Բավական է հպանցիկ հայացք գցել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ և 2026 թվականի հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններին հաջորդած միջազգային արձագանքներին, որպեսզի ակնհայտ դառնա, թե ինչ «դարակազմիկ ցատկ» է գրանցել ՔՊ-ական իշխանությունը հատկապես արտաքին քաղաքական ոլորտում:
Նախ՝ չոր փաստարկումներ:
2021-ի հունիսի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը առաջիններից մեկը հեռախոսով շնորհավորեց Փաշինյանին՝ ընտրությունների հաջող կազմակերպման և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հունիսի 25-ին պաշտոնական շնորհավորական ուղերձ հղեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, նշելով, որ պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանի հետ։
Հունիսի 29-ին հրապարակային ուղերձով Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ԱՄՆ-ի նախագահ Բայդենը՝ հաջող ընտրությունների առիթով։
Ուշադրություն դարձրի՞ք հաջորդականությանը՝ Ռուսաստան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ: Շնորհավորական տեքստերի չորուցամաքությունն էլ ընդգծենք ու գանք մեր օրեր:
Դարձյալ՝ սկսենք փաստարկումներից:
|
Հունիսի 8-ի վաղ առավոտյան Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնապես շնորհավորել է Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։ «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները, սիրելի Նիկոլ Փաշինյան, օրենսդրական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի առթիվ։ Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների շահերին ծառայող համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությանը և Հայաստանի ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցումն առաջ մղելու համար»։ Հունիսի 10-ին հրապարակային շնորհավորանքով Փաշինյանի հաղթանակին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփը: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում նրա համոզիչ հաղթանակի առթիվ։ Ես շատ հպարտ էի, որ աջակցել եմ նրա վերընտրությանը և կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակների, որոնք կգերազանցեն բոլորի ամենահամարձակ սպասումները»։ Հունիսի 11-ին, առաջին անգամ հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ, ՀՀ իշխանություններին ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Իր և թուրք ժողովրդի անունից նա սրտանց շնորհավորել է Փաշինյանին և հաջողություն է մաղթել երրորդ անընդմեջ կառավարության ձևավորման գործում, վստահություն հայտնելով, որ նա հաստատակամ կլինի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված տեսլականի նկատմամբ։ Նորից ուշադրություն դարձրեք հաջորդականությանն ու շնորհավորանքների բովանդակային կողմին: Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Թուրքիա: Ռուսաստանն առայժմ լուռ է: Փոխարենը՝ ի՜նչ սիրազեղ է Մակրոնը (երևի սրտիկ էլ է ուղարկել): Հասկանալի է՝ «Եվրոպայի հետ մերձեցումն առաջ մղելու» հույժ կարևոր խնդիր կա։ Բա Թրա՜մփը. հպարտության ի՜նչ ալիքներ են հորդում նրանից: Դա էլ կարելի է հասկանալ. «Թրամփի ուղով» անշեղորեն ընթացող Փաշինյանից «բոլորի ամենահամարձակ սպասումները գերազանցող» խելակորույս ցատկի են սպասում: Ինչ վերաբերում է Էրդողանի սրտագին արձագանքին, այն առավել քան կանխատեսելի էր: Իսկը կնքահոր հրճվանք՝ հնազանդորեն կառավարելի սանիկի գրանցած արդյունքների նկատմամբ: «Մեծ Թուրանի» տեսլականը մի շոշափելի հանգրվանով էլ է առարկայանում: Իսկ Ռուսաստանը դեռ սպասում է, չի շտապում վերաբերմունք արտահայտել արևմտա-թուրքական օրակարգով կազմակերպված-անցկացված-հաշվառված ընտրությունների առնչությամբ: Վերջնական արդյունքների ամփոփմանն է սպասում: Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերն էլ են սպասում: Թե ինչ ներխոհանոցային զարգացումներ կլինեն հունիսի 14-ին նախորդող այս մի քանի օրերի ընթացքում, պարզ կլինի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո: Համարձակվեմ կանխատեսել, որ արտառոց ոչինչ էլ չի լինի: Ռուսաստանն այդքան անհեռատես չէ, որ ուկրաինական չավարտված պատերազմի պայմաններում առճակատման գնա հավաքական Եվրոպայի, ԱՄՆ-ի, առավել ևս, Թուրքիայի հետ: Պուտինը հեռախոսով շնորհավորանքի մի քանի չորուցամաք խոսք կասի Փաշինյանին, չի մոռանա ընտրախախտումների մասին նույնքան ժլատ ձևակերպումներ անել, և վերջ: Ընդդիմությունը կվերցնի մանդատները ու կպատրաստվի հայրենիքի փրկության ծրագիրը օրենսդրորեն առաջ մղելու կառուցողական գործին: Ամբողջ հինգ տարի կա առջևում: Կարգին էլ ժամանակ է:
Լիլի Մարտոյան
|