Հարգելի և թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ, վաղուց ձայնդ չեմ լսել։ Աշխարհի տարբեր ծագերից շնորհավորական ուղերձներ են տեղում գլխիս։ Ով ասես գրում է, զանգում է, հաջողություն է մաղթում։ Միայն Դուք եք լռում։
Չեմ թաքցնի՝ վիրավորվել եմ։
Ի վերջո, երկու հարյուրից ավելի հեռախոսազրույց ենք ունեցել, տասնյակ հանդիպումներ, բազմաթիվ բանակցություններ։ Միասին սեղան ենք նստել: Մի ամբողջ քաղաքական կյանք ենք իրար հետ անցկացրել։ Այդքան դժվար է՞ր հեռախոսը վերցնել ու ասել. «Շնորհավորում եմ, Նիկոլ Վովաևվիչ»։
Թե՞ ինչ-որ կասկածներ ունեք։ Եթե կասկածում եք ընտրությունների արդյունքներին, շտապեմ հանգստացնել։ Մեր երկրում ամեն ինչ անցել է օրենքի, կարգի և ժողովրդավարության լավագույն ավանդույթների համաձայն։ Ճիշտ է, ոմանք շարունակում են բողոքել, դատարաններ են գնում, արձանագրություններ են ուսումնասիրում, թվեր են համեմատում, տեղամասերում ինչ-որ քվեներ են վերահաշվում։ Ասում են՝ այստեղ անհամապատասխանություն կա, այնտեղ՝ տարօրինակություն, մեկ այլ տեղ՝ անհասկանալի թվաբանություն։ Թող ուսումնասիրեն։
Ի վերջո, Դուք էլ գիտեք, որ քաղաքականության մեջ որոշիչը ոչ թե հայտնաբերված սխալն է, այլ այն, թե ով է վերջնականապես որոշում՝ դա սխալ է, թե ոչ։ Թող տասը սխալ գտնեն, հարյուր գտնեն, հազար գտնեն։ Վերջում սխալ գտնողներն են սխալ դուրս գալիս։ Որովհետև պետությունը պետք է որոշի, թե որն է ճշմարտությունը, իսկ պետությունը, բարեբախտաբար, դեռ մեր ձեռքերում է։
Այդ հարցով հանգիստ եղեք։ Մենք մեր քաղաքացիներին տվել ենք ընտրության ազատություն։ Նրանք լիովին ազատ էին ընտրելու այն, ինչ մենք նրանց առաջարկել էինք։ Իսկ նրանք, ովքեր չեն ընտրել ինձ, թող չնեղանան։ Ժողովրդավարությունն այն հրաշալի համակարգն է, որտեղ բոլորի կարծիքը լսվում է, բայց որոշիչ է մնում ճիշտ կարծիքը։Բնականաբար՝ իմ կարծիքը։
Սակայն նամակիս գլխավոր նպատակը սա չէ։ Ես ուզում եմ խոսել մեր ընդհանուր ռազմավարական հաջողությունների մասին։Վլադիմիր Վլադիմիրովիչ, երեք հարյուր տարի շարունակ Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի ուսերին։ Ամեն սերունդ մի նոր խնդիր է ստեղծել. անվտանգություն, սահմաններ, պատերազմներ, դաշնակցային պարտավորություններ, Ղարաբաղ, տարածաշրջանային հակամարտություններ։ Ես որոշել եմ այդ պատմական անարդարությունը վերջապես վերացնել։
Ղարաբաղի հարցը արդեն լուծված է։ Տասնամյակներով չէր ստացվում, մեզ հաջողվեց։ Հարցը փակվեց: Իսկ փակված հարցից ավելի հարմար բան քաղաքականության մեջ գոյություն չունի։
Հիմա նույն հետևողականությամբ առաջ ենք շարժվում մյուս ուղղություններով։ Արդյունաբերությունը դժվարությամբ է շնչում։ Գյուղատնտեսությունը կամաց-կամաց դառնում է պատմական հիշողություն։ Բանակի մասին քաղաքացիներն ավելի շատ հիշողություններով են խոսում, քան ներկա ժամանակով։ Հասարակությունը բաժանված է միմյանց ատող խմբերի։ Ազգային համաձայնության փոխարեն հաջողվել է ձևավորել համընդհանուր կասկածի մթնոլորտ։ Պետական ինստիտուտները դարձել են այնքան ճկուն, որ ցանկացած քաղաքական քամու ուղղությամբ կարող են թեքվել։ Համաձայնեք՝ սա հսկայական աշխատանք է։ Այն, ինչ ուրիշները քանդում են տասնամյակներով, մենք երբեմն կարողանում ենք անել մի քանի տարում։
Ուստի չեմ հասկանում Ձեր դժկամությունը։
Եթե վաղը Հայաստանը վերածվի հերթական դատարկ տարածքի, Ռուսաստանն այլևս ստիպված չի լինի մտածել Հայաստանի անվտանգության մասին։ Եթե հայերը շարունակեն հեռանալ հայրենիքից, նրանք կհարստացնեն տարբեր երկրների աշխատաշուկաները։ Մեծ մասը, համոզված եմ, սիրով կտեղափոխվի Ռուսաստան։
Աշխատասեր են։ Խելացի են։ Հարմարվող են։ Մի խոսքով՝ օգտակար նյութ են։ Իսկ եթե մի մասն էլ գնա Եվրոպա կամ Ամերիկա, դա էլ նրանց հոջողությունն է։ Ամեն դեպքում, Հայաստանից դուրս նրանք շատ ավելի քիչ անհարմարություններ կստեղծեն, քան Հայաստանում մնալու դեպքում։
Հետևաբար, խնդրում եմ իմ գործունեությունը դիտարկել ոչ թե որպես հակառուսական, այլ որպես բացառիկ ռուսամետ նախաձեռնություն։ Ես ոչ թե բարդացնում եմ Ռուսաստանի կյանքը, այլ ազատում եմ նրան հայկական հարցից։ Հենց այդ պատճառով էլ Ձեր շնորհավորանքը չափազանց կարևոր է։ Այն ինձ պետք է ոչ այնքան բարոյական աջակցության, որքան պատմական արդարության համար։ Չէ՞ որ մեր հաջողությունները նաև Ձեր հաջողություններն են։ ՈՒստի, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մի՛ խնայեք բարի խոսքերը։ Գազը թանկացրեք։
Ապրանքաշրջանառությունը կրճատեք։
Ատոմակայանը փակեք:
Ինչ հարմար կհամարեք՝ արեք։
Դրանք այլևս վտանգավոր չեն մեր ծրագրերի համար։ Վտանգավոր կլինեին, եթե մեր նպատակը հայկական պետության հզորացումը լիներ։ Բայց այդպիսի թյուրիմացություն, բարեբախտաբար, երբեք չենք ունեցել:
ՈՒստի մնում է ընդամենը մեկ քայլ։ Դուք շնորհավորում եք։ Ես շնորհակալություն եմ հայտնում։ Իսկ պատմությունը, ինչպես միշտ, հետո կգրի, թե մեզանից ով էր ճիշտ։
Թեպետ, եթե անկեղծ լինեմ, պատմությունն էլ վերջում գրում են հաղթողները։
Ձեզ միշտ նվիրված՝ Նիկոլ Վովաևվիչ Փաշինյան
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ