Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

«Հերոսները, որոնք իրենց հայրենիքի համար են մեռնում, վերածնվում են այն օրը, երբ գերեզման են իջնում»

«Հերոսները, որոնք իրենց հայրենիքի համար են մեռնում, վերածնվում են այն օրը, երբ գերեզման են իջնում»
19.06.2012 | 00:47

Խաղաղ ժամանակ փողատերը լկտի է և արհամարհոտ, մեծամիտ և անհասու: Պատերազմական վտանգի, արհավիրքի օրոք` վախկոտ ու մորթապաշտ, մկան ծակ առնող, որովհետև կարող է կորցնել ունեցածը: Որովհետև փողն ինքը, որպես պարադոքսային երևույթ, ահաբեկվում է զենքի շաչյունից:
Սա պարզունակ ձևակերպումն է օրինաչափության, տեսական հիմնադրույթի, որն ունի պատմատնտեսական բազում ապացույցներ: Սակայն չկա օրինաչափություն առանց բացառության: Սույն հրապարակումը բացառությունների պատմություն է: 1915 թ. Թիֆլիսի «Տարազ» շաբաթաթերթում Տմբլաչի Խաչանը` երգիծաբան ու գյուղատնտես Կոնստանդին Մելիք-Շահնազարյանը, Ղարաբաղի բարբառով տպագրեց «Ղոշունլուղ տարի ա, իմ ազիզ հայեր» հոդվածը: «Ղոշունլուղ»` նշանակում է աղետալի, արհավրալի, վտանգավոր, խառն ու խրթին: Մեր հրապարակումը ղոշունլուղ ժամանակներում հայ դրամատերերի, հասարակական բարձր դիրք գրավող անձանց պահվածքի մասին է: Պահվածք, որ կարելի է բնորոշել երկու բառով` հայրենասիրություն և ազգասիրություն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍԿԱԴՐՈՆ
1720-ականներին Պետրոս Առաջինն սկսեց իրականացնել իր «Արևելյան քաղաքականությունը», և 1722-ին ռուսական զորքը մտավ Գիլան ու Մազանդարան: Այդ ժամանակ էլ հայոց մեջ առաջացավ «ռուսական կողմնորոշումը», ռուսաց զինուժին ապավինելով` թուրք-պարսկական բռնապետությունը թոթափելու ազգային գաղափարը, որի ջատագովը Մինաս վարդապետ Տիգրանյանն էր` Իսրայել Օրու աջակիցը: Բայց ապավինել չէր նշանակում կրավորական կեցվածք ընդունել, հարկ էր զենքը ձեռքին կռվել: Եվ 1722 թ. ապրիլին Մինաս վարդապետի հորդորով Աստրախանից Պարսկաստան ուղարկվեց Պետրոս դի Սարգիս Գիլանենցի մի քանի հոգուց բաղկացած կամավորական խումբը:
Ո՞վ էր Պետրոս Գիլանենցը: Մեծահարուստ վաճառական, որ երկար տարիներ Եվրոպայում զբաղվել էր առևտրով (դի մասնիկը վկայում էր, որ մարդն ապրել է Եվրոպայում): 1716-ին նա, ի հիշատակ իր հայր Սարգսի, Ամստերդամում ֆինանսավորել էր Ղուկաս Վանանդեցի Նուրիջանյանի «Պատկերասէր պատկերատեաց» գրքի հրատարակությունը:
Նույն 1722 թ. նոյեմբերին Մինաս վարդապետը Պարսկաստան ուղարկեց շամախեցի վաճառական Այվազ Աբրահամյանի (Ավրամով) կամավորական խումբը:
Վերոհիշյալներին միացավ նորջուղայեցի վաճառական Աղազար դի Խաչիկի (Լազար Խրիստոֆորով) խումբը, և ձևավորվեց 73 հոգուց բաղկացած կամավորական հեծյալ ջոկատ` Հայկական էսկադրոն, որը 1723 թ. հունիսի 23-ին Պետրոս Գիլանենցի հրամանատարությամբ մտավ Լևաշովի բրիգադի կազմի մեջ:
Հարկ է նշել, որ էսկադրոնը պաշտոնապես ռուսական զորքի մաս չէր, գտնվում էր Նորին կայսերական մեծության ոչ կանոնավոր ծառայության մեջ, իսկ դա նշանակում էր, որ հայկական զորախմբի նյութական ապահովությունը պետք է հոգային նրա հրամանատար երեք վաճառականները: Դիցուք, ռուսները տրամադրում էին զինվորին պարեն, վառոդ և կապար, բայց զինվորի վարձատրությունը, հրացանը, ձիերի գարին, թամբը, պայտը և այլ պարագաներ պետք է հայթայթեին հայերն իրենք:
1723 թ. օգոստոսի 22-ին Պետրոս Գիլանենցը Ռեշտից Ջուղայի բարբառով մի զեկուցագիր հղեց Մինաս վարդապետին (այդ ձեռագիրը 1863 թ. տպագրվեց Թիֆլիսի «Կռունկ Հայաստան աշխարհին» ամսագրում, իսկ 1870 թ. այն ռուսերեն թարգմանեց Ք. Պատկանյանը` որպես աղբյուրագիտական արժեք), ուր աղաչում էր հորդորել բրիգադի հրամանատար Լևաշովին, որպեսզի իրենց տրամադրի վառոդ և արճիճ: Նույն զեկուցագրում Գիլանենցը թվարկում էր իր խմբի անդամներին, և, կարծում ենք, ավելորդ չէ արդի հայ մամուլում հրապարակել նրանց անունները` Ղումպրեի որդի Երեմիա, Մուրադի որդի Խալաֆ, Տեր-Գասպարի որդի Պետրոս, Գրիգորի որդի Կարապետ, լեհաստանցի Ստեփան Յակովլև, Մնացականի որդի Հարություն Գյանջեցի, Ստեփանի որդի Բեջան, Դզարի որդի Միրզա, Միրզայի որդի Հակոբ, Գասպարի որդի Ստեփան, Ալավերդիի որդի Ստեփան, շվեդացի Մաքսիմ Ալեքսանդրով:
Ձեռագրի հեղինակն այսպես էր ստորագրել` Փոքր ծառայ ոչինչ Պետրոս Դի Սարգիս Գիլանէնց: Ոչինչ` այսինքն չնչին: Այդ չնչին ծառան Եվրոպայի կուշտ ու ապահով կյանքը թողած` զենքը ձեռքին կռվեց, վաստակած ամբողջ փողն ի սպաս դրեց էսկադրոնի պահպանմանը և 1724 թ. զոհվեց մարտի ժամանակ:
Գիլանենցից հետո էսկադրոնի հրամանատարությունն ստանձնեց Աղազար դի Խաչիկը: Նրա օրոք հեծյալ ջոկատի անդամների թիվը հասավ 300-ի, համալրվեց հայկական տարբեր գաղթօջախներից, Հայաստանից, Պարսկաստանից և այլ վայրերից եկած կամավորներով: Այսպես, էսկադրոնի վարած ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Եգան Ավան-Յուզբաշու որդի Ալթուն խանի գլխավորած սղնախցիների հատուկ ջոկատը (այս հրապարակման մեջ դեռ կանդրադառնանք Ավան-Յուզբաշյաններին), իսկ 1728 թ. ամռանը էսկադրոնին միացավ Կամենեց-Պոդոլսկից եկած 23-հոգանոց խումբը` Գրիգոր Ստեփանյանի հրամանատարությամբ:
Հարկ է նշել, որ էսկադրոնի պահպանման ամբողջ ծախսն առաջվա նման ծանրացել էր նրա հրամանատարի ուսերին: Արխիվային փաստաթղթերից մեկում Աղազար դի Խաչիկը Ելիզավետա II կայսրուհուն գրում էր, որ Նոր Ջուղայում թողել է կնոջը, երեխաներին, տունը, իր ահռելի կապիտալն ամբողջովին ի սպաս դրել 150 կամավորականների ապահովման համար և 1723-1727 թթ. ծախսել 30000 ռուբլի (այս գումարի մասին պատկերացում տալու համար ասենք, որ էսկադրոնի մեկ հայ հեծյալի տարեկան ռոճիկը 15 ռուբլի էր):
Պետրոս Մեծի մահից հետո Ռուսաստանի «Արևելյան քաղաքականությունն» առժամանակ մարեց: Կայսրուհի Աննա Իոաննովնայի օրոք Հայկական էսկադրոնի կամավորները դուրս բերվեցին, և նրանց, որպես բնակության վայր, տրամադրվեց Ղզլարը: Դա լավ կշռադատված քայլ էր. Ռուսաստանն իր հարավային սահմաններն ամրապնդեց ռազմի մեծ փորձ ունեցող քրիստոնյա հայերով, որոնք պիտի հակակշռեին Հյուսիսային Կովկասի մահմեդական լեռնականներին:
Ավելորդ չենք համարում նշել, որ պարսից շահը Ռուսաստանից համառորեն պահանջում էր իրեն հանձնել պարսկահպատակ հայերին, սակայն ռուսական իշխանությունը ոչ միայն չհանձնեց, այլև 1734 թ. Աննա Իոաննովնան Աղազար դի Խաչիկին` Լազար Խրիստոֆորովին, շնորհեց գեներալ-մայորի կոչում: Նա առաջին հայն էր, որ արժանացավ ռուսական բանակի գեներալի կոչման:
Սակայն չշտապենք մեր տարեգրության «հեծյալ» էջը փակել: Հայկական էսկադրոնի կողքին կռվում էր ևս մեկ կամավորական ջոկատ, որը պատմության մեջ հայտնի է Վրացական էսկադրոն անվամբ: Այն բաղկացած էր վրացիներից ու վրաստանաբնակ հայերից: Ամբողջ հրամանատարական կազմը հայեր էին, իսկ գլխավոր հրամանատարը Ռաֆայել Փարսադանի Կուզանյանն էր: Այս մարդը Գիլանում պահում էր 200 կամավոր և ծախսեց իր անձնական 8000 ռուբլին, ինչպես նաև հոր տրամադրած 12000 ռուբլին։

ԱՎԱՆ-ՅՈՒԶԲԱՇՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ԳԵՐԴԱՍՏԱՆ
Վերևում հիշատակված Եգան Ավան-Յուզբաշին հայ ազգային-ազատագրական պայքարի կարկառուն դեմքերից է: Նա ծնվել է 1670 թ. Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: 1718-1728 թթ. ղեկավարել է Ղարաբաղի ինքնապաշտպանական ջոկատները, 1724-1728 թթ. Արցախի հինգ մելիքությունների զինված ուժերը: 1724-ին օգնություն է ցուցաբերել Դավիթ Բեկին` իր ջոկատներով անցնելով Կափան ու մարտեր մղելով պարսից խաների դեմ: 1725-1728 թթ. կռվել է թուրքական զորքերի դեմ: 1729-ից գտնվել է Հայկական էսկադրոնի կազմում: 1734-ին Աննա Իոաննովնա կայսրուհին նրան հրավիրել է Պետերբուրգ, հանդիսավոր ընդունելություն ցուցաբերել և շնորհել գեներալ-մայորի կոչում: Եգան Ավան-Յուզբաշյանը բնակություն է հաստատել Ղզլարում, որտեղ էլ մահացել է 1735-ին:
Այժմ շուրջ երկու դար անցնենք ու հետևենք այդ գերդաստանի մյուս անդամներին:
Բոլոր փաստաթղթերում Սղնախի խան Դավիթ Բոգդանի Ավան-Յուզբաշյան կոչվող մարդը (1854-1940, Փարիզ) Բաքվի նավթարդյունաբերության ականավոր դեմքերից էր, «Սյունիք» նավթարդյունաբերական և առևտրային ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության նշանավոր բարերարներից մեկը: Նա ուներ երեք որդի` Բոգդան, Գուրգեն ու Խոսրով: Երբ վերջինս երիտասարդ տարիքում հիվանդությունից մահացավ, Դ. Ավան-Յուզբաշյանը, ի հիշատակ որդու, Բաքվում կառուցեց Մարդասիրականի երկհարկանի որբանոցը` ծախսելով 24000 ռուբլի:
Իսկ ի՞նչ եղան մյուս երկու որդիները: Նրանց մեջ խոսեց իրենց պապերի արյունը, զարմանալի արյունը... Առաջին աշխարհամարտի ժամանակ երկուսն էլ մեկնեցին ռազմադաշտ` մի կողմ դնելով հոր միլիոններն ու տաքուկ կյանքը:
Կովկասյան 2-րդ բանակային կորպուսի Տվերի դրագունյան գնդի կոռնետ Գուրգեն Ավան-Յուզբաշյանը զոհվեց 1916 թ. մայիսի 15-ին Քերմանշահի մատույցներում (նկ. 1)։ Երբ նրա դին հողին էին հանձնում Թիֆլիսում, Բենիկ վարդապետ Տեր-Դանիելյանը գրեց. «Հինավուրց հայի ազատասիրական ոգին պահվեց ու տևական եղավ ցայսօր Ղարաբաղում, ուր մեր քաղաքական կյանքն առկայծելով մնաց մինչև վերջին ժամանակները: Ղարաբաղը հերոսների աշխարհ է, և այսօր իսկ Ղարաբաղի շատ քաջերով ենք պարծենում:
Այդ հերոսների սիրուն երամը քո հայրենիքի սեգ լեռներից այսօր ծաղիկներ է բերում քեզ նվեր ու կանչում. «Քաջ Գուրգեն, դու կաս»:
Եվ ի՞նչ անմիտ խոսք է, երբ ասում են, թե` հերոսը մեռավ: Ե՞րբ են հերոսները մեռնում:
Մեռնում ու մոռացության գիրկն են անցնում սովորական, եսական անձինք, իսկ հերոսները, ովքեր իրենց հայրենիքի համար են մեռնում, վերածնվում են այն օրը, երբ գերեզման են իջնում»:
13-րդ լեյբ-գրենադերական Երևանյան գնդի պորուչիկ Բոգդան Ավան-Յուզբաշյանը (նկ. 2, ձախից առաջինը) կռվեց մինչև վերջ, պարգևատրվեց Ս. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով, ապա երբ 1918-ին թուրքերը մտան Բաքու, հոր հետ վտարանդվեց Փարիզ, որտեղ վախճանվեց 1966-ին, 76 տարեկան հասակում:

ԱՅԼՔ...
Վերևի լուսանկարում Բոգդան Ավան-Յուզբաշյանի կողքին կանգնած են Սերգեյ Սողոմոնի Կրասիլնիկյանը և Սերգեյ Փիրումյանը: Սողոմոն և Ներսես Կրասիլնիկյանները (կարծում եմ, ղարաբաղցի Ներկարարյաններն են, որոնք իրենց ազգանունը պարզապես թարգմանել էին ռուսերեն) Բաքվի նավթարդյունաբերության հիմնադիրների սերնդից էին և «Կրասիլնիկյան եղբայրներ» ֆիրմայի սեփականատերերը:
Սերգեյ Փիրումյանը ծնունդով ասկերանցի, ականավոր զորական Դանիել-Բեկ Փիրումյանի հորեղբորորդի, մեկ այլ հանրահայտ զորահրամանատար Պողոս Փիրումյանի որդին էր, որը մինչ պատերազմը Թիֆլիսի Ալեքսանդր II կայսեր անվան պատսպարանի պատվավոր ավագն էր:
Հաջորդ լուսանկարում (նկ. 3) Հովսեփ Մկրտչի Խունունցն է` Թիֆլիսի ամենահեղինակավոր անձանցից մեկը, Ներսիսյան ճեմարանի տեսուչը (այսօրվա եզրով` տնօրենը), երդվյալ հավատարմատար, քաղաքային դումայի պատգամավոր, որ զենքը ձեռքին կռվեց թուրքերի դեմ:
Նրա եղբորորդի Գուրգեն Մնացականի Խունունցը (նկ. 4) վիրավորվեց Ղարսում:
Գրիգոր Գերասիմի Թումանյանը (նկ. 5) Բաքվի նշանավոր նավթարդյունաբերողի որդին էր, որը վիրավորվել էր ռուս-ավստրիական ռազմաճակատում, ապա վերադարձել էր Կովկասյան ռազմաճակատ և խիզախության համար պարգևատրվել Ս. Գեորգիի խաչով:
Պողոս Մարկոսի Դոլուխանյանը (նկ. 6) Թիֆլիսի ֆինանսատնտեսական խոշոր գործչի որդի էր, երդվյալ հավատարմատար, քաղաքային դումայի պատգամավոր: Մինչ պատերազմը զբաղվում էր ստեղծագործական խաղաղ աշխատանքով` երաժշտական քննադատ էր ու Թիֆլիսի երաժշտական ընկերության վարչության անդամ: Բայց արհավիրքի պահին զենք վերցրեց ու կռվեց թուրքերի դեմ:
1915 թ. ապրիլի 14-ին Խոջիվանքի գերեզմանատանը հողին հանձնվեց երիտասարդ պորուչիկ Արտաշես Վարդանյանի դին (նկ. 7)։ Նա որդին էր Թիֆլիսի հայտնի տպարանատեր Մովսես Վարդանյանի: 1909-ին ավարտել էր Օդեսայի ռազմական ուսումնարանը, մասնակցել ռուս-ճապոնական պատերազմին, ապա Համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրից կռվել Կովկասյան ռազմաճակատում, պարգևատրվել Ս. Գեորգիի ոսկե սրով ու շքանշաններով:
Զաքարե Դավթի Մամուլյանը (նկ. 8) զինվորական ծառայության էր անցել 1886-ին, ապա 10 տարի անց ամուսնացել էր Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության փոխնախագահ Վերգինե Քալանթարյանի հետ ու ծառայությունը թողել: Երիտասարդ զույգը մի քանի տարի ապրել էր Փարիզում, 1908-ին վերադարձել Թիֆլիս, և Զ. Մամուլյանն ընտրվել էր Փոխադարձ վարկի 2-րդ ընկերության տնօրեն ու քաղաքային դումայի պատգամավոր: Պատերազմի սկզբից նա թողեց ապահով, անհոգ, վայելքներով լի կյանքը. Սարիղամիշում թուրքական 9-րդ ու 10-րդ կորպուսների ոչնչացման գործում ցուցաբերած խիզախության համար կապիտան Մամուլյանը պարգևատրվեց մի քանի շքանշաններով:
Նա հայրն էր աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի։

ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ԿՑՈՒՑԱՆԵ, ԿԱՄ ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայաստանի ու հայության համար ղոշունլուղ ժամանակներ են և հիմա: Տաճիկն ու թաթարը սեղմօղակի մեջ են առել Հայաստանն ու սպառնում են պատերազմով:
Հայ-ադրբեջանական շփման գծում զոհվում են մեր պատանիները, և մխիթարական խոսքս կուզենայի ուղղել այդ հերոս տղաների ծնողներին ու հարազատներին, որոնց փոխարեն կարող էինք լինել ես ու իմ հարազատները: Հիշեցնեմ Բենիկ վարդապետի բառերը. «Մեռնում ու մոռացության գիրկն են անցնում սովորական, եսական անձինք, իսկ հերոսները, որոնք իրենց հայրենիքի համար են մեռնում, վերածնվում են այն օրը, երբ գերեզման են իջնում»: Նրանք զոհվել են մեր ժողովրդի գոյատևելու տարրական իրավունքը պաշտպանելու համար:
Սակայն այս հրապարակումը դրդում է տրամաբանական մեկ այլ խնդրի անդրադառնալ. եթե վաղը պատերազմ սկսվի, Ազգային ժողովի քանի՞ պատգամավոր, քանի՞ նախարար, քանի՞ «օլիգարխ» կամ յուրյանց զավակ կթողնեն իրենց շվայտ, մեղկ կյանքը` շքեղ ավտոները, խաղատները, ռեստորանները, սեքսուալ խաղերը, և զենք կվերցնեն... Հարցադրումս, անշուշտ, հռետորական է: Որովհետև գիտեմ պատասխանը, որովհետև Պետրոս դի Սարգիս Գիլանենցը 1723-ին գրում էր. «Մեր հայոց ազգեն ով փողատեր ա` փախել ա»: Ընդ որում, ոչ մի փողատիրոջ անուն չէր տալիս (անարժանի անունն ինչո՞ւ պիտի տար), բայց թվարկում էր իր ջոկատի անդամներին: Այսօրվանները թե փախչելու են, թող փախչեն, նրանք կանհետանան մեր ժողովրդի հիշողությունից, և դա էլ է օրինաչափություն: Բայց կլինեն ուրիշները, կլինեն մինչ օրս անհայտ նոր մոնթեներ, վազգեններ, լեոնիդներ, արկադիներ, մանվելներ... Նոր գիլանենցներ, աղազարներ, ավան-յուզբաշյաններ, կրասիլնիկյաններ, մամուլյաններ...
Ահա այդ ապագա հերոսներին կուղղեմ Տմբլաչի Խաչանի 1915 թ. խոսքը` Ղարաբաղի բարբառից փոխելով արդի հայերենի. «Ա՛յ իմ ազիզ հայեր, ա՛յ Ղարաբաղի, Երևանի, Նախիջևանի, Ղարսի, Զեյթունի ասլան բալաներ, որ այսօր օսմանլուի դեմ կռիվ եք տալիս, արյուն թափում, ձեր կյանքը ձեր ազգին մատաղ անում: Այսօր բոլոր հայերի աչքը ձեզ վրա է, դուք ձեր խիզախությամբ ամբողջ աշխարհին պիտի հասկացնեք, որ հայը դեռ մեռած չէ, հայի մեջ դեռ վարդանների, վահանների հոգին կա, հայն ավելի շուտ իր կյանքը կտա, քան կթողնի, որ իր ազգի պատիվը գետնովն ընկնի, իր մայրը, քույրը, եղբայրը օտարի առաջ վիզ ծռեն, օտարից ողորմություն խնդրեն:
Ա՛յ իմ ազիզ ասլան բալաներ, Մասիսի գլխին ձեր դրոշակը պեծ-պեծ փռփռում է, Արագածի գլխին էլ Լուսավորչի կանթեղն է վառվում: Մի՛ վախեցեք, ձեզ մատաղ, տղամարդու նման առաջ գնացեք, էդ ճանապարհը սուրբ ճանապարհ է: Ինչ սրտով գնաք` Աստված ձեր իղձը կկատարի, բարով գնացեք և ողջ-առողջ, ուրախ սրտով պարզերես հետ դարձեք: Հինգ հարյուր տարի օսմանլուին ստրուկ, աչքը ձեր ճանապարհին մեր հայ ազգին նոր կյանք, նոր շունչ տվեք»:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 158470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ