերտե), որոնք համոզված էին, թե ոսկե շղթաներով ու պարգևավճարներով կարելի է հավերժացնել սեփական իշխանությունը, և որոնք պետական բյուջեն շփոթում էին անձնական գրպանի հետ։ Նրանք բոլորն էլ մի օր արթնացել են այնպիսի իրականության մեջ, որտեղ այդ նույն թանկարժեք կոստյումներն ու բիզնես-կլասի տոմսերը կորցրել են իրենց արժեքը։
Դուք ծաղրում եք մանկավարժին, որը չորս տարի պիտի աշխատի ձեր մեկ կոստյումի համար։ Բայց հենց այդ մանկավարժն է կրթում այն սերունդը, որը վաղը մերժելու է ձեր տեսակը։
Այն տեսակը, որն անգամ մարդու մահվան ու վերջին հանգրվանի 200 հազար դրամի վրա է «օպտիմալացման» աչք տնկում՝ ապրողներից կողոպտած միլիոնավոր պարգևավճարներն արդարացնելու համար։ Բայց հիշե՛ք․ դիակապտուկ ցինիզմով կառուցված ոչ մի իշխանություն պատմության մեջ անպատիժ չի մնացել, և այդ «օպտիմալացված» դրամներով դուք ընդամենը գնում եք ձեր սեփական քաղաքական շիրիմի քարը։
Կարծում եք՝ Աստծո հետ էլ եք «լեզու գտել»՝ տեսախցիկների առաջ մոմ վառելով, «մաՑեմաԾիկայով» ու եկեղեցի նորոգելով։ Բայց ամենամեծ պատիժը հենց ձեր ներսում է․ դուք դատապարտված եք ապրելու հավերժական վախի մեջ, որ մի օր կկորցնեք այդ ամենը, և ձեր կողքին չի լինի ոչ մի անկեղծ ընկեր, այլ միայն ձեր իսկ կերակրած, բայց առաջին իսկ պահին դավաճանող «բուռը»։
Ձեր շուրջը փչող մահահոտն ու լպիրշությունը ոչ թե հզորության, այլ ձեր բարոյական անկման նշանն են։ Պատմության էջերում դուք մնալու եք ոչ թե որպես պետական այրեր, այլ որպես երկրի հակառակ կողմից մեր կյանք ներխուժած ոչխարավոր-քոչվորներ, ովքեր եկան, կերան, «դիզվառելիքով» կողոպտեցին ու հեռացան՝ թողնելով միայն դատարկություն։
Չկասկածեք՝ իրական արձագանքը գալիս է անաղմուկ, բայց անկասելի․ երբ «ասՎալտային» պատրանքների փուչիկը պայթում է, իսկ դուք մնում եք մեն-մենակ ձեր սեփական խղճի ու ժողովրդի արդար դատաստանի առաջ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ