Հունիսի 8
Միայն Իմ զորությամբ էր, որ քաջ ու հզոր մնացին միլիոնավոր հոգիներ, ովքեր այլապես կընկնեին ճանապարհի կեսին։ Հավատքը կենդանի պահվել ու փոխանցվել է ոչ թե փափկության մեջ ապրողների կողմից, այլ նրանց, ովքեր պայքարել, տառապել ու մեռել են Ինձ համար։
Այս կյանքը, որ ապրում է մարդը, ոչ թե հոգու, այլ մարմնի համար է. մարդը հաճախ ընդունում է կյանքի այն ձևը, որ լավագույնս է պատշաճում մարմնին, և ոչ թե այն կերպը, որ հոգուն է պատշաճում։ Ես հանձնարարում եմ միայն այն կերպը, որ հոգուն է պատշաճում։ Ես հանձնարարում եմ միայն այն կերպը, որ լավագույնս է հարմարվում հոգուն։
Ընդունեք կյանքի այն կերպը, որ Ես լավագույնն եմ համարում, և ահա իբրև արդյունք` սքանչելի կերպարանավորում կստանաք. մերժեք այն, և ահա ձեզ համար սահմանած Իմ ծրագիրը ոչնչի կվերածվի։ Ձեր լավագույն աղոթքն անպատասխան կմնա, կուշանա առաջադիմությունը ձեր հոգու, և նեղություններն ու ցավերը կկուտակվեն ձեզ վրա։
Ձեզնից ամեն մեկը թող փորձի պատկերացնել իր հոգին` իբրև մի երրորդ դեմք, որ դաստիարակվում է մեր կողմից. Իմ և քո կողմից. այդ ժամանակ հաղորդակից կդառնաք այդ կանոնին ու կրթությանը, կհրճվեք այդ հաղորդությամբ։
ՈՒրեմն քո հոգուց զատված` կանգնիր Իմ կողքին և ուրախացիր այդ դաստիարակությամբ և հրճվիր` տեսնելով քո առաջադիմությունը։