Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

300 ՀԱԶԱՐ ԼԱՐԻ` ՕՏԱՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

300 ՀԱԶԱՐ ԼԱՐԻ` ՕՏԱՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
08.11.2011 | 00:00

Արդեն քանի տարի է, վրացիները ծրագրված և պլանաչափորեն ուսումնասիրում են Վրաստանից դուրս գտնվող «վրացական» եկեղեցիները: Այս «սրբազան» գործի կատարման համար յուրաքանչյուր հետազոտող կամ հետազոտողների խումբ ստանալու է 300 հազար լարի: Այդ մասին է վկայում «Սաքարթվելոս Ռեսպուբլիկա» թերթը (17. 08. 2011): Ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար: Նախաձեռնության հեղինակը Վրաստանի լուսավորության և գիտության նախարարության Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամն է: Աշխատանքներին կարող են մասնակցել նաև Վրաստանի «առաքելական» ինքնուրույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները:
Ստացվում է շատ հետաքրքիր իրավիճակ. վրացիները հիմնականում նկատի ունեն Տայքի (վրացական տարբերակով` Տաո-Կլարջեթի), Լոռու (իրենց հորջորջմամբ` Լոռե), Հյուսիսային Կովկասի և այլ վայրերի հայոց եկեղեցիները: Եվ այս պատմահենությունը կարծես թե քիչ է: Նրանք թեթև ձեռքով յուրացնում են նաև Հայ առաքելական եկեղեցու բուն պատվանունը, առանց հաշվի առնելու, որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Վրաստանի ժամանակակից տարածքում չեն գործել: Իսկ ճշմարտությունը մեկն է. վրաց ուղղափառ եկեղեցին մինչև 7-րդ դարի սկիզբը եղել է Հայ առաքելական եկեղեցու մի մասը:
Այս առումով ուշագրավ են նախաձեռնողների կարծիքները: Լուսավորության և գիտության նախարարի առաջին տեղակալ Կոկա Սեփերթելաձեն նշում է. «Մրցույթի նպատակն է երիտասարդ գիտական կադրերին շահա-գրգռել վրաց ազգի ինտելեկտուալ և նյութական ժառանգության հետազոտության հարցում: Հիմնադրամը ֆինանսավորելու է հետազոտական լավագույն նախագծերը, որոնք նախատեսում են երկրից դուրս գտնվող վրացական պատմական հուշարձանների, մշակութային ժառանգության նմուշների, գրավոր և այլ տիպի աղբյուրների, արխիվային նյութերի, ազգագրական տվյալների որոնումը, հաշվառումը և գիտական հետազոտումը»:
Իսկ Շ. Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլխան Սիսաուրին արձանագրում է. «Համալիր և վերջնական ձևով մշակութային մեր ժառանգությունը դեռևս ուսումնասիրված չէ: Այս նախագծի շնորհիվ կստացվի ավելի ամբողջական պատկերը վրացական արժեքավոր այն գանձերի մասին, որոնք սփռված են աշխարհի այլևայլ վայրերում կամ ընդհանրապես ուսումնասիրված չեն: Հետազոտությունը նպաստելու է վրացական մշակութային բազմադարյան ժառանգության հանրաճանաչությանը, որով պարծենում է Վրաստանը և մինչ օրս էլ հարուցում աշխարհի հիացմունքը»:
Մրցույթի հաղթող գիտական խումբն այդ գործը պետք է սկսի հենց սեպտեմբերի վերջերին: Հետազոտողները կարող են ծախսել ոչ միայն եղած գումարը, այլև կարող են դիմել օտար գիտական հիմնադրամների օգնությանը կամ դոնոր այլ կազմակերպությունների աջակցությանը:
Այսպիսով, «Սահմաններից դուրս` Վրաստան» նախագիծը, իրոք, կարևոր է այս հարցով հետաքրքրվող վրաց գիտնականների համար, մանավանդ որ այդ հետազոտության արդյունքներն ավելի անհրաժեշտ են վրաց ազգին:
Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ