Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեկան առողջությունը ո՛չ բարեգործության առարկա է, ո՛չ էլ ժամանակավոր հումանիտար օրակարգ

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեկան առողջությունը ո՛չ  բարեգործության առարկա է, ո՛չ էլ ժամանակավոր հումանիտար օրակարգ
22.11.2026 | 15:47

Արցախից բռնի տեղահանությունը մեր հայրենակիցների համար ոչ միայն բնակավայրի և ունեցվածքի կորուստ էր, այլև անվտանգության զգացման, սոցիալական կապերի, ինքնության շարունակականության և ապագայի նկատմամբ վստահության խորքային խաթարում։ Այս կորուստների հոգեբանական հետևանքները չեն սահմանափակվում տեղահանության առաջին փուլով. դրանք կարող են երկարատև ազդեցություն ունենալ անհատների, ընտանիքների և ամբողջ համայնքի հոգեկան առողջության վրա։

Սակայն մտահոգիչ է ոչ միայն մարդկանց հոգեբանական տառապանքը, այլև այն, թե որքանով է պետությունը ստանձնում այդ հետևանքների հաղթահարման պատասխանատվությունը։ Հոգեկան առողջությունը չի կարող դիտարկվել որպես երկրորդական խնդիր՝ բնակարանային, զբաղվածության և սոցիալական աջակցության հրատապ հարցերի համեմատ։ Դրանք փոխկապակցված են, և դրանցից որևէ մեկի անտեսումը խորացնում է մյուսների ազդեցությունը։

Այսօր անհրաժեշտ է բարձրաձայնել հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության, մասնագիտական աջակցության շարունակականության, ֆինանսական մատչելիության և պետական համակարգում այդ ծառայությունների ինստիտուցիոնալացման խնդիրները։ Չի կարելի մարդկանց հոգեկան առողջության վերականգնումը թողնել միայն միջազգային կազմակերպությունների, հասարակական նախաձեռնությունների կամ առանձին մասնագետների բարեգործական գործունեության հույսին։

Պետական քաղաքականությունը պետք է գնահատվի ոչ միայն տրամադրված աջակցության մասին հայտարարություններով, այլև մարդկանց իրական կյանքում արձանագրվող արդյունքներով։ Որքանո՞վ են հասանելի հոգեբանական և հոգեբուժական ծառայությունները, կա՞ արդյոք երկարաժամկետ աջակցության ծրագիր, ինչպե՞ս է ապահովվում երեխաների, տարեցների և այլ խոցելի խմբերի հոգեկան առողջության պաշտպանությունը, և ո՞վ է պատասխանատու այդ քաղաքականության իրականացման ու արդյունքների գնահատման համար։

Անհրաժեշտ է անցում կատարել իրավիճակային և կարճաժամկետ հումանիտար արձագանքից դեպի պետականորեն երաշխավորված, կայուն, համայնքահեն և մարդակենտրոն հոգեկան առողջության համակարգ։ Դա ենթադրում է հստակ ռազմավարություն, նպատակային ֆինանսավորում, մասնագիտական ներուժի զարգացում, ծառայությունների հասանելիության ապահովում և հաշվետվողականության գործուն մեխանիզմներ։

Մեր հայրենակիցներին անհրաժեշտ չէ միայն հարմարվել ստեղծված իրողություններին։ Նրանց անհրաժեշտ են արժանապատիվ կյանքի, սոցիալական ներառման, անվտանգության և ապագայի նկատմամբ վստահության վերականգնման իրական հնարավորություններ։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեկան առողջությունը ո՛չ բարեգործության առարկա է, ո՛չ էլ ժամանակավոր հումանիտար օրակարգ, այլ պետության սոցիալական և առողջապահական քաղաքականության պատասխանատվության կարևորագույն ուղղություն։

Պետության պարտավորությունը չի ավարտվում մարդկանց տեղավորման կամ առաջնային սոցիալական աջակցության տրամադրմամբ։ Այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն նրանց առողջության, արժանապատվության և լիարժեք սոցիալական կյանքի համար անհրաժեշտ պայմանները։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ