Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Հայի շինարար միտքն ու ձեռքը մի օր հասնելու են քեզ, իմ Կարի՛ն

Հայի շինարար միտքն ու ձեռքը մի օր հասնելու են քեզ, իմ Կարի՛ն
08.06.2012 | 00:21

Այս բարելի քաղաք Կարին,
Շինյալ վաղուց` ավուրըս հին,
Ձեռաց Կարեն թագավորին`
Հայկյան տոհմի մեր արքային:

Քաղաքաշինական մտածողությունը դարերի ավանդույթ ունի Հայաստանում: Ի բնե բարեկեցիկ կենցաղով ապրելու ձգտումը հայ մարդուն դրդել է իր տունը և շրջապատող միջավայրը հարմարավետ դարձնելու համար ճարտարապետական և ճարտարագիտական (ինժեներական) լուծումներ փնտրել: Միջնադարյան Անիի քաղաքաշինական հանճարը դրա լավագույն ապացույցն է: Կարինը նույնպես, հետևելով հայկական քաղաքաշինական մտքի ավանդույթներին, ստեղծել է իր աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններին բնորոշ և կիրառապես հարմարավետ քաղաքական միջավայր:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ եվրոպական քաղաքաշինական սկզբունքները սկսում են թափանցել նաև Օսմանյան կայսրության հայահոծ շրջաններ և Արևմտյան Հայաստանի քաղաքներ, շատ քաղաքներ աստիճանաբար փոխում են իրենց նախագիծը և հատկապես` տների ճարտարապետակենցաղային լուծումները: Այդպիսի տներում, այնուամենայնիվ, պահպանվում էին ազգային կենցաղավարությանը հարազատ տարրեր: Կարինն այդպիսի քաղաքներից էր:
Կարինն աշխարհագրորեն բարձրլեռնային դիրք ունի, և նրա կլիման էլ, համապատասխանաբար, ցրտաշունչ է: Քաղաքի ճարտարապետա-ճարտարագիտական կառույցներն իրենց լուծումներով լավագույնս հարմարեցվել են բնակլիմայական պայմաններին:
Կարինը քարաշեն քաղաք էր` փռված ընդարձակ տարածության վրա. քաղաքն ուներ մի քանի ծառաստաններ, որոնք, տարիների ընթացքում, բնակիչների ծառատնկումների շնորհիվ, դարձել էին գեղեցիկ կանաչ գոտիներ: Քաղաքի կենտրոնում խորհրդավոր ու ազդեցիկ բազմած միջնաբերդի պատերը և աշտարակը դարերի ներկայությունն էին վկայում: Բերդի մոտ և շուրջը բնակելի տներ են եղել, որոնցից էլ սկիզբ են առել Կարնո թաղամասերը։ Քաղաքը բաղկացած է եղել երեք հիմնական մասերից` հնագույն, հին և նորագույն:
Հնագույն Կարինը հիմնականում բերդն է և նրա շրջակայքը: Բերդն ունեցել է երկու պարիսպ. դրանք փլուզվել են դարերով ռազմական բախումների պատճառով:
Միջնաբերդի և արտաքին պարսպի փլուզված տարածքը վանել է մարդկանց իր ծանր հիշողություններով, և նրանք նոր բնակատեղի են հիմնել: Տարիների ընթացքում թուրքերը զանգվածաբար տեղափոխվում են Կարին և ապրում հայերի` արտագաղթի պատճառով ազատված տներում: Քաղաքում փոխվում է ժողովրդագրական պատկերը: Երբ այդ հատվածում հայերի թիվն ավելանում է, և հաճախակի են դառնում հայ-թուրքական բախումները, քաղաքը բաժանվում է երեք մասի.
ա) Հնագույն Կարինը, բերդի անմիջական հարևանությամբ, ամբողջապես բնակեցված էր թուրքերով: Կրոնական մոլեռանդությամբ թունավորված` նրանք անբացատրելի ատելությամբ էին լցված քրիստոնյաների և մասնավորապես հայերի հանդեպ` նրանց ձեռներեցության և բարեկեցության համար:
բ) Հին Կարինը հնագույն Կարինի շուրջը կառուցված թաղամասերն էին, որոնք նախապես ունեցել են հայ և թուրք խառը բնակչություն: Բայց թուրք մոլեռանդ և ուղղորդվող զանգվածների հաճախակի հարձակումները հայերի վրա և քաղաքական անբարենպաստ հանգամանքները հայերին ստիպում են կրկին հիմնել համեմատաբար անվտանգ միջավայր, որտեղ նրանք ամեն օր թուրքերի հետ առնչվելու առիթ չունեին:
գ) Նորագույն Կարինը կարճ ժամանակում մեծանում, տարածվում և դառնում է զուտ հայաբնակ: Հայաբնակ քաղաքն աչքի էր ընկնում մաքրությամբ, շենքերի ճարտարապետական ինքնատիպությամբ և հարմարավետությամբ:
Նորագույն Կարինում էին ապրում նաև քրիստոնյա այլ ազգեր, այստեղ էին տեղակայված նաև եվրոպական պետությունների հյուպատոսարաններն ու նրանց անձնակազմի ընտանիքները:
Կարինը մշտապես եղել է տարանցիկ առևտրական ճանապարհի վրա, և նրա շուկաներն ու վաճառականական հանգրվանները հայտնի էին երկրում ու նրանից դուրս: Ահա շուկաներից մի քանիսի անվանումները` «Մսավաճառ շուկա», «Սարայի դուռ», «Թավրիզի դուռ» և այլն: Սրանք կիսաշրջանաձև գոտի էին կազմում, որից հետո սկսվում էին խառը բնակչությամբ թաղերը, դրանցից հետո` զուտ հայկական թաղամասերը:
Կարինի բնական առանձնահատկություններն ու առավելությունները մոտ վեց հարյուր սառնորակ աղբյուրներն էին, որոնք բխում էին ամեն փողոցում` իրարից ոչ շատ հեռու. աղբյուրներ կային նաև տներում: Ջրի այսպիսի առատությունը կարնեցի մաքրակենցաղ հայուհիների համար պարզապես Աստծու պարգև է եղել: Ահա այդ աղբյուրների բանաստեղծական անվանումները` «Ճերմակ աղբյուր», «Դրախտի աղբյուր», «Հայոց եկեղեցու աղբյուր» և այլն: Մտովի քայլենք Կարինի փողոցներով, ամռան տապին ամեն աղբյուրի առաջ խոնարհվենք և մի բուռ սառնորակ ջուր խմենք ու հաղորդվենք մեր պապերի հոգիների հետ: Գալու ենք, մեր պապեր, և վերաշինելու ենք այդ աղբյուրները։
Կարինը հայտնի էր նաև իր հանրային բաղնիքներով, որոնց թիվը պայմանավորված էր ոչ միայն քաղաքի ջրառատությամբ, այլև կարնեցիների մաքրակենցաղությամբ: Գրեթե ամեն թաղ ուներ իր մոտակա բաղնիքը` գեղեցիկ, հարմարավետ, մարմարյա սալահատակով: Բաղնիքը կարնեցիների համար նաև հանգստի և ժամանցի վայր է եղել, ուր գնում էին ընտանիքներով` ամբողջ օրվա համար համեղ կերակուրների, միրգ ու խմորեղենի պաշարով: Հայտնի էին Բաստրմաջյանների բաղնիքը, Պստիկ բաղնիքը և այլն:
Կարնո տները, առհասարակ, երկհարկանի էին, արտաքնապես պարզ ու անպաճույճ, որպեսզի չգրգռեն թուրքերի նախանձն ու թալանի ախորժակը։ Շատ քիչ տներ և հանրային շենքեր են ունեցել ճարտարապետական աչքի ընկնող հորինվածք. այդպիսի շենքեր քաղաքում կառուցվել են հարաբերական անդորրի ժամանակ` 1908-1915 թթ., երբ սուլթան Համիդին գահընկեց արեցին, և երիտթուրքերը սահմանադրական բարեփոխումներ կատարեցին: Իսկ թե ինչ արժեցան այդ «բարեփոխումները» կայսրության բնիկ ազգերի` հայերի, հույների և ասորիների համար, 1915 թ. դրանք պատմության էջերում գրեցին արյունով:
Կարինում տները կառուցում էին ամուր և հաստ պատերով. երկարատև ցուրտ ձմեռները և հաճախակի երկրաշարժերը շինարարներին պարտադրում էին կառուցել որակյալ տներ:
Հայկական դարավոր շինարարական ավանդույթները շարունակվել են մինչև 20-րդ դարի սկիզբը. քարով և կրաշաղախով կառուցված ամուր տները դրա լավագույն վկաներն են:
Կարինում տան կտուրը հավաքվում էր գերաններով, ապա ծածկվում 60-70 սմ հողի շերտով, որն ապահովում էր ձմռանը բնակարանի ջերմության պահպանումը: Սենյակներում առաստաղը և հատակը տախտակամած են եղել: Սենյակները, ընդհանրապես, զետեղվում էին տան ներսի հատվածում` հաշվի առնելով ցրտաշունչ ձմեռը: Միայն ջեռուցվող որոշ սենյակների (հյուրասենյակ, խոհանոց) պատուհաններն էին բացվում փողոցի վրա կամ ներքին բակ-պարտեզ: Այսպիսի ներքին կառուցվածքը հնարավորություն էր տալիս բնակարանը բնականորեն տաք պահելու:
Ես կփորձեմ ճշգրտորեն նկարագրել բարեկեցիկ ապրող կարնեցու տան ներքին կառուցվածքն ու հարդարանքը. դա «Կարինապատում» գրքի հեղինակի` Ղազար Չարըգի հայրական տունն է: Պատանի Ղազարը պանդխտության մեջ մորմոքուն կարոտով պահել է հայրական տան հուշը և այս գրքի շնորհիվ անմահացրել է այն` վառ պահելով թոնրի հացաբույր ծուխը և տան ճրագը: Մտնենք հյուրասեր կարնեցու օջախը և վայելենք նրա բարեհաճ հյուրասիրությունը:
Տունը եղել է Նոր թաղի «Փաշալի» փողոցի վրա: Մուտքի երկփեղկ դուռը բացվում է, և մեր առաջ երկար, մաքուր բակն է. ձախ կողմում մեծ ախոռն է, նրա կողքին` ընդարձակ մարագը, որտեղ ամբարում էին անասունների ձմեռվա կերը: Մարագի վրա կառուցված էին ամառային սենյակները: Բակի վերջում պարտեզ տանող մի դռնակ էր բացվում, աջ կողմում տան «ներքին» մասն էր` քառակուսի մի տարածք, որ ուներ գմբեթաձև առաստաղ` կենտրոնում բացվող լուսամուտով, որ կոչվում էր «խաչք»: Տան այդ մասի դիմաց թոնրատունն էր` մի փոքր բարձրությամբ սանդուղք կազմած: Թոնրատան այս մասում` հողի մեջ, զետեղված էին մեծ ու փոքր թոնիրները. մեծը` հաց թխելու, իսկ փոքրը կերակուր պատրաստելու համար: Թոնրատան պատերը բարձրանում էին շրջանաձև` ավարտվելով ծխնելույզ-երդիկով: Թոնրատան մշտավառ կրակի ծուխն է, որ դարձել է ընտանիքի հարատևության խորհրդանիշ` մաղթանքի համար` «Օջախդ վառ մնա», իսկ դժբախտության դեպքում` «Օջախը մարեց» խոսքերով:
Վառենք այսօր մտովի, վաղը իրականում մեր կորուսյալ հայրենիքի որբացած տների օջախները, և թող դրանց կապույտ ու խաղաղ ծուխը խառնվի մեր երազներին ու երկինք բարձրանա:
Կարնեցու տան պատերի մեջ եղել են պահարաններ, և տախտակաշեն «ծալքը»` անկողնու համար: Սենյակների կահ-կարասին միշտ մաքուր է եղել: Պատուհանների առաջ դնում էին փայտաշեն, երկար և անշարժ ամրացված մի նստարան` հատակից մոտ կես մետր բարձրությամբ, որ սետիր էր կոչվում: Սետիրը ծածկում էին գորգով կամ կարպետով և վրան շարում թավշե բարձեր` հենվելու համար: Սետիրը, ըստ էության, բազմոց է եղել մեր ժամանակակից հասկացողությամբ: Սենյակի այս մասը կոչվել է «Վերի գլուխ», և պատվավոր հյուրերին այդտեղ էին նստեցնում: Հատակը կարնեցիները ծածկում էին գորգով կամ կարպետով: Սետիրի երկու կողմում շարում էին միշտ մաքուր և ճաշակով պատրաստված աթոռներ: Նույնիսկ միջին ունեցվածքի կարնեցու տունը կահավորված է եղել պատշաճ ճաշակով, կոկիկ և մաքուր: Կարնեցիներն առանձնահատուկ սեր են ունեցել ծաղիկների հանդեպ. լուսամուտների լայն գոգերին թաղարներով ծաղիկներ էին դրվում, և դրանք դառնում էին սենյակի զարդը: Գրեթե բոլոր տներն ունեին փոքրիկ պարտեզ-ծաղկանոց, և ծաղիկների խնամքը ընտանիքի բոլոր անդամների սիրելի զբաղմունքն է եղել:
Կարինը, թեև ասիական պետության քաղաք է եղել, սակայն, բնիկ հայ քաղաքացիների նորի և գեղեցիկի հանդեպ ունեցած բնատուր ձգտման շնորհիվ, անընդհատ բարեփոխվել է: Երբ ազգն ինքն է իր հայրենիքում ստեղծված պետության տերը, ինքն էլ տնօրինում է իր քաղաքների և բնակավայրերի քաղաքաշինական սկզբունքներն ու լուծումները: Կարինը կստեղծեր և կպահպաներ իր հայկական «դիմագիծը», ինչպես ստեղծեցին Կարսը, Գյումրին ու Երևանը, եթե պետությունը մերը լիներ…
Հայի շինարար միտքն ու ձեռքը մի օր հասնելու են քեզ, իմ Կարի՛ն…

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 152218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ